RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4483, Տպվել է` 597, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԱՑԻ ԿՈՉԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ԻՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

Եթե հարցնենք հայկական երկու պետությունների եւ Ադրբեջանի ժողովուրդներին, երկու կողմն էլ կուզենա, որ Արցախյան խնդիրը լուծվի բանակցային խաղաղ ճանապարհով: Բայց երկու կողմն էլ հստակ գիտե, որ խաղաղ ճանապարհի հիմքում տարածքային զիջումներից բացի, այլընտրանք առայժմ չկա: Որպես կանոնՙ ժողովուրդները մինչեւ վերջ ամեն ինչ չեն իմանում, ղեկավարները նրանց ամեն ինչ մինչեւ վերջ չեն ասում: Բայց գոնե Արցախի հարցում այն, ինչ երկու ժողովուրդները գիտեն ղեկավարների դիրքորոշման մասին, տարածքային զիջումներին չհամաձայնելն է: Նշանակում էՙ խաղաղ բանակցային տարբերակը եղել եւ մնում է ժամանակ ձգելու միակ միջոցՙ հրադադարի ռեժիմը հաճախ մահացու ելքերով ընդհատելու չճանաչված իրավունքով: Արցախյան խնդիրն արյունաքամ է անում մեզ. չենք կարող նույնը չասել նաեւ ադրբեջանցիների դեպքում: Աստծո ամեն օր սրտի դողով ենք սպասում սահմանի լուրերին: Արցախը, եւ ոչ միայն Արցախը, մեզ ամենօրյա սթրեսի ու անհանգստության մեջ է պահում: Արցախը դարձել է մեր խաչը: Ու վախենում ենք. հանկարծ մեր երեխաների ու թոռների խաչն էլ չդառնա Արցախը:

Վարչապետի կինըՙ Աննա Հակոբյանը , հուլիսի 24-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հայտարարեց «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկի մասին: Աննա Հակոբյանը շեշտել էր, որ նույն կոչով դիմում է հատկապես Ադրբեջանի մայրերին: Հանրության տարբեր հատվածներում խաղաղության այդ կոչի վերաբերյալ տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին: Որքան էլ Աննա Հակոբյանն ընդգծել էր, որ նա դիմում է բացառապես որպես մայր եւ կին, միեւնույն է, հանրության շրջանում հետեւյալ արձագանքն էլ եղավ.«Մայր եւ կին, բայց Աննա Հակոբյանը ՀՀ ղեկավարի կինն է եւ ՀՀ ղեկավարի որդու մայրը, որը ծառայում է Արցախում»: Բնական էր, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը միանշանակ չէր ընկալվելու հայության կողմից: Ֆրանսահայ համայնքից անվստահության հարց էր հնչելՙ իսկ ինչպե՞ս կընդունեն այս կոչն ապրիլյան քառօրյայում զոհված մեր տղաների մայրերը:

Արշավի մեկնարկից մեկուկես ամիս անց Աննա Հակոբյանը լսեց նրանց պատասխանը.«Մենք ողջունում ենք Ձեր քայլը, մեր ձայնը միացնում Ձեր ձայնին եւ ասումՙ ո՛չ պատերազմին, թող ոչ մի մայր այսուհետեւ մեզ նման սեւ չհագնի, ոչ մի մայր չապրի որդի կորցնելու ցավը, անգամ ադրբեջանցի մայրը»:

Դա հենց այն օրն էր, երբ ադրբեջանցիները գնդակոծել էին Չինարի գյուղը: Հաջորդ մեկ-երկու օրերին էլՙ Արենի, Կոթի գյուղերը:

Եթե խաղաղության կոչը հնչեր ոչ վարչապետի տիկնոջ կողմից, դրան քաղաքական ենթատեքստ չէր տրվի, բայց եթե այն հնչել է վարչապետի տիկնոջ կողմից, ուրեմն քաղաքական ենթատեքստն անխուսափելի է, ինչքան էլ որ Աննա Հակոբյանը կանխավ փորձել է խուսափել դրանից: Անշուշտ, ընդունված էՙ տարբեր պետությունների առաջին դեմքերի կանայք բոլոր ժամանակներում էլ մարդասիրական կոչերով են հանդես եկել, բարեգործական հիմնադրամներ ղեկավարել: Դա հանրության համար օրինակ ծառայելու մղում է: Եթե հաշվի առնենք, որ Աննա Հակոբյանի կոչն ուղղված է հենց Ադրբեջանինՙ մասնավորաբար եւ բոլորինՙ ուղղակի, իսկ, բնական է, որ բոլորս էլ հենց այդ հասցեներով էլ ընկալում ենք նրա կոչը, ուրեմն մեզ համար ամենացանկալի արձագանքը պետք է հնչի Ադրբեջանից: Բայց եթե Ադրբեջանից արձագանք հնչի, այն հաստատապես պետք է ընկալվի քաղաքական ենթատեքստով հանդերձ: Եթե հնչի: Դրա համար էլ Ադրբեջանի ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական շրջանակներից որեւէ արձագանք չի հնչել, Աննա Հակոբյանը ոչ մի արձագանք չի ստացել:

Մի պահ պատկերացնենքՙ Մեհրիբան Ալիեւան խաղաղության նույն կոչով պատասխանում է Աննա Հակոբյանին: Դա առնվազն համաշխարհային սենսացիա կլինի, երկու երկրների առաջին տիկինները կլուծեն 30 տարվա անլուծելի խնդիրը, մոլորակի պատերազմների պատմության մեջ կգրանցվի առաջին դեպքը, երբ կանայք ոչ թե պատերազմի պատճառ են դառնում, այլ որոշում են պատերազմի խաղաղ ելքը: Հեղինեի անունը համաշխարհային պատմության մեջ հայտնի է իբրեւ տրոյական պատերազմի պատճառ, Շամիրամի կրքերը Արա գեղեցիկի հանդեպ հայ-ասորական պատերազմ հրահրեցին, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին տիկնայք վերջ կդնեն պատերազմին ու կդառնան Նոբելյան մրցանակակիր:

Պատերազմող երկրի ղեկավարի կնոջ խաղաղության կոչը երկրի իմիջի տեսակետից վատ նախաձեռնություն չէ եւ առաջին հայացքից ընկալվում է որպես մեծահոգի, բարեգութ քայլ: Բայց ո՞ւմ է արվում այդ կոչը, ո՞ւմ է ընդառաջ գնում այդ քայլը: Մի երկիր, որը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրածՙ մեզանից տարածքներ է ուզում, գնդակոծում հայկական երկու պետությունների խաղաղ բնակչությանը, մանկապարտեզ ու դպրոց պայթեցնում, խաղաղ քնած մարդուն կացնահարում, ծերունու ականջ կտրում, 18 տարեկան տղայի անդամահատում, կտրած գլուխն ի ցույց դնում, մի երկիր, որտեղ դեռ մանկապարտեզում հայատյացություն սերմանելու հատուկ դասաժամեր են սահմանված, խաղաղության ի՞նչ կոչի մասին է խոսքը: Անգամ հայկական կողմից է Աննա Հակոբյանի արշավն ընկալվել որպես թուլության, զիջողականության դրսեւորում, իսկ ի՞նչ մեկնաբանություններ կանեն Ադրբեջանում. սատանան գիտե: Վարչապետի տիկինը հակադրվել է.«Հիմք չկա նման մտավախության: Եթե պետք լինի, ես ինքս էլ զենք կվերցնեմ ու մեր տղաների կողքին կկանգնեմ: Չի կարող որեւէ բանական անձ Ադրբեջանում իմ խոսքը համարել թուլության կամ տարածքներ զիջելու նշան»:

Արցախին վերաբերող մեր ամեն խոսքի տակ քաղաքական ենթատեքստ ու դիրքորոշում է հասկացվում, բացի այդ, պատերազմը դադարեցնելու նախադրյալներն իսպառ բացակայում են: Ավելինՙ զորավարժությունների միջոցով ագրեսիայի աճի, պատերազմական հարձակման ուղերձներ են հղվում մեզ. այս համապատկերում խաղաղության քարո՞զ:

Ապրիլյան քառօրյայում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրըՙ Համեստ Ներսիսյանը որդու անունով բարեգործական հիմնադրամ է բացել: Աննա Հակոբյանը կոչ է արել. «Դիմում եմ նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց, ովքեր կասկածում ենՙ իրենց ամուսիններն արդյո՞ք ազնիվ ճանապարհով են հարստություն կուտակել եւ իրենց համար թանկարժեք զարդեր գնել: Ձեր զարդերը նվիրաբերեք «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին»:

Նախՙ բարեգործության կոչը նման կերպ ձեւակերպելով ու արտահայտելովՙ հազիվ թե որեւէ պաշտոնյայի կամ օլիգարխի գութն ու ազնվությունը շարժվի: Նման կերպ ձեւակերպված կոչն ավելի շատ կվանի ու բացասաբար կտրամադրի օլիգարխին էլ, նրա կնոջն էլ: Հազիվ թե որեւէ օլիգարխի կնոջ մտքով անցնի, որ իր ամուսինն անազնիվ ճանապարհով է հարստացել ու իր համար ադամանդակուռ զարդեր գնել: Այսկերպ ձեւակերպված կոչը նախատինք ու ամոթանք է, որի շարունակությունը դժվար թե սկուտեղի վրա մատուցված զարդեղենը լինի, կողքին էլՙ նամակ հետեւյալ բովանդակությամբ. «Անազնիվ ճանապարհով հարստացած մի խումբ օլիգարխների կանանցիցՙ ի պատասխան վարչապետի տիկնոջ կոչի»:

Խմբ. կողմից.- Հոդվածն ստանալու պահին Արցախից հնչեց վարչապետ Փաշինյանի կոչը ուղղված նախագահ Իլհամ Ալիեւին, իր որդուն բանակՙ ոչ թե հանգիստ-ապահով վայրում ծառայության, այլՙ առաջնագիծ ուղարկելը, ինչպես մեր վարչապետի որդին է ծառայում, ինչպես հաղորդվում է: Այդ կոչից կարելի է ենթադրել, որ այր եւ կին Փաշինյանները հավանաբար ի մտի ունեն մի համակարգված նախաձեռնությունՙ խաղաղարարական, որը, թվում է, ուղղված է ոչ այնքան Ալիեւների ընտանիքին, որքանՙ միջազգային հանրությանը: Եթե հնչիՙ լավ դուդուկ է, պիտի ասեին պոլսահայերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ