RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ՀԱՅԱՑՔ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2868, Տպվել է` 509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ո՞Ր ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍՆ Է

ՌՈՒԲԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ, Թեհրան

Հոդվածագիրը, որն առաջին անգամն է ստորագրում մեր թերթում, Իրանից է, սակայն հաճախ է լինում Հայաստանում: Համենայնդեպս քաջածանոթ է հայրենական մեր իրականությանը եւ հետեւողականՙ իր դիտարկումներում: Մեզ հետաքրքրում է, կարծում ենքՙ նաեւ ընթերցողին, հատկապես հոդվածագրի դիտակետըՙ տարածաշրջանում հայկական վերջին զարգացումները մեր հարեւան երկրից դիտարկելու, որին սովորաբար քիչ ենք հանդիպում, ինչը գտնում ենք խիստ անհրաժեշտ:

ԽՄԲ.

Այն ժամանակից, երբ առաջին անգամ Հայաստան գնացի, արդէն 25 տարի է անցել. շատ ուրախ եմ, որ ինձ մասամբ յաջողւել է իմ եւ ընտանիքիս (մանաւանդ) կեանքն ու ապագան Հայաստանի առօրեայի եւ իրականութեան հետ կապել: Թէկուզ սփիւռքում ապրած տարիներին միշտ էլ Հայաստանում ապրելու դժւարութիւնների մասին լսել եմ, բայց իրականում դրանք աւելի շատ ու անյաղթահարելի չեն, քան միւս երկրներում:Ցաւալի է, որ տասնամեակներ շարունակ, սփիւռքում, հիմնականում Հայաստանի ու իր ժողովրդի ժխտական ու թերի յատկութիւնների մասին ենք լսել ու խօսել, մանկամտօրէն մոռանալով, որ դա մեր պատմական Հայրենիքի վերջին եւ Միա՛կ պատառիկն է, որի ժողովրդի մի մասը, Խորհրդային Միութեան ջախջախումից առաջ եւ յետոյ, լռելյայն ցեղասպանութեան է ենթարկւել եւ այդ գործընթացը դեռ շարունակւում էլաւ է, որ նրանք ֆիզիքապէս չեն ոչնչացւել, բայց Հայրենիքից զրկւելն էլ է ցեղասպանութիւն, քանի որ նրանց մեծամասնութիւնը Հայաստանից անվերադարձ է պարտաւորւել փախչել, ինչքան էլ փորձենք այդ ողբերգութեանը չանդրադառնալ եւ դրա տարողութիւնը արհեստականօրէն նսեմացնել:

Մի անսպասելի եւ աներեւակայելի երեւոյթ այս իրադարձութիւններում յամենայնդէպս ինձ շատ ուրախացրեց մեր երկրում կայծակնային ու անարիւն յեղաշրջում է տեղի ունեցել, որի անժխտելի եւ ուրախալի իւրայատկութիւնը այն է, որ, փառք Աստծոյ, սպանւածներ չկան եւ դրա համար բոլորին պէտք ենք շնորհակալ լինել:

Հիմա ասեմ, թէ ինչու շատ շատերի նման երազային ոգեւորութիւն չեմ ապրում: Սերժ Սարգսեանի հրաժարականից մի քանի օր առաջ եւ բնականաբար դրանից յետոյ, տասնհինգամեայ դուստրս թէ Հայաստանում եւ թէ արտերկրում բնակւող մեր հայրենակիցներից շատերի նման, ոգեւորւած ու խանդավառւած էր եւ վարչապետ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ նա եւս ցնծութեան մի անասելի երջանկութիւն էր ապրում: Ես մի կողմից ուրախ էի, որ դուստրս միախառնւելով համատարած հայկական ոգեւորութեան ալիքին, թէկուզ ժամանակաւորապէս, իր երկրի ու ժողովրդի յաջողութեամբ ու աւելի յուսալի ապագայի հեռանկարով է ուրախանում, բայց միւս կողմից չէի կարողանում հաւատալ, որ տեղի ունեցածը միայն ժողովրդի արդար ցանկութիւնների ու տրամադրութիւնների դրսեւորումն էր եւ այդ փոփոխութեան շնորհիւ մեր ներկան ու ապագան աւելի յուսալի էին դառնալու: Այդ համաժողովրդական ոգեւորութեան ալիքը ինձ որոշ չափով արհեստածին ու չհիմնաւորւած էր թւում, բայց դրա արդիւնքները, դրական թէ ժխտական, ապագայում կ՛երեւան:

Հիմա արդէն օգոստոսի 15-է, եւ կրկին դժւարանում եմ մտքերս ժամանակագրական տեսանկիւնից մի փաթեթի մէջ ներկայացնել, որպէսզի պարզ լինի, թէ յեղաշրջման մասին հէնց սկզբից, կամ մօտաւորապէս սկզբից, ես ինչ եմ մտածել եւ ինչպիսին է եղել իմ գնահատականը:

Սկսեմ Նիկոլ Փաշինյանից, որին այս պահին շատ շատերն են սիրում, թէ՛ արտասհմանում բնակւող մեր հայրենակիցները, թէ՛ մանաւանդ Հայաստանում բնակւող մի ստւար զանգւած: Ինչպէս իմ կեանքում գրեթէ միշտ է պատահել, այս անգամ էլ իմ կարծիքը մեծամասնութեան կարծիքի հետ չի համընկնում, որի համար կարծում եմ, գեթ իմ համար, հիմնաւորւած պատճառներ ունեմ:

Ես Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի ցաւալի ու սարսափելի դէպքերից եմ յիշում ցաւալի այն պատճառով, որ այդ օրը տասը, որոնցից երկուսը ոստիկանական ուժերից, անմեղ հայեր զոհւեցին, որոնք թէկուզ ցոյցերի անմիջական մասնակիցներն էին ու հաւանաբար Սերժ Սարգսյանի համակիրներից չէին եւ իսկապէս նրա հրաժարականն էին պահանջում, բայց գրեթէ վստահ եմ, որ նրանք այդ զանգւածային ու իր բնոյթով հային ոչ հարիր ցոյցերի գլխաւոր կազմակերպիչներից չէին եւ, միգուցէ, եթէ իմանային, որ այդ ցոյցերին մասնակցելու համար կեանքով են վճարելու, այդքան էլ առաջնագծում չգտնւէին, եթէ ի հարկէ այդպիսին գոյութիւն է ունեցել: Իմ կարծիքով սկզբունքօրէն ու բարոյական տեսանկիւնից շատ աւելի ճիշտ ու արդար կը լինէր, որ սպանւածների մեծամասնութիւնը լինէին Փաշինյանն ու իր համախոհներից նրանք, որոնք այդ ապստամբութեան փորձի կազմակերպիչներն ու հրահարողներն էին եւ յաջողութեան հասնելու պարագայում նրանք էին, որ իրենց կատարած աշխատանքի համարՙ ասենք պետական պաշտօններով էին վարձատրւելու (դիտմամբ արժանանալ բառը չօգտագործեցի):

Նախ ուզում եմ Մարտի 1-ի դէպքերին անդրադառնալ, որի կապակցութեամբ Նիկոլ Փաշինեանն ու իր համախոհները միայն սպանւածների հարցին են անդրադառնում, «մոռանալով» հարցի հիմնական երեւոյթի մասին խօսել, այսինքնՙ իշխանութեան գալու բռնի եւ փողոցային փորձի, որը որեւէ պետութեան իշխանութիւնների կողմից խստութեամբ կը ճնշւէր (այսօր էլ դժւարութեան եւ հիմնաւորւած ընդդիմութեան հանդիպելով, Նիկոլ Փաշինեանը հրապարակի ժողովրդին է օրէնքից վեր դասում, որպէսզի իր կամքն ու ցանկութիւնը մեծամասնութեանը պարտադրի): Քանի որ «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդներն իրենց եւ աւելի շատ ժողովրդի ուշադրութիւնը միայն Ռոբերտ Քոչարեանի, մանաւանդ Սերժ Սարգսեանի ու նրանց (Հայաստանում նրանք յայտնի են ղարաբաղցի պիտակաւորմամբ, որը ինքնին շատ-շատ վտանգաւոր բնութագրում է) «հանցակիցների» ապօրինութիւնների ու չարաշահումների վրայ են սեւեռում, այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ մինչ այդ հայ ժողովուրդը անկախութեան քաղցր պտուղներն էր վայելում, մինչ ցաւօք սրտի իրականութիւնը այլ բան է ասում: Ինձ թւում է, որ Հայաստանի դժբախտութիւնների շարանը հէնց այն օրւանից սկսւեց, երբ արեւմտեան գաղախարախօսութեան ու ներկայութեան առջեւ երկաթեայ վարագոյրը քանդւեց: Դուք ի՞նչ կարծիքի էք:

Ինչ պիտի յաջորդ տողերում գրեմ, բնականաբար անհերքելի փաստերի վրայ հիմնւած եզրակացութիւններ չեն, բայց ինձ թւում է իրականութեանը բացարձակապէս չհամապատասխանող հաստատումներ էլ չեն:

1991- Խորհրդային Միութեան փլուզումն ու վերջնական քայքայումըՙ դրսից (այսինքն արեւմուտքից) մշակւած ու երկար տարիների ընթացքում իրականացւած մի ծրագրի վերջին գործողութիւնն էր: Թէկուզ կոպիտ է հնչելու, բայց ես չեմ հաւատում, որ հայ ժողովրդի պայքարի շնորհիւ մենք անկախացանք այլ հարց է, որ մեր ազգը այդ պատմական իրադարձութիւնների ժամանակ պատրաստ գտնւեց եւ թոյլ չտւեց, որ 1890, 1915, 1920, 1923... ողբերգութիւնների ամբողջացումը իրականանայ: Շատ լաւ եմ յիշում, որ ութսունականներին լուսահոգի Էդւարդ Յովհաննիսյանը ազդարարում էր, որ Խորհրդային Միութիւնը վաղ թէ ուշ փլուզւելու է եւ կրկին փլատակների տակ չյայտնւելու համար, հայ ժողովուրդը այդ իրադարձութեանը պատրաստ պիտի լինիըստ երեւոյթին եւ բարեբախտաբար նրան լսողներ եղել են:

Ինչպէս կայսրութեան փլուզումն էր ծրագրւած, կասկած չկայ, որ ամէն երկրում որոշւած էր, թէ ո՛ր խմբերն ու անձնաւորութիւնները ի՛նչ կարեւոր պաշտօններ պիտի զբաղեցնէին, հետեւաբար Հ.Հ.Շ.-ն պատահականօրէն հրապարակ չիջաւ եւ իմ կարծիքով Լեւոն Տէր-Պետրոսեանի ընտրութիւնն էլ նախօրօք որոշւած էր եւ ժողովրդի դերակատարութիւնը շատ լաւ ուղղորդւած (ո՞վ կարող է ժխտել, որ Ելցինը ամերիկացիների դրածօն էր եւ նա, պատահաբար, փլուզւած կայսրութեան ղեկին էր յայտնւել): Լեւոն Տէր- Պետրոսեանը սկզբնական շրջանում այնքան իր դերի մէջ «փայլեց», որ ժողովրդի մեծամասնութիւնը նրան հաւատաց ու սիրեց, ինչպէս հիմա նոյնը Նիկոլ Փաշինեանի հետ է տեղի ունենում: Այն ժամանակ ներքին գործօնները, հիմնականում Ղարաբաղի հիմնախնդիրը հմտօրէն օգտագործւեցին, իսկ այսօր արդէն նախկին իշխանութեան թոյլ տւած սոցիալական անարդարութիւնների երկար շարանը եւ ի հարկէ երկրի ու ժողովրդի կազմակերպւած կողոպուտը եղածից աւելի ուռճացնելովՙ նոյն սցենարն է իրականացւում:

Այն ինչ անկախութեան առաջին տարիներին տեղի ունեցաւ, բոլորի յիշողութեան մէջ թարմ է ու պարզ, որի հիմնական պատասխանատուն Լեւոն Տէր- Պետրոսեանն ու իր ղեկավարած յանցախումբն էր: Եթէ այսօր Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը դատի ենթակայ յանցագործներ են ներկայացւում, ես պատճառ չեմ տեսնում, որ Լեւոն Տէր-Պետրոսեանն էլ նոյն վերաբերմունքին չարժանանայ, մինչ նրա անունը ընդհանրապէս չի հոլովւում: Ուզում եմ նրա գործունէութիւնից մի քանի դրւագ յիշել, որոնք անժխտելի են ու շատ խօսուն:

Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք Հայաստանի արդիւնաբերական ողջ հզօրութիւնն ու ներուժը սեփականաշնորհման գործընթացի քօղի ներքոյ փոշիացւեց, որի արդիւնքը նոր իշխանութեանը այնքան էլ չմտահոգեց, ընդհակառակը, մետաղի ջարդօնի բիզնեսը դարձաւ հեշտ ու արագ հարստանալու ցանկալի գործելակերպ նրանց համար, ովքեր իշխանական համակարգում «լաւ կապեր» ունէին: Ինչ հայ-ադրբեջանական պատերազմին է վերաբերում, չեմ յիշում ստոյգ երբ, բայց «մեր պաշտպանւածութիւնը մեր անպաշտւանւածութեան մէջ է» միտքը նրա շուրթերից է հնչել, որը եթէ իրականանար, պարզապէս հայ ժողովրդի թշնամիներին մատուցւած լաւագոյն եւ երազային նւէրը կարող էր լինել, եւ միայն այդ միտքը հնչեցնելու համար առաջին նախագահին խստագոյնս պիտի պատժէին: Նրա իշխանութեան օրօք էր, որ խորհրդային համակարգի ստեղծած լաւագոյն մասնագէտները դարձան անվերադարձ թափառականներ: Նա էր, որ փորձեց կռւի դաշտում արիւնով շահածը առանց արիւնահեղութեան թշնամուն վերադարձնել, գիտակցելով (սրանք իր խօսքերն են), որ Հայաստանը այդ քայլով ռիսկի էր դիմում (խօսքը Քարվաճառին եւ ընդհանրապէս ազատագրւած տարածքներին է վերաբերում), թէկուզ նախագահներ Ելցինն ու Քլինթոնը նրան վստահեցրել էին, որ մենք այդ քայլից չէինք տուժելու: Թե այդ երկուսի «երաշխիքները» տարածքները յանձնելուց յետոյ ինչ կշիռ կ՛ունենայինՙ դժւար չէ պատկերացնել: Նա էր, որ հրաժարական տալուց առաջՙ «Պատերազմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» զգայացունց յօդւածը հրապարակեց (ընթերցողին խորհուրդ եմ տալիս այդ յօդւածը մի քանի անգամ կարդալ, որպէսզի վերյիշիՙ թէ Տէր-Պետրոսեանը ինչպիսի մտայնութեան տէր անձնաւորութիւն է եւ, գալով Փաշինյանինՙ իբրեւ նրա համախոհը, մտորել, թէ հնարաւո՞ր է, որ Տէր Պետրոսյանի քաղաքական հայեացքները նրա ներկայիս որոշումների մէջ արտացոլւեն): Ըստ Տէր-Պետրոսեանի, եթէ Հայաստանը զիջումների չգնար, հայ ժողովրդին մի նոր կործանարար պատերազմ էր սպասւում: Այդ վերջնագիր-նախազգուշացումը 21 տարի առաջ է հնչեցւել: Պատկերացնո՞ւմ էք այս խօսքերը դարեր շարունակ հիմնականում պարտութիւններ ճաշակած, բայց վերջապէս յաղթանակած ժողովրդի «ընտրեալ» նախագահի շուրթերից են հնչել: Քիչ առաջ փորձեցի Լեւոն Տէր Պետրոսյանի «Պատերազմ, թէ Խաղաղութիւն» յօդւածը համացանցում գտնել ու կարդալ այն ընթերցելուց յետոյ նկատեցի, որ նա եւ իր համախոհները այդ մտքերին այսօր էլ շարունակում են հաւատալ եւ Ապրիլան պատերազմից յետոյ, նոյն պարւողական մտայնութեան թարմացւած տարբերակն էին կրկնում, որպէսզի հնարաւորութեան դէպքում այն իրականացնեն:

2008-ի նախագահական ընտրութիւնների վերջնարդիւնքը կեղծւած համարելով, Տէր-Պետրոսեանի համախոհները հրապարակ իջան, կարծում եմ Փաշինյանի գլխաւորութեամբ կամ առնւազն ակտիւ մասնակցութեամբ, որպէսզի արդարութիւնը վերականգնւէր եւ ժողովրդի «ընտրեալը» իշխանութեան գարնրանք հաստատ մոռացել էին, որ 1996-ին Տէր-Պետրոսեանն էր մեղադրւում նախագահական ընտրութիւնները կեղծելու համար, թէկուզ այն ժամանակ, արդարութիւնը վերականգնելու համար արիւն չթափւեց: Պարզամիտ պիտի լինել հաւատալու համար, որ Մարտի 1-ի ցոյցերը նախօրօք կազմակերպւած չէին, եւ «ժողովրդի» հրապարակ իջնելը արդարութեան ու ժողովրդավարութեան վերահաստատման համար մաքուր քայլեր էին: Շատ լաւ եմ յիշում, որ անկարգութիւնները եւ ի հարկէ արիւնահեղութիւնը դադարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր Տէր-Պետրոսեանի մօտ գնացել (կարծեմ նրա սեփական տան դուռը թակելով), որին նա անամօթաբար մերժել էր ընդունել եւ յետոյ յայտնել, որ այդ գիշեր քնել էր այնպէս, ինչպէս երբեք, կամ նման մի բան: Պատկերացնո՞ւմ էք, մայրաքաղաքում չտեսնւած անկարգութիւններ են, մարդիկ են սպանւել ու երկրի առաջնորդի պաշտօնին յաւակնողը, որի համար է այդ ամէնը տեղի ունենում, տանից դուրս չի գալիս, որպէսզի փորձի եղբայրասպանութիւնը դադարեցնել, դրա փոխարէն վայելելով հանգիստը եւ սպասելով, որ իր հրոսակները հարցերը լուծեն ու նա նորից իշխանութեան գայ: Ես նմամ մարդու անցեալին ու գործելակերպին չեմ կարող հաւատալ, քանի որ տպաւրութիւնն այն է, որ Տէր-Պետրոսեանի ճամբարինՙ անկարգութիւններն ու մանաւանդ մարդկային կորուստները անհրաժեշտ եւ լաւագոյն միջոցներն էին գործընթացը արագացնելու եւ յաջողութեամբ պսակելու համար:

Ինչպէս ասացի, Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի դէպքերից եմ յիշում, երբ նա ձողը (կարծեմ մետաղեայ) ձեռքին ցոյցի մասնակիցներին յարձակման էր յորդորում: Ուկրաինայում նման գործելակերպի արդիւնքը ռուսամէտ նախագահի փախուստով եզրափակւեց, եւ կարծում եմ Հայաստանում էլ նոյն նպատակն էր հետապնդւում, իսկ այս տարւայ մայիսին տեղի ունեցածն էլ հէնց այդ սցենարի շրջանակներում է տեղաւորւում (մի քանի տարի առաջ տեղեկացայ, որ ամերիկացիները Հայաստանը արեւմտեան ճամբարին միացնելու ժամկէտը 2015-ն էին նշել, հետեւաբար ամէն ինչ ըստ ծրագրի է ընթանում, թէկուզ որոշ ուշացումով): Քանի որ Ուկրաինայի մասին խօսք եղաւ, յիշենք թէ նրանք իրենց քաղաքական կողմնորոշումը փոխելու համար ի՛նչ կորուստներ են կրել եւ դրա փոխարէն ժողովուրդը ի՛նչ դրախտային պարգեւներ է ստացել իմ մտահոգութիւնը հէնց քաղաքական կողմնորոշման փոփոխութեան հետեւանքներին է վերաբերում:

Որպէզի նկատառումներս բացարձակապէս միակողմանի եւ հակափաշինյանական չհնչեն, ուզում եմ մի ընդհանուր ցաւալի հարցի անդրադառնալ: Անկախացումից մինչեւ վերջին իշխանութեան անկումը, իրար յաջորդող իշխանութիւնները մի ընդհանուր գործելաոճ են ունեցել, որը ժողովրդական ընդվզման համար պարարտ հող է ստեղծելգրեթէ բոլորը իշխանութիւնը օգտագործել են իբրեւ հարստացման լծակ եւ յաճախ իրենց ապօրինի հարստացումը ցուցադրել են նոյն ժողովրդին, որի տեսականօրէն ներկայացուցիչներն ու շահերի պաշտպանը պիտի լինէին: Պատմութեան էջերը թերթելով տեսնում ենք, որ մեր պատմաբանները մի հարցի շուրջ գրեթէ միշտ նոյն թերի մօտեցումն են ցուցաբերել մեր կորուստներն ու պարտութիւնները նրանք գրեթէ միշտ դաւաճանների, դժբախտութիւնների եւ թշնամու թւային գերազանցութիւններին են վերագրել, մոռանալով նշել, որ մեր հին ու նոր իշխանութիւնները միայն դժւարութիւնների ժամանակ են ժողովրդին յիշել, մինչդեռ նիւթական բարիքները վայելելիս, նրանց իբր մի ստոր զանգւածի են նայել, եւ մի գուցէ հէնց այս մօտեցումն է ժողովրդի մի մասին դրդել, որ ներքին թշնամուց ազատւելու համարՙ երկրի դռները արտաքին թշնամու առաջ բաց անեն: Իմ կարծիքով այսօր էլ նոյն երեւոյթի կրկնութիւնն էիշխանութեան եկած նոր առաջնորդների առատ ու շռայլ խոստումներին հաւատալով (մանաւանդ եթէ դրանց ներկայացման ձեւերը գիտականօրէն մշակւած ու ընտրւած են) եւ նախկինների գործունէութիւնից յուսախաբութիւն ապրելով, իշխանափոխութեան հերթական պահին, շատերը մտածում են, որ նորեկները հո նախկին յանցախմբից աւելի վատը չեն լինի: Նոյն տրամաբանութեամբ շատերը մտածում են հայ ժողովրդին «յուզող» հարցեր լուծելու համար, հանգիստ խղճով կարելի է արտասահմանեան կազմակերպութիւնների մատուցած դրամաշնորհները «բարի» նպատակների համար օգտագործել:

Այսքան հեռւից գալը մի պարզ պատճառ ունիպարզել ներկայիս եւ Տէր-Պետրոսեանի իշխանութիւնների հաւանական ընդհանրութիւնները: Նիկոլ Փաշինեանը Լեւոն Տէր-Պետրոսեանի հովանու ներքոյ է աճել եւ դարձել ընդդիմադիր եւ հիմա արդէնՙ երկրի առաջնորդ ըստ երեւոյթին նրան հետաքրքրողը (վստահ եմ, որ նրա թիկունքում աւելի մեծ ուժեր են կանգնած) ոչ թէ արդարութիւնը եւ երկրի անվտանգութիւնը ապահովելն ու երաշխաւորելն է, այլ նախկին իշխանութիւններին, որոնք իրենց կողմնորոշմամբ ռուսամէտներ էին, ամէն գնով իշխանական համակարգից վտարելն ու քաղաքական դաշտ վերադառնալու ամէն հնարաւորութիւն զրոյացնելն է: Եթէ ընդունենք, որ «սիրոյ յեղափոխութեան» ճամբարում գտնւողների հայեացքը դէպի արեւմուտք է սեւեռւած (տեսնես նորաթուխ երիտասարդ նախարարներից ու աւելի բարձր պաշտօններ զբաղեցնողներից քանի՞սն են տարատեսակ ՀԿ-ների նախկին աշխատողներն ու նրանց ծրագրերի իրականացնողներըես այն պարզամիտներից չեմ, որ այդ կազմակերպութիւնների գործունէութիւնը մեր երկրում անկեղծ եւ օգտակար համարեմ) եւ նրանք արեւմտեան «արժեքներ» ու իսկական ժողովրդավարութիւն քարոզելով, կաշառակերութեան դէմ պատերազմ յայտարարելով, չեմ հասկանում թէ իմ նման անհաւատներին ու ամէն գործընթացի մէջ դաւադրութիւն տեսնողներին իրենց արդարացիութիւնը ապացուցելու համար ինչո՞ւ չեն նշում, թէ արեւմտեան ուղղութիւն որդեգրած ո՞ր երկիրն է դրախտային պայմաններ վայելում, որ մենք էլ յոյս ունենանք յաջորդը լինելու:

Փորձում են մեզ հաւատացնել, որ յեղափոխութիւնը ներսում ծնւած ու յաղթանակած ժողովրդական ինքնաբուխ շարժում է, որը ողջ աշխարհի զարմանքն ու համակրանքն է հարուցել: Պարզ է, որ յեղափոխութեան աղբիւրից ջուր խմողի համար նմանատիպ հաստատումներ հաւաստի են եւ արդարացի, իսկ ինչ ժողովրդին է վերաբերում, վստահ չեմ, որ սիրոյ եւ արդարութեան խոստումներով հնարաւոր է երկիր կառավարել:

Արեւելք, թէ՞ Արեւմուտք, որի՞ գիրկն ընկնել: Վերջին 25 տարիների ընթացքում մեզ բթացնելով փորձում են հաւատացնել, որ մենք եւրոպացիներ ու դրա քաղաքակրթութեան կրողներն ենք եւ մենք էլ պէտք է այդ ընտանիքի մասնիկը դառնանք ու դրա բարիքները վայելենք: Ես կարծում եմ, որ մենք պատմութեան դասերը լաւ չենք սերտել: Մեր բոլոր դժւարութիւններն ու ձախողումները մեր արեւելեան (իմաՙ Ռուսաստանին) կողմնորոշմանը վերագրելով: Հարց է ծագում. եթէ Աստւած մի արասցէ վաղը իշխանութիւններին յաջողւի Հայաստանի կողմնորոշումը դէպի Արեւմուտք թեքել եւ նրանց «բարիքները» վայելելիս, հրահանգներն էլ այնտեղից մեզ թելադրւեն, հնարաւո՞ր է արեւմտեան (իմաՙ ամերիկեան) հակաիրանական քաղաքականութեանը չենթարկւել: Կողմնորոշման փոփոխութեամբ (ես այդ վարւելակերպը աքացի գցել եմ որակում) հնարաւո՞ր է Ռուսաստանի համապատասխան վրէժխնդրութիւնից խուսափել, ինչպէս դա ղարաբաղեան պատերազմի ընթացքում Շահումյանի կորստի ժամանակ տեղի ունեցաւ: Իմ կարծիքով, այսօրւայ եւ վաղւայ Հայաստանի գոյութեան հիմնական գրաւականը Ռուսաստանն է ու մեր ռուսական կողմնորոշումը, ինչպէս դա եղել է վերջին 250 տարիների ընթացքում: Կարծում էք սխալւու՞մ եմ: Երբ Սաակաշւիլին ամերիկացիների տւած դատարկ խոստումներից ու քաջալերանքից ոգեւորւածՙ Ռուսաստանի դէմ չեղած թուրն էր ճօճում, Վրաստանի տարածքների 20 տոկոսը կորցնելուց յետոյ, ամերիկացիների միակ միջամտութիւնըՙ Սարկոզիին ռուսների մօտ ուղարկելը եղաւ, որպէսզի նրանց արշաւը (ես կ՛ասէի պատժարշաւը) դէպի Թիֆլիս դադարեցւիտարածքների կորուստը «ոչինչ», բայց վնասը «սահմանափակելու» համար վրացիները ամերիկացիներին շնորհակալ պիտի լինեն: Նախքան ռազմական գործողութիւնների սկսւելը, Սաակաշւիլին ասել էր, որ ռուսները չեն համարձակւի ներխուժել, իսկ ամերիկացիները մեզ կ՛օգնենյաջորդ զարգացումները ցոյց տւեցին, թէ ամերիկացիները ինչքան յուսալի դաշնակիցներ են: Նոյնը Ուկրաինայի մասին կարելի է ասել, ուր իսկական պարտւողը դարձեալ այդ երկրի ժողովուրդն է, որը թէկուզ «դարձել» է արեւմտեան ժողովրդավարական պետութիւն, բայց դրա համար վճարել է Ղրիմով, երկրի արեւելեան հատւածի անորոշ կարգավիճակով եւ երկրի տնտեսական ու քաղաքական անկայուն իրավիճակովիսկ շահողը բնականաբար ամերիկացիներն են, որոնք մի քանի հարյուր միլիոն ներդնելով ու ուկրաինացիներին «ժողովրդավարութիւն» շնորհելով, իրենց ռազմակայանների «վաստակած» իրաւունքն են շահել:

Հայաստանն իր ռուսամէտ կողմնորոշմամբ այսօր կարեւոր (թէկուզ փոքր ու համեմատաբար թոյլ) օղակ էՙ ռուս-պարսկական ճամբարի համար, որի համար նրանք պէտք եղածը Հայաստանի համար անում են, եւ եթէ մեր քարտեզը մի քիչ աւելի յուսալի ապագայ խոստացող երկրի քարտեզի նման է, դա նաեւ նրանց օգնութիւնների շնորհիւ է տեղի ունեցել: Սա այն պատմական պահերից է, երբ մեր, Իրանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, մինչ կոյր մարդն էլ կարող է տեսնել, որ ներկայ դասաւորումը արեւմտեան ճամբարին բացարձակապէս ձեռնտու չէ: Վաղը, արեւմտեան ճամբարում գտնւելուց առաջ, մենք կը դառնանք կեղտոտ անձեռոցիկ, որը ոչ մէկի համար էլ պիտանի չի լինի: Եթէ արեւելեան ճամբարում մեր դերն ու անելիքը պարզ է, արեւմտեան ճամբարում չգիտես ինչով կարող ենք մեր գոյութիւնը եւ ներկայութեան իմաստը արդարացնել: Եթէ ընդունենք, որ այն ինչ ղարաբաղեան պատերազմի արդիւնքում իրականցւեց, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի տարածաշրջանային դերակատարութեան ամրապնդմանը յանգեցրեց, պարզ է, որ արեւմտեան ճամբարի համար հակառակը տեղի ունեցաւ եւ կողմնորոշման փոփոխութեան նպատակը հէնց այդ աննպաստ աշխարհաքաղաքական դասաւորման «շտկումն» էՙ յօգուտ ամերիկացիների, թուրքերի, ազերիների, Իսրայէլի եւ ի վնաս մեր դաշնակիցների, եւ կործանարար մեզ համար:

Ռուսամէտ, թէ՞ ամերիկամէտթւում է թէ հարցադրումը պարզ է եւ համապատասխան պատասխան գտնելր այնքան էլ դժւար չէ: Իմ կարծիքով, եթէ ամերիկացիները մեր տարածաշրջանում, ինչպէս այլուր, փորձում են Իրանին ու Ռուսաստանին պարտութեան մատնել եւ այդ երկրները մասնատել, մեր տեղը այս պատմական դիմակայման մէջ պէտք է որ յայտնի լինի, քանի որ մեծերին ճզմելու ճանապարհը փոքր դաշնակիցներին շարքից հանելու ճանապարհով է անցնում (Արեւելեան Եւրոպայի կորուստը, Հարաւսլաւիայի մասնատումը, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Լիբիա, Աֆղանստան, Իրաք, Սիրիա...). այսքանից յետոյ արեւմտեան կողմնորոշումից խօսելը կա՛մ ինքնասպանութեան փորձ է, կա՛մ դաւաճանութիւն:

Թեհրան 30.08.18

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ