RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4903, Տպվել է` 546, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ «ՄՈՒՆՆԱԹ», ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՊԻՏ

Հ. ԱՖՅԱՆ

Անկեղծ ասածՙ անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը դժգոհություն հայտնում Եվրոպային: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանըՙ Բրյուսել կատարած այցից հետո ու դրա ընթացքում հայտարարեց, որ Եվրոպան ողջունում է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները, բայց միայն ողջունում է, այսինքն Եվրոպան չի տեսնում «հին» ու «նոր» «Հայաստանների» տարբերությունը ու «նորին» ավելի շատ գործնական օժանդակություն չի ցուցաբերում:

Այսինքն, եթե ենթադրենք Գերմանիայի կանցլերը, որը Բրյուսելում մոտեցավ ՀՀ վարչապետին ու թմփթմփացրեց վերջինի ուսը, առաջ մտածում էր, որ Հայաստանին լուրջ ֆինանսական կամ ներդրումային օժանդակություն պետք չի ցուցաբերել, քանի որ իշխանություններն ամբողջ կուտեն, ապա հիմա պետք է մտածի, որ Հայաստանին նման օժանդակություն պետք է ցուցաբերվի, քանի որ նոր իշխանութունները ոչ միայն չեն ուտում, այլ ուտողներին բռնում են (ավելի ճիշտՙ կերածներին): Գերմանիայի կանցլերը, թե ֆինն բիզնեսմենը, կապ չունի:

Բայց մի կողմ դնենք այն հանգամանքը, թե Հայաստանն իսկապես որքանո՞վ է ավելի ժողովրդավարական դարձել, նոր իշխանությունները որքանո՞վ են ավելի քիչ ուտում ու խմում, քան նախկինները, մի պահ պատկերացնենք, որ մենք պորտուգալացի բիզնեսմեն ենք, Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սետուբալ քաղաքում ձկնաբուծարան ունենք ու հետաքրքրված ենք Սեւանի սիգով ու իշխանով: Ի՞նչ ենք անում առաջին հերթին, բնականաբար տեղեկություններ ենք հավաքում Հայաստանի մասինՙ ընդ որումՙ նաեւ որպես պետություն, որի տարածքում պետք է բիզնես անենք, եւ որպես ժողովուրդ, որի ներկայացուցիչները մեզ մոտ պետք է աշխատեն, եւ որպես բիզնես տարածք, որտեղ պետք է եկամուտներ ստանանք, հակառակ պարագայում չենք գա:

Հասկանալի է, որ հաշվի ենք առնում հնարավորություններն ու ռիսկերը: Առաջիններըՙ Հայաստանի պարագայում իսկապես գայթակղիչ են. ԵԱՏՄ-ի անդամ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ ասոցացվող, ԱՄՆ-ի հետ առեւտուր անող, բայց Իրանի հետ տնտեսական գործակցությունն ամրապնդող, եւ այլն: Բայց ռիսկերն ուսումնասիրելիս հանկարծ հայտնաբերում ենք, որ Հայաստանը չավարտվող պատերազմի մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, ինչի հետեւանքով ամեն օր կարող են վերսկսվել ակտիվ ռազմական գործողությունները, որի ժամանակ առաջին իսկ կրակոցներից մեր ձկնաբուծարանը հօդս կցնդի, մեր միլիոնավոր ներդրումներըՙ եւս: Բացի այդ, ավելի խորապես ուսումնասիրելով Հայաստանը, մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում երկրում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքը այս պահին անկանխատեսելի է: Այսինքն շատ հնարավոր է, որ այն իշխանությունը, որը կձեւավորվի ընտրությունների արդյունքում, որոշի, որ օտարերկրյա կապիտալ մեզ պետք չէՙ կոնկրետ ձկնաբուծության գործում, կամ էլ եվրոպական կապիտալ ընդունել չենք կարող, քանի որ իշխանությունը որոշել է ավելի մտնել ԵԱՏՄ-ի մեջ, որոշել է, կամ պարտադրել են: Հիմա, այս ուսումնասիրություններից հետո, որոնք կարծում եմ պարտադիր են յուրաքանչյուր լուրջ երկրի լուրջ բիզնեսմենի համար, դուք կշտապեի՞ք ներդրումներ անել Հայաստանում, մանավանդ եթե ծագումով հայ չեք, այլ մաքուր պորտուգալացի, ավելինՙ ոչ մի հայ ընկեր չունեք ու նրա տանը Հայաստանից բերված լավաշ ու պանիր չեք կերել: Ես, օրինակ, լսելով, որ այդ երկիրը պատերազմի մեջ է, կտրականապես կհրաժարվեի ներդրումներից, եթե իհարկե զենքի բիզնես չունեմ, կամ բժշական սարքավորումների: Եւ ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, որ Եվրոպան միայն խոսքով է ողջունում մեր «ժողովրդավարական գործընթացները», երբ ժողովրդավարության ամենամեծ քննությունը, որը ընտրություն է կոչվում, դեռ առջեւում է: Օրինակ Կուբայում Կաստրոյին պաշտում էին, նա նույնպես ժողովրդական առաջնորդ էր, բայց դուք հարցրե՞լ եք, օրինակ Մերկելին, կամ Մակրոնին, էլ չեմ խոսում Թրամփի մասին, թե ժողովրդավարակա՞ն երկիր է Կուբան:

Մի խոսքով, դուք չգիտեմ, բայց եթե ես լինեի պորտուգալացի բիզնեսմեն ու լսեի, թե ինչպես ու ինչու է դժգոհում Եվրոպայից Հայաստանի վարչապետը, ապա կժպտայի ու կզանգահարեի Մալթայի իմ գործընկերներին, որպեսզի պայմանավորվեմ Լա-Վալետայում ձկնաբուծարանիս մասնաճյուղ հիմնելու մասին: Բանն այն է, որ այնտեղ պատերազմ չկա, ու անկախ նրանից, թե ընտրություններն ինչպես են անցնում կամ կանցնեն, ազգային «մուննաթ» չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ