RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5629, Տպվել է` 548, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱ ՀՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿ ԼԱ՞Վ ԷՐ»

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Իշխանափոխությունից հետո մեր քաղաքացիների (այդ թվում եւ իմ) ոչ բոլոր ցանկություններն էին, որ կատարվեցին: Եվ դա նորմալ է, քանի որ ոչ մի իշխանություն, որքան էլՙ լավը լինի, ի զորու չէ բավարարել իր քաղաքացիների պահանջները, որովհետեւ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, քաղաքացին ղեկավարի հետ զրույցում միշտ մատնանշում է իր իրավունքները, մոռանալովՙ պարտականությունները: Այդպես է նաեւ Հայաստանումՙ պահանջ, պահանջ, պահանջ. վաղուց եմ կիսել հայրենակիցներիս այն տեսակետը, թեՙ երեք ամսում ոչինչ հնարավոր չէ անել: Մանավանդՙ մեր երկրի դեպքում, երբ տնտեսությունն այնպես է քանդվել, կարծեսՙ Նագասակիի կենտրոնական հրապարակը լինի: Բայց այս ամենով հանդերձ, իշխանությունն էլ մի շարք պարտականություններ ունի, որոնք կարող է անել, բայց չի անում, ավելինՙ առաջնայինը թողած, երկրորդականի, հաճախՙ անկարելիի հետեւից է ընկնում:

Չեմ ուզում անուն առ անուն նշել, թե ով ինչ է անում, որովհետեւ բոլորն էլ կարդալ գիտեն, դատողությունից էլ կարծեսՙ բողոքներ չկան: Ի՞նչ արած, քաղաքականություն է, սխալներ ու բացթողումներ էլ կլինեն, ո՞ր քաղաքական ուժն է անթերի: Սխալների վրա են սովորում, իհարկե, եթե սխալվողն այդ սխալն ընդունում է: Մի խոսքովՙ համարյա ամեն ինչ տանելի է, համարյա ամեն ինչ անուն ունի, բայց մի բան կաՙ ի՞նչ անուն տանք այն երեւույթին, երբ իշխանության ներկայացուցիչներն իրենց ուղղված թերացումների մատնանշմանն ի պատասխան ասում են. «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Սերժին բան չէիք ասում»: Սա աբսուրդ է, քաղաքական անհեթեթություն: Պատկերացրեք, որ ժամանակին ՀՀԿ անդամներն իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան նույն կերպ պատասխանեինՙ փոփոխված ենթակայովՙ «Բա ՀՀՇ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Լեւոնին բան չէիք ասում»: ՀՀՇ-ն ու Լեւոնն էլ իրենց ժամանակ պատասխանեինՙ «Բա սովետի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Գորբաչովին բան չէիք ասում», եւ այսպես շարունակ հասնեինք մինչեւ Սարգոն Երկրորդ: Ի՞նչ էինք պատասխանելու, չէի՞նք ասելու, որՙ ոչ, լավ չէր, դրա համար էլ գնացին գրողի ծոցը, չէի՞նք ասելու, որ եթե նախկիններից ժառանգեք միայն բացասականը, դուք էլ եք գնալու նրանց հետեւից, ինչպես որ եղավ: Հիմա այսքանով պարզ է, չէ՞, թեՙ «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր...» հարցին ի՞նչ պատասխան է սազում:

Երեք ամսվա պատմություն ունեցող իշխանությունից ոսկե սարեր ակնկալելը երեւակայական արկածախնդրություն է, խուտուտ տվող երազ, անհնար է երեք ամսում ոտքի կանգնեցնել ՀՀ-ի նման քայքայված տնտեսությամբ երկիրը: Վերջին հաշվով այդ մեղադրանքների կեսից ավելին անհիմն են, հուզմունքից ծնված ու միակողմանի դատված, ժողովուրդը պետք է գիտակցի դա ու վերանայի իր մոտեցումը, բայց որեւէ տիպի գիտակցման օրինակը պետք է ցույց տա ժողովրդի ձայնըՙ իշխանությունը: Եթե որեւէ մեկը քննադատում է նրան, նա պետք է ոչ թե հայհոյի կամ հակահեղափոխականի պիտակով դակի նրան, այլ առանց ավելորդ էմոցիաների լսի ու փորձի ճշմարտության մեդալիոնի հակառակ կողմը տեսնել: Ժողովուրդը թույլ կողմեր ունի, որոնց դիպչելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ. չի կարելի, սխալ է, աղետաբեր է:

Հ.Գ. Վերստինՙ չէ, եղբա՛յր, ՀՀԿ-ի ժամանակ լավ չէր, ՀՀՇ-ի ժամանակՙ նույնպես: Սերժն էլ լավը չէր, Լեւոնըՙ նույնպես: Գորբաչովն էլ թող գնա գրողի ծոցը, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ դուք ո՛չ ՀՀԿ-ն եք, ո՛չՙ Սերժը, ո՛չ ՀՀՇ-ն եք, ո՛չՙ Լեւոնը, Գորբաչովի մասով էլ արդեն ասացիՙ թող գնա գրողի ծոցը. չնմանվե՛ս նրանց:

Մտահոգությամբՙ քեզ իշխանության բերող...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ