RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4220, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵ՞Տ ՆԱՅԵԼՈՒ, ԹԵՙ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հերթական խառը թե խառնակ ժամանակներ է ապրում հայաստանյան հանրությունը: Դժվար է միանշանակ ասել, առավել եւս պնդել, թե ինչ կլինի ոչ միայն ամիսներ անց, այլեւ առաջիկա օրերին ու շաբաթներին: Երբ շրջապատիցս որեւէ մեկն անքննելի տոնով հիմնավորում է մեզանում կոռուպցիոն ու մենաշնորհային դրսեւորումների հանդեպ տարվող անհաշտ պայքարի առաջնահերթությունը, որը ողջունում եմ, գրավոր խոսքով պաշտպանում ու հավանության արժանացնում, այսուհանդերձ զրույցի ընթացքում ակնարկում եմ, որ երկիր մոլորակի տարբեր աշխարհամասերում կարծես կան երկրներ, ուր ընդգծված կոռուպցիա չկա, մոնոպոլիաներ նույնպես, իսկ ահա բնակիչների կյանքն ու կենցաղը հեռու է բավարար ու բարվոք համարվելուց: Հենց շատերի համակրանքը վայելող Կուբայի պարագայում, ուր Կաստրո եղբայրների 60-ամյա անձնվեր պայքարն այդպես էլ հարազատ ժողովրդին ցանկալի ու տեսանելի արդյունքներ չտվեց: Պարզ մի պատճառով. 20-րդ դարի 60-ական թվականներին Կաստրոներն առաջնորդվում էին նույն դարի 20-ականների ռուսաստանյան իրադարձությունների սեփական մեկնաբանմամբ, «որպեսզի հարուստներ չլինեն» մոտեցմամբ, երբ այլոց հոգսն ու գործն աղքատներ չունենալն է, նորին մեծություն աշխատանք եւ աշխատել ամենաստեղծ գործիքների օգնությամբ: Ահա մարդ-արարածի, նաեւ հայաստանցիներիս այն փրկօղակը, որը բոլոր կարգի հանրություններին, անգամ բազմալեզու ու բազմակրոն, հեռու է պահում նույնիսկ թավշյա հաճելի ընկալումով հեղափոխությունների իրականացումից, քանզի հեղափոխություններն իրենք իրենցով ցանկալի իրադարձություններ չեն, եթե նկատի չունենանք համակարգային փոփոխությունները: Արդեն հիշատակված Կուբայի տնտեսության վերաբերյալ հեղինակիս մտահոգությունների շրջանակից որոշ թվեր ներկայացնեմ: 1975-ին, երբ երկրի բնակչությունը 10 մլն էր, պահվում էր 5,5 մլն խոշոր եղջերավոր, 2015-ին համապատասխանաբար 11 մլն եւ 4 մլն: 2017-ին Կուբայում 1000 բնակչի հաշվով կար 40 ավտոմեքենա, հարեւան ոչ հարուստ Մեքսիկայումՙ 300: 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը Կուբայում 1500 կվտժամ է, Մեքսիկայում 2300 կվտժամ, 1000 բնակչի հաշվով ծնունդները համապատասխանաբար 10 եւ 19: Այնպես որ մեր այսօրվա անելիքը, որը ոմանք խնդիրներ են դիտարկում լուծում փնտրելու ակնկալիքով, հե՞տ, թեՙ առաջ նայելով ժամանակը տնօրինելու մեջ է:

Թերեւս այսօրինակ մտահոգությամբ է առաջնորդվել «Ազգ»-ի թղթակիցներից Հայաստանի վաստակավոր լրագրողը, իր մոտեցմամբ ասելիքի թիրախ դարձնելով նորօրյա Հայաստանի անցած ողջ պատմաշրջանը, այստեղ ծավալվածի մեջ տեսնելով մերօրյա Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը: Կարծիք է, ոչինչ ասել չես կարող, այնպես որ օրեր շարունակվող մտորումներից հետո շարքային լրագրողս էլ որոշեց կիսվել «Ազգ»-ի ընթերցողների հետ: ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի հանդեպ հայաստանաբնակներիս ակնկալիքները ու չարածի արդյունքում կազմավորված հիասթափությունը մի կողմ թողնելով ասելիքն ուղեկցել «քաղցած գայլերի ոհմակներ», «անմեղ մարդկանց արյունարբու հաշվեհարդարի ենթարկելու վտանգ», «աննկարագրելի ազգադավություն», «եռացող ատելություն», «հոշոտելուՙ շատ-շատերի ներքին պատրաստակամությունը» եւ համանման արտահայտությունները, թող ներվի անկոչումիս, պարզապես անհասկանալի են: Անգամ այն պարագայում, երբ փորձ է արվում պաշտպանության տակ վերցնել ստալինյան ժամանակահատվածների հրեշավոր ոճրագործությունների պատասխանատվությունը ՀՀՇ-ական հեղափոխության ժամանակների կոմունիստների ուսերին բարդելու գործելաոճը մերժելը: Ակնարկը կարծես 1970-80-ականներին է վերաբերվում, անմիջականորեն նաեւ տողերիս հեղինակին:

1968-ին պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժինն ավարտելուց հետո նշանակում ստացա ներկայիս Վանաձորի «Կայծ» օրաթերթ, ստանձնեցի նամակների բաժնի վարիչի պաշտոնը: Տաժանակիր մի աշխատանք, երբ ամեն պահի էի առնչվում, ասենքՙ էլեկտրաէներգիայի գողությունների, հացի անորակության, ջրամատակարարման ձախողումների, շինարարական խախտումների, տրանսպորտային աղավաղումների, սպասարկողների կամայականությունների, իրականացվող ապօրինաշինության, առեւտրի շիլաշփոթի, անորակ ասֆալտապատման, քաղաքացիների առօրյան դժոխքի վերածելու համանման հարյուրավոր հարցերի ու խնդիրների հետ: Կուսքաղկոմում գնահատեցին աշխատանքս, երիտասարդ կոմունիստ դարձա, էլ ավելի եռանդով ու սրությամբ շարունակեցի այդ տարիներին ընդունված ֆելյետոնների միջոցով վեր հանել քաղաքային տնտեսության թերությունները, մինչ այն պահը, երբ վերադասում որոշում կայացվեց համեստ լրագրողիս տեղափոխել միջին աստիճանի կուսակցական աշխատանքի: Այսկերպ ազատվեցին գլխացավանք պատճառող ֆելյետոնիստից, ունեցան բարեխիղճ կուսկոմիտեական: Այսուհանդերձ, աշխատասենյակիս մուտքի մոտ հետեւյալ ցուցապաստառն էի փակցրել. «Մեզ պետք են գործարար մարդիկ, միայն թե սոցիալիստական մտածողությամբ. Լ. Բրեժնեւ»: Հարյուրավոր անգամներ եմ պատասխանել, որ չգիտեմ թե ինչ է նկատի ունեցել 5-ակի հերոս մեր գենսեկը «գործարար մարդիկ, միայն թե սոցիալիստական մտածողությամբ ասելով», մինչ եկան վերակառուցման եւ երկրի ու համակարգի փլուզման ժամանակները: ԽՍՀՄ գորբաչովյան շրջանում մարդկային տեսքով սոցիալիզմի շուրջ քննարկումներ ծավալվեցին, որոնց անդրադարձա «Սոցիալիզմ. ի՞նչ է այն», «Շվեդիա. սոցիալիզմի դիակի առասպելը» հրապարակումներով: Ավաղ, դրանք քաղաքային թերթում տպագրել ոչ մի կերպ չհաջողվեց, քանզի կոմունիստների խոստացած ազատախոսությունը առոչինչ էր: Այնպես որ մեր պատմության այսօրինակ դրսեւորումներին անդրադառնալը պարզապես անհարկի գործ եմ համարել եւ երբեւէ չեմ անդրադարձել: Այն մշտապես դիտարկել եմ առաջ նայելուն խոչընդոտող միջոց:

Հնարավորինս հակիրճ ձեւով փորձեցի ներկայացնել երբեմն անհարկի վերհիշվող 1970-80-ականների մեր ապրած ժամանակահատվածը, որը կարելի է ամփոփել տառապանքներս փորձ ունի խոսքերով եւ ավարտել հասկացողին կես քյուֆթեն էլ հերիք է իմաստախոսությամբ: Եվ տեղնուտեղն անվերապահորեն հարցնենք, թե ինչ երկիր ենք ցանկանում ունենալ. միայն ու միայն առաջ նայելով, մեր գերակայությունները հաստատելով, աշխատանքն ու աշխատելը մեծարելով, որոնց շնորհիվ ու միջոցով է Աստծո զավակ մարդ-արարածը գոհություն ստանում իր ապրած պահից: Թե՞ պատեհ-անպատեհ առիթներով անցած-ապրածը վերհիշելով, այն գունազարդված տեսնելու փորձով: Այստեղ այն արդարացումները, թե անցյալից հարկ է դասեր քաղելՙ վստահ եմ, գիտենք բոլորս, ուստիեւ կարծում եմ, որ դրանք ինչ-որ առումներով պահի տակ անզորությունը սքողելու պարզ փորձեր են, քանզի դրանցում անգամ շատ մտահոգիչ հարցերի պատասխաններ չկան: Ասենք, երկրների համար հիմնարար պարենային ապահովության ու անվտանգության խնդիրը: Ամբողջ յոթ տասնամյակ ապրեցինք ԽՍՀՄ անսահմանափակ հողային պայմաններում, այդպես էլ չլուծելով սեփական հացով ինքնաբավությունը, չխոսելով մսի, կաթի եւ այլ առաջնահերթություններով ապահովվածությունից: Արդեն երեք տասնամյակ է ապրում ենք նորօրյա Հայաստանում եւ անգամ նվազագույնս չենք լուծում մեր մարդկանց կենսական սննդակարգը սեփական արտադրության պարենով ապահովելու խնդիրը: Ցավոք այսօրինակ պարագայում հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայրի հաստատումը խնդրահարույց է դառնում, քանզի լավագույնս աշխատող եւ լավ վարձատրվող որեւէ մեկի առաջնահերթ նպատակը որակյալ եւ մատչելի սննդակարգ ունենալն է: ՀՀ գոյության 30-ամյա շրջանում առաջարկ-պահանջարկի լուծված չլինելն էլ հանրային անառողջ դրսեւորումների է հանգեցնում եւ իշխանության ամենաբարի ցանկությունները որեւէ ձեւով հանրային ընկալման չեն արժանանում: Եվ հարցըՙ ինչ անել, տրվում է հերթական անգամ:

Պատասխանը համաշխարհային տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը վաղուց է գտել, գուցեեւ առանց լուրջ փնտրտուքի: Օրվա հրամայականն է, որ լրագրությունն իր տեղում իր հերթին օգտակար լինի այս գործին, երբ արդեն որոշակի մտածողության հեղինակներ այլ ուղղությամբ են ուղղորդում հանրային ուշադրությունը, մեզ սպառնացող ամենամեծ վտանգ դիտարկելով ազգային հոգեբանության, մեր հոգեկերտվածքի, ինքներս մեզ չհավատալու, մեր լավը չգնահատելու, հազարամյակների խորքից եկող մեր իսկ արժեքները թերագնահատելու, չարժեվորելու մեր վատ սովորությունը: Ակամայից ցանկանում եմ ասել. իսկ ու՞ր մնացին մի բռունցք դառնալով Արցախ աշխարհը վերագտնելու, մեզնից հանիրավի խլված հողերն ազատագրելու, ազգային երգ-երաժշտությամբ հպարտանալու, իվերջոՙ օրեր առաջ համայն մարդկությանը թավշյա հեղափոխությամբ զարմացնելու մեր համեստ ձիրքերը, այլոց գնահատմամբՙ հանճարեղ ունակությունը: Սրանք ազգային հատկություններ են, որոնց պայմաններում հիշել գոյություն չունեցող երբեմնի մոնստր պետության ունեցվածքի յուրօրինակ տնօրինման մասին, թող ներվի, տեղին չէ: Նման պարագայում տնտեսվարմանը թող որ սիրողական մակարդակով տիրապետող քաղաքացիս մատնանշում է դեռեւս կանգուն էլեկտրալամպերի գործարանի օրինակը: ԽՍՀՄ նախագծով ու հզորության հաշվարկով կառուցված այս ձեռնարկությունը տասնամյակներ շարունակ վակումային եւ լյումինեսցենտային միլիոնավոր էլեկտրալամպեր էր արտադրում եւ դրանք նաեւ առաքում աշխարհի առնվազն 35 երկիր, Ճապոնիա, Ֆրանսիա... ԽՍՀՄ փլուզումից հետո գործարանը բազմաբնույթ խնդիրներ ունեցավ, մեր լավագույն գործարարներից Հրանտ Վարդանյանն էլ փորձեց այն վերագործարկել: Ավաղ, ոչինչ չստացվեց: Համանման պատկեր է գյուղոլորտում: Թե ինչու է անհանգստություն առաջացնում երբեմնի կոլխոզ-սովխոզների վերացումը, որոնց առկայության պայմաններում խսհմական քաղաքացիներիս հիմնական սննդակարգը ներմուծվող էր, պարզապես անհասկանալի է:

Այնպես ու շատ ավելի ցանկալի է վաստակաշատ այրերի, նաեւ մասնագետների ՀՀ հողային կարողունակության առավել արդյունավետ մշակման գործընթացի փաստարկումը, այստեղ հավելյալ արդյունքի ստացումը, մրցակցության պայմաններում գների կայունացումը: Միայն համանման գործընթացների արդյունքում է հնարավոր կանոնակարգել ՀՀ գյուղատնտեսական ոլորտը, կանխել խաղողի, կաթի, կարտոֆիլի, այլ մշակաբույսերի մթերումների ընթացքում առաջացող քաոսը, վերացնել աղքատիկ բյուջեից ընչազուրկ մարդկանց հաշվին այլեւայլ տարերային աղետների պատճառով հերթական ընչազուրկների շարքում հայտնվածներին ֆինանսական աննշան հատկացումներով նվազագույնս մխիթարելը: Տարօրինակորեն ՀՀ գյուղատնտեսական միտքը, նախարարության ու չգիտես ինչու օտարալեզու ագրարային անվանումով համալսարանի, մեկ տասնյակից ավելի ինստիտուտների ու գիտական կենտրոնների առկայության պայմաններում պարզապես չի փորձում տալ այնպիսի հարցերի պատասխանները, թե ինչու է մեզանում կովերի միջին տարեկան կաթնատվությունը 2 տոննա կազմում, հացահատիկային մշակաբույսերի հեկտարից բերքը հազիվ 3 տոննա, ինչու չունենք մսատու անասնապահություն, տարին տարու վրա ձախողում ենք խոզաբուծությունը, փոխարենը խրախուսում անհասկանալի շինշիլապահությունը: Կայացած տնտեսություններ ունեցող երկրներում միջին բնակչի կողմից միս-մսամթերքի տարեկան սպառումը 100-120 կգ է, ստացվում է որ ցանկալի 4 մլն հայաստանաբնակների այս սննդատեսակների հանդեպ պահանջարկը բավարարելու համար հարկ է 400-450 հազար տոննա մսատեսակների արտադրություն, որպիսի ցուցանիշների մասին մեզանում ընդհանրապես չի խոսվում, քանզի հազիվ 20 տոկոսի ապահովություն ունենք:

Հարցերն իրոք շատ են, վիճակն էլ մտահոգիչ: Այսօրվա ոգեւորության ալիքը որոշ ժամանակ անց հանդարտվելու է, գալու է նվազագույն ակնկալիքներ տեսնելու ժամանակը: Հետ նայելով կգնանք դեպի այն, թե՞ առաջ շարժվելով, կախված է մեզնից յուրաքանչյուրից, որպիսի կարծիքներն իվերջո հանգրվանում են իշխանության վերին օղակներում: Առայժմ այստեղ արդեն հիշատակված կուբայական սցենարով Հայաստան երկրի կայացման տեսլականն է, երբ առավել կարեւորը կոռուպցիա եւ մոնոպոլիա կազմավորող միջավայրերի նախականխումն է, նորին մեծություն աշխատանք եւ աշխատելՙ գործիքների օգնությամբ; Խշխանությունն իր բաժին օրինակը տալիս է, որը հարկ է ուղեկցել հանրային մասնակցությամբ: Սպասենք մեզ արժանի լավ օրերի ու ժամանակների:

16 07 2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ