RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3730, Տպվել է` 573, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ... ՀԱՄԵՍՏ ՆԱԽԱՃԱՇԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանաբնակներիցս յուրաքանչյուրի շրջապատում հարեւանների, հարազատ-բարեկամների, դպրոցական ու երիտասարդության տարիների աշխատանքային ընկերների ընտանիքներ ու մարդիկ կան: Նրանց հետաքրքրությունները բազմաբնույթ են, սակայն կյանքի ու կենցաղի մի քանի խնդիրներում հոգսերը նույնն են: Դրանց շարքում է, թե երբ միջին հայաստանցին համեստ ու, ցանկալի է, համեղ նախաճաշի հնարավորություն կունենա, տանտիրուհին առավոտյան սեղանին կդնի մեկ բաժակ կաթը, երեխաներին անհրաժեշտ 1-2 ձուն, պանրի կամ երշիկի շերտերը, կարագն ու ջեմը, անշուշտ չհիշելով մեղրի ու խավիարի օգտակարությունն ու անհրաժեշտությունը:

Գուցե ոմանք այս պահին յուրօրինակ համարձակություն ցուցաբերեն եւ հիշեն ստամոքսային մտածողության մասին, բայց այսուհանդերձ ստիպված ենք ընդունել, որ գրեթե այսպիսին է միջին հայաստանցու ընտանեկան հոգսըՙ համեստ նախաճաշ աշխատանքային թե կրթական օրը սկսելուց առաջ: Ավաղ, մարդ-արարածին անհրաժեշտ այս պարզ ու հասարակ նախապայմանը մեզանում շատ հաճախ փոխարինվում է խոհանոցում նախորդ երեկոյից մնացած որեւէ կերակրատեսակի մատուցմամբ, դրա էլ անցանկալի հետեւանքների դրսեւորմամբ: Եվ հերթական անգամ հնչեցվող հարցը, թե ինչու ենք այսչափ անօգնականի ու անճարի վիճակում հայտնվել, տրվում է բնականաբար ու ինքնաբերաբար:

Ըստ մեր պարենային ապահովության ու երկրի պարենանվտանգության խնդրի կազմակերպիչների, որտեղ առանձնանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն անվանվող մարմինը, լուծումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքի հողային ու ջրային փոքր ու սահմանափակ լինելու հետ: Այնքանով որքանով կառույցի պատասխանատուներն ու մասնագետները երբեւէ որեւէ փաստարկ չեն ներկայացնում, փորձեմ այդ բացը լրացնել համաշխարհային տեղեկատուներից վերցված որոշակի տվյալներով: Ասենք, նշեմ Չինաստանի օրինակը, որը հայաստանցիներս իր 1,4 մլրդ բնակչության առումով դիտարկում ենք որպես պարենային խնդիր ունեցող: Թերեւս այս պատճառով նախորդ դարի վերջերին երկրի իշխանությունները որոշում կայացրին չինական ընտանիքներում մեկ երեխայի ծնունդով սահմանափակում հայտարարել, որը հիմա վերանայված է: Այս երկրի յուրաքանչյուր քառակուսի կմ-ի վրա 150 մարդ է բնակվում, ՀՀ-ումՙ 100: Չինաստանի տարածքի հազիվ 11 տոկոսն են վարելահողերը, որտեղ հնարավոր է առավել արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալել, ՀՀ-ումՙ 17 տոկոսը: 1 բնակչի հաշվով այնտեղ վարելահողը 650 քմ է, հայերիս պարագայում 2000 քմ: 15 տարի առաջ Չինաստանի գյուղոլորտում ընդգրկված էր աշխատունակ բնակչության 50 տոկոսը, հիմաՙ 28 տոկոսը, ՀՀ-ում համապատասխանաբար 55 եւ 37 տոկոսները: 2000 թվականին Չինաստանում բրնձի, ցորենի ու եգիպտացորենի հատիկի համախառն բերքը կազմել է 396 մլն տոննա, 2014-ին 550 մլն տոննա, 1 բնակչի հաշվով 380 կգ: ՀՀ-ում համախառն բերքը չի հասնում անգամ 300 հազար տոննայի, 1 բնակչի հաշվով հազիվ 100 կգ-ի: 1 բնակչի հաշվով Չինաստանում արտադրվում է մոտ 40 կգ խոզի եւ 15 կգ հավի միս, երբ ՀՀ ցուցանիշները հազիվ 3-ական կգ են: Թե ինչպես է Չինաստանում նման արդյունք ապահովվում, պարզվում է անգամ սիրողական մակարդակով գյուղոլորտի վիճակագրությանը ծանոթանալու արդյունքում:

Ասելիքս հիմնավորելու համար շարունակելու եմ թվեր օգտագործել, որի համար ընթերցողի բարյացկամությունն եմ ակնկալում: Եթե 2000-2014 թվականներին բրնձի արտադրությունը կազմել է 190-208 մլն տոննա, ցորենը 100-126 մլն տոննա, եգիպտացորենի հատիկի աճն աննախադեպ էՙ 106-216 մլն տոննա: Այն հիմնականում օգտագործվում է որպես լիարժեք անասնակերի բաղադրիչ, այսկերպ ապահովում անասնագլխաքանակների մսի ու կաթի բարձր մթերատվություն, տեսանելի ու շոշափելի դարձնում գյուղաբնակի աշխատանքը, կարգավորում գնագոյացումը, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր հաստատում: Նկատենք, որ այս առումով Չինաստանում վերջին առճակատումն արձանագրվել է հեռավոր 1989-ին, Տյանանմեն հրապարակում, երբ մեզանում այդօրինակ իրադարձություններ տեղի են ունենում գրեթե յուրաքանչյուր հնգամյակ:

Անիմաստ է ինչ-ինչ բացատրություններ փնտրել սեփական անգործությունն արդարացնելու նպատակով, քանզի արդեն իսկ «մերն ուրիշ է» կարգախոսով առաջնորդվելը հիմնազուրկ գործելաոճ է: Ասենք, ՀՀ-ում գյուղգործունեությունից թունդ ալկոհոլի ու ծխախոտի ներկայիս մոտ 300 մլն դոլարի արտահանումն առաջիկա տարիներին կազմեց 600 մլն դոլար. Արդյոք այն ինչ-որ ձեւով կբարեփոխի հայաստանցիներիս առօրյան, առաջնահերթըՙ սննդակարգը: Վստահեցնում եմ, որ ոչ, քանզի այն գրեթե աննշան է փոխվել, երբ հիշյալ արտահանումները նախորդ տարիների 150 մլն-ից հասան ներկայիս 300 մլն-ի: Այնպես որ չինացիները, ինչպես շատ այլ երկրների գյուղոլորտի կազմակերպիչները, դրական արդյունքների են հասել անասնապահության ոլորտը գերակա համարելու շնորհիվ, այն հուսալի կերային բազայի հիման վրա կազմակերպելով, այլ ոչՙ միրգ-բանջարեղենի գերարտադրություն ծավալելով այլոց կցորդը դառնալով: Ծանոթանալով ՀՀ գյուղնախի կազմում գործող գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի առաջարկվող այգեգործության խթանման ծրագրերին համոզվում ենք, որ առաջիկայում մեր երկրի պարենային խնդիրներն է՛լ ավելի կխորանան: Հայաստանից ծիրան ու սալոր, կեռաս ու ելակ կարտահանվի, փոխարենը երկիր մոլորակի չորս կողմերից անհայտ ծագման ու մշակման միս ու կաթ, կարագ ու ձեթ, շաքարավազի ու հաց-հացամթերքների հումք շաքարեղեգ ու ցորեն կներմուծվի, որոնք բնակչության սննդակարգի առաջնահերթություններն են: Եվ այս ամենը մեկ հիմնական նպատակովՙ վերամշակող օլիգարխիային հաճոյանալու, նրանց բիզնեսներն ընդլայնելու, գերշահույթներ երաշխավորելու համար, քանզի ՀՀ գյուղոլորտում մանր ու միջին գործարարությունն արգելված գոտի է, այնտեղ որեւէ շարժ վտանգավոր է թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրողների շահերի առումով: Չենք խոսում գինեգործությունից, որից իբրեւ թե հայաստանցիներս անհրաժեշտ ձեւով չենք օգտվում: Փաստ է, որ գինու շատ տեսակներ ՀՀ առեւտրային ցանցում առաջարկվում են կես գին ակցիաներով, որը եւս չի գայթակղում շարքային գինեսերներին, քանզի նրանց նախորդ փորձերը ոգեւորվելու հիմքեր չեն տվել: Իսկ մի քանի հազար դրամ ծախսել 0,75 լիտր գինու շշի դիմաց, մեզանում քչերն են իզորու: Արդյունքումՙ ոչ գինու վայելք կա, ոչ առավել անհրաժեշտ համեստ նախաճաշ, որից բացարձակապես անբացատրելի գյուղգործունեության արդյունքում զրկված է հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությունը:

Հող ու ջրի առկա ծավալները չէ որ խոչընդոտում են մեր տնտեսական կայացմանն ու զարգացմանը, այլ այն կառավարողների յուրօրինակ մոտեցումը: Երկիր մոլորակի չորս կողմերում պարենի ու այլեւայլ բարիքների գրեթե անսպառ պաշարներ կան էապես մատչելի գներով, այնպես որ թող ներմուծողներն իրենց գործն անեն, Հայաստանը երկաթուղու անիվների օգնությամբ պահեն: Եվ մինչեւ ե՞րբ հանրային մտահոգությունն այդպես էլ պատասխանի չի արժանանում, որից էլ ծնվում են հերթական դասակարգվող մեր տխուր առօրյայի դրսեւորումները: Դրանցից թերեւս հերթական վերջինը Ռուսաստանից ու Վրաստանից ձմերուկի ներկրման շուրջ հաղորդումներն էին, որը Իսրայելից ստեպղինի ներկրման լուրերի կողքին պարզապես զավեշտի ոլորտի ապացույց է: Եվ այս ամենը, տնտեսական աճի շուրջ հավաստիացումների ֆոնին, որոնք կոչված են մեղմել կամ ի չիք դարձնել հնարավոր տնտեսական ցնցումները:

Այսուհանդերձՙ ապրենք լավի հույսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ