RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4615, Տպվել է` 591, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՀԵՃՈՒԿՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅԱՆՙ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԴԻՆԱՄԻԿ ԿԵՐՊՈՎ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երեւանում քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները խոշորացույցով հետեւում էին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը եւ որոշ եզրահանգումներ կատարում: Հայաստանի մասշտաբներով մի երկրի համար, նման հանդիպումը, իհարկե, վճռորոշ էր, բայց ռուսական կողմի համարՙ ընդամենը մի փոքրիկ հարց երկրի քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շարքում:

Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի ունեցավ Կրեմլում քաղաքական մի փոթորկալից ժամանակաշրջանում: Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Նա նաեւ հանդիպեց Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ քննարկելու համար Սիրիայի ճակատագիրը: Այնուհետեւ Վլադիվոստոկ ուղեւորվեց տեսակցելու Ճապոնիայի վարչապետի հետ, որպեսզի ստորագրի առեւտրաարդյունաբերական համաձայնագրեր: Միաժամանակ նա Մոսկվայում ընդունեց վիետնամական մի պատվիրակության եւ անշուշտ վերահսկեց սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժություններին, որոնք իրականացվում են Չինաստանի եւ Մոնղոլիայի համագործակցությամբ:

Քաղաքական գործունեության այս լարված շաբաթվա ընթացքում նախագահ Պուտինը, այնուամենայնիվ, ժամանակ գտավ երկուսուկես ժամ տրամադրելու Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը: Սա երկու առաջնորդների երրորդ հանդիպումն էր եւ ամենասպասվածը: Առաջինը տեղի էր ունեցել Սոչիում մայիսի 14-ին, Փաշինյանի պաշտոնն ստաձնելուց ընդամենը մեկ շաբաթ անցՙ Եվրասիական միության հավաքի շրջանակներում: Երկրորդը հունիսին էր, Մոսկվայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի առիթով:

Երրորդ հանդիպումը սպասված էր հաշվի առնելով երկու երկրների միջեւ հարաբերությունների անհստակությունը, որը տարաբնույթ խնդիրների եւ քաղաքական ենթադրությունների տեղիք էր տվել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում:

Հայաստանը նոր էր սկսել կարգի բերել իր ներքին կյանքը, եւ բնականաբար որոշ զոհաբերություններ պետք է կատարեր: Ռուսաստանը չէր միջամտել Հայաստանի ներքին գործերին, երբ թավշյա հեղափոխությունը թափ էր հավաքում: Եվ չնայած Ռուսաստանի այդ կեցվածքը բարձր էր գնահատվել Երեւանում, բոլորն էլ գիտակցում էին, որ այդ քաղաքականությունը արդյունք էր անցյալի բացասական փորձառությանՙ կապված Ուկրաինայում եւ Վրաստանում կատարված իրադարձությունների հետ, եւ ոչ թե այլ նկատառումների:

Մոսկվան զսպված համբերությամբ հետեւում էր զարգացումներին Հայաստանում: Նրա նյարդային լարվածության աստիճանը ուժգնանում էր ամեն անգամ, որ արեւմտյան դիվանագետները եւ լրատվամիջոցները Հայաստանում կատարվածը գունավոր հեղափոխություն էին պիտակավորումՙ նման Ուկրաինայում եւ Վրաստանում կատարվածներին, որոնք նվազեցրին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:

Այս վերջին հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը հիմնականում հանգիստ էր, բացի այն պահից, երբ իր դժգոհությունն արտահայտեց իր վաղեմի բարեկամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ: Նա շնորհավորել էր, դրանից առաջ, հատուկ հաղորդագրությամբ, ՀՀ նախկին ղեկավարի ծնունդը, մի բան, որ 2007-ից ի վեր անտեսել էր:

Իշխանության ղեկն ստանձնելուց ի վեր Փաշինյանը ոչ մի առիթ բաց չի թողել փառաբանելու համար հայ-ռուսական պատմական եւ ռազմավարական հարաբերությունները, բայց ռուսական կողմի համար, նրա հակառուսական հռետորաբանությունըՙ ընդդիմադիր ճամբարում եղած ժամանակ, դեռ թարմ էր կառավարության անդամների հիշողություններում: Մոսկվայի հաշվարկներով խոսքերը չէին ամրապնդվում գործողություններով, մասնավորապես այն դեպքում, երբ Հայաստանը մեղադրանք հարուցեց գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ 2008 թվի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, մինչդեռ նա ՀԱՊԿազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում:

Հետո Կրեմլը երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին փոխանցեց Հայաստանում կատարվող զարգացումների նկատմամբ իր դժգոհությունը արտահայտելու պարտականությունը: Լավրովը Խաչատուրովի ձերբակալումը, առանց ռուսական գործընկերներին նախազգուշացնելու, բնութագրեց որպես հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Նա ակնարկեց, որ գործողությունները Երեւանում «թեժ մթնոլորտում» են զարգանում, որին Փաշինյանը հումորով պատասխանեց, որ իրոք եղանակը շատ շոգ է վերջերս Երեւանում:

Կասկածանքների եւ լարվածության այս մթնոլորտում վախ կար, որ Ռուսաստանը կարող է կասեցնել 100 միլիոն դոլարի արժողությամբ արդիական ծանր հրետանու առաքումը Հայաստան, բայց պարզվեց, բարեբախտաբար, որ նման վախը անհիմն էր:

Հակամարտությունների կարգավորման մասնագետ Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ, Հայաստանի քաղաքական թիմը ներկայացնող ընթացիկ կառավարությունը նվազ վստահություն է վայելում ռուսական գործըկներների շրջանում, քան նախորդ իշխանությունների ներկայացուցիչները:

Անորոշությունների ներկա փուլում սպասվող հանդիպման նախօրեին նա նշել էր, որ երկու ղեկավարները հանդիպում են, որպեսզի հարթեն վիճահարույց որոշ կետեր եւ վերջնական համաձայնության գան հրատապ հարցերի շուրջ: «Ընդհանուր առմամբ այդ հանդիպումը կայանում է անվստահության հետ կապված խնդիրները լուծելու համար: Հաշվի առնելով, որ ռազմավարական դաշնակիցներ ենք, այդ անվստահությունը միասին պետք է հաղթահարենք», բացատրել էր նա:

Հակառակ բացասական նախազգացումների, հանդիպումն ունեցավ բարեհաջող ավարտ: Փաշինյանը ցնծությամբ արձանագրեց «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը հենց նոր ավարտվեց: Մենք արդյունավետ խոսակցություն ունեցանք եւ հաստատեցինք, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են ընթանում: Որեւէ բնագավառում ոչ մի խնդիր չունենք մեր հարաբերություններում»:

Վլադիմիր Պուտինի արձագանքը, թեեւ ավելի զուսպ, բայց դարձյալ դրական էր: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են առաջընթաց կերպով, բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, անվտանգության, ռազմական եւ տնտեսական համագործակցության ոլորտներին»:

Էներգիայի մատակարարման խիստ կարիքը զգացող Հայաստանի համար ռուսական գազի ներկրումը կենսական կարեւորություն ունի, անշուշտ: «Մենք ամենախոշոր ներդնողն ենք Հայաստանի տնտեսության ոլորտում եւ կարող ենք հաստատել, որ այդ բնագավառում մեր հարաբերությունները բազմազան են», նշեց Պուտինը առանձնակի շեշտելով, որ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է հազար խմ-ի դիմաց վճարելով 150 դոլար ամենաէժան սակագինը, որին Փաշինյանը հետադարձեց, որ սպառողին այն հասնում է 270-275 դոլար սակագնով, Հայաստանում Գազպրոմի ունեցած մենաշնորհի եւ Վրաստանի անցակետերում բարձր հարկերի գանձման պատճառներով: Պուտինը խոստացավ ուսումնասիրել խնդիրը:

Դիվանագիտական նուրբ ձեւակերպումով Փաշինյանը մի ուղերձ հղեց, որը մեծապես գնահատվեց ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին, արեւմտյան լսարանների կողմից: Դա Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի որպես ինքնիշխան պետություն հանդես գալու իրավունքն էր: Հայաստանն այլեւս «ստորադաս վասալ» չէ, պիտի ասեր թավշյա հեղափոխության գիտակ, հասարակագետ Լեւոն Շիրինյանը:

«Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր: Վստահ եմ, որ դրանք կլուծվենՙ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների հետաքրքրությունները, հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ սերտացմամբ: Նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ համագործակցությունը ե՛ւ եվրասիական տնտեսական միության, ե՛ւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում եւ ընդհանրապես մյուս ոլորտներում», ասաց Փաշինյանը:

Բացի վերահաստատելուց փոխադարձ հարգանքի եւ ապագայում արդյունավետ համագործակցության պարտավորությունները, Փաշինյանը նաեւ նոր, դրական քայլ կատարեց ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Ստեփանակերտում «Հայ Ձայնի» թղթակից Վահրամ Աթանեսյանի հաղորդմամբ, որը մանրազնին ուսումնասիրում է ազերի լրատվամիջոցների հաղորդումները, այդ երկրում ենթադրություններ կային, որ Պուտինը նախատելու է Փաշինյանին Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշման համար, բայց նրանց սպասելիքները չարդարացան: Ազերի ղեկավարությունը հասկացավ, որ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանությունները գրոշ չարժեն Երեւանում: Փաշինյանը հստակ ուղերձ հղեց Պուտինին եւ Բաքվին, որ Հայաստանը պատրաստ կլինի փոխզիջման, երբ Բաքուն պատրաստ կլինի նման քայլի: Ավելին, նա նշեց, որ միայն Արցախի պետական պաշտոնյաներն են կարող խոսել այնտեղ ապրող ժողովրդի անունից: Իսկ ինչ վերաբերում է Արցախի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններին, դրանք սահմանադրությամբ մաս են կազմում այդ հանրապետության: Եվ իրոք, երբ ծանոթանում ենք Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հրապարակված մամլո հաղորդագրության հետ, տեսնում ենք, որ Արցախի վերաբերյալ Պուտինի խոսքերը շատ ընդհանուր են, խիստ սովորական, բայց դրանք բացառում են ռազմական կարգավորումը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարության պահպանումը Մոսկվայի ձեռքերում է: Պուտինը խուսափեց օգտագործել Ադրբեջանի խաղաքարտը Հայաստանի դեմՙ ելնելով ոչ թե կարեկցանքից, այլ քաղաքական խոհեմության կամ շրջահայեցողության պահանջներից: Նա գիտի իր խաղաքարտերը ճիշտ ժամանակին օգտագործելու ձեւը:

Վերջում, եթե հանդիպումը գնահատելու լինենք ընդհանուր առմամբ, լավագույն բնորոշումը երեւի գտնենք Փաշինյանի հետեւյալ խոսքերում. «Ի հեճուկս թե՛ հայկական, եւ թե՛ ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշեմ, որ հանդիպումը արդյունավետ էր, հաջողված: Մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով»:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ