RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4925, Տպվել է` 541, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

Ռազմահայրենասեր բառակապակցությունը սոցցանցերում, վերջին շրջանում, քաղաքական ու սոցիալական որոշ խմբերի կողմից օգտագործվում է բացասական իմաստով` այն հակադրելով առաջադիմությանը, որի տակ շատ դեպքերում հասկանում են պացիֆիզմը: Ժամանակին բրիտանացի հայտնի գրող Ջորջ Օրուելը պացիֆիստներին համարում էր Ադոլֆ Հիտլերի կողմնակիցներ, կարծելով, որ զինաթափման գաղափարախոսությունը առաջին հերթին ձեռնտու է բռնապետերին ու ռազմատենչ պետություններին:

Իրականության մեջ ռազմահայրենասիրությունը հենց նպատակ ունի հակադրվելու ռազմատենչությանը, քանի որ համարվում է, որ միայն ռազմապես կայացած պետությունը կարող է զսպել ռազմական ագրեսիան: Այսինքն այստեղ կա որոշակի, գիտակցված կամ անգիտակից շփոթում ռազմահայրենասիրություն եւ ռազմատենչություն տերմինների միջեւ, քանի որ փորձ է արվում դրանք նույնականացնել այն դեպքում, երբ դրանք իրար հակադրվում են:

Ռազմահայրենասիրությունը իրականում ռազմական գործի կարեւորում է պետության կայացման, դրա կառուցման ու կառավարման գործում: Ռազմահայրենասիրությունը գոյատեւման գաղափարական կարեւորագույն սկզբունքն է, որը, օրինակ, բացառում է ցեղասպանության կրկնությունը կամ դրա հնարավորությունն անգամ, քանի որ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված մարդկանց, սոցիալական խմբի, ու առավել եւս էթնիկ միությանը հնարավոր չէ զինաթափել ու առավել եւս անպատիժ կոտորել:

Ռազմահայրենասիրությունը դա պատերազմի գովք կամ դրա տարածման հիմնավորում չէ, այլ ընդհակառակըՙ ռազմական ու պատերազմի պայմաններում գոյատեւման ու հաղթելու բանաձեւ է, որը որդեգրած ժողովուրդները որպես կանոն հաղթող են դուրս գալիս համաշխարհային մրցակցության պայմաններում: Իզուր չէ, որ այսօր ռազմաարդյունաբերության առաջատարները հենց աշխարհի հզորագույն պետություններն են, որոնք, ի դեպ, ոչ միայն ռազմաարդյունաբերությունն են զարգացնում իրենց պետություններում, այլ պացիֆիզմի քարոզ են ֆինանսավորումՙ բայց ուրի՛շ պետություններում:

Ռազմահայրենասիրություն սեփական ժողովրդի համար եւ պացիֆիզմ այլոց համար. ահա այս հակադրությունն է, որին զոհ են գնում շատ երիտասարդներ, կարծելով թե խաղաղության հիմքը զինաթափումն է, իսկ մարդկության պատմությունը հակառակն է ապացուցել, որ խաղաղության հիմքը սպառազինվածությունն է: Այսինքն որքան պետությունը կամ նույնիսկ առանձին վերցրած էթնիկ խումբը լավ է զինված, այնքան նվազում է նրա դեմ նոր պատերազմ սանձազերծելու հավանականությունը:

Ամերիկացի հայտնի քաղաքագետ-սոցիոլոգ Չարլզ Թրիլին իր Եվրոպական պետությունների կայացման գործընթացի ուսումնասիրության մասին աշխատությունում գրում է, որ պատերազմներն են պետությունների կայացման պատճառը: Պատերազմը դա ժողովուրդների, էթնիկ ու կրոնական խմբերի ու ազգերի միջեւ ընթացող մրցակցության ամենադաժան ձեւն է, եւ այն կողմը, որը դիմանում է դրան, նա էլ հետագայում ստեղծում է մրցունակ պետություն:

Այսինքն այս կամ այն պետության առկայությունը պատերազմին դիմակայելու ու դրանից հաղթանակած դուրս գալու որոշակի խորհրդանիշն է: Սակայն խնդիրը նրանում է, որ այդ պետությունները պարբերաբար անցնում են մրցակցության այդ ձեւիՙ պատերազմի միջով, եւ ոչ ոք չի կարող ասել, որ եթե մեկ անգամ հաջողվել է այդ «քննությունը» հանձնել, ապա այն կստացվի նաեւ երկրորդ անգամ: Քանի որ ժամանակի ընթացքում այդ պատերազմներիՙ մրցակցության ձեւերը, տեմպերը, մեթոդաբանությունը եւ բովանդակությունը փոխվում են:

Փոփոխման այդ գործընթացը, հատկապես մեր օրերում, երբ այն էլ ավելի արագ է տեղի ունենում, նորանոր խնդիրներ է առաջադրում, որոնք կարող են էականորեն տարբերվել ընդամենը մեկ տարի առաջ առաջադրված մարտահրավերներից: Նոր պատերազմին պատրաստ լինելը յուրաքանչյուր պետության ռազմավարական նպատակն է ու հենց այս ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքն է, որ թույլ է տալիս հասարակությանը զգոն լինել եւ սթափ ձեւով վերլուծել իրականությունը ու չխաբվել զինաթափման կամ պացիֆիզմի կեղծ քարոզին:

Զգոնության ու հնարավոր պատերազմին անընդհատ պատրաստության բովանդակային մասն էլ հենց կոչվում է ռազմահայրենասիրություն, իսկ դրա կարեւորագույն բաղադրիչն է պատերազմներում ու ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ու կամավորների հիշատակումն ու հերոսացումը: Ցանկացած փորձ` նվազեցնել կամ առավել եւս նվաստացնել նրանց արած գործը, լուրջ հարված է պետության ռազմական կայունությանը ու առավել եւս երիտասարդության դաստիարակության գործին, քանի որ նրանք են հանդիսանում պետության անվտանգության պահպանման կարեւորագույն աղբյուրը, իսկ դրա հիմքում հավատն է, որ հայրենիքի պաշտպանությունը դա սրբազան գործ է պետության բոլոր քաղաքացիների համար:

Սա է պատճառը այն բուռն ռեակցիայի, որն առաջացավ, երբ փորձ արվեց կասկածի տակ դնել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի սխրագործությունը ապրիլյան պատերազմի օրերին: Այս քայլով կասկածի տակ դրվեց նաեւ ընդհանրապես այդ օրերին զոհված բոլոր տղաների սխրանքը, ու հասկանալի է այն բուռն ու բացասական արձագանքը, որը հետեւեց դրան:

Սա նաեւ ցուցիչ է այն փաստի, որ այնուամենայնիվ հասարակության մի զգալի մասի մոտ շատ սթափ ու առողջ են պատկերացումները հայրենասիրության եւ ընդհանրապես ռազմահայրենասիրության մասին: Հասկանալի է, որ մեծամասամբ հայ հանրությունը ճիշտ է գնահատում այն վտանգը, որը կա եւ որը կարող է էլ ավելի խորանալ, եթե պացիֆիզմ քարոզողները շարունակաբար իրականացնեն իրենց գործը:

Պատմական Հայաստանից մնացած 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով այս փոքր հողակտորի վրա պետություն հնարավոր է կառուցել, պահել ու զարգացնել միայն ռազմահայրենասիրության անընդհատ ու խորացող քարոզի շնորհիվ: Ռազմահայրենասիրությունը հայության գոյատեւման ու զարգացման միակ ու կարեւորագույն պայմանն է: Որեւէ շեղում դրանիցՙ կարող է հանգեցնել նոր աղետի, ու դա սպառնալիքի կամ վախեցնելու փորձ չէ, դա այն իրականությունն է, որի պայմաններում մենք ապրում ենք:

Շրջապատված ագրեսիվ հարեւաններով, որոնք մեր տարածաշրջան ներթափանցելուց անմիջապես հետո ձեռնամուխ են եղել հայության ոչնչացման գործին, պետք է առավել զգույշ լինենք թույլ չտալու նախկին սխալների կրկնություն: Մենք պետք է դասեր քաղենք մեր իսկ պատմությունից ու շարունակաբար ռազմահայրենասիրություն քարոզենք մեր երիտասարդության շրջանում, ինչով կապահովենք ու ժառանգաբար կփոխանցենք գոյատեւման ու զարգացման այն բանաձեւը, որը եւ կոչվում է ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ