RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5366, Տպվել է` 728, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՐԱ ԱՆՈՒՆԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի տապալված մամլո ասուլիսից հետոՙ լրագրողների պահվածքը, վարքագիծը: Հարցուփորձ եմ արել ասուլիսին ներկայացած մի քանի լրագրողների, երեկոյան նայել եմ հեռուստատեսային գրեթե բոլոր ռեպորտաժները, ծանոթացել համացանցային շատ նյութերի. ոչ մի տեղ եւ ոչ մի լրագրող չի փորձել ասուլիսը խանգարողներին սաստել, առնվազն բացատրել, որ իրենք եկել են այնտեղ ոչ միայն ամբաստանյալ նախագահին լսելու, այլեւ հարցեր տալու, թերեւս ավելի սուր հարցերՙ քան բողոքավորների ծանոթ մեղադրանքները: Չէ՞ որ նրանք, լրագրողները, տեսաձայնագրիչներով ու համակարգիչներով խուռներամ գնացել էին լուսաբանելու վերջին շաբաթների ամենահրատապ, նույնիսկ միջազգային շրջանակներին հետաքրքրող այդ գործընթացի կարեւոր դրվագներից մեկը, որը, դժբախտաբար, վերածվեց ընդամենը հետաքրքրաշարժ տեսարանի, զգայացունց իրադարձության, մեր ժողովրդի ու պետության համար անպատվաբերՙ այլակարծությունը, խոսքի ազատությունը մերժելու ցուցադրության:

Մեր լրագրողները երեւի մոռացել են լրագրության Տասնաբանյայի կարեւորագույն կետերից մեկը. լրագրությունը պետք է լինի հասարակական հարթակՙ քաղաքացիական տարբեր խավերի միջեւ հաշտության, փոխհասկացողության եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար: Մինչդեռ մեր լրագրողներից շատերն այս օրերին դարձել են on-line աշխատող ստենոգրաֆիստներ: Ընդամենը:

Չեմ ուզում սխալ հասկացվել. ես դեմ չեմ, ընդհակառակնՙ կողմ եմ, որ մարդիկ, քաղաքացիներ, ընդունված քաղաքակիրթ բոլոր ձեւերով իրացնեն բողոքելու, դժգոհություն արտահայտելու իրենց իրավունքը: Ասուլիսի խափանումից հետո ես գնացի Հանրապետության հրապարակ, դիտեցի ու լսեցի Վերաքննիչ դատարանի առջեւ հավաքված ոչ մեծաթիվ բազմությանը, որը իր դժգոհությունն էր արտահայտում Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու որոշման դեմ եւ պահանջում դատարանի նախագահի հրաժարականը: Իհարկե, այնտեղ կային մարդիկ, որ դեմ չէին լինի, եթե դատարանը նախկին նախագահին գնդակահարելու դատավճիռ կայացներ, իսկ Վարդգես Գասպարին իր հերթական պառկոցին էր ցուցադրում Մարտի 1-ի զոհերի ցուցակ-պատկերը ձեռքին, սակայն ուրիշներ անցորդներին բացատրում էին իրենց պահանջները. բուռն, բայց ոչ ագրեսիվ: Վերջապես, իշխանության կողմից կազմակերպված կամ ոչՙ դա իրենց իրավունքն էր, սակայն, կրկնելով կրկնում եմ. ոչ ոքի իրավունքը չէ ասուլիս խափանել, փաստորեն կալանք դնել ազատ խոսքին, որը ամենաբռնատիրական երկրներում անգամ «վերջին խոսքի» իրավունքով տրվում է մահապարտներին....

Եվ արդեն, ժողովրդի որոշ խավերի մոտ Ռ. Քոչարյանի նկատմամբ կա ահավոր ատելություն, ոչ թե արհեստածին, այլ ընդոծին, ոչ թե մարտի 1-ի դեպքերի առիթով, այլ ընդհանրապես: Անբացատրելի ատելությունՙ որը հասնում է նրան, որ սոցցանցերում ոմանք պահանջում են նրան վառել ու այրել, նույնիսկ չխնայել նրա հարազատներին եւ, զգուշացեք, նրա հարեւաններին.... Եվ այս ֆոնինՙ առնվազն տարօրինակ հնչեց սիրո եւ համերաշխության քարոզիչ Նիկոլ Փաշինյանի նույն օրվա սկայպ-հայտարարությունը բոլոր մարդասպաններին պատժելու, տարակարծիք եղողներին «պատմության աղբանոց» նետելու սպառնալիքը:

Առայժմ մեկ կողմ թողնելով «բոլոր» բառի ներքնիմաստի հստակեցման հարցը, կարծում եմ տարօրինակ էր նաեւ, նույն օրը, տապալված ասուլիսին համընթաց, Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ, որը փաստորեն կոպիտ միջամտություն էր դատական մարմինների գործունեության, որը խստորեն պատժելի արարք է նրա հայրենիքում, ինչպես որ, տարօրինակ էր, դրանից մոտ 10 օր առաջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրապարակային հայտարարությունը նախկին իշխանավորների նկատմամբ հաշվեհարդար չանելու մերոնց խոստման վերաբերյալ, ինչը թերեւս կարելի էր անել այնպեսՙ ինչպես եղել է Հայաստանի նոր իշխանությունների այդ խոստումըՙ խորհրդապահաբար. անշուշտ եթե երբեւէ եղել է նման խոստում:

Հույս եմ տածում, որ առաջիկաՙ օգոստոսի 17-ի հանրահավաքում, որը վստահաբար լինելու է աննախընթացորեն բազմամարդ եւ հզոր, վարչապետ Փաշինյանը չի խուսափի լուրջ եւ արժանապատիվ երկու խոսք ասելուց վերոհիշյալ զույգ պետությունների հասցեինՙ հորդորելով չմիջամտել մեր ներքին հարցերին եւ իրենց միջեւ մրցակցությունը չտեղափոխել մեր երկրի տարածք: Վերջապես, աշխարհի բոլոր պետությունները, մեծ կամ փոքր, հզոր կամ տկար, հարուստ կամ աղքատ, մի բանում հավասար են միմյանցՙ պետական արժանապատվության հարցում:

Հույս եմ տածում նաեւ, որ վարչապետը կօգտագործի հրաշալի այդ առիթը ազգային համերաշխության ոգով վարակվելու եւ վարակելու մեր ժողովրդինՙ ատելության ինքնակործանիչ ալիքը մեղմելու, օրենքի եւ օրինապահության գերակայությունը շեշտելու, ազատ խոսքի եւ կարծիքի ազատության իրավունքը ամեն գնով հարգելու ու պաշտպանելու հանձնառությամբ եւ հանձնարարությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ