RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՇԵՂԲԻ ՎՐԱՅՈՎ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5259, Տպվել է` 733, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼ ՄԵՐՁԵՑՈՒՄՆԵՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Եգիպտոսի հասարակ ժողովուրդը հումորի սուր զգացում ունի, եւ ծիծաղելի անեկդոտի կարող է վերածել նույնիսկ ամենաբարդ քաղաքական հարցը: Նման անեկդոտներից մեկը Գամալ Աբդել Նասերին հաջորդած նախագահ Անուար Սադաթի մասին է, որին շարունակում էր ծառայել Նասերի վարորդը: Առաջին օրը իր բնակարանից դեպի նախագահական նստավայր գնալու ճանապարհին վարորդը կանգ է առնում խաչմերուկում եւ հարցնումՙ ա՞ջ գնալ, թե՞ ձախ: Իմանալով, որ նախորդ նախագահը սովորաբար ձախ ճանապարհով է նախընտրել գնալ, Սադաթը հրամայում էՙ «ձախ գնալու ազդանշան տալ, բայց թեքվել աջ»:

Որոշ առումով այս իրավիճակը բնորոշ է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Արտաքնապես թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները բնականոն են ընթանում: Բոլորը, ներառյալ վարչապետն ու արտգործնախարարը, փառաբանում են այդ հարաբերությունները, վերահաստատելով ռուսական 102-րդ զինվորական բազայի ներկայության կարեւորությունը Հայաստանում եւ ճիշտ համարելով վերջինիս մասնակցությունը հավաքական անվտանգության դաշնությանը (ՀԱՊԿ): Սակայն ինչ-որ բան կարծես այն չէ: Որոշակի անհանգստություն է զգացվում:

Չնայած պաշտոնական մակարդակով հայտարարությունները սակավ են, բայց լրատվամիջոցները ողողված են քննադատություններով եւ հակադարձ մեկնաբանություններով, թողնելով այն տպավորությունը, թե կողմերը միմյանց կոկորդն են կրծում:

Նախորդ վարչակազմի օրոք լրատվական քննադատությունները, նույնիսկ ամենաթունոտները, թույլատրված էին, եւ որպես լրագրող եւ խմբագիր, ներկայիս վարչապետը անմասն չէր մնացել դրանցից: Բայց թավշյա հեղափոխությունը, որ միավորել է ժողվրդին եւ ավելի լավ ապագայի հույս ներշնչել նրան, միաժամանակ անսխալականության աուրայով է պատել նոր վարչակազմին եւ հենց այդ առումով է անհրաժեշտ քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Այժմ, երբ Հայաստանը անարյուն հեղաշրջմամբ ձերբազատվել է նախկին կոռումպացված վարչակազմից, իրավունք ունի պահպանելու իր ինքնիշխանությունը: Բայց այդ ինքնիշխանությունն ունի իրեն պայմանավորող գործոնները, որոնցից մեկն այն է, թե ինչքանով է Հայաստանը հարմարվում տարածաշրջանում ուժերի հարաբերության մեջ: Եվրոպայում 28 պետություններ զիջել են, որոշ չափով, իրենց ինքնիշխանությունըՙ հօգուտ համընդհանուր շահի: Դա պետություն ղեկավարելու հմտություն է, որը ձեւավորվում է պատմական փորձառության հիմքի վրա:

Ներկայիս, հայ-ռուսական հարաբերությունները կարծես կրիտիկական վիճակում են: Կրեմլը ուշի-ուշով հետեւում է Երեւանի նոր կառավարության բոլոր գործողություններին ու քայլերին, լինեն դրանք ներքին թե արտաքին քաղաքականության ոլորտում եւ ջղագրգռությամբ է արձագանքում դրանց:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ սպասվող դատավարությունը լավ բան չէր խոստանում Մոսկվային, որովհետեւ երկրորդ նախագահը միշտ հօգուտ ռուսական ազդեցության էր գործել: Մոսկվան համբերատար էր, քանի դեռ այդ գործում չէր ներքաշվել գեներալ Յուրի Խաչատուրովը, ներկայիս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Երեւանի կայազորի հրամանատարն էր:

ՀԱՊԿ-ն որոշ առումներով ՆԱՏՕ-ին հակակշռող դաշինքն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ջենս Ստելտենբերգն է: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե նրա ծննդավայր Նորվեգիան հետ կանչի նրան քրեական հետաքննության համար: ՆԱՏՕ-ի ամբողջ կառույցը ցնցումի կենթարկվի: ՀԱՊԿ-ն ավելի թույլ կառույց է, քան ՆԱՏՕ-ն, որտեղ որդեգրված քաղաքականության եւ նպատակների վերաբերյալ գոյություն ունեն համընդհանուր պարտավորություններ: Մինչդեռ ՀԱՊԿ-ի 6 անդամներից երկուսըՙ Բելառուսն ու Ղազախստանը ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Իսկ Արդբեջանը հրաժարվել է միանալ այդ կառույցին: Գլխավոր քարտուղարի իրավասության մեջ է մտնում տեղեկությունների տրամադրման հոսքը եւ զինվորական տեղաշարժերի վերահսկողությունը: Դժբախտաբար, Հայաստանին չի վերապահված Խաչատուրովին ինքնուրույն փոխարինելու իրավասությունը: Ենթադրվում է, որ Բելառուսն արդեն ունի իր թեկնածուն այդ պաշտոնի համար:

Կրեմլի համբերատար լռության որոշակի ժամանակահատվածում ռուսական մամուլը անխնա պայքար էր մղում Հայաստանի դեմ: Խաչատուրովի պարագան նրան հունից հանել էր: Ռուսական ազդեցիկ «Կոմերսանտ» թերթը մասնավորապես չափազանց վրդովված էր Խաչատուրովի դեմ ուղղված մեղադրանքների կապակցությամբ, որովհետեւ ըստ պաշտոնական Մոսկվայիՙ կատարվածը լուրջ հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը:

Այս իրարանցման մեջ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը դադարեցնում է 100 միլիոն դոլարի խոստացված ռազմական օժանդակությունը Հայաստանին: Սակայն հետագայում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Ալեքսանդր Ֆոմինը հավաստիացրել է, որ պայմանագիրը ուժի մեջ է մնում:

Սերգեյ Լավրովը Կրեմլի համար առաջին դիվանագետն է, որի խոսքերը կշիռ ունեն: Նա մեղադրեց Հայաստանի նոր կառավարությանը, նշելով, որ նրա գործողությունները չեն համապատասխանում նախօրոք տրված խոստումներին: «Ռուսաստանը, որպես դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել Հայաստանի կայունությամբ եւ այժմ խիստ մտահոգված է Հայաստանում կատարվող զարգացումների առիթով», հայտարարեց նա հույս հայտնելով, որ հարցը «կառուցողական» լուծում կստանա:

Փաշինյանը անմիջապես չարձագանքեց, բայց մեկնաբանները հավատացած են, որ օգոստոսի 17-ին համընդհանուր հանրահավաք անցկացնելու նրա կոչըՙ իր իշխանության 100-օրյա ժամկետի առթիվ, իր պատասխանն է լինելու Լավրովին, քանի որ ենթադրվում է, որ այդ օրը նա հանդես կգա կարեւոր հայտարարությամբ:

Հայկական լրատվամիջոցները, սակայն, բուռն կերպով արձանգանքեցին: «Ժողովուրդ» թերթն, օրինակ, գրեց, որ Լավրովի հայտարարությունը աչք ծակող միջամտություն է մեր երկրի ներքին քաղաքականությանը: Դա առաջին ակնարկն էր, որ նշում էր մեր երկրի վարած քաղաքականությանը Ռուսաստանի անհամաձայնության մասին:

Մամուլում եղան նաեւ դեպքեր, երբ մեկնաբանները ծածկանուններով հանդես եկան, ինչպես օրինակ Սարգիս Արծրունին եւ Արմեն Ամատունին , որոնք կարող են լինել պաշտոնական անձինք կառավարությունում (*): Սարգիս Արծրունին գրում էր, որ Լավրովի հայտարարությունը թշնամական արարք է, որ փորձում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պատերազմ հրահրել, զորակոչի ենթարկելով երկրում հակահեղափոխական ուժերին:

Արմեն Ամատունին, մյուս կողմից, նշում էր, որ Փաշինյանի հանրահավաքի կոչը պատասխան է ուղղված Ռուսաստանի արտգործնախարարին: Հանրահավաքում, շարունակում էր նա, Երեւանը ցույց է տալու օրինականության աստիճանը, հիշեցնելով Ռուսաստանին, որ այս անգամ գործ ունի Հայաստանում տարբեր տեսակի մի կառավարության հետ, որի հետ պարտավոր է նոր ձեւով խոսել:

Եթե նշված օրինակները հիստերիա կարելի է անվանել, ապա վաստակավոր մի դիվանագետի կարծիքը տարբեր չէր դրանցից: Հատուկ դեսպան Արման Նավասարդյանը հատկապես փոխադարձ շահերի մասին էր ակնարկում ասելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը նույնքան կարեւոր է, որքան Հայաստանի համար Ռուսաստանը: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կկորցնի նաեւ ամբողջ Հարավային Կովկասը:

Ըստ երեւույթին, փոխադարձ նման հայտարարությունների հիմքում ընկած են Ռուսաստանին մտահոգող ավելի լուրջ խնդիրներ: Հայաստանի մերձեցումը Բրյուսելին, նրա մասնակցությունը Վրաստանում անցկացված նԱՏՕ-ի զորավարժություններին, եւ վերջապես ԱՄՆ-ի սենատում հայկական հարցերով զբաղվող խմբավորման եւ այլ լոբբիստական կազմակերպությունների ջանքերն ուղղված Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման անցկացմանը, նշանակում են վերաձեւավորում Հայաստանի քաղաքական մերձեցումների ոլորտում:

Հայաստանն արժանի է դասվելու ամբողջապես ժողովրդավարական երկրների շարքում, որոնցում արմատախիլ է արված կոռուպցիան եւ գործում է կառավարման եվրոպական համակարգը: Հայաստանի ժողովուրդը ի վիճակի է հասնելու դրան առանց Եվրոպայի կամ Արեւմուտքի օգնության:

Արեւմուտքին հարելն ունի իր վտանգի ռիսկերը: Արեւմուտքը հետաքրքրված է Հայաստանով այնքանով, որքանով կարող է Հայաստանին օգտագործել որպես Ռուսաստանի դեմ գործելու միջոց: Բայց հենց Հայաստանը հայտնվի Արեւմուտքի շարքերում, տարբեր պայմաններ են ստեղծվելու նրա համար: Արեւմուտքն ունի իր առաջնահերթությունները, եւ այդ առաջնահերթությունների ցանկում Հայաստանը գտնվում է ավելի ցածր հորիզոնականում, քան, ասենք, Թուրքիան է, որ ավանդականորեն ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր է, կամ Ադրբեջանն է, որն ունի էներգիայի պաշարներ:

Հիշենք, որ Արեւմուտքը մատը մատին չխփեց Հյուսիսային Կիպրոսից Թուրքիային դուրս վանելու գործում, չնայած հույներն էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են: Այնպես որ Հայաստանին էլ նույն ճակատագիրն է սպասում:

Ռուսաստանի հետ դաշնությունը իդեալական կացություն չի կարելի համարել, բայց Հայաստանի նման թշնամիներով պաշարված մի երկրի համար իդեալական կացություններ չեն լինում:

Փաշինյանի ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի անգամ կշտամբեց Մոսկվային ի վնաս իրեն, եւ մենք կորցրեցինք Ղարաբաղի երկու երրորդը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը սնվելու է երկրին նոր շունչ հաղորդած երիտասարդների վարած ներքին քաղաքականությունից եւ դրանով է ամրապնդվելու: Հայաստանն ամբողջ թափով առաջ է գնում իրականացնելու իր առաջ դրված խնդիրները: Արտաքին քաղաքականության վերադասավորումները չպետք է երկիրն առաջնորդեն դեպի սխալ մերձեցումների:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ (The Armenian Mirror-Spectator), 11.08.18

(*) Ճիշտ էՙ կեղծանունով, բայց ոչ թաքնվելու նպատակով եւ, մանավանդ, ամենեւին ոչ կառավարական անձինք են նշյալները:- «Ազգ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ