RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5399, Տպվել է` 540, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՔԻՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ. ԱՖՅԱՆ

Ամենահետաքրքրական արձագանքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին տվեց Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնեմՙ սա այն կուսակցությունն է, որի խոսնակ Շարմազանովը (համատեղությամբՙ ԱԺ փոխնախագահ) մեզ համար հին, իրենց համարՙ բարի ժամանակներում հայտարարում էր, թե բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից են տալիս, որտեղ կուսակցության գրասենյակն է: Նույն Շարմազանովը վերջին ընտրություններից հետո ասել էՙ «Երեւանցիների կեսից ավելին, փաստորեն, չի վստահում Փաշինյան Նիկոլին»: Նկատի ունի այն, որ մայրաքաղաքի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 43 տոկոսից քիչ ավել, այսինքն շուրջ 57 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը: Ընդհանուր առմամբՙ Շարմազանովի խոսքը տրամաբանական է, եթե իհարկե նա Տարոն Մարգարյանի ընկերը չլիներ: Բանն այն է, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին 25 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան այս ընտրություններին: Այսինքն եթե հիմա երեւանցիներն ընտրության չգնալով ապացուցեցին, որ Փաշինյան Նիկոլին իրենց մեծամասնությունը չի վստահում, ապա նախորդ ընտրություններին ապացուցել են, որ Տարոն Մարգարյանին իրենց մեծամասնությունըՙ գումարած 25 հազար մարդ, չի վստահում: Սակայն դա չի խանգարել, որպեսզի Մարգարյանը ցերեկը հարմարավետ նստի քաղաքապետի աթոռին, երեկոյան էլ սիրելի սրճարաններում ջազ լսի: Ավելին, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին (չշփոթել Հայկ Մարությանի հետ), միայն Երեւանում 25 հազարով ավելի շատ մարդ է վստահում, քան Տարոն Մարգարյանին, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի թեկուզ ուսապարկը ավելի մեծ իրավունք ունի քաղաքապետ լինելու, քան Տարոն Մարգարյանն ուներ:

Բայց մյուս կողմից, ո՞ւր է մեզ տանում ավագանու ընտրություններին մասնակցած երեւանցիների 81 տոկոսը: Եթե դեպի արտահերթ ու շուտափույթ խորհրդարանական ընտրություններ, ապա Ազգային ժողո՞վն էլ է Երեւանի ավագանու պես միաբեւեռ լինելու: Եթե այո, ապա սպասե՞նք այդ խորհրդարանից ժողովրդավարություն: Չէ, եթե ժողովուրդն իսկապես ուզում է, որ ԱԺ 105 պատգամավորից գոնե 103-ը լինեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից, ապա կարելի է հետաքրքրվել ժողովրդից, թե նա ի՞նչ տեսակ պետություն է ուզում ունենալ: Հնարավոր է մարդիկ թագավորություն են ուզում, որտեղ բոլորս պարտավոր ենք նախաճաշին, ճաշին ու ընթրիքին տերունական աղոթքի փոխարեն գովաբանել արքայից արքայինՙ այսքան արդար, ազատ ու բարեկեցիկ կյանք մեզ պարգեւելու համար:

Ամեն դեպքումՙ մենք ունեցանք ընտրություն, երբ առաջին անգամ իսկապես հաշվի առան մեր ձայները, բայց որի արդյունքը սարսափելի է ժողովրդավարության համար: Ի դեպ, երբ ամբողջ ժողովուրդը միաժամանակ բղավում է միեւնույն բանըՙ դա ժողովրդավարություն չէ: Դեմոկրատիան պարտադիր ենթադրում է խմբեր, այլակարծություն, բանավեճեր... 81 տոկոսը դա թույլ չի տալիս: Առաջ էլՙ Հանրապետականը թույլ չէր տալիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ