RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4985, Տպվել է` 574, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ...

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ

Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանուՙ քաղաքապետի ընտրությունները աննախադեպ էին, պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությամբ», նոր քաղաքական իրավիճակի ստեղծմամբ եւ նոր քաղաքական ուժի ի հայտ գալով, հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Շատերը այդ ընտրությունները գնահատում էին որպես գործող վարչապետի լեգիտիմությունը եւ նրա ժողովրդականությունը հաստատող հանրաքվե:

Հավանաբար սա էր պատճառը, որ վարչապետը շատ ակտիվորեն ներգրավված էր այդ գործընթացում եւ աջակցում էր «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Մոտ 12 կուսակցությունների ու դաշինքների մասնակցությունը այդ ընտրություններինՙ գործընթացը դարձնում էին էլ ավելի մրցակցային ու հետաքրքրական թե՛ քաղաքացիների եւ թե ներքաղաքական իրողությունները հետազոտող մասնագետների համար:

Արդեն կայացած ընտրությունները շատերը գնահատում են աննախադեպ, քանի որ 1991թ. ընտրություններից հետո այն առաջինն էր, որ ազատ էր կոռուպցիայից ու կեղծիքներից: Գոնե իմ դիտարկումներով կարող եմ պնդել, որ առաջին անգամ էր, երբ ընտրությունները անցան առանց, այսպես կոչված, թաղային «հեղինակությունների» ակտիվ մասնակցության:

Միանշանակ կարելի է պնդել, որ սրանք առաջին ընտրություններն են վերջին 26 տարիների ընթացքում, որոնց լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում: Առաջին անգամ էր, որ պարտվող կողմը շնորհավորում էր հաղթողին` այսպիսով քաղաքական նոր մշակույթ ներմուծելով հայկական իրականություն:

Տեղի ունեցած ընտրությունները բարձր գնահատականի արժանացան նաեւ այն միջազգային դիտորդների կողմից, որոնք ժամանել էին հետեւելու Երեւանի ավագանու ընտրություններին: Կարելի է միանշանակ պնդել, որ կատարված աշխատանքըՙ ընտրությունների կազմակերպումը, գործող իշխանությունների կողմից լավ էր իրականացվել եւ նոր վարչակազմը իր առաջին, թերեւս բարդ քննությունը պատվով հանձնեց:

Սակայն ընտրությունների արդյունքները բացահայտեցին ներքաղաքական այն իրողությունները, որոնցում հայտնվել է «հետթավշյա» Հայաստանը եւ որը լրջագույն վերլուծության ու քննարկման կարիք ունի: Ինչպես հայտնի է, հաղթող «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների մոտ 82%, ինչը աննախադեպ էր Հայաստանի ընտրությունների պատմության ընթացքում, կարելի է պնդել, որ մյուս քաղաքական կուսակցությունները, այդ թվում նաեւ «Բարգավաճը», որը միակն էր, որ հաղթահարեց 6%-ի արգելքը, եւ դաշինքները այս արդյունքի ֆոնին միանշանակ ձախողվեցին:

Հետեւաբար պետք է հասկանալ, թե որն էր այս զանգվածային ձախողման պատճառները եւ ինչ մեսիջներ են ուղարկում ընտրությունների արդյունքները վերլուծաբաններին: Նախ եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ չնայած «հետթավշյա» ակտիվությանը եւ էյֆորիային, ընտրություններում երեւանցիների մասնակցությունը բավականին պասիվ էր` մոտ 43%: Ամեն տեսակի արդարացումներ, թե այն միշտ է պասիվ եղել, օրինակ 2017թ.-ին ընդամենը 40% մասնակցություն, քննադատությանը չեն դիմանում, քանի որ նախկին պասիվությունը բացատրվում էր ՀՀԿ-ի առկայությամբ, այդ ընտրությունների, շատերի կարծիքով, ձեւական բնույթով եւ այլն, հեղափոխությունից հետո կային արդարացված սպասումներ, որ մինչեւ 65% մասնակցություն կլինի:

Հետեւաբար շատ կարեւոր է հասկանալ, թե այնուամենայնիվ ինչու երեւանցիների մի հսկայական զանգված նախընտրեց տանը մնալ: Կարելի է ենթադրել (լուրջ վերլուծության համար այստեղ որոշակի սոցիոլոգիական հետազոտություն է պետք իրականացնել չմասնակցածների շրջանում), որ շատերը այդ քաղաքական ուժերի մեջ չէին տեսնում այն մեկին, որը կներկայացնի իրենց շահերը Երեւանի ավագանիում:

Ինչեւէ, անկախ մասնակցության ցածր մակարդակից, այն կասկածի տակ չի դնում տեղի ունեցածը, միաժամանակ մի շարք խնդիրներ առաջադրում. ինչո՞ւ ձախողվեցին քաղաքական բոլոր կուսակցությունները: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է թռուցիկ անդրադառնանք անկախ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերջին 27 տարիների ընթացքում:

Պետք է նկատենք, որ ՀՀՇ-ի կողմից իշխանությունը վերցնելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական դաշտում վարում էր քաղաքական կուսակցությունների, խոսքը առաջին հերթինՙ ավանդական կուսակցությունների մասին է, ոչնչացման քաղաքականություն: Արգելվեց ու ազատազրկվեց Դաշնակցությունը, Ռամկավար կուսակցության պառակտման ակտիվ գործին էին լծված ՀՀ առաջին նախագահի գրեթե ողջ շրջապատը, ինչը, ցավոք սրտի, վերջիվերջո նրանց հաջողվեց:

Ավանդական, գաղափարական ու պատմություն ունեցող կուսակցությունների դուրս մղմանը զուգահեռ, թե՛ առաջին եւ թե երկրորդ ու երրորդ նախագահները, վարում էին մարգինալ, մարդ-կուսակցությունների առաջմղման քաղաքականություն, քանի որ դրանց հեշտ էր վերահսկել: Ստեղծվում էին ժամանակավոր կուսակցություններ, որոնք իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի ջանքերով հայտնվում էին խորհրդարանում, քաղաքական կեղծ պլյուրեալիզմի իմիջի համար:

Այսպես. ժամանակին խորհրդարանում հայտնվեցին Շամիրամ, Հանրապետական, Օրինաց, ՄԱԿ, Բարգավաճ եւ այլ կուսակցություններ, որոնք չունենալով գաղափարական-քաղաքական հիմք, հիմնված էին իշխող քաղաքական ուժի ու փողի աջակցության վրա: Այս նույն սկզբունքով ֆինանսավորվում էին նաեւ, այսպես կոչված, կեղծ ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս:

Այս քաղաքականությունը ամայացրեց քաղաքական դաշտը, քաղաքական կուսակցություն հասկացողությունը դարձավ կեղծ կատեգորիա, մարդիկ արդեն նախընտրում էին հավաքվել ոչ թե այս կամ այն գաղափարի, այլ այս կամ այն մարդու շուրջը: Այս իրավիճակը գոյատեւում էր ավտորիտար համակարգի պայմաններում, սակայն «թավշյա հեղափոխությունը» եւ ստեղծված նոր իրավիճակը պարզ դարձրեցին, որ ընտրողները չեն հավատում քաղաքական եւ ոչ մի կուսակցության, այլ նախընտրում էին լիդերների, որոնց շուրջ էլ պատրաստ են համախմբվել, հանուն ինչ-որ, շատ դեպքերումՙ անհասկանալի գաղափարի:

Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. եթե մենք նախկինում ականատեսն էինք մեկ քաղաքական ուժի մենաշնորհի, ապա այսօր մեկ մարդու մենաշնորհ է ՀՀ-ում, ինչն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Քաղաքական դաշտը ամայացած է, շնորհիվ նախկինների, չկան զսպման եւ հավասարակշռման մեխանիզմներ. կարելի է հավաստել, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ փաստացի չկա ընդդիմություն:

Նախկինում գրել եմ ու ցանկանում եմ կրկնել. Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը կլինի ՀՀ-ի ձախողում, ինչը թույլ տալ չի կարելի, իսկ նման զարգացումներից կարելի է խուսափել, եթե հնարավոր լինի ստեղծել այլընտրանքային քաղաքական ուժ, որը կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը եւ առողջ քննադատության կենթարկի գործող իշխանություններին:

Ի դեպ, շատ եմ զարմանում, որ որոշ մարդիկ շնորհավորում են Հայկ Մարությանին հաղթանակի առթիվ, կարծում եմ, որ սա վարչապետի հաղթանակն էր եւ նա ում էլ նշանակեր այդ դաշինքի առաջին համար, նույն արդյունքը կունենայինք: Հնարավոր է, որ պետք է Փաշինյանին շնորհակալ լինենք, որ հենց Մարությանին է նշանակել, կարող էր եւ ավելի վատ թեկնածու լինել: Սակայն այստեղ կան նաեւ հստակ ռիսկեր` եթե Հայկը ձախողի Երեւանի կառավարումը, ապա դրանում նրան ոչ ոք չի մեղադրի, բոլոր սլաքները ուղղվելու են դեպի գործող վարչապետը:

Ինչեւէ, տեղի ունեցած ընտրությունները փաստում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ որ Հայաստանը կարիք ունի զրոյից նորից կառուցել իր կուսակցական-քաղաքական համակարգը, որտեղ հավանաբար պետք է իշխեն քաղաքական գաղափարախոսությունները պլյուսՙ քաղաքական լիդերները, որոնք եւ կփորձեն կառուցել նոր Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ