RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-07-13 21:22:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 4761, Տպվել է` 558, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԻՐ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում 5 օրվա ընթացքում կհատկացվի ցուցասրահ` նվիրված թավշյա հեղափոխությանը: Նախարարը հայտնել է, որ երկուշաբթի աշխատանքային խումբը (որը հավանաբար պետք է ձեւավորվի, կամ արդեն ձեւավորվել է) կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ (այսինք դեռ կապը հաստատված չէ) եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսկի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Վերջում նախարարն ասում է, որ ցուցասրահի բացման մասին կտամադրեն լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնեմ, որ թավշյա կամ սիրո կամ առանց արյան հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել 2-3 ամիս առաջ, այն իհարկե պատմություն է, տվյալ պարագայում` հայոց, բայց թանգարա՞ն... Ի դեպ, ինչո՞ւ միանգամից թավշյա հեղափոխության թանգարան չի բացվում, այլ բացվում է ընդամենը ցուցասրահ: Համ էլ նոր աշխատատեղեր կբացվեն, դե «Հայաստանում թավշյա հեղափոխության թանգարանի» տնօրեն, տնօրենի տեղակալներ, «Մերժիր Սերժին» բաժնի վարիչ, «Նիկոլ վարչապետ» բաժնի վարիչ, «Սիրո հաղթանակ» բաժնի վարիչ` իրենց տեղակալներով ու օգնականներով, ամեն հարկի պատասխանատու, հսկիչներ, պահակներ, հավաքարարներ, մի խոսքովՙ մի 20-30 աշխատատեղ... Կարծում եմ` վատ առաջարկ չէ, եւ մշակույթի նախարարը «Հայաստանում թավշյա հեղափոխության թանգարան» բացելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ կառավարության հաջորդ նիստին:

Ցուցասրահն, անշուշտ, համեստություն է, ինչը բոլորովին չի սազում նոր Հայաստանի նոր կառավարությանը, որտեղ օրինակ Սփյուռքի նախարարն ավելի երիտասարդ է, քան ամենաերիտասարդ հայկական համայնքը: Ի դեպ, նախարարների մասին, իսկ չի պատրաստվո՞ւմ արդյոք մշակույթի նախարարությունը Հայաստանում կանգնեցնել թավշյա հեղափոխության հերոսների արձանները: Դե, ասենք, ամեն նախարարության դիմաց կանգնեցվի տվյալ նախարարի արձանը` պարտադիր թավշյա հագուստով եւ սեր ծորացող հայացքով: Չէ՞ որ եթե մի բան արժանի է թանգարանում ցուցադրելու, ապա արժանի է նաեւ արձան ունենալուն: Ճիշտ է` ով իր կենդանության օրոք կանգնեցնում է իր իսկ արձանը` խոստովանում է, որ իրենից հետո դա որեւէ մեկը չի անելու, բայց դե նման բաները չպետք է հետաքրքրեն կառավարությանը, ամեն դեպքում որեւէ երկրի որեւէ կառավարություն նման բաներով հետաքրքրված չէ. բոլորն ուզում են արձանանալ իրենց պաշտոններում, ընդ որում որքան երկար է ձգվում իշխանությունը, այնքան ավելի ես քարանում պաշտոնի հետ:

Մի խոսքով, քանի որ հին Հայաստանի հերոսները, պարզվեց, զինվորի բաժին են կերել, նոր Հայաստանում արագ տեմպերով հնարում են նոր հերոսներ: Ժողովուրդն առանց հերոսի ու հացի չի կարող ապրել: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն , օրինակ, վերջերս հայտարարեց, որ նոր նախարարներից որեւէ մեկի մոտ իրենք չարաշահումներ չեն արձանագրել, իսկ սա մեր օրերում արդեն իսկ հերոսություն է: Հաշվի առնելով, որ քաղաքապետերը, գյուղապետերը, զանազան վարչության պետերը, առհասարակ պետերը փոխվում են ու համատարած թավշյա սեր է, ապա շուտով կպարզվի, որ նոր պետերից որեւէ մեկը չարաշահումներ թույլ չի տալիս եւ ուրեմն հերոս է: Ապա գյուղերում, քաղաքներում կբացվեն հերոս գյուղապետ-քաղաքապետերի տուն-թանգարանները, կտեղադրվեն արձանները ու մարդիկ կխոնարհվեն այդ արձանների մոտով անցնելիս, մինչեւ այդ մարդիկ սրբանան, իսկ մենք խոնարհումից անցնենք երկրպագության...

Այս ամենը վաղը, իսկ այսօր այն ինչը եղել է երեկՙ պարտադիր չէ, որ թանգարանային լինի, մանավանդ եթե երեկ սեր է եղել, քանի որ եթե սերը հանկարծ ցուցադրես թանգարանումՙ վաղը ոչինչ չես ունենալու այնտեղ դնելու համար ու այսօր խոստովանում ես, որ սեր չկա:

Հուսամ` մշակույթի նախարարն իր այս նախաձեռնությամբ չի ուզում թանգարանացնել սերը, հույս ունեմ նաեւ, որ երբ Հանրային հեռուստաընկերության եթերում նույն նախարարն ասում է, թե Կոմիտասը պետք է մրցակցային դառնա, ամենեւին էլ նկատի չունի, որ Կոմիտասը պետք է մրցակցային դառնա, քանի որ Հայաստանի մշակույթի նախարարը պետք է իմանա, որ Կոմիտասը մրցակցությունից դուրս է, ճիշտ այնպես, ինչպես սերը, մանավանդ թավշյա, թանգարանային իր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ