RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳՈՎ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5195, Տպվել է` 563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԵՎՈՐԸ ՖԻԼՄԵՐՆ ԵՆ ԵՎ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԻՆՈՄԹՆՈԼՈՐՏԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «ՕՐԵՐ» ամսագրի խմբագիր

Դեռեւս 15 տարի առաջ շատերն էին հոռետեսորեն վերաբերում այն գաղափարին, որ Հայաստանում միջազգային կինոփառատոնը ապագա ունի: Չունենալով կինոարտադրության համար անհրաժեշտ դաշտ ու միջոցներ, քայքայված ու անգործության մատնված ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիա, հայ կինոյի երեք նվիրյալներՙ Հարություն Խաչատրյանը , Սուսաննա Հարությունյանը եւ Միքայել Ստամբոլցյանը հիմնադրեցին Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Առաջին իսկ տարիներից փառատոնում դրվեց մի նշաձող, որին հետեւելը տարեցտարի ավելի բարդացավ: Փառատոնը փորձեց իր ուրույն դեմքն ու մթնոլորտը ձեւավորել, համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչների միջոցով նաեւ հայկական կինոյի մասին խոսել, տեսնել ու ճանաչել տալ Հայաստանը, աջակցել երիտասարդ հայ կինոգործիչներինՙ ստանալու թե՛ վարպետության դասեր, եւ թե կրթվելու ու զարգանալու հնարավորություններ: Այս տարի փառատոնը մտցրեց նաեւ ԳԱԻՖՊրո ծրագիրը, որի շրջանակներում տեղի ունեցան տարածաշրջանային մի քանի նախագծեր, այդ թվումՙ արդեն կայացած հայ-թուրքական պլատֆորմը, հ2հ կինոնախագծերի աջակցության ծրագիրը եւ հայկական նախագծերի հարթակը, որում վարչապետի մրցանակ տրվեց երկու կինոնախագծի: Այդ ՍինեՄիտք ծրագրի շրջանակներում հայ հաղթողներն ստացան իրենց սցենարները ավարտին հասցնելու աջակցություն, անցկացվեցին կլոր սեղաններ ու բազմաթիվ հանդիպումներ:

Բնականաբար Հայաստանում կինոարտադրության եւ կինոյի խնդիրներով զբաղվող կառույցների գրեթե անգործության պատճառով, կինոփառատոնը ստանձնել է նաեւ մի դերակատարում, որով ընդհանրապես նման փառատոնները չեն զբաղվում: Այն կապող օղակ է դարձել Հայաստանի եւ արտերկրի կինոգործիչների միջեւ, այս տարիների ընթացքում հարթակ դառնալով համատեղ ֆիլմարտադրությունների եւ համատեղ կինոծրագրերի իրականացման համար: Բացի մրցութային ծրագրից, որտեղ ընտրվում են վերջին տարվա ընթացքում թողարկված եվրոպական եւ համաշխարհային կինոյի լավագույն ֆիլմերը, հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստանում մեկ շաբաթվա ընթացքում դիտել կարեւոր փառատոններում հաղթած ֆիլմերը, հատուկ ծրագրով ցուցադրվում են երեւանյան պրեմիերաները, ԱՊՀ ֆիլմերը, «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացվում են հայկական թեմայով կամ հայ կինոբեմադրիչների, Հայաստանին նվիրված ֆիլմերը, որտեղ միավորվում են թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ, եւ թե օտար կինոգործիչների ֆիլմերը: Այսինքն մեկ փառատոնի ընթացքում ծանոթանում ես վերջին տարվա ընթացքում տեղի ունեցող կինոաշխարհի զարգացումներին: Նման ծրագրով փառատոնը դառնում է լուրջ կինոդպրոց կինոյով զբաղվող ուսանողների եւ երիտասարդ սերնդի համար:

Ինչպես ամենուր, փառատոնն ունի նաեւ իր քննադատներին, որոնք կա՛մ նեղացած են, որ իրենց ֆիլմերը մրցանակ չեն ստացել, կա՛մ չեն ընդգրկվել մրցույթային ծրագրում, կա՛մ էլ կինոփառատոնի մասին դատում ենՙ չհասկանալով կինոփառատոնների նշանակությունն ու իմաստը, եւ ընդհանրապես ինչ է համաշխարհային կինոմշակույթը: Այնինչ, ամենալավ գնահատականը մեզ հետ զրույցում տվել է փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ասելով, որ «Ոսկե ծիրանը» ռեժիսորական փառատոն է եւ կարիք չունեն մեծ գումարներ ծախսել եւ հոլիվուդյան աստղեր բերել կամ փառատոնը շոուի վերածել: Իսկ երբեմն եկած մի քանի աստղերն էլ ժամանել են փառատոնի գործընկերների աջակցության շնորհիվ: Իսկ կինոփառատոնի մեկ այլ համահիմնադիր եւ ներկա տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշում է, որ կարեւորը բոլոր հյուրերը փառատոնից հեռանում են հիացմունքով, գնահատում են թե՛ ֆիլմերի որակը, եւ թե կից կինոծրագրերի իրականացումը: Փառատոնն այս 15 տարիների ընթացքում ստեղծել է ռեժիսորների այնպիսի շրջանակ, ովքեր դարձել են «Ոսկե ծիրանի» դեսպաններն այլ երկրներում: Դա նաեւ փառատոնի ձեռքբերումն է: Մինչդեռ, շատերը մակերեսային գնահատականներ են տալիս մեկ երկու արտֆիլմ դիտելով, բացման եւ փակման արարողություններից դժգոհելով, որոնք որեւէ ձեւով չեն արտահայտում փառատոնի բովանդակությունը: Իսկ փառատոնը նախեւառաջ կայացած է համարվում իր ֆիլմերի որակով եւ մասնակցող հյուրերի մակարդակով: Օրինակ, այս տարի փառատոնի հյուրերն էին օսկարակիր իրանցի հայտնի կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադին, ավստրիացի կինոբեմադրիչ եւ սցենարիստ Ուլրիխ Զայդլը, իտալացի կինոբեմադրիչ Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի կինոբեմադրիչ Դարրեն Արոնոֆսկին, ամերիկացի անկախ բեմադրիչ Շոն Բեյքերը, Լարի Սմիթը եւ այլք:

Սուսաննա Հարությունյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում կստեղծվի նաեւ փառատոնային կենտրոն, ուր ողջ տարին կցուցադրվեն ֆիլմեր, բայց դրա համար անհրաժեշտ է առանձին բյուջե:

Հատկանշական եւ դիպուկ էր Խաղարկային ժյուրիի նախագահ, իրանցի կրկնակի օսկարակիր կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադիի գնահատականը. «Երեւանում հանդիպեցի շատ լավ երիտասարդ կինոռեժիսորների, հոյակապ մթնոլորտ էր փառատոնում: Կարեւորն այն էր, որ պաշտոնական հավաքներ չկային, կարող էիր դուրս գալ փողոց եւ զբոսնել: Փառատոնը շատ բազմազան է, ընտրված են թե՛ խաղարկային, եւ թե՛ վավերագրական լավագույն ֆիլմերը, եւ կարեւոր էր նաեւ տարածքի փոքրությունը, որ շատ հարմար էր: Իմ առաջարկն է պահպանել փառատոնը այնպիսին, ինչպիսին կա, եւ չնմանվել աշխարհի մյուս փառատոններին»:

Ինչպես փակման արարողության ժամանակ հայտարարեց Ֆարհադին, այս անգամ «Ոսկե ծիրան»ին արժանացավ Ուկրաինա-Գերմանիա համատեղ արտադրության «Հրաբուխ» ֆիլմը: Հետաքրքրական մի ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոման Բոնդարչուկը: Արծաթե «Ոսկե ծիրան»-ին արժանացավ շվեյցարական «Ֆորտունա» ֆիլմը, որի ռեժիսորն է Ժերմինալ Ռոոն: Մրցանակներ ստացան նաեւ վավերագրական կինոյի հեղինակները, իսկ «Հայկական համայնապատկեր» ծրագիրն այս տարի առանձնանում էր այն հանգամանքով, որ մրցանակները տրվում էին տարբեր կազմակերպությունների կողմից:

Այս անվանակարգում մրցանակներ ստացան «Եվա» Հայաստան-Իրան համատեղ արտադրության ֆիլմի ռեժիսոր, իրանահայ կինոգործիչ Անահիտ Աբադը, լավագույն դեբյուտային ֆիլմինՙ «Քամու հետ» ֆիլմի ռեժիսոր Արթուր Սահակյանը, Աբուֆազլ Սաֆարիի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմի պրոդյուսեր Նորիկ Քեշիշյանը, «Եվա» ֆիլմի դերասան Շանթ Հովհաննիսյանը, ֆրանսահայ Առնո Խայաջանյանի ֆրանսիա-Հայաստան «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:

«Պատվավոր Ոսկե Ծիրան»ը հանձնվեց համաշխարհային օպերային բեմի հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանին, իսկ «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» մրցանակներՙ իտալացի կինոբեմադրիչ Ջանֆրանկո Ռոզիին եւ օսկարակիր կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադիին:

Ուրախալի է եւ գնահատելի, որ տարեցտարի, չնայած հարվածներին, տարբեր տեսակի խոչընդոտներին ու ֆինանսական դժվարություններին, փառատոնն ավելի է կայացել եւ ստացել իրապես միջազգային ճանաչումՙ իրեն հավատարիմ կինոգործիչներով ու արդեն ոսկեծիրանական հանդիսատեսով: Ու չնայած ամառվա տապին, այս տարի էլ երեկոյան ժամերին կինոդահլիճները լիքն էինՙ համաշխարհային կինոն գրավել էր Երեւանը:

«Ոսկե ծիրանն» իրապես դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտըՙ թե ներսում, եւ թե դրսում: Հաճախ եմ չեխական կինոփառատոններում հարցնում օտար կինոգործիչներին, արդյո՞ք տեղյակ են «Ոսկե ծիրանի» մասին: Նրանցից շատերը կամ արդեն եղել են, կամ էլ երազում են լինել «Ոսկե ծիրան»ում: Այն անմիջապես կապվում է Հայաստան երկրի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ: Հետեւաբար, պետք է փայփայել այս մշակութային գանձը, այն ավելի կատարելագործել, եւ ոչ թե չարախնդալ ու հարվածել, հատկապես նրանց կողմից, ովքեր տառապում են ամեն ինչ ժխտելու հիվանդությամբ ու շատ սովորական մարդկային նախանձով:

Պրահա-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ