RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2949, Տպվել է` 521, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ ... ՀԱՍՆԵԼՈՒ ԱՊԱԳԱՅԻՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը օգոստոսի 31-ին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում լոռեցու անկեղծությամբ միանգամայն իրավացիորեն հայտարարում էր, թե ներկա քաղաքական իրադրության մեջ մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը... ներհասարակական համերաշխության հաստատումն է:

Պարոն Մարուքյանին անձամբ չեմ ճանաչում, թեեւ հեռակա համակրանք ունեմ նրա հանդեպ: Կուզենայի արձանագրել, որ դատելով ֆեյսբուքյան ամենաբազմազան գրառումներում եռացող ատելության ահռելի չափաբաժիններից, Էդմոն Մարուքյանը միանգամայն ճիշտ էՙ այսօր մենք չունենք ավելի կարեւոր խնդիր, քան ներպետական ու ներհասարակական համերաշխության վերականգնումն է: Գոնեՙ մեկը մյուսին լսելու, դիմացինի կարծիքը անհանդուրժողականությամբ չընդունելու, քաղաքակիրթ բանավեճ վարելու տարրական կուլտուրա ունենալը: Պարզապես զզվելի է, երբ ֆեյսբուքյան հրապարակումներում սրա կամ նրա հասցեին ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենակոպիտ սպառնալիքներն ես կարդում: Դեռեւս որեւէ մեկի դատը չի եղել եւ առայժմ ոչ մեկի մեղքի իրական չափը չի հաստատվել, սակայն ոմանք շտապում են որեւէ առիթով անապացույց մեղադրանքներ հնչեցնել: Իբրՙ լա՞վ էր, որ դուք թալանում էիք, ձեզ պիտի բանտերում փտեցնել, զրկել հայրենիքից, վռնդել Հայաստանից... Որովհետեւ երբ դուք իշխանություն էիք, ժողովրդի մեծամասնության նկատմամբ ճիշտ այդպես էիք վարվում:

Եթե նույնիսկ այս հանդիմանությունը տեղին է, ապա հարց է առաջանումՙ նախորդ իշխանությունները ճի՞շտ էին անում, որ... այդպես էին վարվում: Այդ դեպքում թույլ տվեք հարցնելՙ սոցցանցերում զանազան ապուշություններ գրող ծայրահեղականնե՞րը նախորդներից ինչով են տարբերվում: Ի՞նչ են նշանակում նախորդ իշխանավորներին պարզապես ցցի հանելու զառանցանքները: Նախ, նախորդ իշխանավորների մեջ բազմաթիվ ազնիվ մարդիկ կային նաեւ: Եվ նրանք չեն կարող պատասխանատու համարվել իրենց անազնիվ գործընկերների արածների համար: Ղալաթն անի Հայրապետը, ջառմեն քաշի Կարապե՞տը...

Ժամանակակից քրեական իրավունքի մեծագույն ձեռքբերումներից է այն իրողության օրենսդրական ամրագրումը, թե կոլեկտիվ պատասխանատվություն չի լինում: Որքան էլ մարդը արգահատելի լինիՙ կարող է եւ պետք է պատասխան տա բացառապես այն բանի համար, ինչ անձամբ ի՛նքն է արել: Եթե դատարանում այս կամ այն դրվագով մարդու մեղքը չի հաստատվել կամ ապացույցներն անբավարար են, ապա օրենքը տվյալ դրվագը մեկնաբանում է... մեղադրվողի օգտին: Սրա կամ նրա մեղավորության, ինչպես նաեւ անմեղության ներքին համոզմունքները այս դեպքում որեւէ դեր չեն խաղում: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունների ժամանակ հասարակության մեջ քիչ թե շատ նշանակալի դերակատարության չհասած, իրենց անպարագիծ հավակնությունների բավարարումը չվայելած առանձին նախանձ ու ներքուստ անմաքուր մարդիկ այժմ ձգտում են վրեժ հանել բոլոր նրանցից, ովքեր նախորդների ժամանակ... ավելի հաջողա՛կ են եղել:

Եթե այսպես շարունակվի, ապա մենք, Աստված մի արասցե, շատ արագ կիջնենք նախնադարյան վայրենու մակարդակի, հասարակությունը կվերածենք ինքնախժռման հորձանուտը նետված անուղեղ զոմբիների հոտի: Հետեւաբար, սոցցանցերում անվայել հայհոյաբանությանը հարկավոր է վճռականորեն վե՛րջ տալ: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, հազարամյակների հեռվից մեզ հետ բերել ու ապագա ժամանակներին ենք տանում բազմաթիվ բարոյական արժեքներ: Սոցցանցերում սեռական կամ այլ բնույթի հայհոյաբանությունը մեզ ամենեւին չի՛ սազում: Ուժ պիտի գտնենք մեզնից յուրաքանչյուրին դուր չեկող այս կամ այն կարծիքը, տեսակետը, դատողությունը հանդուրժելու: Պիտի կարողանանք քաղաքակիրթ բանավիճել, ոչ թե սպառնալ, թեՙ բերանդ փակիր, դու այն մարդը չե՞ս, որ այս կամ այն ժամանակ այս կամ այն անընդունելի տեսակետն ես արտահայտել... Հետո՞ ինչ: Այն ժամանակ այդպես է մտածել, հիմաՙ ա՛յլ կերպ է մտածում: Կարծիքը, տեսակետը փոխելը հանցագործություն չէ՛: Սխալ կարծիքին կառչած մնա՛լն է ավելորդ հաստակողություն:

Հուսամՙ իրո՛ք արդեն ավարտված, եւ ոչ թե անվախճան շարունակվելու միտումներ դրսեւորող հեղափոխության ամենամերժելի, ամենաբացասական դրսեւորումներից են հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բառացիորեն աստվածացնելու, կուռք դարձնելու էժանագին միտումները: Դա արդեն նրա նկատմամբ ոչ այնքան սեր ու գնահատանք է, որքանՙ վարչապետի աչքը մտնելու, նրա բարեհաճությունը նվաճելու եւ նրա վիթխարի հեղինակությունը անձնական շահերին ծառայեցնելու բացահայտ ձգտման արտահայտություն: Առիթ ունեցել եմ «Ազգ» թերթի իմ նախորդ հարապարակումներից մեկում այս երեւույթն անվանելու կռապշտություն: Ժամանակին այդպիսի կուռք էին դարձրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հիմա ո՞վ է բարի խոսքով հիշում Հայաստանի առաջին նախագահին: Հակառակը, ֆեյսբուքյան հրապարակումներում բազմիցս կարդացել եմ հորդորներ, թե Նիկոլ Փաշինյանը երկրորդ ու երրորդ նախագահների հետ միասին նաեւ առաջի՛ն նախագահին պետք է բանտ նետի: Նախ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ անձամբ իր ցուցումով այլեւս դատավճիռներ չեն կայացվելու: Երկրորդՙ նախորդ նախագահներից որեւէ մեկին, էլ չեմ ասում երեքին միասին բանտ գցելը մեր պետության մասին ամենեւին դրական չի վկայի: Երրորդ, եթե դատական կարգով նախորդների մեղքերը չհաստատվեն կամ բավարար չհամարվեն, ապա այսօր մեր նախորդ ղեկավարներից յուրաքանչյուրի հասցեին բառացիորեն կենդանական ատելություն ժայթքող մարդկանցից որեւէ մեկը ազնվություն կունենա՞ հրապարակավ ներողություն խնդրելու իր նողկալի հայհոյաբանության համար: Վերջապես, այսօր իբրեւ թե Նիկոլ Փաշինյանի արեւով երդվողները չե՞ն մտածում, որ վաղը, միանգամայն հնարավոր է, նույն անսանձ հայհոյաբանությունն ուղղվի հենց... Նիկոլ Փաշինյանի դեմ: Որովհետեւ ոչինչ հավերժական չէ այս աշխարհում, անսխալական գործիչներ, անսխալական մարդիկ չեն լինում... Իսկ բազմությունների սերը, ինչպես դեռ Ավ. Իսահակյանն է գրել անմահ Աբու Լալայում, ամենաանվստահելի պատվանդանն է...

Հետհեղափոխական շրջանի բացասական երեւույթներից ամենատագնապահարույցը, ըստ իս, այսպես կոչված անցումային արդարադատության համակարգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակ նետած գաղափարի հնարավոր իրականացման հեռանկարներն են: Վարչապետի տարիքից ավելի զբաղվում եմ քաղաքական լրագրությամբ, սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, մինչեւ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքային ելույթը երբեւէ ո՛չ լսել, ո՛չ կարդացել էի անցումային արդարադատության մասին: Ես անկեղծորեն վախենում եմ այդ անցումային արդարադատություն կոչվածից: Դրանից գրեթե ոչինչ չեմ հասկանում, սակայն մտավախություն ունեմ, որ հանկարծ այդ անվան տակ արդարադատություն իրականացնելու լիազորությամբ օժտված հակասահմանադրական մարմիններ չստեղծվե՞ն: Ժամանակին ռուս բոլշեւիկները հեղափոխական տրիբունալներով եւ հեղափոխական անհրաժեշտության կարգախոսներով թվացյալ արդարադատություն էին իրականացնում հսկայական Ռուսաստանում: Նաեւՙ հայ բոլշեւիկները Հայաստանում: Միլիոնավոր մարդկանց բռնում եւ առանց մեղքի գնդակահարում էինՙ իբրեւ թե հանուն հեղափոխության պաշտպանության: Արյան այդ վակխանալիան հատուկ է եղել բոլոր նախորդ հեղափոխություններին: Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության ժամանակ հրապարակներում Գիլյոտինով անվերջ գլխատում էին ազնվական դասի ներկայացուցիչներին: Ի դեպ, իր ստեղծած չարագուշակ գործիքի դանակի տակ կյանքն ավարտեց նաեւ քաղաքացի Գիլյոտինը, ինչպես նաեւ ֆրանսիական հեղափոխության բազմաթիվ այլ երեւելի գործիչներ: Դրանից հետո էր, որ համաշխարհային քաղաքական գրականության մեջ շրջանառության մեջ մտավ «բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին» թեւավոր խոսքը:

Վերջինը, որը կուզենայի նշել, ուղիղ ժողովրդական կառավարում հաստատելու մասին վարչապետի հրապարակ նետած դրույթն է: Դա, անշուշտ, շոյիչ է հրապարակում հավաքված բազմության համար, սակայն ո՛չ մի բազմություն չի կարող հավասարակշռված, պետությանը չվնասելու տեսակետից կարեւոր որոշումներ ընդունել, պետության ուղղակի կառավարում իրականացնել: Հրապարակի էներգետիկան ուրի՛շ է, արբեցնո՛ղ է, մինչդեռ մեզ հիմա ամենից ավելի սթափ դատողություն է պետք... Ամեն ինչ, այդ թվում նաեւ իբրեւ թե գլուխ բարձրացնող հակահեղափոխությունից ունցած չափազանցյալ վախը, նոր կադրերի անփորձությունը, բազմաթիվ այլ դժվարություններ ապագայում կմոռացվեն: Եթե, իհարկե, իմաստություն ունենանք... դրան հասնելո՛ւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ