RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4321, Տպվել է` 505, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԿ-Ի «ՍԻՐԻԱԿԱՆ» ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Պ .Ք.

ՄԱԿ-ը կկարողանա Սիրիայի վերականգնման աշխատանքներին մասնակցել միայն այն բանից հետո, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի քարտուղարության գաղտնի կարգադրագրում: Այդ փաստաթղթի գոյության մասին հայտնի է դարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: Նախարարը ՄԱԿ-ից պահանջել է բացատրություն տալ, թե ինչու նման հարցերը ներքին գաղտնի կարգադրությունների առարկա են դառնում ի շրջանցումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, եւ արեւմուտքցի գործընկերներին մեղադրել է համաշխարհային կազմակերպությունը իրենց նպատակներին ծառայեցնելու մեջ: ՄԱԿ-ը ժխտում էր նման կարգադրագրի գոյությունը:

«Սիրիայում ՄԱԿ-ի աջակցության պարամետրերն ու սկզբունքները» վերնագրված երկու էջանոց փաստաթուղթը կազմվել է 2017 թ. հոկտեմբերին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալներով, տվյալ փաստաթղթի հեղինակը ամերիկացի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով նախկին օգնական Ջեֆրի Ֆելդմանն է, որն իր պաշտոնը թողել է այս տարվա գարնանը: Կարգադրագրի էությունը կարելի է հանգեցնել երեք կետի:

ՄԱԿ-ը առաջ չի քաշի գաղթական փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձման գաղափար, բայց կօժանդակի վերադարձողներին:

Համապարփակ եւ իսկական քաղաքական իշխանափոխությունից հետո միայն ՄԱԿ-ը պատրաստ կլինի օժանդակել վերակառուցմանը:

ՄԱԿ-ի օգնությունը չպետք է հատկացվի այն կողմերին, որոնք մեղավոր են պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված ոճիրների մեջ:

Փաստաթղթի գոյության մասին Սերգեյ Լավրովը առաջին անգամ պատմեց օգոստոսի 20-ին Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ համատեղ բանակցությունների ժամանակ: Նրա խոսքերով, ռուսաստանցի դիվանագետները ՄԱԿ-ի քարտուղարության այդ կարգադրագրի գոյության մասին իմացել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, երբ հետաքրքրվել էին, թե ինչպես է նախատեսվում համակարգել Պալմիրայի վերականգնման գործողությունները:

«Այն բացատրությունից, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող զբաղվել, մենք հասկացանք, որ կարգադրություն է ստացվել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանից», լրագրողներին պատմեց Սերգեյ Լավրովը գաղտնի կարգադրագիրը հիշատակելիս: Նրա խոսքերով, Մոսկվան պարզաբանումների համար դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Մի քանի օր անց գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՏԱՍՍ գործակալությանը հայտարարեց, թե գաղտնի կարգադրագիր չի եղել: ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւս ՀԼԸ գործակալության թղթակցին հայտարարեցին, թե որեւէ բան չգիտեն նման փաստաթղթի գոյության մասին: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Սիրիայի վերաբերյալ տվյալ կազմակերպության վերջին նորությունը թվագրված է 2017 թ. հոկտեմբերի 5-ով: Այն ժամանակ խոսվում էր Պալմիրայում առյուծի քանդակի վերականգնման մասին:

Ինչպես նշեց Սերգեյ Լավրովը, կարգադրագիրը տարածված է եղել ՄԱԿ-ի ամբողջ համակարգում: Դա հաստատել է նաեւ Դամասկոսում ՄԱԿ-ի կառույցներից մեկին մոտիկ կանգնած մի աղբյուր: «Այդ փաստաթուղթը հայտնի է ՄԱԿ-ի կառույցներում, եւ հենց դրա վրա ենք մենք հիմնվում մեր աշխատանքում», ասել է աղբյուրը: Նրա խոսքերովՙ փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխվել է, եւ նեկայումս մի շարք երկրներ խոսում են Սիրիայում ՄԱԿ-ի կառույցների շրջանակների վերանայման անհրաժեշտության մասին:

Լավրովի խոսքերով, Սիրիայում վերակառուցմանը նպաստելու պատրաստ նվիրատուների կազմը շարունակ փոփոխվում է: Զարգացման ծրագրի հիմնական նվիրատուներն են Ճապոնիան, Նորվեգիան, Գերմանիան: Մասնակցում են նաեւ Ռուսաստանը, Շվեդիան, Դանիան եւ Շվեյցարիան: Ամեն տարի Սիրիայում ծախսվում է մոտ 60 մլն դոլար: Երկրի վերականգնման ընդհանուր ծախսերը գնահատվում են 200-400 մլրդ դոլար: Ոչ մի երկիր միայնակ գլուխ չի հանի դրանից:

Հատկանշական է, որ Սիրիայի վերականգնման վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները միանման են: Սերգեյ Լավրովի ելույթից բառացիորեն մի քանի օր առաջ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի վաշինգտոնյան այցի կապակցությամբ Պետդեպարտամենտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական լուծման բացակայության պայմաններում վերականգնմանն առնչվող ամեն տեսակ որոշումները վաղաժամ են»:

Երկու շաբաթ անցՙ օգոստոսի 31-ին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարեց. «ՄԱԿ-ի փողերը Սիրիա կգան միայն այդ երկրում վստահ քաղաքական գործընթացի ձեռնարկման դեպքում»:

Մինչդեռ Մոսկվայում գտնում են, որ այդ փողերը Սիրիային հարկավոր են արդեն հիմա: Ընթացիկ տարվա ամռանը Ռուսաստանը արդեն նախաձեռնեց սիրիացի գաղթականների հայրենադարձությունը: Ռուսաստանցի դիվանագետներին վրդովմունք է պատճառում այն, որ Արեւմուտքը եւ արաբական երկրները հրաժարվում են փող հատկացնել պաշտոնական Դամասկոսի վերահսկողությանը ենթակա տարածքների վերականգնմանը: Միեւնույն ժամանակ նրանք փողեր են ներդնում սիրիական ընդդիմության գրաված տարածքներում: Սերգեյ Լավրովի կարծիքով, դա կարող է հանգեցնել Սիրիայի մասնատմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ