RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4434, Տպվել է` 525, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁՄՌԱՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ՑՈՒՐՏ ԼԻՆԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Յուրի Խաչատուրովի հարցը բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ, ասենք, Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաեւը իրավունք չունի որեւէ մտահոգություն հայտնել փաստի առնչությամբ, որ Խաչատուրովի դեմ քրեական գործ կա բացված, ոչ թե չարաչար սխալվում են կամ քաղաքականությունից բան չեն հասկանում, այլեւ չգիտեն երկու պարզ բանՙ ամռանը բավականին շոգ է լինում, իսկ ձմռանըՙ սաստիկ ցուրտ: Ի դեպ, երբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանն անհանգիստ է Հայաստանում եռացող ներքաղաքական իրավիճակով, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց բառացիորեն հետեւյալ կերպ. այո, իսկապես, վերջին օրերին Հայաստանում բավականին շոգ է: Հասկանալի է, որ վաղըՙ սեպտեմբերի 8-ին, երբ նախագահ Պուտինը Կրեմլում ընդունի վարչապետ Փաշինյանին, վերջինս չի կարող իրեն նման հումոր անելու շռայլություն թույլ տալ, չնայածՙ ո՞վ գիտի: Գուցե մեր վարչապետը Ռուսաստանի նախագահի մասին այնպիսի բաներ գիտի, որ կարող է որեւէ պահի դրանք նրա երեսին ասել, որից հետո Պուտինը կստորագրիՙ Ռուսաստանըՙ Հայաստանի կազմ ներառելու պատմական ակտը ու մենք կդառնանք անծայրածիր երկիր, Նիկոլ Փաշինյանն էլՙ Բաղրամյան 26-ից ու Կառավարության շենքից բացի կնստի նաեւ Կրեմլում ու միանգամից կլուծի ղարաբաղյան հարցը:

Բայց շատ առաջ չընկնենք. վաղը, ինչպես արդեն ասացի, Պուտինը Կրեմլում սպասում է մեր վարչապետին, ու ինչպես ասել է Լավրովըՙ Ռուսաստանն, անհանգիստ լինելով դաշնակից Հայաստանում եռացող ներքաղաքական իրավիճակով, ուշադիր կլսի, թե ինչպե՞ս է Հայաստանի նոր ղեկավարությունը պատկերացնում երկրի հետագա զարգացումը: Մեր, նկատի ունեմՙ Հայաստանի հպարտ քաղաքացիների անունից մեծ դուխ եմ մաղթում մեր վարչապետին վաղվա բանակցություններում, իսկ վաղը ոչ թե Պուտին-Փաշինյան շարքային հանդիպում է (որն ի դեպ 3-րդն էՙ կարճ ժամանակում), այլ հենցՙ հայ-ռուսական ամենաբարձր մակարադակի բանակցություններ, հորդորում եմ Կրեմլում չօգտագործելՙ «մեր դեմ խաղ չկա» ոճի արտահայտություններ, քանի որ Պուտինը մեծացել է Սանկտ Պետերբուրգի փողոցներում, որտեղ, ինչպես հենց ինքն է մի անգամ հիշելՙ եթե ուզում ես հաղթել, պետք է առաջինը հարվածես:

Այս պահին գոնե ավելի կարեւոր է, թե որքանո՞վ է Լավրովիՙ նույն թեմայի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունը միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Հիշեցնեմՙ Լավրովը (հասկանալՙ Ռուսաստանը) սկսեց անհանգստանալ այն պահից, երբ Հայաստանում ոչ թե գեներալ Մանվելի տունն ու հոգին բացահայտեցին, այլ Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք առաջադրեցին: Առաջին հայացքիցՙ այո, Լավրովի ի՞նչ գործն է, թե մենք այստեղ ո՞ւմ ենք մեղադրում, ո՞ւմ ենք ձերբակալում եւ որքա՞ն արագ ենք հաղթահարում տարիների կոռուպցիոն շղթայից ծնված համատարած անարդարությունն ու գաղջ մթնոլորտըՙ տարածելով սիրո գույներ: Մենք անկախ երկիր ենք ու ինքներս ենք որոշում նման բաները: Օրինակ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը երբեք իրեն թույլ չի տվել մտահոգություն հայտնել Նավալնիի հերթական ձերբակալությունից հետո կամ Բելառուսում ռեժիմի հերթական չարաշահումների մասին: Ի դեպ, ինչո՞ւ: Գաղտնիք բացահայտեմ. քանի դեռ գոյություն ունեն ԵԱՏՄ-ն ու մանավանդ ՀԱՊԿ-ը, մեր ԱԳ նախարարն իրեն նման իրավունք կարող է վերապահել, բայց դա նշանակում է, որ Լավրովը եւս նման իրավունք ունի: Բանն այն է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկում ներքաղաքական իրավիճակն այնքան է եռում, որ առաջանում է պայթյուն, կամ առնվազն դրա վտանգ, ապա դաշնակիցները պարտավոր են օգնություն տրամադրելՙ դաշնակից երկրում սահմանադրական կարգի պահպանման համարՙ առնվազն չեզոք չմնալով: Չմոռանանք, որ կոնկրետ ՌԴ-ն մեր երկրում ռազմաբազա ունի եւ ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի հատկապես արեւմտյան սահմանի անվտանգությունը, եւ ուրեմն չի կարող անհաղորդ լինել այդ սահմանից այս կողմ տիրող իրավիճակին: Այսինքն, եթե մենք ուզում ենք, որ Մոսկվան, Մինսկը, Աստանան... նման հայտարարություններ չանեն, ապա նախ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ինչը անել, գոնե մեր վարչապետի խոսքով, Հայաստանը չի պատրաստվում:

Ուրեմն Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Բացի այդ, Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարն է: Այսինքն եթե նա մեղադրվում է, առավել եւսՙ եթե դատապարտվում էՙ սահմանադրական կարգ տապալելու համար, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում ՀԱՊԿ-ի համար: Բայց ՀԱՊԿ-ը մի կողմ, Հայաստանի՛ համար, որը փաստորեն էլ մարդ չուներ նշանակելու կազմակերպության գլխավոր քարտուղար ու նշանակել է մեկին, ով սահմանադրական կարգ է տապալել: Նախկին իշխանություննե՞րն են արել, շատ լավ, բայց կարող էին չէ՞ նորերը նախ հետ կանչել Խաչատուրովին, զրկել նրան պաշտոնից, նշանակել մեկ այլ գեներալի (եթե դաշնակիցներն ընդունեին), նոր միայն Խաչատուրովի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին: Իհարկե կարող էին, սակայն չարեցին...

Ինչ վերաբերում է Քոչարյանին. բացի Լավրովիՙ հանրահայտ մտահոգությունից, եթե հիշում եքՙ օգոստոսի 31-ին Պուտինն անձամբ շնորհավորեց երկրորդ նախագահի ծննդյան օրը: Վարչապետ Փաշինյանը սա տեղավորեց ոչ թե Հայաստան-Ռուսաստան միջպետական, այլ Քոչարյան-Պուտին անձնական հարաբերությունների տիրույթումՙ շեշտելով, որ ինքը լավ է ճանաչում նախագահ Պուտինին ու գիտի, որ վերջինս շատ է կարեւորում անձնական կապերը ու դրանք պահպանում է աշխարհի մի շարք երկրների գործող ու նախկին ղեկավարների հետ: Սա նշանակում է, որ Քոչարյանն ու Պուտինը անձնական մոտ կապեր ունեն ու ամենակարեւորըՙ Փաշինյանն այդ մասին գիտի: Նույն օրը ՀՔԾ-ն զարթնեց խորը քնից: Հատուկ քննչականից հայտնեցին, որ որոշել են Քոչարյանի խափանման միջոցը, այն էՙ ստորագրությամբ երկրից չհեռանալը: Այսինքն, օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որով ՀՔԾ-ի միջնորդությունըՙ կալանավորել Քոչարյանին անհիմն էր ճանաչվել, ՀՔԾ-ն երկրորդ նախագահի նոր խափանման միջոցը չէր որոշելՙ պահելով վերջինիս անձնագիրը: Ընդ որում, երբ ՀՔԾ-ից հետաքրքրվել են, թե ի՞նչ օրենքով են պահում անձնագիրը, պատասխանել ենՙ «Չենք մեկնաբանում»: Ստացվում է, որ Վերաքննիչի որոշումից 23 օր անց նոր միայն ՀՔԾ-ն խափանման նոր միջոց է որոշումՙ ընդունելով, որ երկրորդ նախագահին կալանավորելու հիմքեր չկան ու Վերաքննիչ դատարանը ճիշտ է, իրենքՙ ոչ այնքան: Բայց կարեւորն այն է, որ 23 օր Քոչարյանի խափանման միջոց ընտրված չի եղել, սակայն նրա անձնագիրը մոտը չի եղել, եւ միայն այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահը պատրաստվում է մի քանի օրով լքել Հայաստանը, ՀՔԾ-ն հիշեց, որ խափանման նոր միջոց չեն որոշել ու հասկացավ, որ չպետք է թույլ տալ Քոչարյանինՙ թեկուզ մի քանի օրով բացակայել երկրից, մանավանդ որ երկրորդ նախագահը պատրաստվում էր մեկնել Մոսկվա, որտեղ, օրինակ Պուտինի հետ, ինչպես Փաշինյանն է ասում, ամուր անձնական կապեր ունի:

Եւ ամենակարեւորը, եթե ՀՔԾ-ն, որը հիշեցնեմՙ քննում է Մարտի 1-ի գործը, ինչի շուրջ, ինչպես իրենք են ասումՙ նոր եւ լուրջ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոշում է Քոչարյանի խափանման միջոցն ընտրելու հարցում բավարարվել ստորագրությամբ երկրից չհեռանալով, նշանակում է, որ այդ նոր փաստաթղթերն այնքան էլ լուրջ չենՙ գոնե Քոչարյանի մասով, կամ էլ վարչապետ Փաշինյանն ուզում է ինքը եւս ամուր անձնական կապեր հաստատել Պուտինի հետ, ինչը շատ կարեւոր է, քանի որ եթե վերջին օրերին Հայաստանում իսկապես բավականին շոգ էր, ապա ձմռանը սաստիկ ցուրտ է լինելու, մանավանդ, եթե, օրինակ, գազ չունենանքՙ դրա կտրվելու կամ էլ թանկանալու պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ