RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4528, Տպվել է` 570, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՀԵՐԹԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրության մասնակիցների մոտ 82 տոկոս քվեն, ԲՀԿ-ն ՙմոտ 7, «Լույս» դաշինքըՙ 4,99, ՀՅԴ-ն`1,6 տոկոս, մնացած ուժերըը 1 տոկոսի սահմանագծին չհասան: 294 հազար 109 ձայն ստացած «Իմ քայլը» խմբակցությունն ավագանիում կունենա 57 մանդատ`առկա 65-ից:

Այդ քվեները փաստորեն ստացավ Նիկոլ Փաշինյանը` այսպիսով վաստակելով հանրության տրամադրությունն այս պահին չարտահայտող խորհրդարանի լուծարման իրավունքը: Դատելով խորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսելու` Նյու Յորքում նրա հնչեցրած մտադրությունից, դա տեղի կունենա անմիջապես: Խորհրդարանական ընտրությունը եւս արագորեն կկազմակերպվի: Մի շարք իրողություններ արմատից իմանալու պարագան ինձ թույլ չի տալիս լրացնել էյֆորախեղդ եղածների շարքերը` որքան էլ ես իմ հրապարակումներում տարիներ քննադատել եմ իշխանությանը, սակայն առայժմ նկատենք, որ մարդկանց զզվեցրած իշխանությունը հեռացնելու պահանջով ձեւավորված ուժերը քաղաքային ավագանու ընտրությամբ դե յուրե վավերացրին «հեղափոխությունը»:

Հիշենք, սակայն, որ 1988-ին ազգային զարթոնքի առիթն Արցախն էր, բայց դա չխանգարեց, որ նոր իշխանությունից հիասթափվեն կարճ ժամանակում: Հիմա մարդկանց միավորող գաղափարը հին իշխանությունից ազատվելն է: Դա հանրության պահանջն է, բայց այն գաղափարը չէ, որի շուրջ հնարավոր է տեւական միավորում: Այն ուժը, որը հավակնում է Երեւանի ավագանու մեծամասնությունը վերցնելուց հետո խորհրդարանի մեծամասնությունը վերցնել, ակնհայտորեն իր նպատակները, դրանց հասնելու միջոցները ձեւակերպելու խնդիր ունի:

Մենք չգիտենք, թե զանազան ազգային-պետական հարցերի շուրջ ինչ մոտեցումներ ունի այդ ուժը, կամ ովքեր, ինչ հայտնի-անհայտ մարդիկ են ուզում դառնալ օրենսդիր մարմնի մեծամասնությունը, ու մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունը դրանք հանրությանը հայտնի դարձնելու խնդիր կա: Թե չէ`թալանչիներին հեռացնելը, որքան էլ բոլորի համար ցանկալի, չի կարող քայլերի հերթականության կամ ազգը միավորող գաղափարի փոխարինել: Այո, հանրությունը հաղթեց` մեր կյանքում հանրության քվեի գործոնի վերածման նոր փուլ է սկսվել: Բայց հանրության նկատմամբ ազնիվ չի լինի առանց բոլոր խաղաթղթերը բացելու եւ ամենատարբեր կենսական հարցերի վերաբերյալ մոտեցումները ճշտելու` նրան ուղարկել խորհրդարանական ընտրություններում իր քվեով հեղափոխությունն ավարտելու: Ամեն ինչի վերաբերյալ մոտեցումների ճշտման հարց պետք է բարձրանա` կարծում եմ Փաշինյանը եւս սա հասկանում է...

Քաղաքական անապատը

Ընտրությունը առարկայաբար քանդուքարափ արեց քաղաքական դաշտը` բոլոր քաղաքական ուժերի զանազան հավակնություններն ու հույսերը ցրիվ տալով: Փաստորեն սխալվում էինք` գոյություն չունի նաեւ ՀՅԴ-ի ավանդական ընտրողը, որը սովորաբար ապահովում էր նրա յոթ-ութ տոկոս քվեն, այդ ուժը հինգ- վեց անգամ պակաս ձայն է ստացել անցյալի համեմատ: Միգուցե դա տեղի չունենար, եթե ՀՅԴ-ն աջակցություն չհայտներ Ռոբերտ Քոչարյանին` նրա ձերբակալման ժամանակ, չգիտենք: «Բարգավաճ Հայաստանն» ընդհանրապես կորցրել է համակիրներին`խորհրդարանում երեսուն տոկոսանոց ներկայությունից փոխադրվելով քաղաքային ավագանու յոթ տոկոսին մոտ քվեի հարթություն: «Լույսը» եւս մեծ հավակնություններ չի կարող ունենալ, մանավանդ` եթե նրան հետագայում ընդդիմություն նշանակեն:

Բայց տեսեք, թե ինչ է կատարվել: Հայաստանում իշխանության է գալիս մի ուժ, որը քաղաքական չէ փաստորեն, քաղաքագիտության դասագրքերով նրա վերաբերյալ ձեւակերպում տալ հնարավոր չէ, նրա անդամներին հանրությունը չի ճանաչում: Ու նրա սահմանափակ կորիզի շուրջ է խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորվելու խորհրդարան անցնող զանգվածը, որի ղեկավարի՛ն միայն գիտեն մարդիկ, նրա՛ն են ձայն տալիս: Իսկ թե ինչ է դավանում այդ ուժը, բացի կոռուպցիայի դեմ պայքարելուց եւ ժողովրդավարության հաստատմանը նպաստելուց, ազգային ամենահրատապ հարցերի վերաբերյալ ի՞նչ մոտեցումներ ունի, պետական որ հարցի մասին ի՞նչ պատկերացում ունի` ոչ ոք չգիտե: Ասենք` ժամանակին ծրագրեր ներկայացրած ու ազգային հարցերի շուրջ մոտեցումները հստակեցրած կուսակցությունների պարագայում ամեն ինչ պարզ էր, ուրիշ բան, որ կյանքում իրենց գաղափարները նրանք չէին իրացնում: Բայց խոստովանենք` եթե խորհրդարանական ընտրություններին նույն ութսուն տոկոսով Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմի մի ուժ, որը չգիտենք, թե ինչ է մտածում հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցի լուծման, սփյուռքի, կամ, ասենք, տարածաշրջանային այս ու այն համագործակցության, նույնիսկ հայոց լեզվի հադեպ կամ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով, չի՞ ստացվի, որ մենք ինքներս մեր ձեռքով կարող ենք իշխանությունը տալ անհայտ նպատակներով, կամ ավելի մեղմենք` նպատակները չձեւակերպած մարդկանց խմբի, որի ղեկավարին ենք միայն լավ ճանաչում: Այն դեպքում, երբ այդ ուժը լուրջ ընդդիմություն չի ունենալու, որ զսպի նրան հետագայում: Այնպես որ` մինչեւ խորհրդարանական ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրն» իրեն պետք է դրսեւորի քաղաքագիտության կանոններին համապատասխան` ծրագիր ու նպատակներ ձեւակերպի:

Հիմա՞, թե գարնանը

Նիկոլ Փաշինյանը հենց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուց հետո բանակցելու է խորհրդարանական ուժերի հետ`ԱԺ լուծարման եւ արտահերթ ընտրության օրակարգով, մի տեսակ այդ մասին տեղյակ պահելով միջազգային ատյաններին: Համաձայնելով խորհրդակցել` մյուս ուժերն իրականում դեմ են լինելու բանակցելուն, քանի որ նրանց հիմնական մասը դուրս է մնալու խորհրդարանից, անցնողներն էլ որոշումների վրա ազդելուն անպիտան փոքր տոկոսով են հազիվ կարողանալու ներկայացված լինել, համենայնդեպս` ըստ վերջին ընտրության ցուցիչի: ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ բարձրաձայնում են` հարկ չկա ներկա խորհրդարանը ցրել, իրենք աշխատում են, ոչինչ չեն տապալում, կառավարության կցորդն էլ չեն` ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված: Ո՞վ համաձայն կլինի` խորհրդարանում ներկայացված չլինել: Առանձին խնդիր է ՀՅԴ-ի ներկայացված լինելը: Առանց այդ էլ Սփյուռքի հետ առնչություն ունեցող ավանդական կուսակցություններից երկուսը ներկայացված չէին նախորդ խորհրդարանում, հիմա Նիկոլ Փաշինյանից ավելի հարմարավետ բարոյական աջակցություն չստանալու դեպքում` նոր խորհրդարանում չի լինի նաեւ ՀՅԴ-ն: Սա Սփյուռքին անտեսել կնշանակի, իսկ Փաշինյանը նաեւ Սփյուռքի աջակցությունն էր ստացել ու դեռ դրա կարիքը ունի: Անգամ լավ կլիներ, որ իր քաղաքական ուժի նախընտրական ցուցակում Փաշինյանն ընդգրկեր Սփյուռքի հետ առնչություն ունեցող գործիչների:

Հա, իհարկե, ՀՀԿ-ն դեռ չի կորցրել հույսը, որ այս խորհրդարանը չի լուծարվի, այդ ուղղությամբ է ջանք գործադրում, փոխանակ իր չանվանարկված անհատներով հիմիկվանից լծվի բեւեռ ձեւավորելու եւ նոր խորհրդարանական ընտրություններին մասնակացելու գործին: Նոր խորհրդարանական ընտրություններին ընտրողների ոչ մայրաքաղաքային մասն ավելի բարձր քվե կտա Փաշինյանին` հատկապես մարզերում ժողովուրդը զզվել էր իր կյանքից: Իսկ որ Շարմազանովն ասում է` չենք գնա լուծարման` հանուն պետության, ու ոչ թե` հանուն կուսակցության, մենք էլ ասում ենք` հանուն պետության պետք է գնաք, քանի որ պետությունն արդեն նմանվում է Կռիլովի առակի սայլին, ուր երեքից ամեն մեկը (մեր դեպքում` նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը) պետությունը քաշում-տանում է իր ուղղությամբ, շուտով պետությունը կճողվի:

Թարմ ապացույցը գաղտնալսման դեպքերի քննման համար ստեղծվող խորհրդարանական հանձնաժողովի ժամանակ այն զավեշտն էր, երբ չէին կարողանում վճռել, թե ով է ընդդիմությունը խորհրդարանում, որպեսզի հանձնաժողովի տեղակալ նշանակեն. ի վերջո որպես ընդդիմության` նշանակեցին իշխող կառավարությունը ներկայացնող քաղաքական ուժից: Սա իսկական հոմերական ծիծաղի առիթ է` հիմա ԱԺ բոլոր հանձնաժողովների կազմերն են այդպես անհամապատասխան իրողություններին: Ի վերջո կողմնորոշվեք` ով է ընդդիմությունը, դա հատկապես կարեւոր է լինելու նոր խորհրդարանի համար, քանի որ անգամ փաշինյանական իշխանությունը առանց ընդդիմության երեք ամսում վերածվելու է կիմիրչենական իշխանության:

Քաղաքական դաշտի այս նոկաուտի պայմաններում ոչ ոք իհարկե վստահ չի կարող լինել, որ խորհրդարան կգնան օրենսդիրի եւ քաղաքական գործչի կերպարին համապատասխան մարդիկ, ու միգուցե արտահերթ արագ ընտրությունների հետեւանքով խորհրդարանը լինի ամենաապաքաղաքականը: Այնպես որ` առկա մյուս տեսակետի շուրջ եւս կարելի է մտորել, ըստ որի լավ է գարնանը լինի ընտրությունը` քաղաքական ուժերը դուրս կգան նոկաուտից, կստեղծվեն իրապես ընդդիմության դրոշը վերցնել պատրաստվող միավորումներ, այդպիսով նոր խորհրդարանը դասական` իշխանություն-ընդդիմություն սկզբունքով ձեւավորելու շանս կլինի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ ընթացքում կարժեզրկվեն նաեւ հեղափոխությունն ու հեղափոխականները, քանի որ ստեղծված վիճակի անորոշությունը, ինչպես Փաշինյանի`ՄԱԿ-ում ասված տեսակետի ենթատեքստում էր, թույլ չի տալիս կառավարությանը լիաթոք աշխատել: Փաշինյանն, անխոս, կընտրի արագ ընտրության տարբերակն` իր հետեւանգներով հանդերձ:

Արցախի հարցի ուրվականը

Մի կասկած կա, որ շրջանառում են նախկին իշխանությանը մերձ շրջանակները, թե Փաշինյանին թույլ տվեցին վերցնել իշխանությունը, քանի որ արցախյան հարցի լուծման հանգուցային ժամանակներն են մոտենում, պետք էր լեգիտիմ առաջնորդ, որ միջազգայինների պարտադրանքին դիմակա` գործելու ազատություն կունենար ներսից: Ճիշտն ասած` այդպիսի կասկածը սովորական մարդուն էլ կարող է կրծել` եթե նկատի ունենանք Արցախի հարցում ստվերային միջազգային խլրտումները կամ Ռուսաստանի ադրբեջանական հյուրախաղերը (Պուտինը հիմա էլ Բաքու է գնում): Այնպես որ` ի տեղի եւ ժամանակի էին Փաշինյանի ելույթի արցախյան շեշտադրումները ՄԱկ-ում: Մի փոքր ծաղկաքաղ.

«Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար:

Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից եւ իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:

...հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու`դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում:

Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Ընդգծենք, ասվածը բոլորիս սրտով է, ընդ որում` տեսակետը խտացված մատուցում է բովանդակային տեղեկատվություն նաեւ, մնում է, որ եւ Փաշինյանը, եւ Զոհրաբ Մնացականյանը առավել մանրամասնեն առիթ-անառիթ իրենց ասած փոխզիջումը, քանի որ սատանան մանրամասների մեջ է, ու Արցախի հարցով ոչ միայն ոչ լեգիտիմ, այլեւ լեգիտիմ ղեկավարները սխալ թույլ տալով` կտապալվեն:

Իսկ թե ինչ է խոսվել Նյու Յորքում երեկ կայացած Զոհրաբ Մնացականյան- Էլմար Մամեդյարով հանդիպմանը` մեծ հաշվով դժվար է իմանալ, դրա վերաբերյալ տեղեկատվության ձեւակերպումները հազիվ թե մեզ բան ասեն`բացի նրանից, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Հա՞, արդեն երկխոսո՞ւմ են:

Իսկ կյանքը մեր պետության համար շարունակվում է` երկրի վարչապետն արտաքին քաղաքական հագեցած օրակարգ ունի, ՄԱԿ-ում ելույթից ու հանդիպումներից հետո Դուշանբե է մեկնել` ԱՊՀ խորհրդաժողովի, մինչեւ տարեվերջ եվրասիական տարածքի էլի մի տնտեսական ֆորումի է մասնակցելու: Այնպես որ, անկախ նրանից` Պուտինը կգա Երեւան, թե՞ չի գա, մեր տեսակետները հնչեցնելու եւ Ռուսաստանի ղեկավարին փոխանցելու առիթների պակաս չի լինի:

Իսկ թե ինչու է Պուտինը հետաձգում Հայաստան այցելությունը, աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ խանդ փնտրել դրա տակ, թե՞ ոչ, Հայաստանին ուղղված դաս համարել դա, թե՞ ոչ, կամ նրա օգնական Ուշակովի պարզաբանումներից բխեցնե՞լ Հայաստանին նվաստացնող` Պուտինի այցի համար մեր երկիրը հերթի դնելու մասին, ինչպես որ մի երկու ԶԼՄ են արել, միգուցե ինչ-որ առումով իմաստ ունի, սակայն այդպես խոշորացույցի տակ դնել այդ ենթադրությունները` նշանակում է ռուսական հավակնությունները սնել: Ավելի լավ է` մենք մեր գործով զբաղվենք, Պուտինին էլ մի քիչ մոռանանք`մինչեւ նա Հայաստանի անհրաժեշտությունը հիշի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ