RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-07 12:50:29ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սպառնացել են պատժամիջոցներով, եթե Բելառուսը ճանաչի Հարավային Օսիան
2020-08-07 12:36:47Այսօրվա 15 տոկոսը համաճարակի նվերն է մեզ, ոչ թե ակտիվ աշխատանքով վաստակած ձեռքբերում
2020-08-07 12:35:42СOVID-19-ով վարակվածներից թիվն աշխարհում գերազանցել Է 19 միլիոնը
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3611, Տպվել է` 571, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապօրինի հարստացածների դեմ նոր իշխանությունների սկսած պայքարը չի կարող ժողովրդի բացարձակ մեծամասնության պաշտպանությանը չարժանանալ: Այս փոքրիկ ու աղքատ երկրում կարճ ժամանակում այնքան շատ մարդ առասպելական արագությամբ հարստացավ, որ գրեթե ոչ ոք չի հավատում, թե նրանց մեջ կան նաեւ... ազնիվ աշխատանքով, իրենց տաղանդով ու արդար վաստակով նյութական մեծ բարեկեցության հասած քաղաքացիներ: Անկասկածՙ այդպիսիք նո՛ւյնպես կան, պարզապես, կրկնում եմ, շատ քչերն են այդպիսի ազնիվ հարստացածների գոյությանը հավատում: Ամերիկացիները նույնիսկ թեւավոր խոսք ունենՙ նա իր առաջին միլիոնը շա՜տ վաղուց է գողացել: Այսինքն, իրենք էլ գտնում են, որ նույնիսկ Ամերիկայում առաջին միլիոնը միշտ անազնիվ ճանապարհով է դիզվում, առանց գողության հնարավոր չէ միլիոնատեր դառնալ: Ուր մնաց, թե Հայաստանում, որտեղ ոչ միայն միլիոնատերեր, այլեւ դոլարային միլիարդատերե՛ր կան: Եվ եթե, կրկին ընդգծում եմ, ներկա իշխանությունը ապօրինի հարստացածների դեմ պայքարը իր գերակայություններից է համարում, ապա դա չի կարող ուրախությամբ չընդունվել ժողովրդի ամենալայն զանգվածների կողմից:

Միակ մտավախությունն այն է, որ այդ պայքարի կենտրոնում հայտնվել է այնպիսի մի պետական կառույց, ինչպիսին Ազգային Անվտանգության Ծառայությունն է: Ավա՜ղ, որքան էլ որեւէ կասկած չունենանք այդ կառույցի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների նկատմամբՙ չենք կարող չնկատել, որ ԱԱԾ-ն հասարակական գիտակցության մեջ ծնում է երբեմնի խորհրդային ԿԱԳԵԲԵԻ հետ կապված սահմռկեցուցիչ հիշողություններ, առաջացնում վախի զգացում, տեղիք տալիս անցանկալի զուգահեռների: Որովհետեւ խորհրդային ԿԱԳԵԲԵ-ն ոչ այնքան իրական թշնամիների դե՛մ էր պայքարում, որքանՙ սեփական ազնիվ քաղաքացիների, հիմնականում զբաղվում էր միլիոնավոր անմեղ մարդկանց վրա ցեխ շպրտելով, նրանց ժողովրդի թշնամի հայտարարելու համար չեղած հիմքեր նախապատրաստելով... Խոշտանգումներով ցուցմունք էին կորզում, եւ դա լիուլի բավարար էր դիտվում ոչ միայն մարդուն երկարատեւ բանտարկելու, այլեւ մահապատժի դատապարտելու համար: Այնպես որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ կտայի աստիճանաբար երկրորդ պլան մղել ապօրությունների, հատկապես ապօրինի հարստացածների դեմ պայքարում ԱԱԾ-ի դերակատարությունը: Մանավանդ, երբ այդ դերակատարությունը այսօր ամեն կերպ... ընդգծվո՛ւմ է: Արդյո՞ք ոչՙ ա՛յն թաքուն դիտավորությամբ, որ կրկին վախ ներշնչվի հասարակությանը, թե տեսեք-տեսեքՙ ում ուզենանքՙ կբռնենք, ո՛ւմ վերաբերյալ ասեսՙ քրեական գործ կհարուցենք: Կտանենք-կբերենք, ներվեր կքայքայենք, կպահանջենք ապացուցել, որ մարդը...ապօրինի չի հարստացել: Որովհետեւ, բա չեք ասի, օրենքի առաջ բոլորը հավասար են: Լավ, եթե հավասար են, ապա ինչո՞ւ անհիմն կերպով մարդուն մեղադրանք ներկայացնողներից որեւէ մեկը (եթե այդպիսիք կան, իհարկե) որեւէ կերպ չի պատժվել: Հասարակական լսարանին այդպիսի թեկուզեւ մեկ դեպք հայտնի չէ: Չգիտեմ, գոնե ձեւականորեն անհիմն մեղադրվածից ներողություն խնդրո՞ւմ են, թե՞ ընդամենը բաց են թողնում, բայց արդենՙ ներքուստ կոտրված: Ճիշտ այնպես, ինչպես ստալինյան բռնությունների դժնդակ տարիներին մարդուն ձերբակալում էին, դեմ էին տալիս հենց իրենց կողմից սարքված մատնագրերը (ռուսերն դրանց դանոս են ասում), թե այս կամ այն չարագործ մտադրությունն ես ունեցել: Ու պահանջում էին հիմնավորել, որ դու, պատկերավոր ասածՙ ուղտ չես...Այսինքն, մարդուց պահանջում էին ապացույցներ բերել իր հավատարմահպատակության, խորհրդային իշխանությանը, ժողովուրդների հայր մե՜ծ Ստալինին նվիրվածության մասին... Իսկ դա կարող էր լինել միանգամայն անմեղ մարդկանց դեմ նոր զրպարտչագրեր ստորագրելու տեսքով... Դա մի դժոխք էր, որի միջով անցան հարյուր-միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ, ահա ինչո՛ւ է ստալինյան ժամանակների նույնիսկ հիշողությունը դող առաջացնում անխտիր բոլոր երբեմնի խորհրդային քաղաքացիների հոգիներում:

Ես ծնվել եմ ստալինյան լայնածավալ բռնություններից առնվազն 10 տարի հետո, սակայն նույնիսկ ի՛մ երակներին 1937-ի սարսափները գենետիկորեն փոխանցվե՛լ են: Ահա ինչո՛ւ եմ պնդում, որ ապօրինի հարստացածների դեմ պայքարի գործառույթը ավելի ու ավելի վերապահվի ոչ-այնքան Ազգային Անվտանգության Ծառայությանը, որքանՙ մյուս իրավապահ մարմիններին, հատկապես դատախազությանը: Ո՛չ թե այն բանի համար, որ նրանք ավելի վստահելի են, այլ այն պարզ պատճառով, որ մարդիկ հոգեբանորեն ավելի պատրաստ են ընդունելու ամեն տեսակ ապօրինությունների մասին մյուս իրավապահների, քանՙ ԱԱԾ-ի ներկայացրած մեղադրանքները: Որովհետեւ երբ մեղադրանքը բխում է ԱԱԾ-ից, ակամայից կասկած է առաջանում, թե արդյո՞ք այդ ամենը, եւ անգամ խուզարկությունների ժամանակ կատարված նկարահանումների կադրերը... ճի՛շտ են, մանիպուլյացիա չեն... Որովհետեւ ոչ մի տարակույս լինել չի կարող, որ երբեմնի ԿԱԳԵԲԵ-ի այժմյան ժառանգորդներըՙ ԱԱԾ աշխատակիցները, չեն կարող ամեն կարգի մանիպուլյացիաների անգերազանցելի վարպետներ... չլինել...

Մենք այնքա՜ն երկար ենք ապրել ԿԱԳԵԲԵ-ական խաբեությունների ազդեցության տակ, որ այժմ երազում ենք բացարձակապես ոչ մի տարակույս չունենալ շարքային քաղաքացիներիս վերապահված ազատ շնչելու հնարավորության վերաբերմամբ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ