RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7612, Տպվել է` 1467, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, ԱՂԵՏՆԵՐ, ՆՈՒՅՆԻՍԿՙ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քաղաքական ու տնտեսական հակամարտությունների մասին լուրերը մղվել են հետին պլան. միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը այս օրերին սեւեռված էՙ չգիտես ինչու «բնական» կոչվող աղետների վրա, եւ նույնիսկ նախագահներ Թրամփի խաղը առյուծի պոչի, իսկ Ռոհանիի խաղը Թրամփի... ներվերի հետՙ չկարողացավ տեւականորեն կտրել միջազգային ազդեցիկ մամուլի ուշադրությունը գլոբալ տաքացման աղետալի հետեւանքներից:

Անօրինակ աղետներ են Հունաստանում, Շվեդիայում, Ճապոնիայում, Լաոսում, Կալիֆոռնիայում, Տորոնտոյում, Մոնրեալում, նույնիսկՙ մեր պատմաբանների եւ սկսնակ լրագրողների սիրած անվանումովՙ մառախլապատ Ալբիոնում, նաեւ` տարին հազիվ մեկ անգամ հիշվող ու հիշատակվող Գրենլանդիայում: Ամեն կողմ անտառային հրդեհներ, հեղեղումներ, ավազամրրիկներ, պտտահողմեր, ծովամրրիկներ, ցունամիներ, որոնք մարդկային ու նյութական հսկայական կորուստներ են պատճառել ու դեռ պատճառում են: Զոհերի ընդհանուր թիվը դեռեւս վաղ է հաշվարկել եւ որոնցից ամենամեծաթիվը գրանցվել է Աթենքի շուրջը եւ ամբողջ Հելլադայում: Իսկ ցունամիների ու հատկապես հրդեհների հետեւանքով տեղահանվածների թիվը հավանաբար հասնի տասնյակ հազարների: Հենց այս պահին, րոպե առ րոպե սպասվում է ահավոր ցունամի Գրենլանդիայի ափամերձ Իննաարսուտ կղզու վրա, որի պատճառը ընդհուպ բնակավայրին մոտեցած այսբերգի հսկայական բեկորի փլուզման անմիջական վտանգն է:

Այս վերջինն արդեն ամենաբացահայտ ցուցիչն է գլոբալ տաքացման, որի գլխավոր պատճառը համարվում է ածխաթթու գազի արտանետումների հսկայական, հետզհետե ահագնացող ծավալները, որոնք ստեղծում են «ջերմոցային էֆեկտ» ամբողջ երկրագնդի վրա: Արդարեւ, 1976 թ.ից սկիզբ առած արդյունաբերական հեղափոխության հետեւանքով Երկիր մոլորակի վրա միջին ջերմաստիճանը տաքացել է ընդամենը ցելսիուսի 1 աստիճանով, որը սպառնում է մոտիկ ապագայում մտնել ցելսիուսի 2 աստիճանի սահմանները, անշուշտ եթե մինչ այդ խստագույն սահմանափակումներ չդրվեն ածխաթթու գազի արտանետումների վրա, առավելաբար արդյունաբերական գերզարգացած երկրներում, հատկապես Մ. Նահանգներում, Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպական այլ երկրներում: Սահմանափակումներ, որոնք նախագահ Թրամփի նախորդ տարի կատարած դեմարշից հետո, երբ նա դուրս եկավ «գլոբալ տաքացման միջազգային պայմանագրի» շրջանակից, դժվար թե իրականանան, եթե չհաշվենք Մ. Նահանգների նախագահի մտափոխվելու արտակարգ ունակությունը: Խնդրին միակողմանի չմոտենալու համար ասեմ, որ արտանետումների սահմանափակման եւ ընդհանրապես շրջակա միջավայրի պահպանման հարցերը ոչ միայն Մ. Նահանգներում, այլեւ գրեթե բոլոր երկրներում, անհաշտ հակադրության մեջ են դնում քաղաքական-պետական գործիչներին եւ էկոլոգներին, եւ քանի որ արտանետումների սահմանափակման լծակները հիմնականում գտնվում են գործադիր իշխանությունների ձեռքում, պարտվողները սովորաբար լինում են էկոլոգները:

Հետեւաբար, ինչպես շատ հարցերում, հանրային, այս պարագայումՙ համաշխարհային հասարակության կարծիքը անհրաժեշտաբար պետք ունի միավորվելու, համատեղ ուժերով պայքարելու, նորանոր ազդու միջոցներ ներգրավելու այդ պայքարում, որը որքան բարդՙ այդքան ճակատագրական է ողջ մարդկության համար:

Մանավանդ եթե չմոռանանք, որ հետզհետե սաստկացող շոգերը, աղետի անմիջական գոտիներից հեռու պայմաններում անգամ, հրդեհներից ու հեղեղումներից մղոններով հեռու քաղաքներում ու բնակավայրերում նույնիսկ, խլում են անհամեմատ մեծ թվով զոհերՙ հատկապես տարեց եւ առողջական տարբեր խնդիրներ ունեցող ազգաբնակչություններից: Այն առաջացնում է նաեւ հոգեկան խնդիրներ, որոնց շարքումՙ խթան է դառնում ինքնասպանությունների, ինչպես իր ուսումնասիրություններից մեկում նշում է Ստանֆորդի համալսարանի գիտնականներից Մարշալ Բըրքը (Marshall Burke): Ըստ նրա, սաստիկ ու երկարատեւ շոգը որոշ մարդկանց մոտ առաջացնում է մենակության զգացողություն, ընկճախտ, հոգեկան դիմադրողականության անկում, որի հետեւանքով ինքնասպանությունների քանակի ավելացում է արձանագրվում Մ. Նահանգներում:

Այս բոլորիցՙ կարեւոր 2 եզրակացություն.

1 - Գլոբալ տաքացման շարժընթացի գլխավոր պատճառը մարդկային գործոնն է, ավելի ճիշտՙ այն մարդածին է:

2 - Վաղուց արդեն երկրագնդի տաքացման հետեւանքները տեղական, լոկալ բնույթ չեն կրում, այլ համընդհանուր խնդիր են դարձել բովանդակ մարդկության համար:

Հետեւաբար, գալով մեր երկրին ու մեր ազգաբնակչությանը, անհրաժեշտ է ներգրավվել այդ պայքարի մեջ. դա միայն համաշխարհային չէ, այլեւՙ տեղական: Բայց այդ մասին ավելի հանգամանալիցՙ հետագայում:

Մինչ այդՙ երկշաբաթյա շոգ «հանգստից» հետո մեր թերթի հերթական համարը լույս կտեսնի օգոստոսի 17-ին, ուրբաթ օրը: Ցտեսություն, առողջ եղեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ