RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3640, Տպվել է` 563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՏԱՄԲՈՒԼ» ՋՐԱՆՑՔԸ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

Պ.Ք.

Էրդողանը վերակենդանացնում է օսմանյան նախագծերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Արդարություն եւ զարգացում կուսակցության վեցերորդ համագումարում ելույթ ունենալով հայտարարել է , որ ինքը մտադիր է ձեռնամուխ լինել «Ստամբուլ» ջրանցքի շինարարությանը, որը կոչված է դառնալու Բոսֆորի նեղուցի այլընտրանքը: Եվ սա ոչ թե սենսացիա է, այլ յուրատեսակ քաղաքական քայլ եւ պատմական կոդ:

Ստամբուլում նոր ջրանցքի կառուցումը ռազմավարական նախագիծ է, նշել է Էրդողանը: Նրա խոսքերով, տվյալ նախագիծը հաջողությամբ կմրցակցի համանման ուրիշ նախագծերի հետ: «Թուրքիան, ինչպես անցյալում, հաջողությամբ կիրականացնի համաշխարհային նշանակություն ունեցող նախագծեր»: Ինչպես նշում է trend.azգործակալությւոնը, Էրդողանը իր Արդարություն եւ զարգացում կուսակցության անունից կարեւորել է ինչպես Ստամբուլի, այնպես էլ թուրքական մյուս քաղաքների զարգացումը: «Ստամբուլ» ջրանցքը կանցնի Բոսֆորին զուգահեռ եւ Ստամբուլի կենտրոնական մասը կղզի դարձնելովՙ փաստորեն այն կանջատի Եվրոպայից: Ջրանցքը Սեւ ծովից Մարմարա ծով կհասնի Քյուչուկչեքմեջե լճի միջով:

Բանն այն է, որ Էրդողանը մշտապես ազդարարել է իր վիթխարի նախագծերի մասինՙ դրանք շաղկապելով այս կամ այն քաղաքական իրադարձության հետ: Այսպես, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման գաղափարը ազդարարվել էր 2011 թ. հունիսինՙ նախատեսված ընտրություններից առաջ: Բայց վերջին տարիներին իշխանությունները Բոսֆորի նեղուցում կառուցեցին Սելիմ Ահեղի անունը կրող երրորդ կամուրջը, իսկ նեղուցի տակ փորեցին դեռ Լեոնարդո դա Վինչիի ծրագրած «Մարմարայ» գետնուղին «Եվրասիա» ստորջրյա ճանապարհի հետ մեկտեղ: Նախատեսվում է երրորդ օդանավակայանը շահագործման հանձնել ընթացիկ տարվա աշնանը: Այն պետք դառնա աշխարհի յոթ խոշորագույն օդային հանգույցներից մեկը: Թուրքիայի մյուս շրջաններում նույնպես իրականացվելու են զանազան, թեկուզեւ ոչ այնքան խոշորածավալ նախագծեր, որոնք իսկապես փոխում են երկրի նկարագիրը:

Ուստի երբ Էրդողանը խոսում է «Ստամբուլ» ջրանցքի ու դրա իրականացման հնարավորությունների մասին, իր խոսքերով «աշխարհացունց» նախագծի մասին, երկրի քաղաքացիները նրան չվստագելու հիմքեր չեն ունենում, չնայած հարակից շատ շրջանների բնապահպաններ ու սոցիոլոգներ շարունակում են խոսել տնտեսական եւ սեյսմիկ վտանգների, Սեւ եւ Մարմարա ծովերի ջրային միջավայրի փոփոխությունների մասին: Սակայն Անկարայում քչերն են անսում նրանց ձայնին: Ամենքի աչքի առջեւ կատարված նախագծային իրողությունն է, այդ թվում Ստամբուլի նոր մասում օսմանյան ոճով կառուցված տաճարային մզկիթի հայտնվելը, որը համընդհանուր աղոթքի ժամանակ ի վիճակի է ընդունելու մինչեւ 72 հազար հավատացյալների:

Նախագահի համար դա «Նոր Թուրքիայի» տեսանելի եւ արտաքին խորհրդանիշներն են, երկիր, որը նա մտադիր է կառավարել մինչեւ 2029 թվականը: Ինչ վերաբերում է պատմական կոդին, դրա իմաստը հետեւյալն է: Էրդողանը ցանկանում է գերազանցել օսմանյան սուլթաններին: Հիշեցնենք, որ Մոսկվայի կողմից 1552 թ. Կազանի եւ 1556 թ. Աստրախանի նվաճումից հետո սուլթան Սելիմ 2-րդը 1569 թ. մտադրվեց կառուցել «Վոլգա-Դոն» ջրանցքը, ինչի մասին պահպանվել է թուրք ճանապարհորդ հայտնի Էվլիա Չելեբիի հուշագրությունը: Այդ մասին ահա թե ինչ է ասվում օսմանյան ժամանակաշրջանի փաստաթղթերից մեկում. «Եվ երբ միացվեն այդ երկու գետերը, մենք այստեղից նավերով կհասնենք Կասպից ծով, իսկ հետոՙ մինչեւ Դեմիր-կապու (Դերբենդ), Շիրվան եւ Շամախ»: Բայց սուլանի ծրագիրն այն ժամանակ ձախողվեց: Հայտնի են նաեւ սուլթան Աբդուլհամիդ 2-րդի նախագծերը Բոսֆորի վրայով առաջին մշտական անցումը ստեղծելու վերաբերյալ:

Այսպիսով, Էրդողանը փորձում է փաթաթել այն կծիկը, որի թելերը կլինեին անցյալում, ներկայում եւ ապագայում միաժամանակ, փորձում է քաղաքացիներին ցուցադրել, որ այն, ինչը չհաջողվեց կամ այնքան էլ լավ չստացվեց սուլթանների մոտ, հաջողվում է կամ կարող է հաջողվել իրեն: Այս առումով նա յուրօրինակ չէ, բայց տիպական է: Մուստաֆա Քեմալի ժամանակներից ի վեր նրան հաջողվում է շատ տեւականորեն պահպանել իշխանությունը, ուղղահայաց կառուցել եւ այն տոգորել օսմանյան տիրակալների գաղափարներով: Միեւնույն ժամանակ «Ստամբուլ» ջրանցքի նման ազգային նախագծերը պահանջում են արտաքին քաղաքականության ակտիվացում, եւ ամբողջ հետաքրքրությունը դրա մեջ է:

Իսկ մինչ այդ մատնանշենք ջրանցքի որոշ տեխնիկական բնութագրեր: Դրա երկարությունը կկազմի 43 կմ: Ջրանցքը կունենա 400-500 մետր լայնություն եւ 25-30 մետր խորություն: Դա հնարավորություն կտա այնտեղով անցկացնել կրկնակի շատ ջրատարողություն ունեցող նավեր, քան այսօր Բոսֆորի նեղուցով անցնողները: Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ: Ստամբուլը կբաժանվի իրարից անկախ երեք մեծ քաղաքներիՙ ասիականը եւ երկու եվրոպականները: Քաղաքի կենտրոնական մասը ըստ էության կդառնա կղզի: Ենթադրվում է, որ Ստամբուլը կկարողանա բաց թողնել օրական մոտ 160 նավ, ներառյալ մինչեւ 300 հազար տոննա տարողության դեդվեյտեր տանկերները:

Ջրանցքի ափերին կառուցվելիք բնակելի նոր թաղամասերը 15 միլիոնանոց Ստամբուլի մյուս շրջանների հետ կկապվեն ժամանակակից տրանսպորտային ենթակառույցների միջոցով, այդ թվում մետրոյով եւ արագընթաց գնացքներով, ինչպես նաեւ քաղաքի երրորդ օդանավակայանով: Տվյալ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել նաեւ նոր նավահանգիստ: Նոր ջրանցքի շահագործման նվազագույն ժամկետը կկազմի 100 տարի:

Տեսականորեն Թուրքիայի տնտեսությունը կարող է ստանալ նոր հուժկու խթանՙ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխհատուցվել: Թուրքիան Պանամայի հետ ունի համաձայնագիր ջրանցքների շինարարության եւ շահագործման վերաբերյալ եւ մտադիր է հրավիրել բազմաթիվ օտարերկրացի մասնագետների: Իսկ թե ինչ կլինի իրականում, ոչ ոք չգիտե: Եվ եթե դատենք ըստ մի շարք նշանների, շինարարության ժամկետները կարող են թողնվել ապագային, չնայած նախագծի ավարտման նախատեսված ժամկետը 2023 թվականն է, որը թուրքական հանրապետության կազմավորման հարյուրամյակն է:

Ինչպես նշում է The Associated Press գործակալությունը, թուրքական կողմի շարժառիթները միանգամայն հիմնավորված ենՙ նվազեցնել Բոսֆորի տրանսպորտային բեռնվածությունը, որտեղով ամեն տարի անցնում է մոտ 50 հազար նավ, չհաշված ռազմանավերը, եւ որտեղ գոյություն ունեն բնապահպանության հետ կապված վտանգներ: Սակայն տվյալ նախագիծը բուռն բանավեճեր է հարուցում մեկ ուրիշ պատճառով: Խնդիրն այն է, թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչպիսի փոփոխություններ կարելի է սպասել, եւ ինչպիսի հնարավորություններ ի հայտ կգան «Ստամբուլ» ջրանցքով դեպի Սեւ ծով օտարերկրյա ռազմանավերի անցման առումով:

Նախագծին ընդդիմացող բնապահպանները մասնավորապես պնդում են, որ նոր ջրանցքը կարող է խախտել տարածաշրջանի էկոլոգիական հաշվեկշիռը եւ հանգեցնել Մարմարա ծովում ծծմբաջրածնի մակարդակի բարձրացմանը: Այն բանից հետո, երբ Մարմարա ծովի աղի ջրերին կխառնվեն Սեւ ծովի ջրերը, Մարմարա ծովը կարող է ծաղկել, գտնում են մասնագետները:

Դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ ծովի կենդանական աշխարհի առանձին տեսակների վրա, իսկ Ստամբուլի բնակիչների համարՙ դառնալ մշտական գարշահոտության աղբյուր: Ջրանցքը կարող է ազդեցություն ունենալ նույնիսկ Սեւ ծովը թափվող գետերի (Դանուբ, Դնեպր, Դնեստր) վրա, քանի որ ծովը սկսում է արագորեն կորցնել իր ջրերը: Եվս մեկ խնդիր է քաղցրահամ ջրի աղբյուրների կրճատումը: Մասնավորապես, ապագա ջրանցքի ճանապարհի վրա է գտնվում Սազլիդերե ջրամբարը, որը ջուր է մատակարարում Ստամբուլի տասներեք շրջանների: Սակայն Էրդողանի ընդդիմախոսների բողոքները այնքան էլ լայն արձագանք չեն գտնում երկրի հասարակայնության մեջ եւ սոսկ նպաստում են նախագահի իշխանության ամրապնդմանը:

«Ստամբուլ» ջրանցքի ստեղծման նպատակով Թուրքիայի կառավարությունը հատկացնում է 10 միլիարդ դոլարՙ առանց օտարերկրացի ներդրողների ներգրավման: Շինարարությանը ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 5000 մարդ:

Բոսֆորի ջրանցքի կրկնակը կառուցելու գաղափարը նոր չէ: Առաջին անգամ այն արտահայտվել է 16-րդ դարում սուլթան Սուլեյման Հրաշալիի օրոք: Տիրակալը նոր ջրանցքի նախագծի ստեղծումը հանձնարարել էր ժամանակի հայտնի ճարտարապետ Միմար Սինանին, սակայն ռեսուրսները չէին բավականացրել դրա իրականացման համար:

Ուրիշ թուրք կառավարիչներ եւս մտածել են ջրանցքի մասին, բայց այդ գաղափարը լոկ մնացել է թղթի վրա: 1990-ականների սկզբներին նոր ջրանցքի կառուցման գաղափարը վերակենդանացրեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջեւիթը : Ավելի ուշ Էրդողանը փոխ առավ նրա գաղափարը: Նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը տվյալ գաղափարի ուսումնասիրությունը սկսեց 2009 թվականին, իսկ 2011-ին անձամբ Էրդողանը հանրահավաքում հայտարարեց նոր ջրանցք կառուցելու մտադրության մասին: Էրդողանն ուզում է ապացուցել, որ ինքը եւ իր կուսակցությունը ոչնչով չեն զիջում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին: Բացի դրանից, մեծ հույսեր են կապվում տնտեսական ենթակառույցների հետ, որոնք պետք է նպաստեն երկրի զարգացմանը եւ գործազրկության կրճատմանը:

Նոր ջրանցքի շինարարությունը Էրդողանի միակ խոշոր նախագիծը չէ: Այսպես, 2017 թվականին սկսվեց Դարդանելի կախովի կամրջի շինարարությունը, որի երկարությունը կկազմի 3,7 կմ: 2022 թվականին կամուրջը կկապի Լապեսկի եւ Գելիբոլու քաղաքներըՙ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը:

Ավելի վաղ, Բոսֆորի տակ շահագործման էին հանձնվել ավտոմոբիլային եւ երկաթուղային գետնուղիները: Երկու նախագծերը ներառված են Թուրքիայի տնտեսության մինչեւ 2023 թվականն ընդգրկող ծրագրի մեջ: Ստորգետնյա երկաթգծի շինարարությունն արժեցել է մոտ 4,8 մլրդ դոլար, ավտոմոբիլային թունելի կառուցման նպատակով հատկացվել են 1,2 մլրդ դոլար մասնավոր ներդրումներ: Մինչեւ 2023 թվականն ընգրկող կառավարական ծրագրում ընդհանուր առմամբ ներառված են 30 խոշոր նախագծեր:

Կառավարությունը ի պաշտպանություն ջրանցքի բերում է տնտեսական փաստարկներ: Տրասպորտի նախարար Ահմեդ Արսլանի հայտարարության համաձայն, շինարարությունն սկսելուց առաջ մասնագետները վերլուծել են բոլոր հնարավոր հետեւանքները: Կառավարությունը նույնիսկ պնդում է, թե նոր ջրանցքի կառուցումը կնվազեցնի տարածաշրջանի աղտոտման հավանականությունըՙ նվազեցնելով Բոսֆորի նեղուցում նավթի հնարավոր հեղման վտանգները: Իրոք, Բոսֆորի նեղուցում ներկայումս նավերի երթեւեկությունն այնքան խիտ է, որ պատահարները հազվադեպ չեն:

Օրինակ, այս տարվա ապրիլինին Vitaspirit բեռնանավը մխրճվեց ափի մեջՙ ավերելով 19-րդ դարում կառուցված շենքը: 1979 թվականին նեղուցում բախվեցին ռումինական տանկերը եւ հունական բեռնանավը, եւ վթարի հետեւանքով զոհվեց 42 մարդ: 2003 թվականին նավթատար նավերից մեկը խրվեց ծանծաղուտի մեջ: Դրա հետեւանքով ծովը թափվեց 500 տոննա հումք:

Բացի դրանից, ակնկալվում է, որ «Ստամբուլ» ջրանցքը ապագայում կդառնա երկրի կարեւոր ջրուղիներից մեկը եւ թույլ կտա լցնել երկրի բյուջեն:

Ներկայումս դեպի Սեւ ծով մուտքն իրականացվում է Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցներով, որոնք ենթակա են Թուրքիայի վերահսկողությանը: Սակայն Մոնտրյոյի 1936 թ. միջազգագրի պայմանների համաձայն, Թուրքիան չի կարող վարձ գանձել ջրանցքով անցնող նավերից: Մինչդեռ «Ստամբուլ» ջրանցքի վրա այդ պայմանները չեն տարածվի. անցումը կլինի վճարովի: Միջազգագիրը վերաբերում է Սեւ ծովից դեպի Միջերկրական ծով տանող նեղուցների ռեժիմի խնդրին: Նոր ջրանցք կառուցելովՙ Թուրքիան ձգտում է վերստանալ երբեմնի իր ծանրակշիռ դերը, սակայն ջրանցքն ունի իրավական ապահովման կարիք:

Անմիջապես ի հայտ է գալիս սուր ինտրիգ: Անկարան հայտարարում է, որ մտադիր է ջրանցքի շինարարությունն սկսել արդեն այս տարի: Այս կապակցությամբ, փորձագետներից շատերը գտնում են, որ նոր նեղուց կառուցելովՙ Թուրքիան կարող է պայմաններ թելադրելՙ շահարկելով աշխարհաքաղաքական գործոնի դերը եւ նախագծի տնտեսական նպատակահարմարությունը: Գոյություն ունի կարծիք, ըստ որի Անկարան կարող է նույնիսկ զրոյի հասցնել Բոսֆորով կատարվող նավարկությունը: Անցյալում Թուրքիան քանիցս դժգոհություն է արտահայտել Մոնտյրոյի միջազգագրի դրույթների կապակցությամբ եւ փորձել է փոփոխել դրանք: Այժմ Թուրքիան առաջարկում է ջրանցքի միջազգային նոր կարգավիճակ:

Ինչպես գտնում է ռուսաստանցի արեւելագետ Եվգենի Սատանովսկին , դեպքերի նման զարգացման դեպքում Մոնտրյոյի միջազգագիրը կարող է չեղարկվել, եւ նեղուցների կարգավիճակը վերադառնա 1913 թվականի պայմաններին, իսկ տարանցումը կախված կլինի Անկարայի տրամադրություններից: Այստեղից հետեւություն. քանի որ «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը կապված է ոչ միայն Թուրքիայի, այլեւ առհասարակ միջազգային ընկերակցության շահերի հետ, անհրաժեշտ են բանակցություններ նոր ջրուղիով նավարկության պայմանների վերաբերյալ: Այսպիսով թուրքական դիվանագիտությունը հնարավորություն է ստանում տեւականորեն շահարկել շահագրգիռ միջազգային տերություններին:

Խաղի գինը Սեւծովյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունն է: Մոնտրյոյի միջազգագիրը սահմանափակում է տարածաշրջանից դուրս գտնվող օտար պետությունների ռազմանավերի մուտքը Սեւ ծով: Նոր ջրանցքը Թուրքիային հնարավորություն կտա ըստ իր հայեցողության թույլատրելու իր դաշնակիցների ռազմանավերի անցումը: Ըստ որում, եթե ջրանցքը կառուցվի միայն Թուրքիայի ուժերով, ապա բացումից հետո այն կլինի Անկարայի կառավարման ներքո: Դա թուրքերի ձեռքին հաղթաթուղթ կլինի, երբ հարեւան երկրները կամ գերտերությունները պահանջեն բանակցություններ սկսել նոր ջրանցքից օգտվելու պայմանների վերաբերյալ:

Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Անկարան կձգձգի այդ բանակցություններըՙ միավորներ հավաքելով ուրիշ ուղղություններում: Արեւմուտքցի փորձագետները կոչ են անում շուտափույթ կերպով բանակցություններ սկսելՙ օգտագործելով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակները: Երկրորդ խնդիրը «Ստամբուլ» ջրանցքի տնտեսական արդյունավետության բարձրացումն է:

Ենթադրվում է, որ Սեւծովյան տարածաշրջանի երկրները կշահեն նոր ջրանցքի կառուցումից: Առաջին հերթին դա կընդլայներ ծովային ճանապարհով ապրանքների արտահանման հնարավորությունները: Այսօր աշխարհում արդյունահանվող նավթի մոտավորապես կեսը տեղափոխվում է ծովերով, իսկ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով ածխաջրածինների օրական տեղափոխության ծավալը կազմում է 3 միլիոն բարել:

Ոչ-սեւծովյան պետությունների ռազմանավերը Սեւ ծովում կարող են գտնվել երեք շաբաթից ոչ ավելի: Եթե տարածաշրջանում պատերազմ ծագի առանց Թուրքիայի մասնակցության, ապա Անկարան պարտավոր կլինի փակել նեղուցները բոլոր երկրների ռազմանավերի առջեւ: Եթե «Ստամբուլ» ջրանցքը լիովին ենթական դառնա Անկարայի իրավադատությանը, ապա դա մտահոգություն կպատճառի ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին: Թուրքիան մի կողմից մերձենում է Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից չի դադարեցնում անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Նոր ջրանցքը կառուցելովՙ Անկարան թե՛ Եվրոմիությանը, եւ թե՛ ԱՄՆ-ին կապացուցի իր անկախությունը եւ ռազմավարական մասշտաբի խնդիրներ լուծելու կարողությունը:

Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Վերջերս թուրքական Taraf հրատարակությունը հաղորդեց, որ Թեհրանի ինստիտուտներից մեկը սկսել է նավարկային ջրանցքի նախագծերի մշակումը, որը Կասպից ծովը կապելու է Պարսից ծոցի հետ: Նախատեսվում է այն ավարտել 2030 թվականին: Դրա շնորհիվ, մերձկասպյան երկրներըՙ Ադրբեջան, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, կկարողանան նավթը եւ բնական գազը տեղափոխել բաց ծով: Ավելին, ռուսական ռազմանավերը կկարարողանան համաշխարհային օվկիանոս դուրս գալ ՙ շրջանցելով թուրքական նեղուցները: Եվ եթե նվազի նեղուցներով անցնող նավերի թիվը, ապա «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը կարող է վերածվել «անբռնակ ճամպրուկի», նկատի ունենալով համաշխարհային տնտեսական կենտրոնի տեղափոխումը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Թուրքիան դժվար թե շահի ուժերի նման դասավորությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ