RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4809, Տպվել է` 717, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԸՙ ԲԱՑ ԴԱՇՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԿՆԱՅԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, ՀՀ նախկին գյուղնախարարի խորհրդական

Արմավիրի մարզի տասնյակ համայնքներում օրեր առաջ արձանագրված տարերային աղետները գյուղաբնակները ողբերգություն էին որակում: Եթե առավել խիստ որակում կա, տողերիս հեղինակը դրան էլ է համամիտ: Երիտասարդ մարզպետի հետ հանդիպման եկած հողագործ բանջարաբույծներն ու այգեգործները նշում էին, որ կորցրել են մի քանի օրից հավաքվելիք ողջ բերքը, որոնցից ստացված եկամուտներով փակելու էին բանկերից վերցրած վարկերը, այլ բնույթի պարտքերը, հետ էին ստանալու իրենց կանանց գրավադրած ոսկեղենը: Ավաղ, հազիվ մի քանի րոպե շարունակված կարկուտն ու քամին այս մարդկանց հույսերն իչիք են դարձրել, իրենց տխուր վիճակի հանդեպ միակ լուծում տեսնելով ՀՀ կառավարության ֆինանսական օգնությունը, վարկերի մարման հետաձգումը: Մասնակիցները նաեւ նշում էին, որ համանման վիճակներ են արձանագրվել նախորդ տարիներին, փոխնեփոխ որոշակի հաջորդականությամբ, որոնց հետեւանքները դեռ չեն հասցրել հաղթահարել, տնտեսությունների վիճակը փոքր ինչ կարգավորել:

Լսում ու դիտում էի այս ամենն ու խորհրդածում մեզանում գյուղական տնտեսվարական միտք կոչվող երեւույթի շուրջ: Այն, կարելի է ասել, մեզանում չկա, կամ գրեթե չկա: Սկսեմ նրանից, որ երկրի գյուղատնտեսական քաղաքականությունն իրականացնող կառույցի ղեկավար, ՀՀ գյուղատնտեսության ներկայիս նախարար Արթուր Խաչատրյանը , ինչպես իր նախորդները, իլուր չգիտես ում եւ ինչ նպատակով Հայաստանը սակավահող ու սակավաջուր է հայտարարում: Թե ինչ չափորոշիչներ է նկատի առնվում, ոչինչ չի ասվում: Տարօրինակորեն որեւէ անգամ, որեւէ հարցազրույցի, հաղորդման, տպագիր հրապարակման, գիտական զեկույցի ընթացքում գեթ մեկ փաստ չի նշվում, թե ինչ է ակնարկվում այսօրինակ մոտեցմամբ: Անշուշտ, եթե բաց դաշտավարության պայմաններում վարունգ ու լոլիկ է մշակվում, երբ կիզիչ արեւի տակ ջերմաստիճանը 60-70-ի է հասնում, բույսն անվերջ ջուր է պահանջում: Վերջնական արդյունքում քառակուսի մետրի հաշվարկով 3-4 կգ բերք է ստացվում, երբ ջերմոցային պայմաններում այն 20-25 կգ է կազմում: Նույնն է ասենք խաղողի պարագայում, երբ վերջինս նաեւ խաղողաթաղ ու խաղողաբաց է պահանջում: Երբ Ավստրիայում հյուրնկալվելիս տեղի խաղողագործներին պատմում եմ այս մասին, նրանք նվազագույնը տարակուսում են, քանզի այգիները ջրելու հարց պարզապես չունեն, իսկ մնացածը համեստորեն անհասկանալի են համարում: Եվ այս շռայլություններն այն պարագայում, երբ մեր սպառած սնունդը հիմնականում ներկրվող է, սկած մսատեսակներից ու կաթի փոշուց, բուսական ու կենդանական յուղերից, շաքարավազի հումքից ու հատիկաընդեղեններից, անգամ սոխ ու սխտորից, Իսրայելից էլ ներկրվող ստեպղինից, որն իրավամբ կարելի է սակավահող անվանել: Իրոք գրեթե հողազուրկ այս երկիրը յուրաքանչյուր տարի 300-320 հազար տոննա ստեպղին է արտադրում, դրա 100 հազար տոննան Ռուսաստան արտահանում, երբ մեր գյուղոլորտը այս մշակաբույսի մեր բնակչության պահանջարկի նվազագույն մասն էլ չի բավարարում:

ՀՀ գյուղնախարարությունում այս տխուր վիճակի համար մեկ հիմնական, սակայն հիմնազուրկ պատասխան ունենՙ հողը մասնավորեցված է, իրենք ոչինչ անել չեն կարող, գյուղացուն ստիպելու իրավասություն չունեն: Վստահեցնում եմ, որ հողը մասնավորեցված է երկիր-մոլորակի չորս կողմերումՙ Եվրոպայում ու Ասիայում, ամերիկյան ու ավստրալական մայրցամաքներում, որտեղ պետությունները բարձր աստիճանների պարենապահովություն ու պարենանվտանգություն ունեն: Եվ դա հիմնականում այն գործունեության արդյունքում, որի պայմաններում բուսաբուծություն-անասնապահություն հարաբերակցությունը 40-60 տոկոս է, երբ ՀՀ ցուցանիշը երբեմն 70-30 տոկոսի է հասնում: Մեր անասնապահության ոլորտի արտադրանքն այնքան աննշան է, որ երկրում արտադրվող ողջ երշիկեղենը պատրաստվում է ներմուծված խոր սառեցման ենթարկված մսատեսակներից: Ներկրված կաթի փոշին հազարավոր տոննաներ է կազմում, նույնը կարագն ու ձեթը: Փոխարենն այլոց ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի պահանջներն ենք բավարարում, այսկերպ դառնում նրանց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդը: Սա ասվում ու նշվում է տարիներ շարունակ եւ ոչ մի արդարացված հիմնավորում, թե ինչու է պետք այդպես կառավարել գյուղատնտեսությունը, զուգահեռաբար ագրարային անվանվող համալսարան պահել, գյուղատնտեսական գիտությունների թեկնածուների ու դոկտորների կոչումներ պարգեւել:

Ամոթալի ու անպատվաբեր մի վիճակ է հաստատվել ՀՀ գյուղոլորտում, երբ 1 բնակչի հաշվով 2000 քառակուսի մետր վարելահող ունեցող Հայաստանը պարտադրված է որեւէ տեսակի մշակաբույս ներմուծել 1 բնակչի հաշվով հազիվ 350 քառակուսի մետր վարելահող ունեցողՙ ասենք Իսրայելից: Ասվածը տասնյակ թե հարյուրավոր օրինակներից ընդամենը մեկն է, որի որոշիչ գնահատականը կոչված է տալ ՀՀ նորոգ կառավարությունը: Այստեղ այն մոտեցումը, թե իշխանությունն ինչ-որ չափով կփոխհատուցի տարերային աղետների վնասները, ոչ գյուղաբնակին է բավարարում, ոչ այս օրերին ակնկալիքների տրված քաղաքաբնակին, ով դեղերի ու տրանսպորտի հոգսերի լուծումից բացի նաեւ այլ սպասելիքներ ունի, որոնք պակաս մտահոգիչ չեն, քան պարբերաբար կրկնվող բաց դաշտավարությանը պատուհասող տարերային որակվող աղետները, որոնք թերեւս ընդամենը երկնային նախազգուշացումներ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ