RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5163, Տպվել է` 732, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈ. «ԱՐԱՐԱՏ» ՊԱՐԱԽՄԲԻ ՀԱՍՑԵՆ

Գ. Ք.

Հայ առաքելական եկեղեցին, աշխարհի որ մասում էլ գտնվի, մեկ հիմնական առանձնահատկություն ունի. այն ուրվագծվում է շրջապատում, իր ոճն ու դիրքն ընդգծում:

Երբ Փարիզի մերձակա Իսի լե Մուլինոյում, որտեղից երեւում է Էյֆելյան աշտարակը, բարեկամս առաջարկեց եկեղեցի մտնել, մի պահ տարակուսեցի: Հաջորդ ակնթարթին ուշադրությունս գրավեց մոտակա շենքի վրա փակցված ցուցանակը. Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Հայերենով էր, այնպես որ որեւէ կասկած չառաջացավ, որ գտնվում եմ հայ առաքելական եկեղեցու մուտքի դիմաց: Այսպես կայացավ իմ հանդիպումն ու ծանոթությունը Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու եւ ծառայություն իրականացնող հայր Ավետիս Բալիկյանի հետ: Հազիվ 10-15 րոպե տեւած զրույցի ընթացքում, որը նրանք վայրկյաններ են անվանում, քահանան խոսեց կիրակնօրյա պատարագների, այստեղ անցկացվող պսակադրությունների, կնունքների եւ այլ արարողությունների շուրջ, հիշելով նաեւ եկեղեցուն կից գործող «Արարատ» պարի դպրոցի մասին, ուր հաճախում էին նաեւ մորաքրոջս ծոռներըՙ Սարոն ու Զորիկը: Անմիջապես պարզ դարձավ Ֆրանսիայում ծնված եւ հասակ առած այս երիտասարդների մաքուր արեւմտահայերենով խոսակցության, հայասիրության ու հայաստանապաշտության ողջ գաղտնիքըՙ հայաշունչ ընտանիք եւ այն ապաստանող հայկական եկեղեցի: Տեր հոր պատումից ստացածս առաջին տպավորությունները ոգեւորող էին, որին անցած տարիներին հաճախ եմ անդրադարձել: Դեպքից-դեպք լսել եմ նաեւ «Արարատ» պարախմբի ելույթների, հայաշատ վայրերում ունեցած շրջագայությունների մասին:

Եվ ահա արարատցիները անցած հուլիսի վերջին օրերին Հայաստանում էին, նշում էին պարի դպրոցի հիմնադրման համեստ 15-ամյակը: Արդեն կայացել էր Վանաձորի Շառլ Ազնավուրի պալատում պատասխանատու ելույթը, այնպես որ խումբը մայրաքաղաքի գլխավոր բեմահարթակում ոգեւորության հերթական պահն էր ապրում: Համերգը վարող հայաստանյան եռյակը, Արսեն Գրիգորյանը , Մերի Սուլթանյանը եւ Ավո Խալաթյանը , ովքեր ստեղծագործական կապերով են առնչվել «Արարատ»-ի հետ, անվարան ոգեւորությամբ էին պատմում պարախմբի ղեկավարներ Արամ եւ Կատարինա Արզումանյանների հսկայածավալ գործունեության մասին: Դպրոց են հաճախում 3-ից մինչեւ 28 տարեկան շուրջ 200 աղջիկներ եւ տղաներ: Որեւէ մեկի ուսանելու ցանկությունը չեն մերժում, քանզի սերը դեպի հայկական պարը, ապրելու եւ կայանալու այդ յուրօրինակ պահանջն արդեն իսկ կազմավորվել է ընտանիքներում, պապիկ-տատիկների, ծնողների միջավայրում եւ այն ամրանալու, արմատներ գցելու պահանջ ունի: Փորձառու պարուսույցներին հեշտ չի տրվում իրենց պատկերացրած շարժումը գործողության մեջ տեսնել, ինչքան էլ այն պարզ ու հասարակ թվա: Յուրաքանչյուր մեկի շարժումը հարկ է համատեղել խմբի մյուս անդամների հետ, ապահովել սիրող պարողների օգնությամբ ասելիքի ցուցադրումը:

Օպերայի եւ բալետի բեմահարթակն ամբողջ երկու ժամ արարատցիների տրամադրության տակ էր, ուր նրանք ներկայացրին իրենց ուսուցիչների ողջ մտահղացումներն իրենց բոլոր նրբություններով: Իրար էին հաջորդում հայրենասիրությանն ու պայքարին, աշխատանքին ու տոկունությանը նվիրված պարային կատարումները, որոնց մասնակիցն էր դառնում հանդիսատեսը: Այս ամենն ուղեկցվում էր էկրանին ցուցադրվող այլեւայլ պատկերներով, հայտնի կատարողների ջերմ գնահատականներով, որոնց ելույթների պարային մասերի ուղեկիցն է շատ հաճախ եղել «Արարատ» պարախումբը: Որոշ համարներ ուղեկցվում էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով, տպավորություն էր ստեղծվում, որ բեմում ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ կատարողների խումբ է, բաղկացած պարի շուրջ 40 նվիրյալներից: Դե, իսկ ինչ պարախումբ առանց մեր ավանդական «Բերդ պար»-ի, որից մի պահ պատկերված է տպագրվող լուսանկարում:

Արարատցիներին իր հարգանքն էր նեկայացել հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը , ում կատարումները պարային համարներով եզրափակելու ջերմությամբ, նաեւ ՀՀ մշակույթի նախարարության գովասանագրով ամփոփելու մթնոլորտում երեւանյան հանդիսատեսն ու Իսի լե Մուլինոյի «Արարատ» պարախումբը բաժանվեցին նոր հանդիպումների ակնկալիքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ