RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4797, Տպվել է` 551, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱԴՐԵՐԻՑ 2-Ը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը Սիվիլնեթի հետ զրույցում ապրիլյան պատերազմի հերոս Ռոբետ Աբաջյանին կոչեց «մանկահասակ դեմքով տղա, որը նույնիսկ չի էլ գիտակցել, թե ինչ է կատարվում», սպասում էի, որ պարոն Միրզոյանը պետք է մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնի իր մամուլի խոսնակինՙ բարձր ու պատասխանատու պաշտոնում մանկական հայտարարություններ անելու համար: Անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Կարպիսն անկյուն կանգնել է, թե՞ ոչ, բայց նա հրաժարական տվեց: Նա հենց այդպես էլ ասացՙ ներկայացնում եմ հրաժարական, չնայած որ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը հրաժարական չի տալիս, պարզապես աշխատանքից ազատվելու դիմում է գրում: Բայց Կարպիսը որոշեց աշխատանքից ազատվել ոչ միայն, կամ ոչ թե հասարակական լայն ճնշումից հետո, ինչը հատկապես ակտիվ էր սոցցանցերում, ոչ թե փողոցներում, այլ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հերթական լայֆից հետո, որտեղ վարչապետը հայտարարեց, որ Աբաջյանն ու մյուսներն անխոսՙ հերոս են: Ընդ որում, Կարպիսն ասաց, որ հեռանում է, քանի որ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիան հաղթեց բանականությանը»: Թե կոնկրետ ո՞վ է ռազմահայրենասեր շիզոֆրենիկ, Կարպիսը չմանրամասնեց, բայց վարչապետ Փաշինյանը, կրկնեմ, Ռոբերտ Աբաջյանին անվանել էր հերոս:

Կարպիսը նաեւ նշել է, որ շարունակելու է սատարել Արարատ Միրզոյանի թիմին:

Օրեր անց նոր կառավարության եւս մի պաշտոնյա ներկայացրեց հրաժարական. հեռացողն այս անգամ վարչապետ Փաշինյանի, ուշադրությունՙ աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանն է: Հրաժեշտի տեքստում Աճեմյանը գրել է, որ չի կարծում, թե իր կրոնական հայացքները, առաջին նախագահի հասցեին արած արտահայությունը, «Աշտարակ կաթի» եւ թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն են ստացել, ինքը պատշաճ բացատրություն չի տվել: Բայց, գրում է Աճեմյանըՙ «Բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ եւ իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք»: Հիշեցնեմ, Գեւորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ է, այդ մասին բարձրաձայնել է ու շեշտել, որ «Այո, դա իմ հավատքն է»: Թե ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը Գեւորգին իր աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելուց առաջ չգիտեր տղայի հավատքի մասին, չգիտեր, որ նա առաջին նախագահին չի սիրում, չգիտեր, որ թերթեր չի գնում ու «Աշտարակ կաթի» հետ մութ հարցեր ունի, դժվարանում եմ ասել, բայց փաստն այն է, որ նոր կառավարությունում կոնկրետ երկու կադրի մասին նրանց նշանակումից առաջ կա՛մ գաղափար չեն ունեցել, ինչը անթույլատրելի է, կա՛մ էլ գաղափար ունեցել են, ուղղակի չեն կարծել, որ նրանք այսքան շուտ կբացահայտվեն, ինչը ավելի անթույլատրելի է:

Հաջողություն մաղթենք ժողովրդական կառավարության առաջին երկու պաշտոնանկ եղածներինՙ մաղթելով, որ հնարավորինս շուտ հաղթահարեն հեղափոխական զգացմունքայնությունիցՙ իշխանական սառնասրտություն անցումը, եւ դառնանք մնացողներին: ՀՀ կառավարության հարգելի անդամներ, կասե՞ք, թե ձեր ինչին են պետք մամուլի խոսնակները, գործերի կառավարիչները, եթե մարդկանց բան ասելու համար դուք լայֆ եք մտնում, իսկ գործեր էլ առանձնապես չունեք, քանի որ ամեն ինչ ձեր փոխարեն անում է ԱԱԾ-ն: Օրինակ առաջին փոխվարչապետը, նախարարները մամուլի բաժին ու խոսնակ ինչո՞ւ են պահում, եթե այդ պաշտոնյաները ալարում են պատասխանել մամուլի զանգերին ու իրենց կյանքում դեռ ոչ մի անգամ իրենց նախարարի ասուլիսը չեն կազմակերպել ու հազիվ էլ կազմակերպեն, հաշվի առնելով նախարարների ֆեյսբուքյան ակտիվությունը: Եթե կառավարություննՙ ի դեմս վարչապետի, որոշել է երկիրը Ֆեյսբուքով կառավարել, ապա դուք ո՞ւմ եւ ինչո՞ւ եք պետք, աղջիկներ ու տղաներ: Ես հասկանում եմ, որ երկար քայլել եք, ոմանք նույնիսկ Գյումրիիցՙ Երեւան, ու ձեզ պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լինեն, աշխատավարձ տան, առանց գործի, բայց հարգելի կառավարություն, մամուլի խոսնակ պահելը կառավարության համար ավելորդ ծախս չէ՞, բյուջետային միջոցների վատնում չէ՞...Հավատացեք, մամուլը մի կերպ կապրիՙ առանց կառավարության մամուլի խոսնակների, բայց այ երկիրը ինչպե՞ս կապրի, երբ կառավարության որոշումները հայտնվում են ավելի շուտ Ֆեյսբուքում, քան կառավարության պաշտոնական կայքում, չգիտեմ:

Հա, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարի՞չ...Այսինքն Էդուարդ Աղաջանյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, որը, փաստորեն աշխատակազմի գործերի հետ կապ չունի, քանի որ մի մարդ էլ կա, որը աշխատակազմի գործերի կառավարի՞չն է: Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը: Չէ, զուտ հետաքրքրության համար, իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ