RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4930, Տպվել է` 586, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԾԱՂԿՈՎ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երկու իրադարձության անհապաղ զարգացումները մոտակա օրերին դառնալու են իշխող թեմա. առաջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ որակումներն էին ռուսական 102-րդ բազայի` Շիրակի մարզի Փանիկ գյուղում օրերս անսպասելի եւ առանց բնակչությանը տեղյակ պահելու անցկացրած զորավարժությունների վերաբերյալ: Փաշինյանը դա անվանեց սադրանք` ընդդեմ մեր պետության ինքնիշխանության եւ ռուս-հայկական հարաբերությունների: Բազայից մի թեթեւ ներողություն հնչել է, սակայն ռուսական պաշտոնական շրջանակները չեն կարող չարձագանքել Հայաստանի վարչապետի կոշտ որակումներին, ըստ որի անթույլատրելի այդ միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում:

Մյուսը եկող շաբաթավերջին Մարտի 1-ի գործի շրջանակում սպասվելիք Հայաստանի երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն է, այս երկուսին էլ հանրությունը հետեւելու է սրված նյարդերով:

Մինչ այդ` մնանք առօրյա օրակարգում:

Բովանդակային առումով վերջին երկու ամիսը ձեռնպահ մնացինք կառավարության քայլերը դիտարկելուց` փորձելով մնալ հարյուր օրը լրանալու տրամանաբանության մեջ: Սակայն վարչապետ Փաշինյանի` մամուլի ասուլիսի հրավերն ուրբաթ օրը ինքնին վերացնում է այդ անհարմարության պահը, քանի որ լրագրողները հաստատ նրան կառավարության քայլերի բովանդակային մասից հարցնելու են: Ու ահա այդ պատճառով, այսօրվա ասուլիսին ընդառաջ, կուզեինք քննարկել մի քանիսն այն հարցերից, որոնք կառավարության երկամսյա գործունեության ընթացքում ծագել են: Մենք հասկանում ենք, որ այժմյանը ժամանակավոր կառավարություն է, ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան համեմատաբար նոր կառավարություն ձեւավորել, հենց այդ պատճառով ներկա աշխատանքը թույլ կտա Նիկոլ Փաշինյանինՙ սրբագրել այժմ կատարված կիսաքայլերը եւ ավելի արդյունավետ կառավարություն կազմավորել արդեն սեփական սխալները հաշվի առնելով:

Այս ամբողջ ընթացքում շատերին էր թվում, որ ամենակարեւոր քայլերը չեն արվում: Ճիշտ է, իրավապահ մարմինների եւ ԱԱԾ-ի շնորհիվ բյուջե են վերադառնում զգալի գումարներ, նկատելի են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլեր, սակայն դրանք ավելի ցուցադրական կողմն են ապահովում, մարդկանց միտքն իրենց վատ առօրյայից կտրող զբաղմունք միայն մնալով: Քանի որ ամենակարեւոր քայլերը պետք է վերաբերեին տնտեսության առողջացմանն ու նպատակային-խելամիտ հունավորմանը: Սակայն այս ընթացքում նոր կառավարությունը ժամանակ չի ունեցել նախ դիմելու Հայաստանի տնտեսագիտական շրջանակին` որոշելու համար Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, ապա ըստ այդ առաջնահերթությունների` պահանջելու գաղափարներ ու նախագծեր: Սա հատկապես առարկայաբար երեւաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերջին այն հայտարարության ֆոնին, թե իր որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն տարածաշրջանային մասշտաբներով պղնձաձուլարան է կառուցելու Հայաստաում: Անիջապես հայտնվեցին բնապահպանները եւ հիշեցրին «Վալեքս» խմբի հանդեպ հանրության անվստահության եւ խմբին պատկանող այս ընկերության բաժնետերերի օֆշորային անհայտ ծագման մասին: Այնպես որ` ոչ թե դիպվածային, «ով ինչ ծրագիր ներկայացնի`թույլ տանք» մոդելով աշխատելը, այլ համակարգված քայլերի քարտեզ ունենալը դառնում է օրակարգային:

Դե հա, հասկանալի է, Հայաստանում գործել է մի խումբ մարդկանց հարստացմանը եւ սպասարկմանը ծառայող տնտեսական համակարգ, որից ոչ բյուջեն է շահել առանձնապես, ոչ սովորական մարդը: Պետության ռեսուրսը շահագործող մարդիկ այդ ռեսուրսի արդյունքը քամում էին սեփական գրպանը, այնտեղ կուտակվող դրամը ծախսում նույն համակարգի ներսում գտնվող մարդկանց խանութներում ու կազինոներում, ու բոլոր տնտեսական ծրագրերը հարմարեցված էին այդ փակ շրջանին: Հասկանալի է, որ պետության հաշվին հարստացածներից պետք է վերցնել այն, ինչ իրենցը չէ, այլ ապօրինի հարստություն: Նա, ով չի կարող հիմնավորել իր հարստության ծագումը փաստաթղթերով ու շրջանառություններով, պիտի հույս չունենա, որ նրա հարստության այդ մասը բյուջե չի գնալու: Որոշակի ժամանակաշրջանի համար ցույց տրված հարկերից դուրս գոյացած գումարներն ապօրինի են: Բայց դա կառավարության մի ստորաբաժանման գործ են, իսկ մյուս կառույցներն ինչո՞վ են զբաղվում: Հիմա երկրի զարգացմանը ծառայող տնտեսություն ու ծրագրեր են պետք, դրա համար նախ պետք է պարզել` ո՞ր ծագրերն են կենսունակ, ո՞ր ոլորտները, իսկ դա հեղափոխական սովորույթներով հնարավոր չէ անել: Ունենք տնտեսագիտական ինստիտուտ, տնտեսագիտական համալսարան` դրանք ինչի՞ համար են: Պետք է գտնել չկուսակցանացված տնտեսագետներին, օգտագործել նրանց գիտելիքները, նրանցից ծրագրեր պահանջել: Հայաստանը պետք է դուրս գա այն արատավոր շրջանից, երբ գերշահութաբեր արտադրությունները հիմնված են ջրի գնով երկրի հարստությունը` գունավոր մետաղների հանքանյութը արտերկիր ճամփելու վրա, պետք է գտնել այն ճյուղերը, որոնք թույլ կտան այս մի ափ երկիրը ծաղկեցնել` առանց բնապահպանական աղետների: Ու ավելի լավ է` դա ներսի հայացքով անել: Ես չեմ լսել, որ մեր տնտեսագետներին, որոնցից մի տասն անուն միայն ես կարող եմ տալ, առաջարկվի առաջնահերթություններով թելադրված տնտեսության մոտավոր զարգացման տեսլական ներկայացնել: Դա մենք պատկերացնում ենք ոչ թե բանավոր ու սրտամաշ քննարկումների տեսքով, այլ գրավոր առաջարկների, որոնցից ամենաօպտիմալները մասնագիտական խորհուրդը կընտրի եւ ձեռնամուխ կլինի դրանց ավելի դետալացմանն ու մանրամասնմանը: Վերն ասվածն անգամ Պյոտր Սվիտալսկու ասածի մեջ է տեղավորվում` ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը, արձագանքելով վարչապետի Փաշինյանի ասածին, թե ԵՄ-ից առավել գործնական օժանդակություն է սպասում, նշել էր, թե Հայաստանը պետք է հստակեցնի` ինչ է ուզում:

Իհարկե, մենք նախ մեզ համար պիտի հստակեցնենք, որ ԱՄՆ դեսպանն ու ԵՄ ներկայացուցիչը, ներդրումների մասին խոսելիս, տեղավորվեն մե՛ր հստակեցումների մեջ, ոչ թե` մենք նրանց պահանջների: Սա պետք է լինի կոռուպցիայի դեմ սկսված լայնածավալ պայքարին զուգահեռ, մեկը մյուսին պետք է շարունակի, այլապես միջոցը նպատակ է դառնում:

Թե չէ` ամեն օր ինչ- որ բիզնես ընկերություն կարող է իր շահերը խորը քողարող ծրագրեր առաջարկել ու երկրի փոխվարչապետին խճողել այդ ծրագրի լաբիրինթոսում կամ ծրագրի տերերի օֆշորային անհայտության խորխորատները սուզել: Ասինքն` առաջարկը պետք է կառավարությունից գա, կառավարությունում պիտի ասեն` հարգելի գործարարներ, այս ոլորտն այս շրջանակում հայտարարվում է ռազմավարական. ծրագրեր ներկայացրեք:

Այլապես կընկնենք ԸՕ-ն փոխելու ներկա անպտուղ քննարկումներին նմանվող վիճակների մեջ, երբ անխտիր բոլոր քաղաքական ուժերն ուզում են ԸՕ-ն դարձնել իրենց հագով: Այդ քննարկումների վերաբերյալ էլ նկատենք, որ կառավարության հանձնաժողովի առաջարկած փակ ցուցակներով ընտրակարգը հենց այն է, որ մոլորեցնում է ընտրողին, քանի որ ընտրողը Նիկոլին ու միայն Նիկոլին է ձայն տալու, իսկ թե ով կգնա խորհրդարան` Նիկոլի գլխավորած ընտրացուցակով, մարդկանց համար երկրորդական կլինի... Ու խորհրդարան կգնան օրենսդրական աշխատանքի անպատրաստ երեխաներ, ինչպես որ հիմա կառավարության մի զգալի կեսում են, զրոյից կսկսեն փորձարկել օրենսդրական դաշտը: Բա նախկինում իշխողներից ինչո՞վ պիտի տարբերվել, այն ժամանակ էլ մեկն ասում էր, մյուսները լսում էին: Հիմա էլ ասողը մեկն է լինելու, ստացվում է:

Կադրերի առումով. կառավարության նոր նախարարների ու փոխնախարարների մի մասն, իրոք, թարմություն են բերում, սակայն մեծ մասն անփորձ, աշխատել դեռ չսովորած, հնի իներցիան արագորեն վրան քաշող (քանի որ այլ բան չեն կարող առաջարկել) մարդիկ են, երբեմն նրանց ասելիքը գուշակում ես նրանց բերանը բացելուց շատ ավելի առաջ, այնքան որ կանխատեսելի են նրանք: Ուզում եմ ասել` կրեատիվի նշանը ամենեւին մորուքն ու թարմ-երիտասարդական դեմքը չեն, երկուսն էլ արագ փչացող ապրանք են: Հավանաբար Նիկոլ Փաշինյանն ընտրությունններից հետո ստիպված կլինի պետական ապարատում երկար տարիներ աշխատած միջին պաշտոնյաների ողջ արեալն օգտագործել, քանի որ սա պրոդուկտ արձանագրելու ամենարդյունավետ եղանակը կլինի: Այդ մարդիկ, որ աշխատելու զանազան հմտությունների են տիրապետում, ամենեւին մեղավոր չեն, որ արատավոր համակարգում եւ արատավոր սկզբունքների ներքո են աշխատել, նրանց հրամայված է եղել դեպի վեր տալ, մասամբ էլ սեփական գրպանը լցնել, ա՛յդ խաղի կանոններն են պարտադրվել: Հիմա խաղի կանոնները փոխում են, միջին օղակի հարյուրավոր պաշտոնյաներ պատրաստ են աշխատել նոր խաղի կանոններով, առանց կաշառք վերցնելու եւ տալու: Նրանց համար բավական խոսուն վերադաստիարակման դպրոց են դարձել ԱԱԾ-ի բացահայտումները: Բավարար է նաեւ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը, հինը փակված էջ է, իսկ նույն տրամաբանությամբ աշխատողներն ուղղակի պիտի աչքի առաջ ունենան պատժվելն օրենքի ողջ խստությամբ: Սա բավարար է, նույն հայերն ուրիշ պետություններում օրինապաշտ են դառնում, ժամանակն է, որ մեզ մոտ եւս իրոք աշխատող օրենքները բոլորին իրենց հայրենիքում օրինապաշտ դարձնեն: ՊԵԿ նոր նախագահի երեկվա ակնարկի մեջ դա կար` միայն հրեշտակի թեւերով մարդկանց գտնելու մասով:

Մասնագիտական կադրային բանկ չունենալով` պարզապես հանցավոր շռայլություն կլինի նորերի կողմից դուրս թողնել հին մասնագիտական ռեսուրսը եւ համակարգը լցոնել փողոցից բերված կադրերով: Ոչ մի երկրում այդպես չեն վարվում, բացի այդ ` ինչու անպայման կրկնել ՀՀՇ-ի տխրահռչակ ու մեր բոլոր ձախորդությունների ակունք փորձը, որ անեկդոտի էր վերածվել`թեկուզ «պոլի փետ» լինի, բայց մերոնցից լինի: Վերջինն ավելի քաղաքակակիրթ ձեւակերպել է Ֆրանկլին Ռուզվելտը`«Շան որդի է, ճիշտ է, բայց մե՛ր շան որդին է» իր հայտնի ասույթում: Սա նորից կրկնելը` աշխարհում եւ Հյաստանում առկա տխուր փորձը հաշվի առնելով, կարճատեսություն կլինի:

Գալով քաղաքապետի ընտրությանը, որը մեր ունեցած տեղեկություններով այնուամենայնիվ անցկացվելու է խորհրդարանական ընտրությունների հետ , միգուցե` մեկ շաբաթվա տարբերությամբ, քանի որ այս երկու ընտրությունները նույն օրն անցկացնելը օրենսդրությունն է արգելում, ապա այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ: Հուլիսի 16-ից հետո, երբ Երեւանի ավագանու լիազորությունները կառավարությունը երկու շաբաթվա մեջ կրճատի, քանի որ նոր քաղաքապետ գործող ավագանին չի ընտրել, այն կավարտի լիազորությունները: Հետո մի քիչ խուճուճ հաշվարկներով քաղաքային ավագանու ընտրությունը կարող է նշանակվել սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին

Կուզեինք նոր քաղաքապետ ունենալու այս բացառիկ հնարավորությանը վարչապետ Փաշինյանը վերաբերվեր մեծ պատասխանատվությամբ, քանի որ Երեւանը Հայաստանի շոգեքարշն է, մեզ պետք է տնտեսական եւ իրավական գիտելիքներով օժտված, տրանսպորտի եւ քաղաքային մյուս ենթակառուցվածքների գիտակ, ու ոչ թե հեղափոխական գործողությունների իրականացմանը միայն սովոր անձ, որը երկրորդ մարդն է լինելու համարյա պետության մեջ: Մի երկրորդ Նիկոլ է պետք. այդ պաշտոնի համար շրջանառվող անունների մեջ դեռեւս արժանի մեկին չենք տեսել: Իսկ շրջանառել Կարգին Հայկոյի անունն այդ պաշտոնի համար անգամ վիրավորական է, նրան տվեք ` թող իր երգիծական թատրոնը բացի, չնայած անձամբ ես նրա արհեստի սպառողը ոչ մի օր անգամ չեմ եղել: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի ի վերջո:

Նոր կառավարության կադրային բանկի աղքատության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ամեն նշանակումից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը երբ քրքրում են պաշտոյաների կենսագրություններն ու սոցիալական ցանցի` երբեմն անհեթեթ գրառումները, հաջորդում են այդ պաշտոնյաների հրաժարականները: Ու այստեղ մարդու միտքն է գալիս, որ, ախր, մենք քաղաքացիական ծառայության մասին օրենք ունեինք: Թե՞ չունենք, թուղթ է միայն:

Այսպիսով` ասուլիսից առաջ առանձնացրինք երեք -չորս հարց, որոնք վերաբերում են մոտակա անելիքին:

Այս երկրում պետք է`

ա/ տնտեսական հստակ քայլեր մշակել եւ արագ սկսել դրանց իրագործումը

բ/ գույքագրել ռեսուրսները` նյութական եւ մարդուժի

գ/ մանրակրկիտ նայել առկա կադրային բանկն, ու հմտություններ ունեցողների ուժերն օգտագործել

դ/ կանխել պատահական մարդկանց, այդ թվում`զանազան անհայտ ծագման կազմակերպությունների շահը սպասարկողների մուտքը կառավարություն:

Դե իսկ գողացվածի վերադարձը բյուջե առօրեական իրադարձություն է, որ դեռ երկար չի իջնի անելիքների առաջին հորիզոնականից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ