RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5071, Տպվել է` 722, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրին , որն զբաղվում է ռազմավարությունների մշակման մեթոդաբանությամբ, անդրադառնալով պետության կառավարման խնդրին նշում է. «Ոչինչ այնպես չի ոչնչացնում պետությանը, որքան ամենօրյա աշխատանքը»: Ամերիկացի պրոֆեսորը ամենօրյա աշխատանք ասելով նկատի ունի այն հազարավոր խնդիրները, որոնք կուտակվում են, ու պետությունը ստիպված է դրանք հաղթահարել կամ լուծել, առանց հնարավորություն ու ժամանակ ունենալու զբաղվելու զարգացման ռազմավարության մշակմամբ:

Այս առումով Հայաստանը միշտ էլ նման է եղել այն պետության, որի կառավարությունը ամեն օր զբաղված է եղել օրվա հրատապ խնդիրները լուծելով, առանց հասկանալու, թե զարգացման ինչ ուղղություն հարկավոր է ընտրել: Իսկ դրա համարՙ ռազմավարության մշակման, նա երբեք ժամանակ չի ունեցել, ինչն էլ իրական սպառնալիք է դարձել մեզ համար:

2007թ., երբ Հայաստանում առաջին անգամ ընդունվեց Ազգային անվտանգության ռազմավարություն, այն ցավոք սրտի այդպես էլ չդարձավ զարգացման ուղենիշ պետության համար: Այս իրավիճակի պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր երկրում, ի տարբերություն, օրինակ, նույն ԱՄՆ-ի, Ազգային անվտանգության ռազմավարությունը չունի օրենքի ուժ եւ ընդամենը թղթի կտոր է, որը իրավական ոչ մի հետեւանք չի թողնում:

ԱՄՆ-ում, ազգային անվտանգության ռազմավարության ընդունումն օրենքի պահանջ է, ինչը կարգավորվում է դեռ 1983թ.-ին Կոնգրեսի կողմից ընդունված օրենսդրական հատուկ ակտով: Ռազմավարության ընդունման օրենսդրական նման խիստ պահանջը, որը կա ԱՄՆ-ում, այդ պետության հաջողության հիմնական գրավականներից մեկն է, նշում են շատ մասնագետներ:

Այս առումով, անդրադառնալով ձախողված պետությունների թեմային, մասնագետները նշում են, որ դրա պատճառը ռազմավարությունների մշակման, նախագծման ու դրանց հետեւելու մշակույթի բացակայությունն է: Այդ պետությունների կառավարությունների ամենօրյա, «քրտնաջան» աշխատանքը շատ դեպքերում ոչ միայն չի նպաստում դրանց զարգացմանը, այլեւ, ինչպես պրոֆեսոր Սուրին կասեր, իրական սպառնալիք են դառնում այդ երկրների համար:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղարջում/հեղափոխությունը կարող է հաջողություն ունենալ, եթե կարողանա հստակեցնել զարգացման իր ռազմավարությունը: Այսինքն տեղի ունեցած հեղաշրջումը իրական հեղափոխության կվերածվի միայն այն դեպքում, երբ պարզ դառնա զարգացման, բարեփոխումների այն տեսլականը, դեպի ուր ձգտում է ներկա կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ռազմավարությունները հաջողության տանող ճանապարհներ են, պնդում են մասնագետները, դա նաեւ հնարավորություն է պետական չինովնիկների համար տեսնելու այն ուղին, որով նրանք պետք է անցնեն: Այսինքն, ռազմավարությունների բացակայությունը եւ ընդհանրապես ռազմավարական կառավարման ու վերլուծության անընդունակությունը լրջագույն վտանգներ է ստեղծում պետության համար ու սպառնում նրա ապագային:

Սա այն իրավիճակն է, որն այսօր ստեղծվել է Հայաստանում, այսինքն ժողովրդավարական փոփոխությունները, որոնց ձգտում է Նիկոլ Փաշինյանը, կարիք ունի քայլերի հստակեցման ու զարգացման, արդեն ժողովրդավարական մոդելի մշակման: Առանց այս հստակության, որեւէ կառավարություն դատապարտված է ձախողման: Հիշենք, որ «ոչինչ այնքան վտանգավոր չէ պետության համար, որքան ամենօրյա աշխատանքը»:

Իսկ այդ «ամենօրյա» աշխատանքը կարող է արդյունք տալ, եթե հստակ լինի զարգացման այն ռազմավարությունը, որով շարժվելու է ներկա կառավարությունը: Եվ այդ դեպքում, ամեն տեսակ խոսակցությունները, թե ներկաՙ երիտասարդներից բաղկացած կառավարությունը շանս չունի հաջողության հասնելու, դառնում են սին ու անիմաստ:

Սակայն սա այն դեպքում, երբ կմաշակվեն ու կհաստակեցվեն զարգացման ուղղությունները, որոնք իրենց հերթին պետք է հենվեն ազգային անվտանգության ռազմավարության վրա: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ գործող ներկա ռազմավարությունը վաղուց արդեն սպառել է իրեն ու նորը մշակելու կարիքը կա: Սակայն մինչ այդ օրենսդիր մարմինը պետք է օրենսդրորեն հաստատի զարգացման անվտանգային ռազմավարություն ունենալու պետական պահանջը ու հետամուտ լինի դրա խստագույնս կատարմանը կառավարության կողմից:

Քանի դեռ չկա ազգային անվտանգության ռազմավարության ընդունման օրենսդրական պահանջարկ, որեւէ աշխատանք այս ուղղությամբ դառնում է անիմաստ, քանի որ դրա իրականացումը պարտադիր չէ կառավարության ու նրա գերատեսչությունների համար: Այսինքն, թե օրենսդիր եւ թե գործադիր մարմինները պետք է շահագրգռված լինեն նմանատիպ օրենսդրական «պարտադրանքի» ընդունմամբ, քանի որ այն ապահովում է պետության զարգացման հարցում իշխանական այդ երկու մարմինների համատեղ աշխատանքը:

Ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը նաեւ պետության խելամիտ կառավարման մշակույթի ներդրումն է, ինչն արդեն իսկ հաջողության առաջնորդելու կարեւորագույն պայմաններից մեկն է: Ռազմավարությունների մշակումըՙ դրա մեթոդական պատրաստումը եւ ապա աշխատանքը, մտավոր հսկայական ներուժ է պահանջումՙ բարձր պատրաստության մասնագետների ներգրավմամբ եւ միջգերատեսչական համագործակցության ձեւաչափի կիրառմամբ:

Ռազմավարության մշակումը պահանջում է պետության գիտական ներուժի ներգրավում, եւ սա գիտության ու գործադիր մարմնի համատեղ աշխատանքի կարեւոր արդյունքը կարող է դառնալ: Գիտահենք կառավարումը դառնում է առաջնային, ու պետությունը իր որոշումների ընդունման հարցում շարժվում է ոչ թե այս կամ այն չինովնիկի մտավոր կամ մոտավոր պատկերացումներով, այլ հստակ գծված ռազմավարությամբ, որից շեղվել չի թույլատրվում:

Այսինքն ռազմավարությունը ոչ թե քայլերի հստակությունն է, այլ այն ուղղության մատնանշումը, որով պետք է շարժվի պետությունը, իսկ ուղղության առկայության պայմաններում կարելի է արդեն մշակել նաեւ կոնկրետ գործողություններ, որի ամբողջությունը կոչվում է մարտավարություն: Նման փաստաթղթի մշակման ու իրականացման համար հարկավոր է կատարել հայաստանյան գիտական ներուժի «գույքագրում», ինչը կհստակեցնի այն հնարավորությունները, որոնց տիրապետում է պետությունը նմանատիպ գերկարեւոր փաստաթղթի նախագծման համար:

Կառավարման նշված մեթոդաբանությունը իրականացնելու համար հարկավոր է ուժերի գերլարում, նախապատրաստական հսկայական աշխատանքի իրականացում եւայլն: Նոր կառավարությունը կգնա՞ այս ճանապարհով, թե՞ կնախընտրի «ամենօրյա աշխատանք» առանց տեսնելու զարգացման հեռանկարները, միայն ժամանակը ցույց կտա: Սակայն, անցած 100 օրը ցույց է տվել, որ ներկա կառավարությունը խելամիտ կառավարման փոխարեն, գոնե առայժմ, նախընտրում է պոպուլիստականը, ինչը հղի է վտանգներով եւ սպառնալիքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ