RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ՈՒԺԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3402, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ

Պ.Ք.

Ռազմական բյուջեի ընդլայնման պարտավորություններ

Հուլիսի 11-12-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հերթական գագաթաժողովը: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դաշնակիցներին պարզ հասկացրեցՙ եթե ուզում եք օգտվել ԱՄՆ-ի ռազմական պաշտպանությունից, ապա վճարեք: Նա պահանջում է, որ դաշինքի անդամ բոլոր երկրները իրենց բյուջեներում ռազմական ծախսերին հատկացնեն ՀՆԱ 2%-ը: Թրամփը ընդգծում է, որ միայն մի քանի երկիր է ռազմական բյուջեի ծախսերը հասցրել 2%-ի, իսկ մյուսներն ապրում են ամերիկացիների օժանդակության եւ պաշտպանության պայմաններումՙ զգալիորեն քիչ վճարումներ կատարելով ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեին (ռեալ թվերով այն կազմում է մի քանի միլիարդ դոլար):

Սակայն ամերիկացիներն այլեւս չեն ուզում վճարել Եվրոմիության պաշտպանության համար: Այս տարվա մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վաշինգտոնյան այցի ժամանակ նախագահ Թրամփը բացերիբաց հայտարարեց, որ ԱՄՆ-ը սպասում է, թե դաշինքի անդամներից քսան երկրներ երբ են վերջապես ռազմական բյուջեի ծախսերը հասցնելու ՀՆԱ 2%-ի, իսկ իրականում հարկ կլինի դրանք հասցնել 4%-ի:

Հանդիպման հենց առաջին օրը, Յենս Ստոլտենբերգի հետ նախաճաշի ժամանակ, Թրամփը սպառնաց իր երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից, եթե դաշինքի անդամ մյուս երկրները իրենց ռազմական բյուջեները չհասցնեն ՀՆԱ 2%-ի: Վաշինգտոնին հատկապես զայրացնում է Գերմանիան, որի ռազմական ծախսերը ներկայումս կազմում են ՀՆԱ 1,3%-ը եւ 2%-ի հասցնելու համար հարկ կլինի կատարել 70 մլրդ դոլար լրացուցիչ ծախսեր: Դա մեկուկես անգամ ավելի շատ է, քան այն, ինչ Բեռլինը ներկայումս ծախսում է բոլոր ներդրումնային ծրագրերում:

Թրամփի Բրյուսել ժամանելու նախօրեին Մադրիդից ակնարկ հնչեց առ այն, որ Իսպանիան ռազմական ծախսերի մակարդակը չի հասցրել եւ մտադիր էլ չէ հասցնել ՀՆԱ երկու տոկոսի մակարդակի: «Մենք ծախսում ենք ՀՆԱ երկու տոկոսից պակաս, բայց ծախսում ենք շատ ակտիվորեն: Մեր զինված ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններին», հայտարարեց Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը :

Եվրոպական զինված ուժերի ստեղծման վերաբերյալ հայտարարություններ արեցին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը , Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , արտաքին գործերի եւ անվտանգության գծով եվրոհանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին : Պետք չէ զարմանալ, որ Թրամփը պատյանից հանել է «առեւտրային զենքը» ընդդեմ եվրոպացիների: Արդեն տեսանելի է, թե ինչպես անցյալ են դառնում Եվրոմիության եւ ԱՄՆ-ի երբեմնի հրաշալի առեւտրատնտեսական հարաբերությունները: Թրամփը ավերում է նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի հետ երբեմնի «մաքուր» առեւտրական հարաբերությունները:

Ներկայումս ԱՄՆ-ը դեռ պահպանում է աշխարհի առաջին տնտեսության կոչումըՙ ապահովելով համաշխարհային ՀՆԱ-ի մեկ քառորդը եւ առաջատար մնալով բարձր տեխնոլոգիաների ասպարեզում: Ըստ որում, Եվրոմիության եւ Չինաստանի հետ նրա տեխնոլոգիական խզումը տարեցտարի կրճատվում է: Թրամփի խնդիրն էՙ մեծացնել այդ խզումը, ինչը կարելի է անել երկու եղանակովՙ խթանել ԱՄՆ-ի տնտեսությունը եւ խոչընդոտել Եվրոմիության ու Չինաստանի առաջատարությանը:

Ամերիկյան The National Interest հրատարակությունը օրերս հրապարակեց պրոֆեսոր Հյու Ուայթի հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է. «Ամերիկան ինչո՞ւ է շարունակում պաշտպանել Եվրոպային: Վաշինգտոնը չպետք է կրի Եվրոպայի պաշտպանության ծախսերը: Ամերիկացիները չպետք է այդքան ծախսեր անեն հանուն եվրոպացիների, նրանց պետք է հնարավորություն տրվի ինքնուրույնաբար պաշտպանելու իրենց: Պատճառն այն չէ, որ Ամերիկան բավարար միջոցներ չունի Եվրոպայում կատարելու իր երկարաժամկետ ռազմավարական պարտավորությունները: Պատճառն այն է, որ տվյալ հիմնավորումները բավականաչափ ծանրակշիռ չեն եւ չեն կարող արդարացնել Ամերիկայի ստանձնած պարտավորությունների արժեքը»:

Իսկ The Washington Post թերթը բացեիբաց գրեց, թե Պենտագոնի վրա որքան թանկ է նստում Գերմանիայում ամերիկյան զորքեր ու սպառազինություններ պահելը:

Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ասել է, թե Գերմանիան մեծ սխալ է գործելՙ համաձայնելով ռուսական գազի ներմուծման համար «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը: «Մենք պետք է Գերմանիային պաշտպանենք Ռուսաստանից, իսկ Գերմանիան տարեկան բազմամիլիարդ դոլարներ է վճարում Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ Գերմանիան Ռուսաստանի պատանդն է, քանի որ այդքան շատ էներգիա է ստանում Ռուսաստանից», Թրամփի խոսքերը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը: Իսկ ՌԴ-ից Գերմանիայի նմանօրինակ կախվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի վրա: Մեկնաբաններից շատերի կարծիքով, Գերմանիայի վրա Թրամփի հատկապես խիստ հարձակումները ուղղված են առաջին հերթին Եվրոպայի միասնականության գաղափարի դեմ:

Զարմանալի է, բայց Թրամփի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգն ասել է, որ Ղրիմը եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի խնդիրները Մոսկվայի հետ գժտվելու պատճառ չեն: «Ռուսաստանը մեր հարեւանն է, եւ մեզ հարկավոր է երկխոսություն նրա հետ»: Իսկ գուցե Թրա՞մփն էր նրան ինչ-որ բան հուշել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին եւ դաշինքի նոր կենտրոնակայանում բացել է իր երկրի մշտական ներկայացուցչությունը:

Գագաթաժողովի արդյունքում Թրամփը հայարարեց, որ ձեռք է բերվել նշանակալի առաջընթաց. «Բոլորը համաձայնել են զգալիորեն ընդլայնել իրենց պարտավորությունները: Ռազմական ծախսերը կբարձրացվեն այնպիսի մակարդակի, որի մասին անցյալում չէին էլ մտածում»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում ընդունված 79 կետանոց հայտարարությունը աչքի է ընկնում նրանով, որ միանգամայն կտրված է դաշինքի շրջանակներում Թրամփի ստեղծած իրականությունից: Փաստաթղթում մասնավորապես ձգտում է արտահայտվում խաղաղություն եւ կայունություն հաստատելու Եվրոատլանտյան տարածաշրջանում: Ռուսաստանի հետ դադարեցված է ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը, սակայն ՆԱՏՕ-ն բաց է քաղաքական երկխոսության համար: ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման եւ վտանգ չի հանդիսանում նրա համար: Բացի դրանից, դաշինքը ճանաչում է Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում: Ռուսաստանին կոչ է արվում զորքերը դուրս բերել այդ երեք երկրներից:

Խոսվում է նաեւ հակաահաբեկչական պայքարի, կիբեռանվտանգության, Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ուժերն ընդլայնելու, միասնական միջուկային դաշինք ստեղծելու, Ռուսաստանի դեմ հակահրթիռային պաշտպանություն ծավալելու, ինչպես նաեւ Կորեական թերակղզու մասին: Վերջին դեպքում ՆԱՏՕ-ն տարածքային առումով դուրս է գալիս իր գործունեության ավանդական շրջանակներից: Չեն շրջանցվում նաեւ Իրանի եւ Աֆղանստանի խնդիրները:

Որոշված է 2020 թվականից փոխատեղման հիմունքներով առավելագույնը 30 օրվա ընթացքում ՌԴ սահմանների մոտ մարտական պատրաստության բերել 30 գումարտակ, 30 էսկադրիլիա, 30 ռազմանավ: Բացի դրանից, երկու նոր ռազմական հրամանատարություն կստեղծվի ԱՄՆ-ում եւ Գերմանիայում: Ըստ Ստոլտենբերգի, Ղրիմի միացման պատճառով Ռուսաստանը չպետք է մեկուսացվի: Բացի դրանից, Ստոլտենբերգը հայտարարեց, որ «Վրաստանն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում էին նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Իլհամ Ալիեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըՙ բայց միայն «Վճռական աջակցություն» գործողության ձեւաչափով, որին մասնակցում են անդրկովկասյան երեք հանրապետությունների զինծառայողներն Աֆղանստանում: Այդ գործողությունն իրականացվում է 2015 թվականիցՙ ՆԱՏՕ-ի եւ Քաբուլի միջեւ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Առաքելությանը մասնակցում են ավելի քան 13 հազար զինծառայողներ, որոնց պարտականություններից է Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչների ուսուցանումն ու խորհրդատվությունը: Գործողությունը հայտարարված է ոչ մարտական:

Անդրադառնանք մասնակցության պարադոքսներին: Առաջին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարելի է համարել եզակի: Այդ մասին վերջերս խոսում էր Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին, ում խոսքերով «սա աննախադեպ երեւույթ է, երբ ռազմաքաղաքական դաշինքին Երեւանի մասնակցությունը չի խանգարում մեկ ուրիշ դաշինքի հետ համագործակցությանը»: Դեռ 2005 թվականի դեկտեմբերին Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ստորագրել էին անհատական գործընկերության համաձայնագիր: Ավելին, ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Բրյուսելը Երեւանի համար բարդություններ չեն ստեղծումՙ պահանջելով «կամ-կամ», ինչը կապված է Հայաստանի անվտանգության հետ, որը փաստական է Ռուսաստանի կողմից եւ պայմանականՙ ՆԱՏՕ-ի կողմից, նկատի ունենալով Երեւանի բարդ հարաբերություններն Անկարայի հետ, ընդգծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նման պատնեշը չեն կարողանում հաղթահարել Թուրքիան եւ Ադրբեջանը, թեեւ Բաքուն ամեն ջանք գործադրում է ցուցադրելու իր բացառիկ կարեւորությունը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրոմիության համար: Ադրբեջանը հանդես է գալիս որպես այլընտրական ճանապարհ Աֆղանստանում ամերիկյան զորքերի մատակարարման համար, իրականացնում է «Հարավային միջանցք» նախագիծը, որը նա ինքը եւ եվրոպական իր դաշնակիցներից ոմանք բնութագրում են որպես Եվրոմիության էներգետիկ անվտանգության երաշխիք: Սակայն փոխարենը ոչինչ չի ստանում, մանավանդՙ իր սցենարով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տեսակետից: Ինչպես արձանագրում է ադրբեջանցի հայտնի քաղաքաետ Ֆիքրեթ Սադիխովը, «ԱՄՆ-ը, որպես աշխարհի միակ գերտերություն, հաշվի առնելով մեր երկրի շահերը, ռազմավարական գործընկերության պահպանումը, կարող է քայլ կատարել եւ շատ բան անել, որպեսզի իր միջնորդական ջանքերը դրական արդյունքներ տան, սակայն դա առայժմ տեղի չի ունենում»:

Ավելին, մեկնաբանելով Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը, փորձագետը նշում է, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, նրան ստիպել կատարելու ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձեւերը, որոնք պահանջում են հայկական զորքն անվերապահորեն դուրս բերել գրավյալ ադբեջանական տարածքներից, կատարել միջազգային իրավունքի նորմերն ու կանոնները, սակայն «վստահություն չկա, թե մոտ ապագայում ԱՄՆ-ը կձեռնարկի նման քայլեր»:

Երկրորդ պարադոքս: Վրաստանն ու Ադրբեջանը կորցրել են վերահսկողությունը իրենց տարածքների մի մասի նկատմամբ: Ըստ որում, անդրկովկասյան երեք հանրապետությունների ղեկավարները Բրյուսելում խոսում էին ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների գործընկերային բնույթի մասին: Սակայն Երեւանը, Թբիլիսին եւ Բաքուն միմյանց հետ դարձե՞լ են արդյոք գործընկերներՙ գոնե Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում:

Եվ կրկին պարադոքս. Աֆղանստանում ուրիշ երկրի հետ կոալիցիայի կազմում օտար երկրում խաղաղարար առաքելությանը մասնակցելով, հայտարարելով այդ երկրում խաղաղությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին, Հայաստանն ու Ադրբեջանը իրենք հավասարակշռություն են պահպանում պատերազմի եզրին: Հարց է ծագում. Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին կոնկրետ ի՞նչ տվեց մասնակցությունը բրյուսելյան գագաթաժողովին:

Երրորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար դա առաջին այցելությունն էր դեպի Եվրոպայի կենտրոն: Նա իր ելույթում հանդես եկավ բազմավեկտոր համագործակցության օգտին, որի դեպքում չեն տուժի Անդրկովկասում Ռուսաստանի շահերը: Բաքուն Բրյուսելում իր գլխավոր հաղթանակը համարեց այն, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունվեց ամփոփիչ բանաձեւ, որով դաշինքը պաշտպանություն է հայտնում Անդրկովկասի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը: Սակայն այդ «ծիսկական» արտահայտությունը անխուսափելի է մնում վերջին տասներկու տարիներին ՆԱՏՕ-ի բոլոր գագաթաժողովներումՙ առանց երկրների կամ հակամարտությունների որեւէ տարբերակման:

Չորրորղ, ինչ վերաբերում է Վրաստանին, Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Նոդար Խարշիլաձեի խոսքերով, «այս գագաթաժողովը թերեւս ամենավատն էր ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի փոխհարաբերությունների ամբողջ պատմության մեջ: Սա առաջին գագաթաժողովն է, որտեղ մենք ոչինչ չստացանք: Առհասարակ, 2008 թվականից հետո ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները ենթարկվում էին մի պարզ տրամաբանության. յուրաքանչյուր գագաթաժողովից առաջ Վրաստանը ձգտում էր ստանալ ինչ-որ քաղաքական բան, ՆԱՏՕ-ն չէր կարողանում դա մեզ տալ, բայց մենք ինչ-որ գործնական բան էինք ստանումՙ նոր փաթեթ, վարժական կենտրոն եւ այլն: Այդ ամենը մեզ օգնում էր խորացնել ու զարգացնել համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ: Այս գագաթաժողովում մեզ տվեցին ոչ թե նոր կենտրոն կամ փաթեթ, այլ հանդիպում մեզանից անհամեմատ վատ վիճակում գտնվող Ուկրաինայի հետ, քանի որ այդ երկրին բացահայտորեն շրջափակում է Հունգարիան, եւ տվյալ փուլում Կիեւը տեսականորեն չունի առաջընթացի հնարավոություններ»:

Ամեն ինչ մնաց առաջվանը, քանզի ՆԱՏՕ-ի գագաժողովը նախատեսված չէր Անդրկովկասի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ