RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4371, Տպվել է` 509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅԴ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ԲԱՌԸՙ ՀԱ՜Ց

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հաց համարվող սննդատեսակն իր բարձր սննդարարության, գերազանց համային հատկությունների, լավ յուրացվելու եւ հագեցնելու, պատրաստման դյուրինության ու էժանության շնորհիվ երկիր մոլորակի չորս կողմերում ստացել է լայն տարածում: Հատկապես ցորենի տարբեր տեսակների ալյուրից պատրաստված հացն առատորեն պարունակում է սպիտակուցներ ու ածխաջրեր, հանքային նյութեր ու վիտամիններ, բջջանյութեր: Ասվածը պարզ հանրագիտարանային իրողություն է, որոնց արդյունքում հացի որակի ցուցանիշներն ենՙ արտաքին տեսքը, համը, հոտը, խոնավությունը, թթվայնությունը, ծակոտկենությունը, միջուկի փափկությունը: Թերեւս այս ամենի արդյունքում է պարզ ու հասարակ այս սննդատեսակը հաց հանապազօրյա ձեւակերպմամբ տեղ գտել Տերունական աղոթքում եւ մեր օրերը հասել այս սուրբ հացով եմ երդվում խոսքերով: Էլի շատ ու շատ առիթներով կարելի է հիշել այս հավերժ ուտեստի մասին, որից դրա արժեքը միայն ու միայն իմաստավորվում է, հարգանք ու պատկառանք պարտադրում:

Հայերիս, ինչպես աշխարհի շատ ազգերի, ընդունված է հացակեր համարել, չգիտես ում կողմից սահմանված չափի առումով: Այդպես է թե ոչ, որեւէ մեկը հաստատել չի կարող, քանզի մեզնից յուրաքանչյուրի շրջապատում կան հացի նվազագույն քանակներ սպառող մարդիկ: Այս առումով վիճակն ավելի տեսանելի է սփյուռքահայերի շրջանում, թե՛ արեւելահայ, թե՛ արեւմտահայ հատվածներում, երբ ճաշի սեղանին բավարար սննդատեսակներ են հայտնվում, հացը նաեւ երբեմն մոռացվում է: Այսուհանդերձ այն ինչ-որ առումով երկրները հացահատիկի տեսքով մշակում են, մաքրում ու աղում, որը հաց, մակարոնեղեն ու հրուշակեղեն է դառնում ու մարդկանց սեղաններին հայտնվում:

Վստահ եմ ընթերցողին կհետաքրքրի, թե այս առումով ինչ պատկեր էր նախորդ դարասկզբի նախախորհրդային Հայաստանի տարածքում: Վիճակագրությունը փաստում է, որ դաշտային կուլտուրաների 346 հազար հեկտար ցանքատարածությունների 306 հազար հեկտարը, մոտ 90 տոկոսը օգտագործվում էր հացահատիկային բույսերի աճեցման նպատակով, որից 190 հազար հեկտարը ցորենի, մնացածըՙ աշնանացան ու գարնանացան գարու ստացման համար: Հացահատիկային մշակաբույսերի հանդեպ հետաքրքրությունը շարունակվել է նաեւ խորհրդային շրջանի կոլխող-սովխոզների պարագայում, երբ ցանքատարածությունները հասել են 340 հազար հեկտարի: Վիճակագրությունը, թե որքանով այն կարելի է հավաստի համարել, հեկտարի հաշվով 600-700 կգ բերքատվություն է նշում: Անշուշտ հարց է, քանզի 1 հա ցանքսի համար պահանջվում է մինչեւ 250 կգ սերմացու: Ընդունենք, որ հայ հողի մշակը ճարահատյալ ցանքս իրականացրել է:

Հետպատերազմյան տասնամյակներին հացահատիկային մշակաբույսերի տարածքները ՀՍՍՀ-ում էապես նվազել են: Այն պայմանավորված է խորհրդային կենտրոնական մարմինների որոշումների հետ, ըստ որոնց ցորենի մատակարարումներն իրականացվելու էին ԽՍՀՄ առավել ընդարձակ տարածություններ ունեցող հանրապետություններից, իսկ հայկական հողերում մշակվելու էին բանջարա-բոստանային ու այգեգործական արեւահամ գյուղմթերքներ: Այդ նպատակով կառուցվեցին ջրանցքներ, քանզի Արարատյան դաշտավայրում առանց ջրի հնարավոր չէր գյուղատնտեսական գործունեություն ծավալել: Արդյունքում արդեն 1965 թվականին հացահատիկային կուլտուրաների ոչ վաղ անցյալի 340 հազար հեկտարը իջավ 220 հազարի, 10 տարի անցՙ 170 հազարի, իսկ 1985-ին կազմեց 135 հազար հեկտար: Ասել, թե ՀՍՍՀ-ում միջին բերքատվությունը տեսանելիորեն բարձրացավ, տեղին չի լինի. ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, հացահատիկի հեկտարի միջին բերքատվությունը նվազագույն 2 տոննա էր կազմում: Նույն վիճակն էր մեզանում, որի արդյունքում հողային հսկայական կարողունակություն ունեցող երկիրը ստիպված էր ցորենի զգալի ծավալների ներկրում իրականացնել:

Այս անցանկալի գործընթացը ցավալիորեն շարունակվեց նորանկախ Հայաստանում, երբ խորհրդային տնտեսագիտությունից կուրորեն կառչած հայ տնտեսվարական միտքը որդեգրելով 1 բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկով ինքնաբավություն ապահովելու մոտեցումը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք ինքնաբավ լինել չի կարող: Հեղինակիս մոտեցմամբ այսօրինակ ձեւակերպումներն էին նաեւ պատճառը, որ մարդկանց մոտ որոշակի խուճապ առաջացավ, իր բազմաթիվ բացասական հետեւանքներով: Այդօրինակ մոտեցման պատճառը հետեւյալն էր. խորհրդային տնտեսագիտությունն արձանագրել էր, որ 1970-ականներին երկիր մոլորակի հզորագույն տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 200 մլն բնակչության առումով արտադրվում է 200 մլն տոննա հացահատիկ: ԽՍՀՄ ղեկավարները հավատացած էին, որ երկրի մոտ 300 մլն բնակչության պարենային հիմնահարցը լուծելու համար հարկ է 1980-ականների 220 մլն տոննա հացահատիկի արտադրությունը հասցնել 300 մլն տոննայի եւ կապրեինք խոստացված կոմունիզմի օրոք: ԽՍՀՄ տնտեսության պատասխանատուները չէին նկատում, չի բացառվում նաեւ պարզապես չնկատելու ցանկությունը, որ ԱՄՆ-ի 200-210 մլն տոննա հացահատիկի ցուցանիշի մեջ ցորենը կազմում էր հազիվ 45-46 մլն տոննա, վարսակը 11-12 մլն տոննա, տարեկանը 10-11 մլն տոննա: Հացահատիկի տակ հաշվառվում էր նաեւ եգիպտացորենի 140-150 մլն տոննա կազմող հատիկը, որը վիճակագրությունում ընդունված մոտեցում է: Այնպես որ ԱՄՆ-ում ցորենի 45-46 մլն տոննա արտադրությունը, 1 բնակչի հաշվով 200 կգ, լիուլի բավարարում էր երկրի ներքին պահանջարկը, որոշ քանակ էլ արտահանվում էր: Պատկերը համանման է շուրջ 50 տարի անց. ԱՄՆ-ի ներկայիս բնակչությունը 330 մլն է, ցորենի տարեկան արտադրությունը միջինը 55 մլն տոննա, եգիպտացորենի հատիկը 360 մլն տոննա: Ցանկացած մեկը, եթե անհրաժեշտություն ունի, կարող է տեղեկանալ, որ ցորենից էլ բարձր էներգետիկ արժեք ունեցող եգիպտացորենի հատիկը երկիր մոլորակի չորս կողմերում օգտագործվում է անասնակերի լիարժեք բաղադրիչ, ապահովում անասունների բարձր մթերատվություն, օրական մսաճի ու կաթնատվության տեսքով, որոնց վերամշակումներն էլ կանոնակարգում են մարդկանց կողմից հացամթերքների սպառումը: Տասնամյակներ առաջվա մի յուրօրինակ զրույց կա. ընկերական շրջապատում մեկը հիշում է, որ Ֆրանսիայում 420 տեսակի հաց կա եւ... 430 տեսակի պանիր: Զրուցակիցներից մեկը տարակուսում է, թե մնացած 10 տեսակի պանիրներն ինչպես են ֆրանսիացիներն սպառում: Սաՙ կես կատակ:

Այսուհանդերձ վերադառնանք մեր գործերին, որոնք լիարժեքորեն կարելի է նաեւ մտահոգություններից մինչեւ անհանգստություններ որակել, քանզի արդեն 30 տարի է ոչ մի կերպ չի հաջողվում հաց-հացամթերքների հիմնական հումք հանդիսացող ցորենի սեփական արտադրությամբ պարենային որոշակի ինքնաբավության աստիճանի մոտենալ: Վիճակն անհանգստացնող է, իսկ անհանգստանալու ցանկություն միմյանց հաջորդող իշխանություններն ու կառավարությունները նվազագույնս չեն ցուցադրում: Խնդրի հիմնական պատասխանատու գյուղատնտեսության նախարարությունը կարծես կադրերի փորձադաշտ լինի: Վերջին 10-ամյակում պաշտոնավարած թվով 6 նախարարներից ընդամենը մեկն է իշխող հանրապետականի անդամ դարձել պաշտոնն ստանձնելուց հետո, որն իմաՙ ամբողջական պատասխանատվություն է կրում ՀՀ կառավարության 20-ամյա տնտեսական քաղաքականության համար: 3-ը ՀՅԴա կա ն են եղել, 2-ը Օ Ե Կ -ա կա ն եւ ... 0 պատասխանատվություն: Ասվածը կարծես զավեշտի ոլորտից լինի, քանզի յուրաքանչյուր նոր նախարարի համար մի նոր ռազմավարական ծրագիր է գրվել, այն հաստատվել հերթական կառավարության հերթական նիստում եւ մոռացվել: Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ ծանոթացեք: Ըստ համանման մի փաստաթղթի 2015-ին հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմելու էր 530 հազար տոննա, որի անգամ կեսը չարտադրվեց: Էլ ավելի պակաս էր բերքը 2017-ին, քանզի գյուղացիական տնտեսությունները մասսայաբար հրաժարվեցին հող մշակելուց, հատկապես ՀՀ գյուղնախարարությանՙ պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով գնված սերմը ցանելուց: Փորձաքննություն չանցած սերմի օգտագործումն ուղղակի փորձանք է հողի մշակի համար: Արդյունքում ունենք մի վիճակ, երբ յուրաքանչյուր տարի երկիր է ներմուծվում 300-400 հազար տոննա ցորեն ու ալյուր: Այս քանակի հացահատիկ աճեցնելու համար ամենուր պահանջվում է 60-80 հազար հեկտար արդյունավետ մշակված գյուղատնտեսական տարածք, որը հայերիս տրամադրության տակ գտնվող վարելահողերի 12-13 տոկոսն է կազմում: Պատճառաբանություններՙ որքան ուզեք, արդարացումներՙ ինչքան կամենաք, խոստումներՙ ցանկացածից ավելին:

Թե ինչու է երկիրը նման ճյուղային կառույց պահում, երբ նախարարությունից բացի գործում են տեսչություններ, ծառայություններ, գործակալություններ, փորձակենտրոններ ու ինստիտուտներ, զուգահեռաբար գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ իր մարզային կառույցներով, ուղղակի անհասկանալի է: Արդյո՞ք երեք տասնամյակը բավարար չէր ՀՀ-ում հացահատիկի ցանքսի հեկտարի միջին բերքատվությունը նվազագույնը 3 տոննայի հասցնելու համար, որը հույս կներշնչեր, որ այն հետագա տարիներին կհասցվեր 4-5 տոննայի, տեսարՙ ամենուր ապահովվող 6-8 տոննայի, որը գյուղաբնակի աշխատանքը արդյունավետ կդարձներ, մարդկանց հույս կներշնչեր: Այդ ինչպե՞ս է հայերիս հազիվ կրկնակի տարածքն ունեցող Չեխիային հաջողվում տարեկան մինչեւ 6 մլն տոննա ցորեն աճեցնել: Ու՞մ խնդիրն է նման վիճակագրություն վերլուծելը, փորձն ուսումնասիրելը, խնդիրները լուծելը, որոնք մեզանում գերխնդիրների են վերածվում բարձրագույն կառավարողների անգործությունից մինչեւ պաշտոնեական անպատասխանատվության արդյունքում:

Հաճախ ենք հասնում այն աստիճանի, որ Արարչին ենք դիմում մեզ օգնելու, զորանալու, հզոր Հայաստան դառնալու խնդրով: Այս գործելաոճն ամենայն անկեղծությամբ սկսում են հուզառատ ստեղծագործողները, տարօրինակորեն շարունակում գործադիր իրավասություններ ունեցող նախարարները: Չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել, որ անհրաժեշտ առավելագույնը տրվել էՙ հող, ջուր, ջերմություն: Միայն այն, որ հայերիս ունեցած վարելահողերում կարելի է նվազագույնը 4-5 մլն տոննա ցորեն աճեցնել, որը 20-25 մլն բնակչության հացի, մակարոն-հրուշակեղենի պահանջը կարող է բավարարել, փաստ է: Բայց մեզ պետք է 7-8 մլն բնակչի մասին հոգալ, մնացյալ գյուղնշանակության հողերում մեր առաջնահերթ սննդակարգին անհրաժեշտ միս-մսամթերքը, կաթ-կաթնեղենը, բուսական ու կենդանական յուղերը, շաքարավազի հումքն արտադրել: Այս ամենը մի կողմ թողած մենք ստանձնում ենք այլոց վայելքներն ու հաճույքները սպասարկողի դերը. կոնյակ ու գինի ենք արտադրում, երբ ինքներս դրանցից նվազագույնն ենք օգտվում, այդկերպ ձգտում լրացնել սրճային ու բանանային երկրների ցանկը:

ՀՀ քաղաքացուս շրջապատի տասնյակ ընտանիքներ ու հարյուրավոր ներկայացուցիչներ Աստծո յուրաքանչյուր օր են մտահոգվում, թե մինչեւ երբ է շարունակվելու մեր այս տխուր վիճակը: Հաց-հացամթերքներն առանց որեւէ հիմնավորման թանկանում են, որակն ընկնում է, իսկ արդարացումը մեկն է. համաշխարհային շուկայում ցորենի գներն աճել են: Անամոթաբար ստում են, քանզի ցորենի տոննայի միջազգային գները վերջին տասնամյակներին 180-220 դոլարի սահմաններում են, եզակի տարիներիՙ մի փոքր բարձր: Ինչու՞. որովհետեւ ցորեն աճեցնելը ձեռքի հետ իրականացվող գործ է, 2000-2014 թվականներին այն 586 մլն տոննայից հասել է 729 մլն տոննայի: Չինաստանում ավելացրել են 26 մլն տոննայով, Հնդկաստանում 18 մլն տոննայով, Ուկրաինայում 14 մլն տոննայով, Գերմանիայում 6 մլն տոննայով, Պակիստանում 5 մլն տոննայով, Եգիպտոսում 3 մլն տոննայով: Էլ որն ասեմ, էլ որը, այնպես որ այս երկրների տարածքները չէ որ ավելացել են, այլՙ գյուղատնտեսական գործունեության արդյունավետությունը, որը ՀՀ պարագայում հետընթացի տեսքով է ներկայանում, մեկ էլՙ ոլորտի կառավարիչների ինքնագոհությամբ:

Երկիր մոլորակի չորս կողմերում դժվար գտնվի մի պետություն, որն այսչափ միջոցներ ծախսելով գյուղոլորտը քիչ թե մասամբ կայացնելու առումով, անգամ նվազագույնին չի հասնում: Հերթական ապացույցը ՀՀ վարչապետի այցն էր գյուղատնտեսական շուկաներ, որտեղ արձանագրվածը խայտառակություն անվանելն անչափ մեղմ որակում է: Ամառն ավարտվում է, իսկ վաճառվող լոլիկը ջերմոցային է, կիլոգրամն էլՙ... 800 դրամ:

Էս հացը վկաՙ չշարունակեմ:

03.09.2018 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ