RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5025, Տպվել է` 719, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸՙ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ազատության հրապարակը կառուցվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատորնի շենքի հետՙ համատեղ: Ասել է թեՙ այս հրապարակը եւս հուշարձան է, բացօթյա թանգարան, եւ պետք է մշտապես պահպանվի հուշարձանների պահպանման կոմիտեի կողմից, որովհետեւ բացի այն, որ Օպերայի շենքի մի մասն է կազմում, այնտեղից է հնչել մեր անկախության ավետիսը, իսկ դրանից հետո էլՙ այնտեղ են տեղի ունեցել վերջին երեք տասնամյակների քաղաքական բոլոր, լավ ու վատ, կարեւոր անցքերը: Ենթադրելի է, որ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հիշյալ կոմիտեն պետք է աչալուրջ հետեւեր տարածքին: Բայց նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ դրածՙ պնդում են, որ տրակտորները պետք է աշխատեն, քանի որ հիմա տեխնիկայի դար է, իսկ տրակտորներըՙ դասական տեխնիկա: Ճիշտ է, մեկ-մեկ, անշարժ գույք չընկալվելու նպատակով, տրակտորի ձայներ են հանում, բայց դա ոչինչ էՙ «դիզելային վառելիքի» անիմաստ ծախս: Այսինքնՙ սայլը տեղում է, ավելինՙ հիմա անիվներ էլ չունի:

Այն, որ Ազատության հրապարակն անընդհատ «օկուպացվել եւ օկուպացվում» է տարատեսակ սրճարան-ակումբների կողմից, մի կերպ, որձկալով, մարսել ենք, բայց սա այլ, անհանդուժելի հարց է. դանակը ոսկորին է հասել:

Այսպեսՙ երեկոյան ժամերին Ազատության հրապարակում, եթե սուր զգացողությունների սիրահար չես, հնարավոր չէ նորմալ զբոսնել, իհարկե ոչ այն պատճառով, որ տարածքն ականապատ է, կամ հսկայական կակտուսներ են աճել կամ գիշատիչ կենդանիներ կան, այլ այն պատճառով, որ այս բացօթյա թանգարանում մարդիկ բիզնեսով են զբաղվում, այն էլ ի՞նչ բիզնեսովՙ հրապարակը վերածվել է հեծանվային արենայի: Այդ ժամերին այստեղ ուղղակի վտանգավոր է քայլել, որովհետեւ Գարի Շումախերի մանեւրների պատկերներից ոգեւորված, ականջակալները համապատասխան տեղը խրած, դեռ մանկուց բայքերի խենթ առօրյայի ձգտող ինչ-որ հեծանվորդ կարող է քեզ տապալել գետնին ու անգամ չնկատել (եթե այդ ժամերին երեխայի հետ ես այնտեղ, լավ կլինի այնտեղ չլինես): Զբոսնելը վտանգավոր է, որովհետեւ թռչող սկավառակները դաշույնի պես կարող են մխվել դեմքիդ: Վտանգավոր է, որովհետեւ սքեյթբորդով փնթի տղան կարող է Թումանյանի կամ Սպենդիարյանի արձանի վրայից հերթական վայրէջքը ոտքիդ վրա կատարել. հաստատ կցավի, հավատացնում եմ:

Ի դեպ, քանի որ արձանների մասին խոսեցի, միանգամից նշեմ, որ ամենաողբալի վիճակում հենց նրանք են գտնվում: Որովհետեւ տարիներ շարունակ իրենց վանդալային պահվածքի անպատժելիությունից հարբած լկտիները ամեն օր տարատեսակ ներկանյութերով պղծում են այն: Պատանի վիկինգի դեմքով ու հասուն ապուշի կեցվածքով մի Ռոմեո որոշում է, որ իր սիրած Ջուլիետին հրաբորբ սիրո խոստովանություն անելու լավագույն վայրը Սպենդիարյանի արձանի պատվանդանն է: Գոթական դիմագծերով ու ընդգծված յ-ով գոթական ապրելակերպով մեկ ուրիշն էլ որոշում է, որ Թումանյանի արձանի վրա գրավոր պետք է հայհոյի Աննա անունով մեկին ու փոփ երաժշտությանը: Բայց ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է օրը ցերեկով, եւ ականատեսներից ոչ մեկի մտքով չի անցնում այդ «հմուտ ներկարարներից» գոնե մեկին մի երկու «վարպետաց ապտակ» տալ ու հիշեցնել, որ այդ հուշարձանն իր ամբողջ տոհմից թանկ է:

Նույնը կատարվում է Հանրապետության հրապարակում ու քաղաքի մյուս զբոսավայրերում: Այս խնդրի մասին շատ է խոսվել, բայց մինչեւ օրս «ոչ մի մեղավոր չի բացահայտվել»: Բայց եթե որեւէ մեկը նման կերպ վարվի այդ հուշարձանների պատասխանատուների մեքենաների կամ տների պատերի հետ, արագ կբացահայտվի ու կոտրատված աղյուսի վրա ներում կհայցի: Հետաքրքրական էՙ ի՞նչն է խանագրում նույն կերպ օպերատիվ լինել նաեւ աշխատանքում:

Խոսենք շրջիկ վաճառողների մասին: Իհարկե, իրավական տեսանկյունից չի կարելի մարդուն արգելել փող աշխատել: Բայց չի էլ կարելի թույլ տալ, որ քաղաքի բոլոր տեսարժան վայրերը, այգիները, զբոսավայրերը «ներկվեն» Ֆիրդուսու շուկայի երանգներով, վերջին հաշվով չմոռանանք, որ Ֆիրդուսու պոետն է լավը, ոչ թե շուկան: Էլ չեմ խոսում, որ քաղաքի բոլոր զբոսավայրերն «իրենցով արած» այս մարդիկ ուղղակի պատուհաս են դարձել երեխայի հետ զբոսնող, բայց գրպանում փող չունեցող մարդու համար: Սա եւս ուշադրության արժանի խնդիր է: Կրկնում եմ, ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին արգելել աշխատելու, բայց ամեն ինչ իր տեղը, ժամն ու չափն ունի: Ինձ միշտ հետաքրքրել էՙ ո՞ւր է նայում Մշակույթի նախարարություննՙ իր մշակույթի մարմնացում նախարարի գլխավորությամբ: Վերջինս ինչո՞ւ է այսքան հարցերն աննկատ թողնում:

Վերջաբանի փոխարեն ցանկանում եմ հարց ուղղել Մշակույթի մշակութակիր, մշակութաբարձ, մշակութակյանք նախարարին.

- Օրիորդ Մակո՛ւնց, երբ ասում էիք, որ մշակույթը Դուք եք, այդ հայտարարությունը դեռ ուժի մե՞ջ է, եթե այո, ապա` ինքնապաշտպանվե՛ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ