RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3463, Տպվել է` 517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՄ Է ՀԱՄԱԿՐՈՒՄ ԹՐԱՄՓԸ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

Պ.Ք.

Ուղերձներ Երեւանին եւ Բաքվին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ: Այդ օրերին շնորհավորանքներ էին ստացվում աշխարհի տարբեր մայրաքաղաքներից, այդ թվում Մոսկվայից: Թրամփի ուղերձը ուշագրավ է լոկ այն պատճառով, որ այնտեղ նա նշում է ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ. «Առաջիկա ամիսներին ի հայտ կգան կարգավորման նոր հնարավորություններ, ինչը կարող է բացել հայ-ամերիկյան փոխգործողության նոր հեռանկարներ: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է ձեզ հետ աշխատել ի նպաստ հակամարտության երկարաժամկետ կարգավորման»:

Այս ձեւակերպումը աչքի է զարնում այն պատճառով, որ ս.թ. մայիսին նույնությամբ հասցեագրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Ադրբեջանական Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ: «Առաջիկա ամիսներին ի հայտ կգան կարգավորման նոր հնարավորություններ, ինչը կարող է բացել ադրբեջանա-ամերիկյան փոխգործողության նոր հեռանկարներ: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է ձեզ հետ աշխատել ի նպաստ հակամարտության երկարաժամկետ կարգավորման»:

Ինտրիգն այն է, որ ԱՄՆ նախագահը Երեւանին եւ Բաքվին, որոնցում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները փաստորեն չեն փոխվել, խոստանում է երկու կողմերին հուսադրող ինչ-որ փոփոխություններ, բայց կոնկրետ չի մատնանշում դրանք: Ըստ որում նա դա անում է ոչ առաջին անգամ:

Հիշեցնենք, որ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ամերիկացի ինչ-ինչ փորձագետների վկայակոչումով Ադրբեջանում ի հայտ էին եկել դատողություններ, որոնց համաձայն, «ԱՄՆ նոր նախագահը Բաքվին կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի ապաօկուպացման գործում»: Ի դեպ, այդ մասին գրել է Լոս Անջելեսի Ամերիկյան հրեաների կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով նախկին տնօրեն Ջեյսոն Կացը The American Thinker հրատարակությունում: Նա պնդում էր, թե հանրապետականների թեկնածուն ընտրություներում հաղթանակ է տարել ի հեճուկս հայամետ լոբբիստների: Իսկ հիմա ԱՄՆ-ը սեփական շահագրգռությունը կդրսեւորի ԼՂ հակամարտության նկատմամբ: Ավելի ստույգՙ կբռնի Ադրբեջանի կողմը, որը անկախության նվաճումից ի վեր մշտապես հանդես է եկել որպես ԱՄՆ-ի հուսալի գործընկեր: Ըստ որում, նշվում էր, որ Բաքուն շարունակում է դեպի Արեւմուտքի շուկաներ ձգվող նավթամուղների ու գազամուղների շինարարությունը, միջազգային համաժողովներում աջակցում է Վաշինգտոնին եւ դարձել է Թել-Ավիվի մերձավոր ու նույնիսկ անփոխարինելի դաշնակիցը:

Սակայն այդ պահից ի վեր ԼՂ հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Միակ նորությունը թերեւս այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում նա փոխել է իր համանախագահին: Եվ ահա այս անգամ Բաքվի Haqqin.az կայքի էջերում այդ մասին դատողություններ է անում Թենեսիի նահանգի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Կորոբկովը . «Հայկական սփյուռքը այստեղ առաջվա պես այլեւս չի կարող ազդել Սպիտակ տան վրա: Թրամփը գործարար է, նա ամեն ինչի նայում է նպատակահարմարության տեսակետից: Ադրբեջանը տարածաշրջանում ունի ռազմավարական կարեւորություն, ուստի Թրամփը հանուն հայկական լոբբիի շահերի չի զոհաբերի հարաբերություններն այդ երկրի հետ»: Ապա ի հայտ է գալիս մի նոր ինտրիգ: Կորոբկովը գտնում է, որ առայժմ պետք չէ լուրջ տեղաշարժեր ակնկալել ԼՂ հակամարտության լուծման մեջ, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ վերանայել սեփական դիրքերը:

Նա նախազգուշացնում է, որ տվյալ հարցում չարժե հույս դնել Եվրոպայի վրաՙ նկատի ունենալով այնտեղ տիրող ճգնաժամը: «Եվրոպացիները զբաղված են սեփական խնդիրներով, եւ հազիվ թե հնարավոր լինի ակնկալել նրանց միջամտությունը ղարաբաղյան հակամարտության տիպի խնդիրների լուծման մեջ»: Բայց այդ դեպքում ո՞րն է Կորոբկովի այն պնդման իմաստը, թե Թրամփը հանուն հայկական լոբբիի շահերի չի զոհաբերի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Կրկին անդրադառնանք Փաշինյանին Թրամփի հղած ուղերձին. «Խաղաղ, ժողովրդավարական շարժումը Հայաստանում բացեց նոր դարաշրջան, եւ մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել, օգնել կոռուպցիան վերացնելու, անկախ դատական համակարգ հաստատելու, քաղաքական ու տնտեսական մրցակցության վրա հիմնված հաշվետվողականության կառավարում, օրենքի գերակայություն ստեղծելու ձեր ժողովրդի կամքի իրականացմանը», գրում է նա վարչապետին:

Իսկ ահա թե ինչ էր հայտնում Թրամփը Ալիեւին. «Ես գնահատում եմ ձեր համագործակցությունը անվտանգության եւ հակաահաբեկչական պայքարի բնագավառում, ինչպես նաեւ մեր երկարաժամկետ առեւտրական կապերը: Էներգետիկ ոլորտում երկար տարիներ շարունակված մեր համագործակցությունը այս տարի, որպես աներեւակայելի ձեռքբերում, իր գագաթնակետին հասավ Հարավային գազային միջանցքով գազի առաջին քանակությունների տեղափոխմամբ, որոնք կապահովեն Եվրոպայի անհրաժեշտ էներգետիկ անվտանգությունը»:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանին եւ Ալիեւին Թրամփի հղած ուղերձներում իմաստային շեշտադրումների տարբերությունն ակնհայտ է: Թրամփի քաղաքական համակրանքն այնուամենայնիվ Երեւանի նոր իշխանության կողմն է, ինչն անուղղակիորեն հանգեցնում է Երեւանի եւ Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի չբարձրաձայնված, բայց իրապես գոյություն ունեցող առաջնահերթությունների: Հայաստանի նկատմամբ գերակշռում է գաղափարախոսական մոտեցումը, իսկ Ադրբեջանի նկատմամբՙ պրագմատիկ, ավելի ստույգՙ սպառողական մոտեցումը: Ինչպես գրում է Diplomatic Courier միջազգային հրատարակությունը, 1992 թ. Վաշինգտոնի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից Բաքուն լրջորեն ակնկալել է իր էներգետիկ պաշարները օգտագործել սեփական սցենարով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, հաճախ խախտել է հավասարակշռությունը Մոսկվայի հետ հարաբերություններում, Անկարայի հետ հարաբերությունները դարձրել է ռազմավարական, բայց ոչնչի չի հասել:

Այդքան ակնհայտ փաստը Բաքուն հաճախ բացատրել է ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործունեությամբ: Իսկ ի՞նչ կարելի է ասել հիմա, երբ, ինչպես պնդում են ամերիկացի բազմաթիվ փորձագետներ, Թրամփն այլեւս կախման մեջ չէ ԱՄՆ-ում հայամետ լոբբիի գործունեությունից: Դարձյալ ոչինչ, բացի Ադրբեջանին տրվող ինչ-որ տարտամ խոստումներից, որը զանազան էներգետիկ նախագծերի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով առավելագույն ջանքեր է գործադրել այսպես կոչված հավաքական Արեւմուտքին իր կողմը գրավելու համար: ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ Վաշինգտոնի դիրքրոշումն առաջվա պես մնում է անփոփոխ, չնայած Բաքուն ԱՄՆ-ին քանիցս կոչ է արել առավել ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը: Քանզի տվյալ իրավիճակում շատ բան կախված է նրանից, թե Վաշինգտոնում ինչպես են նկարագրում Անդրկովկասի իրադրությունըՙ նկատի ունենալով խորհրդային աշխարհաքաղաքական ժառանգությունը:

ԱՄՆ-ը այդ հարցը վաղուց է ներառել Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծի մեջ եւ այնտեղ իրադարձությունների ընթացքը ընկալում է նախ եւ առաջ Թուրքիայի եւ Իրանի տեսակետից, որոնք ներքաշված են մերձավորարեւելյան դեպքերի ջրապտույտի մեջ: Նման մոտեցումը զուրկ չէ իմաստից, եթե իրադարձությունները դիտարկենք պատմական տեսանկյունիցՙ Անդրկովկասը եւ Մերձավոր Արեւելքը աշխարհաքաղաքական մեկ ամբողջություն համարելով, նույնիսկ եթե մի ժամանակ այն խզված է եղել: Հենց այդ գործոնն է ԱՄՆ-ի առջեւ ծառացած գլխավոր խոչընդոտը Անդրկովասում միասնական քաղաքականության մշակման տեսակետից:

Վաշինգտոնը տարածաշրջանում իր համար այդպես էլ չի ընտրել գլխավոր գործընկեր, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ներկայությունը, Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող միջազգագրի ստորագրումը, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի փաստական վերահսկողությունը փոխում են իրադարձությունների ընթացքը Անդրկովկասում, ի հայտ բերում այդ տարածաշրջանում համագործակցության նոր կառույցների հնարավորություններՙ Հայաստանից բացի ներգրավելով նաեւ Ադրբեջանին:

Այդ նպատակին է ծառայում նաեւ Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը Սիրիայի հարցում, որի պայմաններում Բաքվի համար դժվարացել է ընտրություն կատարել Մոսկվայի եւ Անկարայի, Անկարայի եւ Թեհրանի միջեւ: ԱՄՆ-ը հեռու է, իսկ Բրյուսելը զբաղված է ուրիշ խնդիրների լուծմամբ: Ակնհայտ է, որ Անդրկովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը անկարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը, իսկ նախագահ Թրամփը դատարկ խոստումներ է տալիսՙ խաղալով Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին քաղաքականության տարբեր ուղեգծերի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ