RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4711, Տպվել է` 571, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԿԵԼԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն-Երեւան

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այսօրՙ օգոստոսի 24- ին առաջին անգամ Երեւան է ժամանումՙ հինգշաբթի օրըՙ 2010 թվականից հետո երկրորդ անգամ Թիֆլիս այցելելուց հետո: Կանցլերի Հարավային Կովկաս այցն ավարտ է գտնելու շաբաթ օրը Բաքվում, որ քաղաքական առումով թերեւս ամենամեծ փորձաքարն է լինելու քննադատություն ունկնդրելու սովոր գերմանացի քաղաքական փորձառու այս գործչի համար: Երբ անցյալ ուրբաթ ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը Բեռլինում լրագրողներին ծանուցեց կանցլերի մեր տարածաշրջան այցի մանրամասների մասին, գերմանական մամուլն արդեն ծանրութեթեւն արեցՙ ժողովրդավար Վրաստան, հեղափոխության թավիշը չխամրած Հայաստան այցն ու պաշտոնական հանդիպումներն այնքան տարանկյուն չեն լինելու, որքան բռնակալական մշակույթն ամրապնդող Ադրբեջան, ուր գերմանական, համաեվրոպական տնտեսական շահը նժարելու է Եվրոպայի բարոյաքաղաքական, ժողովրդավարական ամուր հիմք գտած նորմերը: Երեք կանգառներից վերջինը Բաքվում Ռուսաստանից Գերմանիայի, նաեւՙ ԵՄ տնտեսական անկախության առհավատչյան կարող է դառնալ, եթե Բաքվի գազն, ինչպես երազում են ԵՄ-ն ու կանցլեր Մերկելը, արտահանվի Եվրոպաՙ Թուրքիա- Ալբանիա-Հունաստան-Իտալիա այլընտրանքային գազատարով: Վերջինս մեկ երրորդով պակաս գազ կարող է մատակարարել, քան ռուսական Հյուսիսային հոսք - 2- ը, բայց կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, ինչը մատնացույց արեց ԱՄՆ նախագահ Թրամփը Բրյուսելումՙ ակնարկելով, թե Եվրոպան դարձել է ռուսական գազի պատանդը: Կանցլերի Բաքու այցը Եվրոպայի, Գերմանիայի համար փորձաքար է կամ ավելի ճիշտՙ գայթաքար: Թուրքիան եւ Ադրբեջանը փաստորեն, կամՙ ավելի հստակ այդ երկրների քաղաքական ղեկավարները պահը բաց չեն թողնում թելադրողի դիրքերից հանդես գալու, մարտահրավեր են նետում քաղաքակրթության առաջնորդություն ստանձնած եվրոպացի ղեկավարներին եւ, արդեն անհաշիվ, հեղինակազրկում նրանց դավանած արժեքներն ու սկզբունքները:

Մերկելը ոտքը երկրից դեռ չհանածՙ Բեռլին- Բաքու դիվանագիտական սկանդալն արդեն եռում- բլթբլթում էՙ Ադրբեջանը չի ընդունում կանցլերի հետ տարածաշրջան այցելող, նրա քրիստոնյա դեմոկրատ կուսակցինՙ Բաքվի սեւ ցուցակում հայտնված պատգամավոր Ալբերտ Վայլերին, որ երկու անգամ «համարձակվել» է լինել Լեռնային Ղարաբաղում: Կա՛մՙ խոստովանական, ներում հայցող նամակ կգրի, կա՛մՙ չի ընդգրկվի պաշտոնական պատվիրակության կազմում: Մերկելի հետ առանձնազրույցում գերմանացի պատգամավորը, որ Հարավկովկասյան խորհրդարանական խմբի փոխնախագահն է նաեւ, համաձայնվել է Բաքու մեկնելուց հրաժարվելՙ նախապատվություն տալով իր երկրի տնտեսական առաջնահերթություններին: ԳԴՀ կառավարությունը անտարբեր չի մնացել Բաքվի պահանջների հանդեպ. «Ցավալի է, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում խաղաղ երկխոսությանը», արձագանքել է խոսնակ Զայբերտը: Գերմանացի լրագրողների, Բունդեսթագի պատգամավորների, հանրության համար բավարար չէ խոսնակի քննադատական հայտարարությունը. նախընտրելի տարբերակը Գերմանիայի պաշտոնական պատվիրակության այցը Բաքու չեղարկելն է: Իսկ այցելելու դեպքումՙ դրա մասին Ադրբեջանում բարձրաձայնելը: Այցը չեղարկելու մասին գերմանացիների պահանջն արձագանք չի գտել, երկրորդ պայմանն ինչպես կբավարարվի, կհետեւենք:

Գերմանական լրատվամիջոցները կանցլերի այցը դիտարկում են որպես Արեւելյան գործընկերության երկրների հետ ծանոթություն: Շատ տրամաբանական է, որ ԵՄ շարժիչ երկրի ղեկավարը, որ պատրաստ է քննադատվելՙ ազգային շահերը եվրոպական առաջնահերթություններին թվացյալ ստորադասելու համար, ամուր շաղախելով այդ հսկայական տան պատերը, այս այցով վերահաստատում է մեր տարածաշրջանի հանդեպ ԵՄ պատրաստակամությունը: Սա անշուշտ ենթադրում է, որ Մերկելի հանդիպումներն ու մանավանդ կիրառելի բառապաշարը չեն կարող վրիպել Ռուսաստանի ուշադրությունից, որ Հարավային Կովկասն ընկալում է իբրեւ դարպաս կամ նախադուռ: Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» օգոստոսի 21- ի համարում հենց այդպես էլ շեշտադրում էՙ այց Ռուսաստանին սահմանակից շրջաններ: Վերջին 3 ամսում 2 անգամ Պուտինի հետ հանդիպած Անգելա Մերկելը, որ իր երկրի խորհրդարանում հաճախ է քննադատվում Ուկրաինայի հարցում վարած ոչ ճիշտ քաղաքականության համար, կարծում ենք, Ռուսաստանի զայրույթը հավելյալ անգամ չի բորբոքի: Պաշտոնական Բեռլինը խիստ է արտահայտվել, քննադատել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, այժմ էլ ձեռնպահ է մնում արձագանքել այդ երկրների անկախությունը ճանաչած Նիկարագուայի, Սիրիայի, Վենեսուելայի, Նաուրուի քաղաքական ուղերձներին, բայց «լուռ» կմնա կամ խոսքը կկառուցի այնպես, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները թեմա չդառնան: Թիֆլիսյան այցի մանրամասներն իհարկե մասամբ հայտնի կդառնան այսօր, սակայն ենթադրելի է, որ Մերկելը «կընդառաջի» այնպես, ինչպես 2010- ին Վրաստանում ձեւակերպեցՙ Վրաստանը եվրաատլանտյան դաշինքի անդամ կդառնա, երբ կամենա, բայց դա առայժմ չի լինի: Մերկելն անշուշտ կընդգծի իր համերաշխությունը վրաց ժողովրդի հանդեպՙ ծաղկեպսակ կդնի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում զոհված վրաց զինվորների հուշարձանին:

Գերմանացիների համար Հարավկովկասյան երեք երկրներում մի բան խիստ ընդհանրական էՙ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը նույն տարումՙ 1991- ին անկախություն հռչակած երկրներ են: Ինչպես ձեւակերպել ենք մեր նախորդ հրապարակումներում, այս պետություններում ժողովրդավարացման արագությունն է տեսանելի տարբեր: Ադրբեջանն իհարկե առայժմ նախընտրում է բռնակալական ուղուն հավատարիմ մնալ: Բազմազգ Ադրբեջանում Ալիեւի կամքը դեռ որքան տոկուն ու «անձեռնմխելի» կթողնեն, դժվար է կռահել, բայց Ալիեւիՙ ԵԱՀԿ Մինսկի խմբին, եվրոպացիներին ուղղված ազդանշանն առայժմ մեկն էՙ նավթ ու գազՙ Ղարաբաղի դիմաց: Կաշառառությունը մերժած Վրաստանի, կաշառառությունը թշնամի հռչակած Հայաստանի կողքին Ադրբեջանը նաեւ այս հարցում գայթաքար է դառնում ԵՄ- ի համար:

Դժվար է կանխատեսել, թե այսօր Արարատի վեհաշուք տեսարանը դիտելով, այնուհետ Ծիծեռնակաբերդ այցելությունից եւ պսակ խոնարհելուց հետո, ի՛նչ գրառում կանի Գերմանիայի կանցլերը, բայց մի բան շատ սպասելի էՙ 2016- ի հունիսի 2- ին, երբ Բունդեսթագը ճնշող առավելությամբ քվեարկեց հօգուտ Հայոց եւ քրիստոնյա այլ փոքրամասնություններիՙ Օսմանյան կայսրության տարածքում 1915- ին տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման, Մերկելը նախընտրեց չմասնակցել նիստին, փոխարենը օրեր առաջ կուսակիցների հետ տեղի ունեցած քվեարկության «փորձին» կողմ էր քվեարկելՙ ազդակ ուղղելով բոլոր նրանց, որ պատմական ճշմարտության դեմ մեղանչում էին: Գերմանիայի կառավարությունն առայժմ չի կրում իր երկրի օրենսդիրի երկամյա փաստաթղթի ազդեցությունըՙ շարունակելով նպաստել Թուրքիայի ուրացման քաղաքականությանը, պատճառաբանում, թե որոշումը պարտադիր չէ գործադիրի համար եւ շարունակում է պատմական արդարություն որոնողներիս հիասթափեցնել, բայց «մեղայականը» խոստովանելն ընդամենը ժամանակի հարց է: Կարծում ենք, հայ լրագրողներն այսօրվա ասուլիսի սուղ վայրկյանները թանկ համարելով, պիտի խուսափեն այդ բովանդակությունը շոշափելուց: Փոխարենըՙ մտածենք հարցեր, որ հստակ պատասխան են ենթադրում: Հարցեր, որ առնչվում են մեր անվտանգությանը:

Գերմանական մամուլը, լրատվամիջոցները, որ հետեւողական լուսաբանեցին Հայաստանումՙ առանց բռնության իրողություն դարձած հեղափոխությունը, ցայսօր տպավորված հոդվածներ են գրում մեր երկրի մասին, շեշտադրում են, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին է բարձրաձայնում: Ռուսաստանի հետ բարձրամակարդակ հարաբերություններ կերտելու մեր բնական ցանկությունը զուգահեռվում է Եվրոպայի, Գերմանիայի հետ այդօրինակ հարաբերություններ ունենալու այսօրվա հնարավորությամբ: «ԳԴՀ կանցլեր Մերկելի այցը Երեւան հայ- գերմանական խտացված, դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությանը նոր թափ կհաղորդի, որն իր հերթին պարարտ հող կստեղծի տնտեսական ներուժի իրացման համար», մեր զրույցում նախանշում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ