RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2933, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Հետհեղափոխական շրջանի զարգացումները Հայաստանում, ցավոք, գնում են բոլոր նախորդ հեղափոխություններին բնորոշ ճանապարհներով: Գործող իշխանությունները խոր անվստահություն ունեն այսպես կոչված հակահեղափոխական ուժերի նկատմամբ, իսկ վերջիններս էլ սարսափում են երկրում Նիկոլ Փաշինյանի անսահմանափակ դիկտատուրայի հաստատման հեռանկարից: Ներկա քաղաքական ճգնաժամի ակունքն այստե՛ղ էՙ երկուստեք անվստահության այս կործանարար վիհի մեջ: Եվ նախկինները, անկեղծ ասած. լիակատար հիմք ունեն վախենալու իրենց անվտանգության համար: Որովհետեւ սոցիալական ցանցերում եւ մանավանդ զանգվածային հավաքների ժամանակ նրանց հանդեպ ատելությունից եռացող մարդկանց պակաս չի զգացվում:

Սոցցանցերի տեղեկություններով կամ ենթադրություններովՙ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենամերձավորները իրենց հերթին սեփական անվտանգությունից անհանգստանալու հիմքեր ունեն: Ըստ այդ տեղեկություններիՙ անգամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է իր ընտանիքը, անվտանգության նկատառումներով, հանել երկրից: Բա էլ ինչո՞ւ հեղափոխություն արեցինք: Որ վախենա՞նք մեր իսկ երկրում ազատ շրջելուց, ազատ ու բարձրաձայն խոսելուց: Ստալինիզմի ուրվականն էլ ինչպե՞ս է լինում...

Ներկա վիճակի հաղթահարման բանալին, ըստ իս, նախ եւ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում է: Քանզի գործող իշխանությունները երկրում տեղի ունեցող ամե՛ն ինչիՙ ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատո՛ւ են: Այնպես չէ, որ նախորդները բոլոր սեւ գործերի հեղինակներն են, իսկ ներկա կառավարողներըՙ սպիտակ փետուրներով հրեշտակնե՛ր: Ժողովուրդը, երկիրը նախ եւ առաջ գործող վարչապետից, մյուս իշխանավորների՛ց է ակնկալում իր հազար ու մի խնդիրների լուծումը: Օրինակՙ քաղաքում աղբահանության կազմակերպումը, որ վերջին մի քանի ամիսներին, կոնկրետ Շենգավիթում, խայտառակ վիճակի է իջել:

Հենց հեղափոխությունից անմիջապես հետո հայտնվել են զանազան զոռբաներ, որ վերջին 50 տարում իրենց մշտական տեղն ունեցող աղբարկղները հանել-դեն են նետելՙ ազատված տարածքները անձնական կարիքների համար օգտագործելու նպատակով: Դրա հետեւանքով բնակիչները հարկադրված են իրենց կենցաղային աղբը տներից շատ ու շատ հեռու տանել: Արի ու տեսՙ ոմանք հակված են նույնիսկ դրա՛ մեջ նախորդ իշխանութունների չար կամքը տեսնել:

Ուստի զարմանալի չէ, որ ամենուրեք, նույնիսկ վարչապետի՛ մակարդակով սկսվել եւ եռանդով շարունակվում է երեւակայական թշնամիների փնտրտուքը: Ոչ ոք չի կարող ասել, թե նախկին իշխանավորները մեղքեր չեն գործել: Ընդհակառակը: Ինչպե՞ս կարող էին մարդիկ երկար տարիներ կառավարելՙ առանց մեղքերի, նրանց դեպքումՙ նույնիսկ ծանր մեղքերի: Եթե ներկաները դեռ ընդամենը մի քանի ամսում լուրջ վրիպումներ են թույլ տվել (առայժմ, բարեբախտաբար, միա՛յն վրիպումներ), ինչպե՞ս կարող էին նախկինները տարիների ընթացքում շատ ավելի լուրջ սխալներ չկատարել կամ մեղքեր չգործել: Աստված գիտեՙ ժամանակի ընթացքում նորերը հներից ավելի մեծ հանցանքներ չե՞ն գործելու: Եթե խնդիր ենք դնում անցյալի արատները մաքրելՙ ապա այդ պետք է անենք առանց փրփրաերախ հայհոյաբանության, սոսկ հավաստի ապացույցների առկայության պարագայում, դատարանիՙ ուժի մեջ մտած վճիռներից հետո, եւ ոչ թե զգացմունքային պոռթկումների բերումով, այս ու այն պետական մարմնիՙ դեռեւս հաստատման ենթակա հայտարարություններից ելնելով: Որովհետեւ, ավա՜ղ, պետական մարմինները նու՛յնպես կարող են սխալվել, անգամՙ գիտակցաբար ստե՛լ: Ով այս տարրական բանը չի հասկանում, սակայն հանդես է գալիս նիկոլապաշտության դիրքերից, գոնե պիտի գիտակցի, որ իր ափեղ-ցփեղությամբ հենց ի՛նքն է փորում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ֆետիշացումը «ԱԶԳ»-ի իմ նախորդ հրապարակումներում բազմիցս կռապաշտություն եմ անվանել: Բայց դա հո չի՞ նշանակում, թե ես, իբր, գործող վարչապետի հակառակորդն եմ կամ նրա վա՛տն եմ ցանկանում: Հակառակըՙ սրտանց կուզենայի, որ ի՛նքն էլ, իր վարչակազմն էլ լա՛վ աշխատեն, այնպես անեն, որ իրենց գործունեությունից ժողովուրդն ու պետությունը... շահե՛ն: Այլապես ի՞նչ իմաստ ունի տեղի-անտեղի շեշտել, թե համաշխարհային հանրությունը, բա չե՜ք ասի, հիացա՜ծ է մեր թավշյա հեղափոխությամբ: Եթե այդ «հիացմունքը» մեզ շոշափելի ոչինչ չի տալուՙ ի՞նչ արժեք ունի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ