RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2099, Տպվել է` 439, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ. ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆ

«Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն

Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնը 2012 թուականից հայրենիքում ձեռնամուխ է եղել լիբանանահայ նշանաւոր արձակագիր, քննադատ եւ հրապարակախօս, «Սփիւռք» շաբաթաթերթի նոյնքան նշանաւոր խմբագիր Գէորգ Աճեմեանի հայագիր ամբողջական ժառանգութեան լոյսընծայումին: Առաջին երեք հատորներում ի մի են բերուած նրա հետագիծ ձգած լաւագոյն արձակ գործերըՙ պատմուածքներ, վիպակներ եւ վէպեր, ինչպէս ասենք, «Անկարելի պատմութիւն», «Օրերէն ետք», «Անապահովութեան փողոցներ», «Պիտի չարչարեմ բառերը» պատմուածքների ժողովածուները, «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ», «Անորոշութեամբ եւ մասամբ նորին», «Սիրային մեղեդիներ», «Ապագայի հետքերով» վիպակները, ինչպէս նաեւ երկու նշանակալից վէպերըՙ Հայրենիքի եւ Սփիւռքի յարաբերութիւնների բազմածալ քննութեամբ բացուած «Յարդգողի ժառանգորդները» եւ ստալինեան հալածանքների դէմ սփիւռքահայի ընդվզումը բարձր շնչով մարմնաւորած «Յաւերժական ճանապարհ»ը, ուր Գ. Աճեմեանը տալիս է «Սիբիրի սառերուն մէջ» մարդու եւ մարդկայինի արժէքների պաշտպանութիւնըՙ գեղարուեստական, կարելի է ասել, մահարիական զօրութեամբ:

Բոլորովին վերջերս լոյս տեսան հեղինակի չորրորդ եւ հինգերոդ հատորներըՙ համապատասխանաբար «Քննադատական երկեր» եւ «Հրապարակագրական երկեր» խորագրերով, Սուրէն Դանիէլեանի եւ Քնարիկ Աբրահամեանի առաջաբանով ու խմբագրութեամբ:

Լիբանանահայ գրագէտի տեսաբանական եզրայանգումները, գրականագիտական վերլուծումներն ու գրախօսականները այսօր շատ ու շատ հարցադրումներում կարող են կողմնորոշիչ լինել հայրենի եւ սփիւռքահայ գրականագէտների համար. տասնամեակների հոլովոյթում նրանք շարունակում են պահել իրենց արդիականութեան դրոշմը:

Իսկ քաղաքական դատողութիւններն ու վերլուծումները գալիս են ամբողջացնելու քաղաքագէտ Աճեմեանի նուրբ դիտողականութիւնն ու ազգային խնդիրների նկատմամբ մտաւորականի խորը պատասխանատուութիւնը:

Չորրորդ հատորում տեղ են գտել առանձին գրքերով հրատարակուած ուսումնասիրութիւններըՙ «Տեսական-քննադատական փորձեր»ի Ա. եւ Բ. հատորները, ապաՙ մամուլից հանած գործերը, որոնք, հաւատարիմ հեղինակային նախընտրութեանը, բաժանուած են հետեւեալ խորագրերիՙ «Գրադատութիւն», «Հարցազրոյցներ» եւ «Նամակատուփ»:

Նոյն ելագծով է կազմուած նաեւ հինգերորդ հատորը: Նախ, տեղ են գտել գրքերըՙ «Միակ լուծումը», «Պիտի յիշե՞նք երբեւիցէ Արեւմտեան Հայաստանը», «Քաղաքական իրապաշտութի՞ւն թէ անձնատուութեան պատրաստակամութիւն», ապաՙ մամուլից հանուած յօդուածները, որոնք զետեղուած են «Հրապարակագրութիւն» ընդհանուր խորագրի տակ: Այստեղ առանձնացուած է «Սփիւռք» պարբերականում լոյս տեսած «Խօսք ճանապարհի» չարենցեան շնչով խորագրուած շարքը, որը առանձին հրատարակութեամբ լոյս է տեսել Երեւանում, 1999-ին, հեղինակի մահից յետոյ: Այդ գրքի կազմողները առանձին դէպքերում, թերեւս ելնելով գրութեան բովանդակութիւնից, խորագրեր են դրել որոշ նիւթերի: Բացի այդՙ նոյնՙ «Խօսք ճանապարհի» խորագրի տակ են հաւաքել նաեւ թեմատիկ ընդհանրութիւն կազմող այլ գրութիւններ եւս: Այս գրքում, սակայն, նախապատուութիւն է տրուել թերթօնային տարբերակին:

Հատորներին կցուած են նաեւ անուանացանկեր, իսկ խմբագրական ծանօթագրութիւնները բերուած են տողատակերում:

Կազմողները իրենց շնորհակալութիւնն են յայտնում գրողի կնոջըՙ Վերա Աճեմեանին, Սիմոն Սիմոնեանի որդունՙ Սասուն Սիմոնեանին, գրագէտ Գէորգ Եազըճեանին նիւթերի ամբողջացման ճանապարհին ցուցաբերած անգնահատելի օժանդակութեան համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ