RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4844, Տպվել է` 718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երիտասարդությունս անցել է իմ ծննդավայր Դիլիջանում, ուր ժամանակին, լինելով շարքային բանվորի ընտանիքում մեծացած մարդ, բավական հաջող կարիերա եմ արելՙ շրջանային թերթի գրական աշխատողից աճել եմ մինչեւ կուսքաղկոմի երկրորդ քարտուղարի աստիճանը: Բայց ամեն ինչ հարափոփոխ է այս աշխարհում, եւ այնպես եղավ, որ տարիներ անց քաղկոմի նորընտիր առաջին քարտուղարը իմ փոխարեն անձամբ իրեն նվիրված մեկ ուրիշին առաջ քաշելու համար ինձ իջեցրեց շատ ավելի ցածր պաշտոնի: Երեւան տեղափոխվելուց եւ դարձյալ լրագրական աշխատանքի անցնելուց անմիջապես առաջ նշանակվեցի Դիլիջանի թիվ 19 գիշերօթիկ դպրոցի տնօրեն: Այս պաշտոնում սննդամթերք տեղափոխող բեռնատար «Մոսկվիչ» ավտոմեքենա ունեի, որի վարորդը, ով նաեւ դպրոցի տնտեսական մասի վարիչն էր (հարգա՜նք նրա հիշատակին) ամեն օր գալիս էր իմ ետեւից, քանի որ կողքին ուղեւոր փոխարդելու մեկ նստատեղ կար: Գալիս, ինձ վերցնում-տանում էր դպրոց, որից հետո միայն գնում էր դպրոցի երեխաների սննդամթերքը բերելու: Ահա, ամեն Աստծո օր ավտոմեքենայով անցնում էի ավտոտեսչության մի կետի կողքով, որը շրջանցել հնարավոր չէր: Եվ ամեն անգամ, ինձ տեսնելով տնտեսվար-վարորդիս կողքը նստած, ոստիկանության լեյտենանտները ձգվում, պատվի էին առնում, ինչպես անում էին բոլոր այն տարիներին, քանի դեռ ես բարձրաստիճան կուսակցական պաշտոնյա էի...Մի օր ավտոմեքենան կանգնեցրի, իջա, մոտեցա ոստիկաններին, ձեռքները սեղմեցի ու շնորհակալություն հայտնեցի իմ անձի հանդեպ ամեն անգամ իրենց ցուցաբերած հարգանքի համար:

- Ընկե՛ր Հովհաննիսյան, էն տարիներին էլ, երբ բարձր պաշտոն ունեիք, պատիվ տալով մենք ոչ թե ձեր պաշտո՛նն էինք հարգում, այլՙ անձամբ ձե՛զ: Պաշտոնն ի՞նչ ա, անցողիկ բան, դու ասա մա՛րդը մարդ ըլի...

Համարյա քառասուն տարի է անցել, բայց այդ լեյտենանտի ասածը ինձ համար մնում է իբրեւ կյանքից ստացած դասերիցս մեկըՙ դու ասա մա՛րդը մարդ ըլի... Ավա՜ղ, ցավով տեսնում եւ ամեն անգամ համոզվում եմ, որ գնալով մեր կյանքի բարոյական հիմքերը փոխվում-խարխլվում են, մարդու նկատմամբ հարգանքը գնալով ավելի ու ավելի է խարսխվում ոչ միայն նրա հասարակական դիրքի ու գրաված պաշտոնի, այլեւ, որ ամենացավալին է, գրպանի պարունակության վրա: Իսկ գրպանը միշտ չէ, որ կարելի է լցնել ազնիվ աշխատանքով: Ամերիկացիները նույնիսկ խոսք ունենՙ նա իր առաջին միլիոնը շա՜տ վաղուց է գողացել...Այսինքն, իրենք էլ գտնում են, որ ազնիվ աշխատանքով միլիոնատեր դառնալ միգուցե կարելի է, սակայն գործնականումՙ անհնա՛ր:

Ասածիս ենթատեքստն այն է, որ միանգամայն համաձայն եմ ապօրինի հարստացածների դեմ սկսված ներկայիս պայքարին: Ավելինՙ ողջունու՛մ եմ այդ պայքարը: Միակ մտավախությունս այն է, որ պայքարի կենտրոնում հայտնվել է այնպիսի մի պետական կառույց, ինչպիսին Ազգային Անվտանգության Ծառայությունն է: Ավա՜ղ, որքան էլ որեւէ կասկած չունենանք այդ կառույցի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների նկատմամբՙ չենք կարող չնկատել, որ ԱԱԾ-ն հասարակական գիտակցության մեջ ծնում է երբեմնի խորհրդային ԿԱԳԵԲԵԻ հետ կապված սահմռկեցուցիչ հիշողություններ, առաջացնում վախի զգացում, տեղիք տալիս անցանկալի զուգահեռների: Որովհետեւ խորհրդային ԿԱԳԵԲԵ-ն ոչ այնքան իրական թշնամիների դե՛մ է պայքարել, որքան սեփական ազնիվ քաղաքացիներիՙ հիմնականում զբաղվելով միլիոնավոր անմեղ մարդկանց վրա ցեխ շպրտելով, նրանց ժողովրդի թշնամի հայտարարելու համար չեղած հիմքեր նախապատրաստելով...

Այնպես որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ կտայի աստիճանաբար երկրորդ պլան մղել ապօրինությունների, հատկապես ապօրինի հարստացածների դեմ պայքարում ԱԱԾ-ի դերակատարությունը: Հարկավոր է այդ գործառույթը ավելի ու ավելի շատ վերապահել դատախազությանը եւ մյուս իրավապահ մարմիններին: Ո՛չ թե այն բանի համար, որ նրանք ավելի վստահելի են, այլ այն պարզ պատճառով, որ մարդիկ հոգեբանորեն ավելի պատրաստ են ընդունելու ամեն տեսակ ապօրինությունների մասին մյուս իրավապահների, քանՙ ԱԱԾ-ի ներկայացրած մեղադրանքները: Որովհետեւ ով ինչ ուզում է ասիՙ երբ մեղադրանքը բխում է ԱԱԾ-ից, ակամայից կասկած է առաջանում, թե արդյո՞ք այդ ամենը ճիշտ է, արդյո՞ք վիրտուոզ մանիպուլյատորները, ինչպիսին տասնամյակներ շարունակ եղել են երբեմնի ԿԱԳԵԲԵ-ականները, մի հերթական խարդավանք չեն սկսել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ