RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5231, Տպվել է` 737, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի երեք նախագահների օրոք էլ ընտրությունները կեղծվել են այս կամ այն չափով` աղավաղելով ընտրության արդյունքը: Կախված այն բանից, թե խորհրդարանում մեծամասնություն վերցվել է կեղծիքով կամ փող բաժանելով, կամ թե` Հայաստանի նախագահի աթոռը զավթվել է կեղծիքով եւ ընտրության արդյունքի աղավաղմամբ` երեք նախկին նախագահներին էլ կարելի է ներկայացնել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Նրանք բոլորն էլ ճնշել են իրենց ընդդիմախոսներին` մեկը ջրցան մեքենա ու տանկ է հանել, մեկը Մարտի 1 արել, երրորդը կոմպրոմատներով ոչնչացրել ընդդիմադիրներին: Ինչ է ստացվում` արդեն քսաներեք տարի մենք ունեցել ենք ոչ լեգիտիմ իշխանություն, հասկանում եք, չէ՞, դրա կործանարար հետեւանքներն այժմ, երբ ունենանք դատավճիռներ. ոչ լեգիտիմ իշխանություններ ունեցող պետությունը որպես միջազգային սուբյեկտ խոցելի է, նրա պաշտոնյաների կնքած պայմանագրերն ու համաձայնագրերը պարզապես թղթի կտոր են, որոնք ուզած պետություն կարող է վերանայել ու հարցականի տակ դնել: Ընդհուպՙ Արցախին վերաբերող: Սա մեծ հարված է Հայաստանի միջազգային վարկին:

Ներքին առումով, եթե օբյեկտիվ լինենք, անհասկանալի է, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդպիսի` սահմանադրական կարգը բռնի տապալելու մեղադրանք չի առաջադրվում, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանին առաջադրվում է, ո՞րն է դրա իրական պատճառը, արդյո՞ք այդ պատճառի մեջ կարող է լինել Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումների տարբերությունը, քաղաքականություն վերադառնալու պատճառին լուրջ չենք վերաբերվում: Չէ՞ որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ Մարտի 1-ի զոհերի մասին խոսք չկա, այլ` միայն սահմանդրական կարգը տապալելու: Գլուխ են կոտրում վերլուծաբանները, խճճվում են ենթադրությունների մեջ, հասնում նրան, որ, հասկանում եք, կանխվում է Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Էլ եսիմ` հեղափոխություն ու հակահեղափոխություն, էլ ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորում` Քոչարյանով: Ու այդպես, շփոթահար ու վարկածառատ` հանրությանն են մատուցվում հորինած կեղծ օրակարգեր, միգուցե նաեւ շփոթության մատնելով ու խճողելով մեր անփորձ ղեկավարներին, որոնց նույնպես ազդակներ են հասնում ԶԼՄ-ներից: Այլապես` ինչով բացատրել միայն ու միայն Քոչարյանին ներկայացվող մեղադրանքի ենթատեքստը:

Մյուս կողմից` հասկանալի է, որ Հայաստանում գլխավոր խաղացողը լրատվադաշտում էլի մնում է փողը, եւ ըստ դրան տիրապետող բազմաշերտ տերերը, սորոսախառն ու օլիգարխոտ, շարունակում են կեղծ կամ ուղղակի փչովի օրակարգեր մատուցել հանրությանը` նրա առաջ կանգնած իրական խնդիրների լուծումից շեղելով եւ ժամանակ շահելով... վթարված նավերի համար նոր կառամատույց որոնելիս: Կարծում եմ` վարչապետ Փաշինյանը այս ամենը հասկանում է, այդ դեպքում անհասկանալի է, թե նա ինչու է կուլ տալիս խայծը`լայնածավալ ու աշխատատար միաժամանակյա դատական գործընթացները սկսելով եւ իր հիմնական անելիքից եւս իր ուշադրությունը շեղելով: Բովանդակային աշխատանքը զիջելով ցուցանքին: Այն դեպքում, երբ ուր նայում ես` կեղտ մաքրելու, օրուգիշեր աշխատելու խոստումներ են: Այս բոլոր հարցերի պատասխանը Նիկոլ Փաշինյանը պետք է որ տա ուրբաթօրյա հանրահավաքին:

Իրականում երեք նախկին նախագահներից ոչ մեկն իրավունք չունի քաղաքականություն վերադառնալու, քանի որ երեքի կառավարման արդյունքում էլ թալանվել են պետությունն ու ժողովուրդը, առաջացել է քրեաօլիգարխիա, անհիմն արտոնյալների դաս` սեփական «պոլիփեդերից», իսկ ժողովուրդը գլորվել է դեպի ծայր աղքատություն:

Նրանց բոլորի ցուցմունքներն արժե ստանալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է բացատրի, թե ինչպես իր յուրայինները թալանեցին երկիրը` բոլոր նշանակալի արդյունաբերական եւ այլ միավորները տեղավորելով սեփական գրպաններում, ինչպես նաեւ պետք է վերապատմի, թե ինչպես 1996-ին կեղծվեցին ընտրության արդյունքները, ինչու էր տանկերով ու ջրցան մեքենաներով ուզում մնալ իշխանության: Ինչու մի քանի ամիս անց Ռոբերտ Քոչարյանին բերեց Հայաստան ու դարձրեց իր իրավահաջորդը: Պետք է բացատրի, թե ինչու էր 2008 Մարտի 1-ի նախօրեին մի քանի օր թաքնվել իր բնակարանում` անտեր թողնելով յուրայիններին` ոստիկանական գործողություններին դեմ հանդիման, իսկ հետո էլ փուռը տվեց... Նիկոլին:

Քոչարյանը պետք է պարզաբանի Մարտի 1-ի բոլոր հանգամանքները, այդ թվում` ո՞վ է կրակելու հրաման տվել, իսկ դրանից էլ ավելի մեծ պարզաբանման կարիք ունի այն, թե ի՞նչ ծագում ունեն իր եւ իր ժամանակ ձեւավորած օլիգարխների միլիոնները, որտեղի՞ց իրեն եւ մի քանի այլ պետական պաշտոնյայի այդքան փող եւ ունեցվածք, քանի որ նրանցից ոչ մեկն ուղիղ գծով Մանթաշովի կամ գոնե Քրքորյանի ժառանգը չէ: Իսկ չհիմնավորելու դեպքում` ապօրինաբար տիրապետած միլիոնները պետք է վերադառնան այնտեղ, որտեղ էլ պետք է լինեին` ժողովրդի գրպանը կամ պետական բյուջե, ինչպես որ Նիկոլն է նաեւ խոստանում: Պիտի բացատրի, թե ինչի դիմաց էին կատարվում «գույք պարտքի դիմաց» գործարքները, որոնք հարվածեցին պետության ինքնիշխանությանը, թուլացրին տնտեսական ապագան:

Նույն կերպ Սերժ Սարգսյանը պետք է բացատրի, թե ինչպես կարելի էր սոված ընտանիքների առկայությամբ քամել երկրի հարստությունը, հանքերը փաթաթել ու մի քանի օլիգարխի գրպանը խոթել կամ խորացնել քվոտային բիզնեսով երկրի ունեցվածքը որպես սեփականություն օգտագործելը...եւ էլի, իր կողմնակիցներով հանդերձ, վերադարձնի երկրի հարստությունն իր տիրոջը: Առհասարակ` ով չի կարող բացատրել իր ունեցվածքի ծագումնաբանությունը` ապօրինի հարստացածների ցուցակում պետք է հայտնվի` համապատասխան հետեւանքերով, ուրիշ կերպ չի լինում: Չէին կարող այս երկրում լինել գերհարուստներ այն ժամանակահատվածում, երբ երկիրը յոթ միլիարդ դոլարի պարտք էր կուտակում, եթե այդ յոթ միլիարդի մեծ մասը չի հոսել նրանց գրպանը:

Մարտի 1-ի տասն զոհերի մասին որ խոսում են, ասում են ` պետք է բացահայտվեն սպանողները, բայց նրանց մասին Քոչարյանին ներկայացված մեղադրանքում չկա: Կիսում եմ նրանց հարազատերի տասնամյա ցավը: Սակայն հավանաբար մեղադրանք ներկայացնողներն էլ հասկացել են, որ Մարտի 1-ի գործը բացահայտելուն խանգարող շատ բաներ կան, այդ թվում` արտաքին կողմանե, գումարած, որ խոսքը կարող է գնալ -հասնել Արցախից Հայաստան բերված ջոկատներին, իսկ դա պատերազմական վիճակում եղող Արցախի համար ծանրագույն խնդիր կարող է առաջացնել: Մարտի 1-ի զոհերի սպանություններն, այո, պե՛տք է բացահայտել, իսկ ո՞վ պետք է պատասխանի ապրիլյան պատերազմի հարյուրից ավելի զոհերի համար, ո՞վ պետք է պատասխան տա այն բանի համար, որ մեր զինվոր տղաները ոչ բավարար զինպաշտպանությամբ էին հայտնվել թշնամու աքցանի մեջ, ո՞վ էր Գերագույն գլխավոր հրամանատարը, որ չէր տիրապետում իրավիճակին եւ պատասխանատու է այդ զինվորների զոհվելու համար: Թե՞ զինվորի կյանքը ցուցարարի կյանքի չափ թանկ չէ: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել մինչեւ այժմ այդ վերաբերմամբ:

Այնպես որ նախկին նախագահներից մեկին առանձնացնել, նրան օժտել հալածյալի լուսապսակով, նրա շուրջ կեղծ օրակարգ ձեւավորել, իրավական վեճ սկսել ` անձեռնմխելիությունը սահմանադրական բացարձակ նո՞րմ է, թե՞ բացարձակ չի, կամ դրանով դատարանի որոշում հիմնավորել, սա ողջամիտ չէ: Եթե չասենք` անհասկանալի է, որ հեղափոխությունը «Մերժում էր Սերժին», իսկ հիմա` միայն Քոչարյանին: Ինչ կա տակը, արդյո՞ք սքողված գործընթացներ, որոնց մասին միայն երկու-երեք հոգի գիտեն. «Անձամբ ես կասկած չունեի, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձեցման արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ի վերջո կհայտնվի բանտում», ասում է սովորաբար հոսանքին հակառակ գնացող եւ անկեղծորեն իր տեսակետները ներկայացնող քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ` նկատի ունենալով Արցախի հարցում հատկապես երեք նախագահների մոտեցումները:

Առհասարակ`տպավորություն կա, որ զանազան քրեական գործերով ու հակակոռուպցիոն պայքարով գերծանրաբեռնված մեր իրավապահները ինչ-որ պատճառով Մարտի 1-ի բացահայտման առումով շտապել են, իսկ շտապողականությունը բոլոր գործերի թշնամին է: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհապաղ նշանակվեին, ձեւավորվեր ամուր, լեգիտիմ օրենսդիր ու գործադիր իշխանություն` իրավական հիմքերով, դատական համակարգը մաքրվեր աչառու կադրերից, որից հետո նոր պայմաններում եւ նոր դատավորներով իրականացվեր արդարադատություն, որպեսզի ընտրություններից առաջ Մարտի 1-ի քրեական գործը որպես մահակ օգտագործելու գայթակղությունն ընդհանրապես տեղ չգտներ մեր կյանքում:

Հավանաբար նաեւ ճիշտ է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը , երբ ասում է, թե Քոչարյանին նախ պետք էր քննել որպես վկա, այդ դեպքում ցուցմունք կլիներ, մանավանդ Մարտի 1-ը տասնամյա չարաշահումների դեմ մարդկանց պայքարի հետեւանքն է, այդ չարաշահումների՛ մասով պետք է քննություն լիներ, ոչ միայն բուն Մարտի 1-ի դեպքերի: Սա էլ մեր վերն ասածի` շտապողականության մասին մի վկայություն որպես: Պատասխան պիտի ունենա՞, թե ամեն ընտրությունից հետո ինչո՞ւ է ոտքի կանգնում հայ հանրությունը: Իրավական հարթության վրա, եւ ոչ թե վրեժխնդրության: Նրան ունեզրկել են, արհամարհել, ձայնը գնել, խաբել, ինքն էլ, խաբված զգալով, միշտ ոտքի է կանգնել, ստացել Մարտի 1, բռնությունների այլ ամսաթվեր ու տարեթվեր, բայց հիմա քննում են հետեւանքը, հետեւանքներից մեկն ավելի ճիշտ, ու ոչ թե պատճառները: Քննում են` բանակը խառնվե՞լ է, թե ոչ Մարտի 1-ին, դրսի հետք կա՞, թե ոչ: Մինչդեռ պատճառները երեք նախագահների ձախող կառավարման մեջ են:

«Արդեն հարյուր օր է, հայ ազգը լուսավոր է»

Անցավ նոր կառավարության հարյուր օրը, ու վերը շարադրվածը կարծես մի տեսակ զգացողության հաստատում է, թե կարեւորը թողած` զբաղված ենք երկրորդականով: Ինչ պիտի աներ նոր կառավարությունը, եթե արմատապես մեր կյանքը փոխելու համար նոր իրողություններին համապատասխան օրենսդրի ձեւավորումը առաջնահերթ չհամարեց ու անորոշ հետաձգեց: Կիսաիշխանությունը չի կարող արմատապես կյանք փոխել: Հո երգեր ստեղծելով չի մենակ` ենթավերնագրում նշված բառերով, բովանդակություն է պետք, քաղաքացու ներքին արժանապատվության վերադարձին զուգահեռ: Այո, բարքերը մասամբ փոխվեցին, կարծես թե առաջվա ափաշկարա անօրինությունները նվազել են, օրինազանցներն արդեն տասն չափում` նոր են հին կերպ վարվում, մարդկանց մեջ հույսը ծիլ է տալիս, որ Հայաստանը նորմալ երկիր կդառնա: Սակայն նաեւ նորերի գործունակությունն է բացահայտվում, մեկ-մեկ լյուստրացվում են հեղափոխական կադրերի ու նրանց մերձ մարդկանց հնարավորությունները: Իսկ այդ հնարավորությունները նախանձելի չեն: Ակնհայտ է դառնում աստիճանաբար, որ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչներ համարյա թե չկան ոչ հեղափոխականների մեջ, ոչ նրա կուսակցությունում, ու ամեն բանի պետք է հասնի Նիկոլի, միայն Նիկոլի՞ ձեռքը: Սա հիասթափության ստույգ վկայական է, քանի որ Նիկոլը հազարձեռանի չէ: Հասկանալի դարձավ, որ ճիշտ էին այն մոտեցման հեղինակները, որոնք առաջարկում էին անհապաղ նոր խորհրդարան ընտրել, ըստ այդմ նոր կառավարություն ձեւավորել` չթողնելով, որ ժամանակն արժեզրի մարդկանց, իսկ հեղափոխության ընդդիմախոսներին` ինքնակազմակերպվել: Հարյուր օրն այդ առումով կորսված ժամանակ է: Ու թեեւ Նիկոլ Փաշինյանը, հատկապես Տավուշի մարզ իր այցելության ժամանակ հնչեցրած մի շարք տեսակետները եթե համադրենք, հակված է սեփական կուսակցությանբ առաջ գնալուն, բայց դա լայն կտրվածքով խոցելի մոտեցում է: Քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե միայն իր կողմնակիցների, այլ ողջ Հայաստանի ղեկավարն է, այդ թվում` իր ընդդիմախոսների: Ու ողջ Հայաստանի կադրային բանկը վերստին վերանայելը, բոլոր պիտանի կադրերի հետ համագործակցելը, լայն դաշինքը միայն ուժեղացնելու է նրան: Համենայն դեպս`ակնկալում ենք այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանն այս ուրբաթ, Փաշինյանի հրավիրած հանրահավաքում: Չնայած` անհասկանալի է, թե ինչին է պետք նրան այդ հանրահավաքը, երբ ինքը անսահմանափակ հնարավորություններ ունի մարդկանց հետ շփվելու: Հարյուր օրը պիտի ծառայեր այն բանին, որ նա հանրահավաքի առաջնորդից վերափոխվեր համակարգի եւ ենթակառուցվածքերի պատասխանատուի` այդ երկուսը միաժամանակ տեւաբար միմյանց հետ չեն կարող համադրվել:

Քաղաքապետ աննման

Քաղաքի ավագանու ընտրության օրը չնայած չի նշանակաված, սակայն արդեն իսկ քաղաքական խմբերի կողմից առաջադրվածների բացահայտ քարոզարշավը վկայում է, որ այն մոտ է:

Ճիշտն ասած` հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի պաշտպանած թեկնածությունից` կոմիկ Հայկոյից: Մեռանք ասելով` քաղաքի կառավարումը մասնագիտություն է, աճպարարության հետ բոլորովին աղերս չունեցող: Փաշինյանի թեկնածուն շատ կարճ ժամանակում, անգամ քարոզարշավի ընթացքում կարժեզրկի իր հովանավորներին: Ու թեեւ Փաշինյանը հայտարարել է դաշինքի չգնալու ու իր ղեկավարած կուսակցությունն ընտրություններում առանցք տեսնելու մասին, սակայն մեր կարծիքով դա սխալ է նաեւ քաղաքի ավագանու ընտրություններում, միգուցե ինչ-որ կոմպրոմիսային թեկնածու գտնելը դեռեւս ուշ չէ: Դուք նկատել ե՞ք, որ իրենցից բան ներկայացնող մարդիկ հիմա լռել են, ջրի երեսին են զանազան պատեհապաշտները: Նիկոլ Փաշինյանը միգուցե եզրահանգումներ անի այդ բոլորից: Եթե, իհարկե, ինքն է որոշում ամեն բան, եւ չկան այլ որոշողներ: Սպասենք ընդամենն ուրբաթ օրվան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ