RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՀԱՅՐԵՆԱՊԱՏՈՒՄ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4885, Տպվել է` 607, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԸԺԻԿԸ

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Սահակաշվիլու էպոխան Ջավախքում. դասեր եւ պատգամներ

Լիլիթը տարիներ առաջ էր ավարտել Երեւանի պետական համալասարանի բանասիրության ֆակուլտետը եւ, մայրաքաղաքում հաստատվել ցանկացող շատ օրիորդների նման, դեմ չէր լինի, եթե իր բախտը եւս դասավորվեր Երեւանում: Այդուհանդերձ, պատանեկան տարիներից իրեն սիրող համագյուղացի երիտասարդի սիրտը չգտավ ուրիշ ոչ մեկի մեջ, ընտրեց նրան իր կյանքի ընկեր եւ հաստատվեց Ջավախքի իրենց հայրենի գյուղում: Երեւանյան մշակութային եւ հասարակական բուռն կյանքով ապրած Լիլիթի համար սկզբնական շրջանում դժվար էր հարմարվել գյուղական միջավայրին. կինոթատրոններ, թանգարաններ, մշակութային միջոցառումներ, շփումներ արվեստի եւ մշակույթի գործիչների հետ... այս ամենը շուտով հուշերի վերածվեցին, որոնց փոխարինելու եկան ջավախքյան հեռավոր իրենց գյուղի քարքարոտ ճանապարհները, ծաղկառատ մարգագետինները, հայրենի գյուղում եւ արտերկրում օրնիբուն աշխատող մարդիկ:

Լիլիթը շատ շուտ հաղթահարեց այս անցումը, եւ այդ հարցում նրան օգնության հասավ բանասերի իր մասնագիտությունը. հայ եւ համաշխարհային գրականության բավարար իմացությունը Լիլիթին հենց սկզբից օգնեց նոր միջավայրին նայել փիլիսոփայորեն: Այս ամենից բացի, իհարկե, կար եւ մեկ ուրիշ ձգողություն, մեկ ուրիշ դրդապատճառ, որն ստիպում էր Լիլիթին հրապուրվել իրենց հայրենի գյուղով. դա ամուսնուՙ Վաչեիՙ պարզ ու շիտակ, ավանդապաշտ ու աշխատասեր այդ լեռնական երիտասարդի սերն էր:

Գյուղական ուսուցչուհու կայանքում շուտով տիրապետող դարձավ մի նոր, մինչ այդ անծանոթ, անբացատրելի, աստվածային զգացում. ծնվեց առաջնեկըՙ նրա պաշտելի Վըժիկը, որն իր մուտքով փոքրիկ գյուղի մեծ կյանքՙ վերաիմաստավորեց ամեն ինչ:

Անցնում էին օրերը, ամիսները դառնում տարի: Վըժիկն արդեն քայլում էր եւ իր մանկական աշխույժ ճիչերի հետ արտաբերում Կարնո բարբառի քաղցրահնչյուն բառերը: Լիլիթն այդ ընթացքում արդեն վերադարձել էր դպրոց եւ վերստին նվիրվել իր սիրելի աշխատանքին: Վըժիկի մեծանալն ստիպում էր Լիլիթին առավել շատ մտորել նրա կրթության, ճիշտ դաստիարակության եւ շատ այլ հարցերի մասին: Հաստատվելով գյուղումՙ Լիլիթը միշտ ձգտում էր դպրոցում եւ հասարակության մեջ սերմանել սեր ուսման, կրթության ու գիտության նկատմամբ: Ահա կանցնի մի որոշ ժամանակ, եւ փոքրիկ Վըժիկը դպրոցական է դառնալու. նրան հարկավոր է նախապատրաստելՙ հարկավոր են խաղերի եւ հեքիաթների գրքույկներ, հարկավոր է ճիշտ կազմակերպել նախակրթությունը եւ այլն:

Այդ օրը չուշացավ. Լիլիթը որդու հետ Երեւանի ճանապարհին է: Վըժիկի աչքերը լցված էին շուրջբոլորը բացվող անծանոթ տեսարանների հանդեպ արտահայտած զարմանքով, իսկ ավելի շատՙ մոր խոստումներով. ինչե՜ր ասես, որ մայրն իր համար չէր գնելու:

Փոքրիկ Վըժիկն իրոք երջանիկ էր, քանի որ մայրը գերակատարել էր իր բոլոր խոստումներըՙ գնել էր Վըժիկի համար մի փոքրիկ հեծանիվ, մանկական բազմաթիվ խաղեր, պատկերազարդման տետրեր, իսկ գլխավոր տեղում եւ դերում գրքերն էին: Բացի Վըժիկի համար դասագրքերից ու մանկապատանեկան գրականությունից, գնել էր նաեւ բազմաթիվ դասական հեղինակների ստեղծագործություններՙ Վ. Տերյան, Ա. Իսահակյան, Պ. Սեւակ... որոնցից Վըժիկն օգտվելու էր բարձր դասարաններում:

Ավտուբուսը սլանում էր Արագածոտնի ճանապարհով. ահա Շիրակի դաշտավայրը, Աշոցքի սարահարթը եւ ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերը: Լիլիթի հուզմունքը գնալով մեծանում էր, քանի որ կարճ ժամանակ անց հասնելու էր հարազատ գյուղՙ զինված հոգեւոր արժեքներով, որոնց միջոցով նա նոր հնարավորություններ էր ստանում կրթելու իր փոքրիկ Վըժիկին, դարձնելու ուսումնատենչ, գրքասեր ու զարգացած քաղաքացի, այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր իր սրտի խորքերում:

- Ի՞նչ կա ձեր ճամպրուկներում,- վրաց սահմանային անցակետում կիսավրացերեն, կիսառուսերեն հարցն ուղղված էր Լիլիթին:

- Մանկական իրեր, գրքեր, - վարժ ու գրագետ ռուսերենով եւ ժպիտով արձագանքեց Լիլիթը:

- Գրքե՞ր, - նորից հնչեց հարցը:

- Այո՜, - կրին վստահ պատասխանեց Լիլիթը:

- Տիկի՜ն, այդ դեպքում դուք հավաքեք ձեր իրերը, ներս եկեք կողքի սենյակ եւ սպասեք, ձեր իրերը զննվելու են:

- Բայց ինչի՞ համար, չէ՞ որ ապարատն ամեն ինչ ցույց տվեց, այնտեղ ոչ մի վտանգավոր կամ անթույլատրելի իր չկա, բացի այդՙ ես երեխայի հետ եմ, - Լիլիթի սիրտը լավ բան չգուշակեց:

- Ոչինչ, երեխայի հետ համեցեք, մենք ձեզ կօգնենք,- եւ առանց սպասելուՙ սահմանային հսկողության աշխատակիցները ներս տարան Լիլիթի իրերը, որոնք հերթով բացվեցին եւ ամենայն մանրամասնությամբ զննվեցին: Քիչ անց այնտեղ ներկայացած մի քանի աշխատակիցներ իրերից առանձնացրեցին բոլոր գրքերը, տետրերն ու խաղերը, Լիլիթի զարմացած եւ աստիճանաբար զայրացող հայացքի ներքո զետեղեցին մեկ առանձին մեծ ճամպրուկի մեջ եւ պաշտոնապես ներկայացրին իրենց պահանջը.

- Տիկի՜ն, այս բոլորը դուք պարտավոր եք հետ ուղարկել Հայաստանի Հանրապետություն, քանի որ իրավունք չունեք ձեզ հետ դրանք տանելու Վրաստան:

- Ի՞իինչ, հետ ուղարկե՞եեել, իսկ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, ո՞ր օրենքի համաձայն...,- մտքում եւ բարձրաձայն արտասանած Լիլիթի այս խոսքերը կամաց-կամաց մարեցին օդում. կատարվածն այնքան անսպասելի ու հանկարծակի էր, որ նա գրեթե անզգայացել էր: Իսկ այդ ընթացքում, տեսնելով եւ լավագույնս ըմբռնելով Լիլիթի այդ վիճակըՙ վրաց սահմանապահները, որոնց թվում եւ ազգությամբ հայեր, արդեն տեղափոխում էին Լիլիթի իրերըՙ գիրք-գրականությունը դեպի դիմացի մայթՙ ՀՀ վերադարձնելու, իսկ մնացյալ համեմատաբար «անվտանգ» իրերըՙ դեպի ավտոբուս: Վըժիկի դողդողացող ձեռքը բռնած եւ այս ամենին քարացած հետեւող Լիլիթը վերջին վայրկյանին սթափվեց եւ ճչալով վազեց դեպի այն ուղղությամբ, ուր տանում էին իր կողմից մասունքի նման պաշտելի գրքերը, իր սիրասուն Վըժիկի հեքիաթները, խաղերն ու տետրերը:

- Հե՛տ տվեք, տվեք այստե՛ղ, դուք իրավունք չունե՛ք, դրանք իմ երեխայի՜նն են, իմ Վըժիկի՜նը, ահա՛ նաաա, - արտասվախառն ճչում էր Լիլիթը: Փոքրիկ Վըժիկը, որ եւս հուզվել եւ, մոր հետ կատարվածը տեսնելով, լաց էր լինում, վրա հասավ, մոր հետ սկսեց քաշքշել ճամպրուկը եւ ճչալ. «Գրքերըը՜ս», «Մամաաաաա՜», «Մի թողնե տանիիի՜ն», «Չե՛մ տա, ձա՛գս, հիմի կառնեմ ձեռքերեն...»:

Տեսնելով սահմանային մի քանի աշխատակցիՙ մի կողմից, եւ մոր եւ որդուՙ մյուս կողմից հետզհետե թեժացող պայքարը, սահմանային ուժերի ղեկավարությունը «լրացուցիչ ուժեր ներգրավեց» այնտեղ, ովքեր թեւանցուկ արեցին Լիլիթին եւ որդու հետ գրեթե քարշ տվեցին դեպի գյուղ վերադարձող ավտոբուսը:

...Դեպքից անցել էր մի քանի օր, Լիլիթը գյուղում էր, սակայնՙ ֆիզիկապես միայն: Ուշքն ու միտքը այնտեղՙ սահմանային անցակետում կատարվածի հետ էին. ինչո՞ւ, ինչպե՞ս թե, իրենք իրավունք չունե՞ն Երեւանից գրքեր բերելու, ո՞վ է սահմանել այդ արգելքը, հանուն ինչի՞, ով է պատասխան տալու իր փոքրիկ Վըժիկի առջեւ, ով երկար, շատ երկար սպասելով գրքերին եւ հանկարծ զրկվելով դրանցիցՙ դարձել էր մտախոհ եւ նյարդային:

Լիլիթը, բնականաբար, անգործ չնստեց. շուտով հավաքեց ինքն իրեն եւ որոշեց նախքան Ռուսաստանում գտնվող ամուսնուն այդ ամենի մասին տեղեկացնելըՙ փորձել ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Որոշեց եւ հենց ամենասկզբից հանդիպեց գյուղապետին, ով իրականում իրենց եւ հարակից գյուղերից ընտրված պատգամավոր էր շրջանային ժողովում: Ի զարմանս Լիլիթիՙ գյուղապետն այնքան էլ չզարմացավ Լիլիթի պատմությունից. պարզվեց, որ այդպիսի դեպքեր վերջին շրջանում շատ են լինում եւ, եթե Լիլիթը նախօրոք այդ մասին ասեր գյուղապետին, նա կզգուշացներ, որ Երեւանից իր հետ գրքեր հանկարծ չվերցնի: Լիլիթին այս փաստը զարմացնելուց առավել զայրացրեց. «Ուրեմն այս մարդը գիտի այդ մասին ու ձայն չի՞ հանում, էլ ի՞նչ գյուղապետ»: Այս մտորումներով Լիլիթը որոշեց մեկնել շրջկենտրոն եւ հանդիպել շրջանային ղեկավարության հետ: Ցավոք, նույնն էին թե՛ այդ հանդիպումներից ստացած պատասխանները, թե՛ այն արտասվախառն զգացումները, որոնք կրկին պարուրեցին Լիլիթին: Իսկ պատասխանները, որպես կանոն, հետեւյալն էին. «Լիլիթ ջան, մենք էլ գիտենք այդ ամենի մասին, բայց այս պահին ոչինչ անել հնարավոր չէ, երկրի ղեկավարությունը այդկերպ է որոշել. ՀՀ-ից գրքերի մուտքը հայաբնակ մեր շրջաններ խստիվ արգելված է: Իրենք պաշտոնապես նման որոշում մեզ ցույց չեն տվել, բայց մեկնաբանում են հետեւյալ կերպ. երկիր մտնող յուրաքանչյուր գրքի բովանդակություն պետք է ստուգվի, եւ քանի դեռ այն ստուգված չէՙ արգելվում է սահմանով անցկացնել»: Թե ովքեր եւ ինչպես պետք է ստուգեին այդ ամենը կամ մանկական տետրերի ու հեքիաթների ինչը պետք է ստուգվեր, Լիլիթին պարզ չէր:

Լիլիթը որոշեց նամակներով դիմել Հայաստանի եւ Վրաստանի պատկան մարմիններին: Շուտով մի քանի նույնաբովանդակ նամակներ ուղարկեց երկու երկրների կրթության եւ գիտության նախարարություններին, եւս մեկըՙ Հայաստանի Սփյուռքի նախարարություն: Գործընկեր ուսուցիչների խորհրդով հաջորդ օրը նույն նամակը հասցեագրեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող մի քանի հայտնի կազմակերպությունների: Վերջին այդ քայլերը կարծես մի քիչ սփոփեցին Լիլիթի ալեկոծ սիրտը, եւ նա սկսեց անհամբեր սպասել նամակների պատասխաններին: Անցնում էին օրեր, շաբաթներ, Լիլիթը երբեմն անհանգստանում էր, երբեմնՙ ինքն իրեն մեղադրում անհամբերության մեջ: Այդուհանդերձ, նա այլեւս առաջվա նրբասիրտ ու քնքուշ մայրը չէր եւ հաճախ էր զայրանում իր սիրելի Վըժիկի վրա, երբ վերջինս իր մանկական ձայնով հիշեցնում էր. «Մամա՜, գրքերս ե՞եփ տի փերեն...»: Այո, Լիլիթը եւս թաքուն հույսեր էր փայփայում, որ մինչ ամուսնու գալն ինչ-որ մեկը բերելու է իր Վըժիկի գրքերը, եւ իրենք երկուսով իրենց սիրելիին դիմավորելու են գրքերի միջից բազմաթիվ հեքիաթներ պատմելով ու բանաստեղծություններ արտասանելով:

Շուտով մեկը մյուսի հետեւից ստացվեցին Լիլիթի նամակների պատասխանները, որոնք, հակառակ Լիլիթի սպասելիքների, խիստ անորոշ բովանդակությամբ էին, իսկ գրքերը վերադարձնելու մասին ոչ մի խոսք չկար նրանցում: Ինչ վերաբերում է հայկական եւ վրացական իրավապաշտպան, մամուլի ու խոսքի ազատության համար պայքարող կազմակերպություններին, ապա վերջիններս նույնպես, հակառակ Լիլիթի սպասումների, ոչ մի աղմուկ չբարձրացրեցին եւ պատասխանեցին միայն, որ հարցին ծանոթ չեն: «Ո՞ւր է Եվրոպան եւ ինչո՞ւ այս ամենի համար չի պատժում մեղավորներին: Եթե մեկը բռնություն կիրառեր կնոջ հանդեպ, մի համասեռամոլի սպառնային կամ ինչ-որ մեկի ցնդաբանություններն արգելեին տպագրել` հիմա բողոքի երթեր էին սկսվել: Այժմ ինչո՞ւ են լռում ամենքը, երբ մի ողջ հասարակության օրը ցերեկով ենթարկում են սպիտակ ցեղասպանության: Միթե՞ միջազգային հանրություն կոչվածն այսքան երկերեսանի է...»,- լուռ տանջվում էր Լիլիթը:

Խոր աշուն էր, երբ գյուղ մտավ ամուսնունՙ Վաչեին բերող մեքենան: Լիլիթն ու Վըժիկը սովորականի նման դեմ վազեցին նրան, փաթաթվեցին եւ սկսեցին ծանր ճամպրուկները քաշքշելով ներս տանել: Լիլիթն այդ պահին աշխատում էր ոչինչ ցույց չտալ, չնայած ներքուստ այրվում էր զայրույթից, վիրավորանքից եւ անհամբերությունից:

... Վաչեն հաջորդ առավոտյան վաղ գնաց գյուղամեջ, ծանոթ-հարազատների տեսնելովՙ ստիպված մի քանի կանգառներ ունեցավ ճամփին. նա շտապում էր ժամ առաջ տեսնել գյուղապետին, ուստի բարեկամների հետ զրույցներն ու ողջագուրումներն ավելի շատ մեխանիկական էին եւ քաղաքավարությունից դրդված:

Ինչպես գյուղապետի, այնպես էլ շրջանի ղեկավարության հետ Վաչեի հանդիպումներն ավարտվեցին անարդյունք: Վաչեն տուն վերադարձավ ձեռնունայն, գլխիկոր, մտահոգ եւ զայրացած այն աստիճան, որ Լիլիթը, ով անհամբեր սպասում էր լավ լուրերի, անգամ չհամարձակվեց որեւէ հարց ուղղել նրան: Մարդ ու կին լուռ հայացքներով նայեցին իրար: Ամեն ինչ պարզ էր...

Լիլիթն արագ հեռացավ, փակվեց սենյակում եւ սկսեց հեկեկալ. «Ինչո՞ւ մենք իրավունք չունենք հայերեն գիրք կարդալու, փոքրիկ Վըժիկն ինչո՞վ պետք է կրթվի, մենք մարդ չե՞նք, այս երկրի քաղաքացիներ չե՞նք, հարկ չե՞նք վճարում, ինչո՞ւ են բոլորը, սկսած գյուղապետից մինչեւ շրջանի ղեկավարություն եւ լայն հասարակություն լռում այս զզվելի երեւույթի առջեւ: Մայրաքաղաքից վրացերե՞ն են ուզում տարածել, թող տարածե՛ն, հայոց գրքերն ու գրե՞րն են խանգարում դրան, հայ աշակերտին եթե ցանկանան սովորեցնել վրացերեն, Տերյանն ու Իսահակյա՞նն են խանգարելու, թե՞ պարզորոշ ասում ենՙ դուք չպետք է հայ մնաք, եւ ձեզանից պահանջվում է ոչ թե պարզապես սովորել վրացերեն կամ յուրացնել պետական լեզուն, այլ դառնալ վրացի, եւ սա՞ է վրացա-եվրոպական ժողովրդավարությունը, ազգերի իրավահավասարություն կոչվածը: Մի՞թե չկա մեկը կամ մի ուժ, որն ի զորու կլինի կարգավորել այս խնդիրը, եւ իրենքՙ հասարակ մայրերն ու ուսուցիչները, կարողանան անարգել իրենց հետ բերել գրքեր: Ինչքա՞ն սպասել այս դժոխային վիճակում, այսպես մինչ ե՞րբ...»:

Մտքե՜ր, մտքե՜ր ու անվերջ մտորումներՙ ամենատարբեր երեւույթների մասին, բազում անպատասխան հարցեր...

Մոտեցավ պատուհանին, աչքերը փակեց եւ... Ահա իր որդին արդեն մեծացել է, մեծ, շա՜տ մեծ մարդ է դարձելՙ կրթված-զարգացած, դարձել է ոչ միայն գյուղի, այլեւ շրջանի հասարակության հպարտությունը, ահա նա մեկնում է Երեւան, ձեռք է բերում մեծ քանակի գրքեր, այնքան շատ, որ կբավարարեր շրջանի բոլոր դպրոցներին եւ գրքասեր մանուկներին, ահա նա վերադառնում է հայրենի շրջան, եւ ինչպես ողջ ճանապարհին, այնպես էլ ՀՀ-Վրաստան սահմանին ուրվագծվում է նրա հզոր ուրվապատկերը, ահա նա անարգել անցնում է սահմանը, իսկ գրքերը ոչ-ոք չի համարձակվում խլել նրա ձեռքից, ահա նա հասնում է հայրենի եզերքներ, նրան ընդառաջ են գալիս հազարավոր մանուկներ, ստանում իրենց սրտի ուզած գրքերը եւ խինդ ու ծիծաղով վերադառնում հարազատ տներ: Եվ այդ օրը բոլոր ընտանիքներում հնչում էր որդու իսկական անունըՙ Վրեժ... Վրեժը, ով գիրք է բերել, ով լուսավորել է ամենքին, ով հաղթել է բոլոր դժվարությունները, հայրենի հողում ապահովել իր տեսակի շարունակականությունը եւ հայրենակիցների սրտերում վերականգնել ջավախքցի լինելու հպարտությունը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ