RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6530, Տպվել է` 1440, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՍՐՈՒՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին որպես զսպման միջոց օգտագործելու է կանխարգելման ռազմավարությունը: Սա, անշուշտ, նոր խոսք է ՀՀ ռազմական պաշտպանական դոկտրինի համար, քանի որ մինչ այդ մենք վարում էինք թշնամու ռազմական գործողությունների հզոր հակադարձման մարտավարությունը, ինչը, ժամանակը ցույց տվեց, չի արդարացնում իրեն: Այսօր, սակայն, բացահայտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք նաեւ նախահարձակ լինել, եթե նկատենք թշնամու կուտակումները մեր սահմաններին:

Հայաստանի պաշտպանական համակարգի համար նախարար Դավիթ Տոնոյանի մոտեցումնները անշուշտ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այսպիսով ուրվագծվում են մեր պետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ պետության ազգային անվտանգության ողնաշարը պաշտպանական քաղաքականությունն է եւ դրա մոտեցումերից ու կառուցվածքից է կախված, թե ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ունենալ:

Հնարավոր ագրեսիայի զսպման ու նախահարձակման քաղաքականությունը նաեւ փոխում է ռազմական ուժերի կառուցման համակարգը, եւ Հայաստանը կարիք ունի այս հարցում կատարել մարտավարական ու ռազմավարական փոփոխություններ: Այսինքնՙ պետության Ազգային անվտանգության ու Պաշտպանական դոկտրինի վերանայում եւ նորերի ստեղծում:

Սակայն կարծում եմ վերոհիշյալ հարցազրույցը առաջին հերթին իրավիճակ է փոխում տարածաշրջանում, կամ գոնե սկսում է փոխել: Նախարարը հստակ կերպով հասկացնել է տալիս, որ նախահարձակ լինելու մենաշնորհը այլեւս չի պատկանում Ադրբեջանին:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ բացահայտ հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում ռազմական ճանապարհով լուծելու Արցախյան հարցը: Վերջինիս այդ ագրեսիվ հայտարարությունները եւ նույնիսկ ապրիլյան ավանտյուրան երբեք չեն արժանանում Մինսկի խմբի համանախագահ պետություններիՙ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միանշանակյա դատապարտմանը:

Ստեղծված այս իրավիճակը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ոչ միայն շարունակաբար կրկնել իր ագրեսիվ հռետորաբանությունը, այլեւ հավակնել ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքին: Պատերազմ սկսելու ադրբեջանական «մենաշնորհը» նրանց հնարավորություն է տալիս տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի սրման հարցում լինել նախաձեռնողը:

Այսինքնՙ ակտիվությունը պահելով իր ձեռքում, պաշտոնական Բաքուն փորձում է թելադրողի կարգավիճակ ստանալՙ ցույց տալով, որ խաղաղությունը կամ պատերազմը տարածաշրջանում կախված է իր քմահաճույքից, հետեւաբար նրա հետ պետք է հաշվի նստել Հարավկովկասյան զարգացումները գնահատելիս: Ահա մոտեցումների այս համակարգում է, որ Հայաստանը, հանձին պաշտպանության նախարարի, սկսում է փոփոխություն իրականացնել:

«Ազգ»-ում այս թեմայով տպագրված մի շարք հոդվածներում առիթ ունեցել ենք քննարկելու այս հարցը շեշտելով, որ Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումը եւ որդեգրի պաշտպանվողից խաղաղություն թելադրողի իմիջը, քանի որ այն շատ դեպքերում գնահատվում է որպես խաղաղություն խնդրողի կերպար եւ չի հասկացվում ու չի գնահատվում ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ տարածաշրջանով հետաքրքրված պետությունների կողմից: Վերջիններս, տարածաշրջանային խնդիրներումՙ միշտ փորձում են լեզու գտնել Ադրբեջանի հետ որպես ակտիվ խաղացողիՙ Հայաստանին թողնելով երկրորդականՙ պասիվ խաղացողի դերակատարությունը:

Նկատենք, որ Ադրբեջանի այսՙ ակտիվ խաղացողի իմիջը, իրականում բլեֆ է, ինչը նրանք փայլուն կերպով, մինչ օրս, խաղարկել ենՙ փորձելով դրանից ռազմաքաղաքական որոշակի դիվիդենտներ քաղել: Իրականում Ադրբեջանը տարածաշրջանի ամենախոցելի եւ թույլ կազմակերպված պետությունն է, որը կարող է փլուզվել մի քանի հզոր հարվածի դեպքում:

Ադրբեջան պետության կրիտիկական ենթակառուցվածքը նրա էներգետիկ համակարգն է, որը պետք է հայկական կողմից մշտապես դիտարկվի որպես հարվածի առաջնային թիրախ, որի ոչնչացումը պետք է իրականացվի առաջին հերթին կանխելու համար Բաքվի հնարավոր ագրեսիվությունը սահմանին: Այս թեմայով արդեն առիթ ունեցել ենք գրելու, սակայն արժե կրկնել, որ ոչ միայն այդ պետությունը, այլեւ առաջին հերթին նրա իշխող քաղաքական կլանը հենվում եւ սնվում է հենց էներգետիկ համակարգից:

Այսինքն դրա ոչնչացումը կամ նույնիսկ ոչնչացման սպառնալիքը լուրջ հարված է հենց գործող քաղաքական ռեժիմի համար, որը իր էներգետիկ ենթակառուցվածքները ստեղծել է միջազգային ներդրողների շնորհիվ եւ նրանց առաջ պատասխանատու է դրանց անվտագության համար: Իսկ հայկական կողմը այդ ենթակառուցվածքները պետք է դիտարկի որպես ոչնչացման առաջնային թիրախներ:

ՀՀ-ի եւ Արցախի ռազմաքաղաքական դաշինքը պետք է ակտիվանա տարածաշրջանում եւ բոլորին ապացուցի, որ ոչ միայն խաղաղության, այլեւ պատերազմի սկսման նախաձեռնությունը պատկանում է պաշտոնական Երեւանին: Ավելինՙ պետք է շարունակաբար ապցուցել, որ նաեւ տարաշածրջանի միակ կայացած ու կայուն պետությունը եւս Հայաստանն է:

Թավշյա հեղափոխությունը որոշակիորեն բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը Արեւմուտքում, սակայն դա բավարար չէ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, եթե այն չի զուգակցվում ռազմապես հզորՙ պատերազմի ու խաղաղության հարցում նախաձեռնող պետության իմիջի հետ: Ահա հենց սա է, որ այսօր հարկավոր է Հայաստանին տարածաշրջանում ռազմաքաղաքական ակտիվությունը իր ձեռքը վերցնելու ու պահելու համար:

Հասկանալի է, որ սա հեշտ գործընթաց չէ, սակայն նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հարցազրույցը հուշում է, որ այս գործընթացի մեկնարկը տրված է: Սա նաեւ նշանակում է, որ պետք է վերափոխվեն ՀՀ-ի ռազմաքաղաքական ու ռազմավարական մոտեցումները ու գործող փաստաթղթերը: Այս փոփոխությունը նշանակում է, որ մեր պետության տնտեսության զարգացման ողջ տրամաբանությունը եւս պետք է փոխվիՙ պայմանավորված նոր իրավիճակով, որ համապատասխանի առաջ քաշված խնդիրներին:

Հայաստանը այլեւս իրավունք չունի թույլ տալու ապրիլյան պատերազմի կրկնությունը, իսկ թշնամու կողմից սահմանին ռազմական կուտակումերին պետք է պատասխանի նախահարձակ գործողություններով, կանխելու համար սադրանքները հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Վերջին տարիների ռազմական փորձը ապացուցել է, որ դրանք կարելի է կանխել միայն իրավիճակի տիրապետման եւ կանխարգելիչ հարվածներ հասցնելու միջոցով:

Այդպիսի կանխարգելիչ հարվածները, օրինակ էներգետիկ համակարգի վրա, պարտադիր չէ, որ լինեն ռազմական գործողությունների տեսքով, դրանք կարող են լինել նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության միջոցների օգտագործման միջոցով: Ինչպես գրում են կիբեռանվտանգության մասնագետները. այսօր կարելի է հարձակվել պետության ենթակառուցվածքների վրա առանց նույնիսկ խախտելու այդ պետության պետական սահմանները:

Ինչեւէ, Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պահպանման իր ռազմավարության մեջ պետք է կատարի փոփոխություն եւ պասիվ խաղացողից վերածվի ակտիվ նախաձեռնողի, որը պայմաններ կթելադրի Հարավային Կովկասում պատերազմի ու խաղաղության պահպանման հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ