RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3570, Տպվել է` 583, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՆԴՙ ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆՅԱՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հազիվ էր թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել ներքին հանդարտությունը, երբ արտաքին քաղաքականության հրատապ հարցեր կուտակվեցին նրա սահմաններում: Ադրբեջանի դեմ պատերազմի սպառնալիքը արդեն իսկ մշտական մտահոգություն է, որին Հայաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Այդ միջոցները արդյունավետ են եղել ցարդ:

Մինչ նոր կառավարությունը կարգի է բերում իր տունը, նորանոր խնդիրներ շտապ ուշադրություն են պահանջում: Մոսկվայի հետ լարված հարաբերությունները արդեն իսկ սահմանափակել են Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան: Սովորաբար Ռուսաստանի հետ այդ ապրանքների շրջանառությանը անուղղակիորեն խոչընդոտել է Վրաստանը, որը Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով շնչահեղձ է արել մեր երկիրը: Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կատարվում է Վրաստանի միջով եւ շատ հաճախ Վրաստանի կառավարությունը այս կամ այն պատճառաբանությամբ փակում է Վերին Լարսի անցակետը կասեցնելու կամ դանդաղեցնելու համար մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը: Այս անգամ այդ անցակետը փակված էր ռուսական կողմից եւ բեռնատար մեքենաները օրեր շարունակ անշարժության էին մատնված: Սովորաբար այդ մեքենաները դատարկ են վերադառնում Հայաստան, Ռուսաստանի տարածքում իրենց նեխած ապրանքը բեռնաթափելուց հետո: Սա, իհարկե, ոչ այնքան նուրբ ակնարկ է Մոսկվայի կողմից, արտգործնախարար Սերգեյ Լավրովի բավականին խիստ զգուշացումից հետո:

Բայց շատ ավելի հրատապ մեկ այլ սպառնալիք է հասունանում Հայաստանի հուսալի գործընկեր Իրանի սահմանում: Չնայած այդ սպառնալիքը անմիջականորեն Հայաստանի դեմ ուղղված չէ, այդուհանդերձ դրա ազդեցությունը կարող է ծանր լինել: Այդ սպառնալիքը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն են, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է բարձրացնել նոր մակարդակի: Նրան, անշուշտ, բնավ չի հետաքրքրում, թե այդ պատժամիջոցների գործադրումը ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա:

Այսպիսով Հայաստանը կարող է ակամա մասնակիցը դառնալ միջազգային մի արկածախնդրության եւ պատանդըՙ Ամերիկա-իրանյան լարված հարաբերությունների:

Ամերիկյան քաղաքականության ներկա փոփոխությունը հետապնդում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ: Նեոկոնների (կարծրթեւային պահպանողականների) հետապնդած կարճաժամկետ նպատակը Իրանին Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի մակարդակին իջեցնելն է, այլ խոսքերով ասածՙ հասնել նրան, որ այդ երկրի իշխանությունները չկարողանան մարտահրավեր նետել Իսրայելին կամ սպառնալ նրա գերիշխանությանը տարածաշրջանում: Մինչդեռ երկարաժամկետ նպատակը տեկտոնիկ, համակարգային փոփոխություն մտցնելն է, դրան հետեւող գլոբալ ազդեցություններով:

Մեր ժամանակների միաբեւեռ աշխարհում Եվրոպան մեծապես կախյալ է Ամերիկայից եւ դա Վաշինգտոնի օգտին է խոսում: Սակայն այն հեռանկարը, որ հավակնոտ Չինաստանը կարող է իր տնտեսական մետաքսե ճանապարհը Եվրոպա հասցնել եւ շրջանցելով Ռուսաստանին առաջ բերել երկբեւեռ կամ նույնիսկ եռաբեւեռ մի նոր աշխարհ, նյարդայնացրել է ամերիկացի քաղաքականություն մշակողներին: Չմոռանանք, որ այդ քաղաքական շախմատի տախտակի վրա Եվրոպայում առեւտուր ծավալելու իր հավակնություններն ունի նաեւ մեկ այլ հզորացող երկիրՙ Հնդկաստանը:

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է այդ երկու աճող ասիական պետությունների ճանապարհին: Միացյալ Նահանգները ցանկանում է այդ տարածաշրջանը օգտագործել մեկը մյուսի դեմ հանելու համար, որպեսզի կանխի կամ առնվազն դանդաղեցնի այդ զարհուրելի բազմաբեւեռ քաղաքական կառույցի առաջացումը: Դրա համար էլ, որպես նախապատրաստական աշխատանք առաջիկա հարյուրամյակի ընդլայնված ամերիկյան քաղաքականության, Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն ցանկանում է վերաձեւավորել Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով ընկած միջանցքը: Հայաստանը գտնվում է միջանկյալ տարածքում:

Թրամփը կարող է ընդգրկված չլինել նման քաղաքականության խճճված բարդությունների մեջ, սակայն նրա միջոցով է, որ իրականություն է դառնում ներկա ճգնաժամը:

Իրանի միջուկային համաձայնագիրը, որը տասնամյա բանակցությունների արդյունք էր եւ վավերացվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համար 2231 որոշումով, կոչ էր անում Իրանին ձեռնպահ մնալ միջուկային զենքերի արտադրությունից եւ փոխարենը ստանալ որոշ պատժամիջոցներ վերացնելու Մ. Նահանգների պարտավորությունը: Այդ համաձայնագրի տակ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրներ եւ Գերմանիան: Ի կատարումն իր նախընտրական խոստումի Թրամփը այս տարվա մայիսի 8-ին չեղարկեց նախագահ Օբամայից ժառանգություն ստացած իրանական գործարքը, որը պաշտոնական շրջանակներում հայտնի է որպես JCPOA (Joint Comprehensive Plan of Action) գործողությունների համատեղ ծրագիր անունով: Թրամփն արդեն վերջնաժամկետ է նշանակել պատժամիջոցների վերագործարկման համար: Համաձայնագիրը ստորագրած մյուս բոլոր երկրները խոստացել են հարգել եւ հավատարիմ մնալ գործարքին, որն ըստ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության զեկուցագրի, ակնկալված արդյունավետությամբ գործարկվում է:

Թրամփն այժմ պահանջում է վերանայել համաձայնագիրը եւ ավելացնել Իրանի կողմից ստացված պարտավորությունների քանակը: Ըստ Թրամփի ազգային անվտանգության խորհրդատուՙ Ջոն Բոլտոնի , որն ի դեպ այնքան էլ հմուտ դիվանագետ չէ, Իրանը պետք է հրաժարվի հեռահար հրթիռներ արտադրելուց, դուրս գա սիրիական մարտադաշտից եւ ձեռնպահ մնա «պետական ահաբեկչական» գործողություններից: Սա, իհարկե, մի տարածաշրջանում, որտեղ Իրանը միակ երկիրը չէ, որ ամբաստանվում է նման գործունեության համար: Ստացվում է այնպես, որ այն ինչ Մ. Նահանգները չկարողացավ իրագործել Սիրիայում, ցանկանում է իրագործել այս նոր համաձայնագրի միջոցով:

Միակողմանի այս որոշման միահամուռ հակադարձ արձագանքը չուշացավ: Եվրոմիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի օգնական, գլխավոր դիվանագետ Նաթալի Տոկին հաղորդել է BBC-ին, որ Եվրոմիությունը իր հերթին պատժամիջոցներ է կիրառելու եվրոպական այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ամերիկային հետեւելով դադարեցրել են առեւտրական գործունեությունները Իրանի հետ:

Մյուս կողմից «Ռոյթըրզ» գործակալությունը Չինաստանի դիրքորոշումն է հայտարարել, մեջբերելով Չինաստանի արտգործնախարարի խոսքերը.

«Չինաստանը հետեւողականորեն դեմ է եղել միակողմանի պատժամիջոցներին եւ արտատարածքային արդարադատության: Չինաստանի առեւտրական համագործակցությունը Իրանի հետ բաց է եւ թափանցիկ, տրամաբանական եւ օրինական, ինչպես նաեւ համահունչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին»: Ի դեպ, Չինաստանը Իրանից նավթ ներմուծող գլխավոր երկիրն է:

Մյուս կողմից Ռուսաստանի արտգործնախարարության կայքը հրատարակել է հետեւյալ հայտարարությունը.

«(Մենք) խորապես հիասթափված ենք Իրանի դեմ պատժամիջոցները վերակիրառելու Մ. Նահանգների ձեռնարկած քայլերից: Մենք անհրաժեշտ ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանենք եւ ամբողջությամբ գործադրենք ստորագրված համաձայնագիրը»:

Ինչպես նշեցինք, հակադարձությունը միահամուռ է թվում, սակայն Սեմ Մերեդիթը «International Energy Agency» գործակալության լրատվամիջոցում գրում է, որ «Մինչ համաշխարհային նշանակության կառույցներ եւ երկրներ, ինչպես Եվրոմիությունն է, Չինաստանը եւ Հնդկաստանը, բարձրաձայնում են նախատեսված պատժամիջոցների դեմ, շատերն այդուհանդերձ տեղի են տալիս ամերիկյան ճնշումներին»: Վերջիններս հավանաբար շահերի բախման խնդիրներ ունեն, եւ քաղաքական այլ կողմնորոշման հետեւորդներ են:

Իսկ որտե՞ղ է Հայաստանը այս զարգացումների թոհուբոհում: Պատասխանը կարող ենք գտնել «Eurasia Future-ում» հրատարակված Էնդրու Կորիբկոյի «Փոմպեոն խոչընդոտում է հայ-իրանական ապրանքաշրջանառությունը» խորագրով հոդվածում, որտեղ գրում է. «ԿՀՎ-ի նախկին տնօրեն եւ ներկայիս նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմպեոն խոսելով Թրամփի վարչակազմի «Բ. Ծրագրի» մասին նեոկոնների «Heretago Foundation-ի» հրավիրած խոհրդաժողովում մի հայտարարություն արեց, որը նման էր Իրանի դեմ ուղղված «Հիբրիդային պատերազմի» եւ որը անկասկած իր ազդեցությունն է թողնելու Հայաստանի, հարավկովկասյան այդ փոքրիկ, աղքատ երկրի վրա, որ վերջերս իրականացրեց արեւմտամետ գունավոր մի հեղափոխություն»: Այստեղ հետաքրքրական է նշմարել, որ այն ինչ բնութագրվում է որպես «թավշյա» հեղափոխություն Հայաստանում, Արեւմուտքում ընկալվում է որպես «գունավոր հեղափոխություն»ՙ նման Ուկրաինայի եւ Վրաստանի հեղափոխություններին:

Հոդվածում նաեւ նշվում է, որ պատժամիջոցները զրոյականացնելու են Եվրոմիության հետ կնքված համընդհանուր գործընկերության համաձայնության (CEPA) Հայաստանին ընձեռած առավելությունները:

Թվում է, թե Իրանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը մաս է կազմում ավելի մեծ ու հեռագնա մի քաղաքականության, որը շարունակվելու է կանխատեսելի ապագայում: «Մ. Նահանգները պատրաստվում է հարյուրամյա զինվորական-ռազմավարական գործընկերության մեջ մտնել Հնդկաստանի հետ: Դա նախատեսում է նաեւ ռազմածովային վճռորոշ նշանակության համագործակցություն, որը միտված է լինելու հարավասիական այդ երկիրը Չինաստանին «հակակշռելուն», եզրափակում է հոդվածագիրը: Այս ակնարկը հստակորեն Պարսից ծոց-սեւծովյան մրցակցության մասին է, որի արանքում Հայաստանը պայքարում է իր գոյությունը պահպանել:

Հայաստանն ու Իրանը վստահելի գործընկերներ էին, եւ են, բայց ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ դեռեւս չի հասել իր գագաթնակետինՙ պատժամիջոցների պատճառով: Վերջին շրջանում Մեղրիում բացվեց ազատ առեւտրի գոտին, որպեսզի խթանի առեւտուրը երկու երկրների միջեւ:

Հուսանք, որ Հայաստանի նոր կառավարությունը հաշվի կառնի զարգացող բարդ իրավիճակը եւ համապատասխան քայլեր կձեռնարկի անվտանգ «նավարկելու» համար ապագայում:

Թրամփի անկանխատեսելիությունը վերջին շրջանում մի փոքր նվազել է, նրա կողմից թույլ տրված որոշ շեղումների հետեւանքում: Նա կրակ ու ցավ էր դարձել Հյուսիսային Կորեայի իշխանությունների համար, մինչեւ չհանդիպեց այդ երկրի առաջնորդ Կիմ Յոնգ Ընին, որին «չափազանց ողջամիտ» բնութագրեց: Նա նաեւ Հելսինկիում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ համարյա չեզոքացրեց Կրեմլի դեմ իր կառավարության հարուցած մեղադրանքները: Այժմ Իրանի հերթն է:

Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել իրանցի իր գործընկերոջՙ Հասան Ռուհանիի հետ որեւէ ժամանակ, որ հարմար կլինի նրան, եւ ավելացրեց. «Դա բարենպատ կլինի ինչպես մեզ, այնպես էլ նրանց եւ ամբողջ աշխարհի համար: Եթե ցանկանում են հանդիպել, առանց նախապայմանների, ես պատրաստ եմ»:

Եվ չնայած Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն ամերիկյան քաղաքականությունը «անկայուն» էր պիտակել, իր երկիրը հավանաբար այլ ելք չունի, քան բանակցելը: Նույնիսկ ամերիկյան գործողությունները մերժած երկրները վստահաբար խրախուսելու են Իրանին, որ բանակցությունների սեղանի շուրջ փորձի ձեռք բերել հնարավոր առավելությունը:

ԱՄՆ-ում հայկական հարցերով զբաղվող խմբավորման որոշ կոնգրեսականներ աշխատում են կազմակերպել Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Դա երեւի լավ առիթ կլինի հուսալի ելք գտնելու ստեղծված կացությունից: Այլապես վտանգավոր քաոս է սպասվում տարածաշրջանում:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ