RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6625, Տպվել է` 1431, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԻԾԱՂԵԼԻ ՊԱՏԻՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ծիծաղելին այն չէ, որ Մանվել Գրիգորյանը, որը դեռեւս գեներալ է, մինչեւ վերջերս Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի» էր, ծիծաղելին այն է, որ Վաղարշապատը «Պատվավոր քաղաքացիներ» ունի, Վաղարշապատը կամ Երեւանը, Երեւանը կամ Հրազդանը: Օրինակ հիմա, երբ Հայաստանում հաղթել է «թավշյա սերը», իսկ իրականում, օրինակ, Սասուն Միքայելյանը հաղթել է ասենք Լյովա Երանոսյանին, Մանվել Գրիգորյանըՙ Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի» հռչակման պես ծիծաղելի կլինի, եթե Սասուն Միքայելյանը հռչակվի Հրազդանի «Պատվավոր քաղաքացի»: Իմիջիայլոց, որեւէ մեկը գիտի՞, թե ինչով է տարբերվում «Պատվավոր քաղաքացին» սովորական քաղաքացուց: Օրինակ Եր-անի «Պատվավոր քաղաքացի» կոչմանը, որին արժանացածներն այնքան շատ են, որ անկեղծ ասածՙ աննպատակահարմար համարեցի այստեղ նրանց հիշատակելը, կարող են արժանանալ «անկախ ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային եւ այլ դրությունից ու, ուշադրություն, սեռից այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով եւ/կամ բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երեւանի քաղաքաշինությանը եւ բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն Երեւանի տնտեսական, մշակութային զարգացման, Երեւանի եւ այլ քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությանը եւ խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության ( տարբե՞ր բաներ են-Հ.Ա. ) կամ գիտության զարգացման բնագավառում»: Համաձայնեք, որ խիստ ուշագրավ է, օրինակ այն, որ Երեւանի «Պատվավոր քաղաքացի» կարող է դառնալ օրինակ կինը եւ կամ այն, որ այս կոչումը կարելի է շնորհել ոչ մի գույք, այդ թվումՙ անշարժ, չունեցող երեւանցուն, որը, փաստորեն, կարող է ազգությամբ թուրք լինել եւ նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամության ու խաղաղության հաստատմանը: Եթե լուրջՙ ապա ի՞նչ է նշանակում «նպաստել Երեւանի եւ այլ քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանը», ասենք Երեւանն ու Մեղրին բարեկամ չե՞ն ու պետք է բարեկամանա՞ն, թե՞ Երեւանն ու Գյումրին են թշնամի քաղաքներ, եւ ով բարեկամացնիՙ պետք է այդ կոչումն ստանա:

Բայց ամենաուշագրավն ամենեւին էլ «Պատվավոր քաղաքացու» կոչումն ստանալու հիմքը չէ, այլ այդ քաղաքացու կարգավիճակը: Այսպիսիով, Երեւանի «Պատվավոր քաղաքացուն» հանդիսավոր պայմաններում շնորհվում է քաղաքապետի համապատասխան որոշումը, Երեւանի զինանշանն ու «Պատվավոր քաղաքացու» կոչումը պատկերող մեդալ ու վկայական: Ավելին, այս երջանիկ մարդու անունը գրանցվում է Երեւանի քաղաքապետարանում պահվող Երեւանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում եւ միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երեւանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրաՙ անկախ նրանից «Պատվավոր քաղաքացին» ո՞ղջ է, թե՞ երջանկահիշատակ: Այսինքն, ստացվում է, որ «Պատվավոր քաղաքացին», որի շնորհման արարողակարգը նույնն է Երեւանի ու այլ քաղաքների դեպքերում, իր երկարամյա աշխատանքի համար կամ դիմաց ստանում է միայն մեդալ, վկայական, Երեւանի զինանշան եւ քաղաքապետի որոշում, վերջ: Նա, օրինակ, չի ստանում ինչ-որ արտոնություններ, եթե գրող էՙ գիրք հրատարակելու հնարավորություն, եթե գիտնական էՙ գյուտը տարածելու օժանդակություն, եթե անշարժ գույքի խնդիր ունիՙ անշարժ գույք: Անունն ուղղակի գրանցում են, ու քանի որ նման անունները շատ ենՙ արագ մոռանում: Դե այսինքն, հիմա, որպեսզի մեկն իմանա, թե Պողոս Պողոսյանը Երեւանի «Պատվավոր քաղաքացի» է, թե՞ ոչ, պետք է գնա քաղաքապետարան, բացի հատուկ գիրքը ու այբբենական կարգով գտնի իրեն հետաքրքրող անունը, եթե անշուշտ այն հատուկ գրքում կա:

Իսկ հիմա մնում է հասկանալՙ ո՞րն է ավելի բարդ. մեկընդմիշտ հրաժարվել «Պատվավոր քաղաքացի» ծիծաղելի կոչումի՞ց, թե՞ ուշադիր հետեւել այն բանվորների աշխատանքին, որոնք Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի»ների հուշաքարից փորձելու են ջնջել Մանվել Գրիգորյանի անունը, բայց այնպես, որ վերեւն ու ներքեւը գրված անունները չվնասվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ