RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5029, Տպվել է` 737, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԿՈՒՄԸՙ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՄԲ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Երկիր մոլորակի չորս կողմերում ընդունված մոտեցում կա, որ ամենուր պրծում չկա երկու բանիցՙ մահից ու հարկերից: Եթե առաջինի պարագայում ելքը մեկն էՙ դրախտ կամ դժոխք, երկրորդի պարագայում դրանց ավելանում է ֆինանսական մասը, մուծել-չմուծելու, ավել-պակասի տեսքով: Ամենուր լավագույն տարբերակ է համարվում հարկեր չմուծելը, դրանցից խուսափելը, որը հատուկ է անգամ կոռուպցիայի աննշան ծավալներ ունեցող երկրներին: Ֆինանսական աշխարհում անգամ օրինական դաշտում գործող բարձրակարգ մասնագետներ կան, ովքեր հարկերից խուսափելու ծառայություններ են մատուցում գործող օրենքներում առկա բացթողումները շրջանցելու օգնությամբ: Այնպես որ հարկեր վճարելը ոչ մեկի սրտով չէ, ինչքան էլ իշխանությունները խոսեն օրինական դաշտում աշխատելու առավելություններից, հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցումից:

Այս մասին հիշելու պահանջ առաջացավ ՀՀ վարչապետի Սանկտ-Պետերբուրգում ռուսահայ գործարարների հետ հանդիպման տեսագրությունը դիտելուց հետո: Նորօրյա Հայաստանում ներդրումներ անելու խնդրում առանձնացվեց մեկ հիմնական նպատակՙ աշխատատեղերի ստեղծումով պետեկամուտների աճ, ասել է թե հարկերի մուծում: Ընդունված գործընթաց է, ոչինչ ասել չես կարող: Իսկ գուցե այսուհանդերձ ասելիք կա՞, որը չի ասվում: Խոսքն արտոնյալ ներդրումային միջավայրի մասին է, որի շուրջ արդեն 5-րդ տարին բարձրաձայնում են գործարարությամբ զբաղվող սիրիահայերը, նշելով Սիրիայում գործ սկսելու առաջին մի քանի տարիներին գործարարներին տրվող արտոնությունները, ընդհուպՙ հարկերից ամբողջական ազատումը: Չէ՞ որ նոր աշխատատեղն արդեն իսկ օգնություն է տվյալ իշխանությանը, աշխատավարձ ստացողն այն ծախսում է պարեն ու կենցաղային իրեր գնելով, սպասարկումներից ու ծառայություններից օգտվելով, մեր պարագայում նաեւ ամենուր սահմանված ավելացված արժեքի եւ ակցիզային հարկատեսակներ վճարելով, երբ շատ երկրների բյուջեներում որոշիչ են գործարարների կողմից վճարվող շահութահարկն ու եկամտահարկը: Այսօրվա Հայաստանի մոտ 500 հազար կենսաթոշակառուների մի զգալի հատվածը, ովքեր ծախսում են զավակների հատկացրածն ու հարազատների օգնությունները, դեղեր գնելիս, էլհոսանք ծախսելիս, ալկոհոլ ու ծխախոտ օգտագործելիս շատ ավելի են մեզանում սահմանված հարկեր վճարում, քան իրենց 30-40 հազար դրամ կենսաթոշակն է: Էլ ավելի անօգնական վիճակում են տասնյակ հազարավոր ուսանողները, որոնց հազիվ 5 տոկոսն է նվաստացուցիչ 5 հազար դրամ կրթաթոշակ ստանում: Այնպես որ ստացվում է, ասենք հարկերից ժամանակավորապես ազատված 8-10 հազար աշխատատեղերի ստեղծումը շատ ավելի մեծ խթան է տնտեսության զարգացմանը, քան մուծվող կամ թաքցվող հարկերը բյուջեում տեսնելու գայթակղությունը:

Անշուշտ մերոնք առաջնորդվում են մերօրյա Եվրոպայի փորձով, որտեղ հարկվում է աշխատանքի մինչեւ 60-70 տոկոսը, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 20 տոկոս է: Իսկ գիտե՞նք արդյոք, թե ինչ վիճակ է եղել Եվրոպայում, ասենք 100 տարի առաջ, երբ կազմավորվում էր շուկայական տնտեսությունը: Հաստատ չգիտենք, այլապես հարկահավաք ՊԵԿ-ն ու ֆիննախը մշտապես կհիշեցնեին ու կշահարկեին այն: Փոխարենը նշեմ, թող որ սիրողական մակարդակով, մի այլ արաբական չպատերազմող երկրի, Եգիպտոսի օրինակը: Այստեղ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը հազիվ 8 տոկոս է կազմում, 1 բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը մոտ 1000 դոլար է, գրեթե հայաստանցիներիս հատկացվողի չափ: Սակայն այստեղ մասսայական արտագաղթ չկա, որը մեր պարագայում փախուստի է նմանվում: Եգիպտոսի բնակչությունը վերջին 10-ամյակում ավելացել է 17 մլն-ով, 80 մլն-ից հասնելով 97 մլն-ի, երբ մերը նվազում է, անվերջ պակասում:

Թե ինչպիսի պետություն ենք երազում ունենալ, կախված է մեզնից եւ մեր կողմից մուծվող հարկերով ու տուրքերով պահվող կառավարիչներից: Այստեղ գործընթացների պարզություն է պահանջվում, աշխատանքի եւ աշխատելու իմաստավորման փաստարկում:

27.07.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ