RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4412, Տպվել է` 584, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ

Առաջիկա դեկտեմբերին Ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպման մասին որոշումը արդեն կարելի է համարել կայացած փաստ, քանի որ դրա իրականացման համար բոլոր խոչընդոտները վերացված են: Դա պարզ դարձավ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից հետո եւ հետագայում 15 հանրապետական պատգամավորների հայտարարության արդյունքում:

Այսպիսով, ինչպես եւ գրել էինք «Ազգ»-ի նախորդ համարում, Ազգային ժողովի ներկա կազմը սպառել է իրեն եւ չի արտահայտում այն տրամադրությունները, որոնք կան հասարակության մեջ եւ հետեւաբար այն դարձել է առաջընթացին խոչընդոտող հիմնական պատճառը: Այս ԱԺ-ից ազատվելը փաստորեն հնարավոր եղավ Երեւանի ավագանու ընտրությունից հետո, երբ պարզ դարձավ, որ միայն մայրաքաղաքում վարչապետի կողմնակիցների թիվը շուրջ 300 հազար է:

Հանրապետական կուսակցությունից սկսված առնետավազքը նույնպես նոր բան չէ մեր քաղաքական իրականության համար: Այս երեւույթին մենք ականատես ենք եղել նաեւ նախկինում, երբ համատարած լքում էին Կոմունիստական կուսակցության խորտակվող նավը ու դառնում ՀՀՇ-ական, ապա նույն երեւույթը կրկնվեց ՀՀՇ-ից փախուստի տեսքով եւ այսօր Հանրապետական կոչվող, նախկինում հածանավի համբավ ունեցող կառույցը բոլոր կողմերից ջրով է լցվում:

Հանրապետական նավի հավանական խորտակմանը ականատեսը կլինենք արդեն դեկտեմբերին, երբ սկսվի նախընտրական գործընթացը, քանի որ, ըստ շատ մասնագետների, ՀՀԿ-ի մասնակցությունը այս ընտրություններին քիչ հավանական է: Ու պետք է ընդունենք, որ այն ինչը այս օրերին տեղի է ունենում Հանրապետականի հետ, օրինաչափ է ու բազմաթիվ անգամ է կրկնվել իշխանական մենաշնորհ ունեցող, երկար ժամանակ իշխող կուսակցություների հետ, երբ վերջիններս կորցնում են իշխանությունը:

Սակայն, սպասվող Ազգային ժողովի ընտրությունները կարող են կրկնել Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը եւ արդյունքում Հանրապետական մենաշնորհին եւ միանձնյա իշխանությանը փոխարինելու կգա Քաղաքացիական պայմանագիր կոչվող անհասկանալի կառույցը: Անհասկանալի, որովհետեւ հայտնի չէ ո՛չ այդ կուսակցության գաղափարական, ո՛չ քաղաքական ուղղվածությունը, պարզ չէ այն ազատակա՞նՙ թե սոցիալիստական, ա՞ջՙ թե ձախ ուղղվածության կուսակցություն է:

Թեեւ նոր սահմանադրությունը եւ արդեն փոխված նոր ընտրական օրենսգիրքը պահանաջում է, որ Ազգային ժողովի 30 տոկոսը տրվի ընդդիմությանը, ու այն պետք է ներկայացված լինի 4 կուսակցությունով, սակայն սա էականորեն ոչինչ չի փոխում: Մենք կունենանք մեկ կուսակցության, կամ նրա կողմից ստեղծած դաշինքի մենաշնորհը, որի ձեռքում ավելի շատ իշխանություն կլինի կուտակված, քան ՀՀԿ-ի դեպքում էր:

Սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ զարգացումների նման սցենար մենք նախկինում արդեն տեսել ենք, երբ մեկ կուսակցության մենաշորհը հանգեցնում էր ժողովրդավարության նավազմանը եւ ավտորիտարիզմի աճին: Գործող սահմանադրությունը եւ օրենքները հնարավորություն չեն տալիս իրերի նման դասավորությունը կանխելու ու Հայաստանում իրական ընդդիմություն ստեղծելու համար:

Հնարավոր ստեղծվելիք արտառոցությունը նաեւ նրանում է, որ իրական իշխանություն ներկայացնող անձըՙ վարչապետը, տվյալ դեպքումՙ Նիկոլ Փաշինյանը, ունի աննախադեպ բարձր ռեյտինգ, ինչը թերեւս համեմատելի է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ժողովրդավարությանը հեռավոր 1991թ., երբ վերջինս դարձավ ՀՀ նախագահ: Սակայն, այդ պահին ՀՀՇ-ն միաձայն կերպով իշխող քաղաքական ուժ չէր եւ Ղարաբաղ կոմիտեի շատ անդամներ բավականին ազդեցիկ էին եւ թույլ չտվեցին մեկ անձի գերիշխանություն:

Ներկայումս իրավիճակը այլ է. գործող վարչապետի իշխանությունը թե՛ ՀՀ ներքաղաքական դաշտում եւ թե՛ իր իսկ ստեղծած քաղաքական կուսակցությունում բացարձակ է, հետեւաբար խոսել հակակշիռների մասինՙ անիմաստ է: Գործող սահմանադրությունը, որը ինչպես ասում ենՙ «կարած» էր Սերժ Սարգսյանի վրայով, նվիրագործում է փաստորեն սուպերվարչապետական համակարգը:

Նախագահը չունի ազդեցության էական լծակներ, օրենսդիր իշխանության վերահսկման դեպքում վարչապետի լիազորությունները դառնում են բացարձակ: Պետք է հաշվի առնել նաեւ, որ դատական համակարգը ինքնուրույն չէ եւ ՀՀ անկախության բոլոր տարիներին միշտ էլ գործել է Բաղրամյան 26-ի վերահսկողության ներքո, հետեւաբար սովոր չէ ինքնուրույն աշխատանքի:

Այսինքն, դատական համակարգը կարելի է գնահատել որպես հաշմանդամ, որը նախկինում գործում էր «վերեւից» ստացված զանգերի սկզբունքով, իսկ այժմ, երբ այդ զանգերը չկան, ինչպես հավաստում են նոր իշխանությունները, դատական համակարգի ներկայացուցիչներն են զանգում վերեւ: Հայտնի գաղտնալսման հրապարակումը ցույց տվեց ՀՀ դատական համակարգի ողջ թշվառությունը, երբ դատավորն է զանգում քննչական կոմիտե` ճշտելու, թե ինչ անի:

Նորից կրկնեմ. նման արատավոր պրակտիկան ձեւավորվել է նախկին իշխանությունների օրոք, սակայն արդյոք մեծ արագությամբ իշխանությունը զավթող ՔՊ-ն կունենա՞ այնքան հեռատեսություն եւ իմաստություն` չընկնելու համար բացարձակ իշխանությանՙ այլասերման ծուղակը ու չի՞ գնա նոր ձեւավորվող ընդդիմությանը ճնշելու ճանապարհով: Այս հարցերը հարկավոր է բարձրաձայնել հասկանալու համար, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել դեկտեմբերյան ընտրություններից հետո:

Արդյոք Հայաստանը կդառնա՞ «նոր Ադրբեջան, բայց առանց նավթի», ինչպես ասում է Դավիթ Շահնազարյանը , թե՞ այնուամենայնիվ մեզ համար իրական հնարավորություն կստեղծվի շարժվել դեպի ժողովրդավարություն: Սրանք կարեւորագույն հարցեր են, որոնց պատասխանները չկան. լոզունգներով եւ էյֆորիայով առաջ շարժվող Հայաստանը կարող է բախվել լրջագույն խնդիրների, եւ այդ ռիսկերը պետք է հաշվի առել արդեն այսօր:

Քաղաքական դաշտից ՀՀԿ-ի հեռացումը նոր իշխանություններին զրկում է իրենց ավանդական մեղադրանքներից, թե ամեն ինչում հանրապետականներն են մեղավոր: Նորերը արդեն ռեալ պատասխան պետք է տան կատարած աշխատանքի, տնտեսական աճի, իրականացրած սոցիալական ծրագրերի եւ իրական առաջընթացի տեսքով:

Այս ամենի բացակայությունը կարող է լրջագույն խնդիրներ ու հիասթափություն առաջացնել բնակչության մոտ: Այստեղ թերեւս արժե հիշեցնել քաղաքագիտական հետեւյալ ճշմարտությունըՙ յուրաքանչյուր հեղափոխություն ավարտվում է հիասթափությամբ: Սաՙ լավագույն դեպքում: Իսկ շատ պետություններում այն ուղեկցվում է նաեւ բախումերով եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմով:

Ինչպե՞ս խուսափել այս ամենից եւ ինչպե՞ս կառուցել ժողովրդավար, ծաղկող եւ զարգացող Հայաստան, սա իսկապես բարդագույն հարց է, որի լուծումը գտնվում է պրոֆեսիոնալ աշխատանքի, իրական ներդրումների ու ծրագրերի հետեւողական իրականացման տիրույթում: Նկատենք, որ սա մի իրողություն է, որը, գոնե անցած 5 ամիսների ընթացքում չի կատարվել եւ գործող կառավարությունը աչքի է ընկել դիլետանտ եւ վատ աշխատանքով:

ՀՀ-ի տնտեսական զարգացման վերջին երկու ամսվա ցուցիչները նախանշում են տնտեսական աճի էական դանդաղում, իսկ մի շարք ուղղություններով, մասնավորապես գյուղատնտեսության, նույնիսկ անկում է գրանցվել: Հարակավոր է իրական ու համալիր աշխատանք կատարելՙ տնտեսական բնագավառում առաջընթաց գրանցելու համար, որովհետեւ դեկտեմբերյան ընտրություններից հետո էյֆորիան կանցնի, եւ ցանկալի չէ, որ 2019թ. գրանցվի որպես զարգացման վատագույն արդյունքներով տարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ