RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ՔՆՆԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3917, Տպվել է` 543, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ ԵՆ ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ

Այս օրերին, երբ հասարակությունը բավականին քաղաքականացված է, կրքերն էլ օր օրի շիկանում են եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ սարերի հետեւում չեն, կուսակցությունների դերակատարությունը գնալով խիստ կարեւորվում է: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ մամուլում ու ԶԼՄ այլ միջոցներում ամենաշատ գործածվողներից է «կուսակցություն» բառը: Իսկ թե դրանք ինչ են իրենից ներկայացնում, միշտ չէ, որ հստակ պատկերացնում ենք: Այդ պատճառով հարկ ենք համարում համառոտ ներկայացնել խնդիրը: Միաժամանակ կփորձենք շատ հակիրճ զուգահեռներ ուրվագծել մերօրյա իրականության հետ:

Նշեմ նաեւ, որ հոդվածը գրելու շարժառիթներից եղավ նաեւ այն, որ «Ազգ» թերթում (թիվ 36, 28 սեպտեմբերի 2018) կարդացի ինձ համար տարօրինակ «Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան» վերնագրով հրապարակումը: Առավել քան զարմանալի էր նաեւ այն արտառոց իրողությունը, որ հոդվածն ստորագրել է հայ ավանդական կուսակցություններից մեկիՙ ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետը: Նկատի առնելով հարգելի գործընկերոջ հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունները` թույլ ենք տալիս մի քանի դիտարկումներ կատարել այս հիմնախնդրի կապակցությամբ:

Միանգամայն իրավացիորեն հիշյալ հոդվածի հեղինակը նշում է, որ ՀՀ բոլոր նախկին նախագահներն արել են ամեն ինչ քաղաքական դաշտը կուսակցազերծելու համար: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, թե Հայաստանում այսօր քաղաքական կուսակցություններ չկան: Դրանք միանշանակ կան: Այլ հարց է, թե ինչ մակարդակում են եւ ինչ պրակտիկ գործունեություն են ծավալում: Հստակ է մեկ բան, այո՛, կուսակցություններ, ինչպիսին մեզ սովորեցրել են դպրոցական, իսկ այնուհետեւ համալսարանական տարիներին, այսօր չկան: Ավելին, այդպիսի տարբեր -իզմերի հենքով կուսակցություններ այսօր զարգացած քաղաքակիրթ ոչ մի երկրում չկան: Որպեսզի ասվածն ավելի հստակ լինի, հիմնախնդիրը մի փոքր մանրամասն ներկայացնեմ:

Քաղաքական կուսակցությունը (լատ. Politika եւ Part բառերից, որ թարգմանաբար նշանակում են պետության կառավարման արվեստ եւ մաս) հիերարխիկ հատուկ քաղաքական կազմակերպություն է, որը կամավոր սկզբունքներով մարդկանց միություն է, ովքեր ունեն ընդհանուր սոցիալ-դասակարգային, քաղաքական-տնտեսական, ազգային-մշակութային, կրոնական եւ այլ հետաքրքրություններ ու իրենց առջեւ խնդիր են դրել նվաճել քաղաքական իշխանությունը կամ մասնակցել դրան: Հասարակական շարժումներից կուսակցությունները տարբերվում են կայուն գաղափարախոսությամբ եւ երկարաժամկետ գործերով: Հայտնի տեսաբան ֆոն Բեյմեն կուսակցություններին բնութագրում է իշխանության համար պայքարող հասարակական կառույցներ: Կուսակցությունների մեծ մասն ունի ծրագիր, որն արտահայտում է իր գաղափարախոսությունը, թվարկում նպատակները եւ դրանց հասնելու միջոցները:

Սովորաբար կուսակցությունները բաժանվում են ըստ սոցիալ-դասակարգային (աշխատավորների, ունետերերի), կազմակերպչական (զանգվածային, կադրային), իշխանության մասնակցության (կառավարող, ընդդիմադիր), նպատակների եւ խնդիրների բնույթի (պահպանողական, ռեակցիոն, հեղափոխական), գաղափարախոսության (պահպանողական, լիբերալ, սոցիալիստական, կոմունիստական, ազգայնական, ֆաշիստական, կանաչների, կղերական), կուսակցության գրաված դիրքի (աջ, կենտրոնամետ, ձախ), կազմակերպչական կառուցվածքի (դասական, շարժումային, քաղաքական ակումբ) եւ այլ հատկանիշներով: Քաղաքագետներ Ռիչարդ Գանտերը եւ Լարրի Դայմոնդը առանձնացնում են կուսակցությունների «իդեալական» 5 տեսակ. էլիտայի, ժողովրդական-զանգվածային, էթնիկական ուղղվածության, ընտրական միավորումներ եւ այս կամ այն շարժումների կուսակցություններ:

Ժամանակակից կուսակցություններն սկզբնավորվել են 19-րդ դարից, երբ ընտրությունների միջոցով հնարավոր դարձավ զանգվածների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Այսօր շատ երկրներ կան, որտեղ կուսակցություններ ընդհանրապես չկան (Օման, Արաբական էմիրություններ, Հորդանան, Բուտան, Գանա, Քուվեյթ): Կան միակուսակցական երկրներ (ամենադասականը ԽՍՀՄ-ն էր եւ է Չինաստանը): Կան երկրներ, որտեղ ընտրություններում անընդհատ նույն կուսակցությունն է հաղթում, սակայն միշտ թարմացնում է իր կադրային ռեզերվը եւ գաղափարախոսությունը (Ճապոնիա), կան նաեւ երկկուսակցական երկրներ (ԱՄՆ, Ջամայկա): Ամենաքիչը հանդիպում են եռակուսակցական երկրները (Ֆինլանդիա): Առավել շատ են բազմակուսակցական երկրները (եվրոպական երկրների մեծ մասը, Ռուսաստանի Դաշնությունը եւ ընդհանրապես նախկին ԽՍՀՄ մաս կազմող նորանկախ հանրապետությունները, որոնց թվում եւ ՀՀ-ն):

Վաղուց ձեւավորվել է նաեւ կուսակցությունների «գունային» կայուն համակցությունը: Այսպես` կարմիրը ձախ կուսակցությունների գույնն է, սեւն ու կապույտը` պահպանողական եւ ֆաշիստական, վարդագույնը` սոցիալ-դեմոկրատների, դեղինը` լիբերալների, կանաչը` կանաչների եւ իսլամիստների, վառ կարմիրն ու սպիտակը` միապետականների եւ այլն: Կան նաեւ կուսակցությունների միջազգային միավորումներ, ինչպես օրինակ` սոցինտերնացիոնալները, ԵԺԿ-ն եւ այլն:

Սովորաբար կուսակցական կազմակերպական կառույցին բնորոշ են 4 տարրեր. ա) ընդգծված լիդերը եւ իր շտաբը, բ) կառավարման հաստատուն ապարատը, որը կատարում է շտաբի ցուցումները, գ) ակտիվ կուսակցականներ, դ) պասիվ կուսակցականներ կամ համակիրներ: Որպես կանոն կուսակցություններն ունեն իրենց կենտրոնական եւ տեղական մարմինները: Լինում են նաեւ կոշտ ու ճկուն գործելակերպ ունեցող կուսակցություններ:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը սոցիալ-տնտեսական արմատներով հիմնականում եռաշերտ է` հարուստներ, միջին ունետերեր եւ աղքատներ, որոնք էլ ստեղծում են դրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Այսօր ՀՀ-ում գրանցված են ավելի քան 70 կուսակցություններ, որոնցից մեր կողմից վերը շարադրված դասական չափորոշիչների պահանջներին համապատասխան մշտական ու կայուն գործում են մեկ-երկուսը: Շատերն ունեն «իմպուլսային» գործելաբնույթ, այսինքնՙ ակտիվանում են նախընտրական եւ նմանատիպ այլ իրավիճակներում: Իսկ մնացածն հիմնականում մարդ-կուսակցություններ են եւ գրանցումից ավելի, ըստ էության, ոչինչ չեն անում: Վերջին հաշվով որքան էլ բազմաքանակ, դրանք ի վերջո այդ երեք խմբից որեւէ մեկում են: Մեզանում ակտիվ գործունեություն ծավալած կուսակցություններին բնորոշ են հետեւյալ բնութագրերը. Ա. գաղափարական հենքի վրա գործողներ, որոնք շատ չեն, արտահայտում են հասարակության որոշակի խավի շահերը, սակայն ունեն թեեւ քիչ, բայց կայուն ընտրազանգված, Բ. մեկ նպատակի շուրջ հավաքված մարդկանց խումբ, որոնք ակնհայտ ձգտում են օգտագործել այդ լծակը եւ օգտվել հասարակական բարիքներից, իրենց կազմությամբ բազմաշերտ են` իրար կողքի են հավաքվել մեծահարուստն ու ընչազուրկը: Գ. վերջին շրջանում աստիճանաբար աշխուժացում է նկատվում հայրենակցական գործոնի վրա ձեւավորված կուսակցությունների շրջանում:

Ռամկավար ազատական կուսակցությունը բացառապես գաղափարախոսական հենքի վրա ստեղծված եւ շուրջ մեկ դար գործող քաղաքական կառույց է` իր հստակ ձեւակերպած նպատակներով, որոնցում գերականՙ ազգային խնդիրների ու նպատակների լուծումն է: Դավանանքը` ազատական, ժողովրդավար սկզբունքները, որոնց էպիկենտրոնում մշտապես Մարդն է` որպես մեծագույն եւ անփոխարինելի արժեք: Ընդ որում, ազատականությունը (լիբերալիզմ) նախ եւ առաջ մտածողության ազատություն է, ինչպես նաեւ այլ աշխարհայացքների նկատմամբ հանդուրժողություն: Բնության հրաշալի բազմազանության մեջ մարդիկ չեն կարող լինել միատեսակ: Պարտադրանքով չես կարող ստիպել, որ մարդիկ միաձեւ մտածեն: Դրանից ծնվում է ներքին բողոք, որը կարող է դրամատիկ հետեւանքներ ունենալ: Ռամկավարությունը (ժողովրդավարությունը, դեմոկրատիան) կողմնակից է պետության դեմոկրատական կառավարման ձեւերին, որոնց հիմքում դրված լինեն ազատ ընտրություններն ու բազմակուսակցական համակարգը: Յուրաքանչյուր իշխանություն ի վերջո փլուզվում է: Ինչպես դա եղավ ԽՄԿԿ-ի դեպքում, որն իր կողքին չէր հանդուրժում այլ կուսակցությունների եւ քայքայվեց ներսից, որովհետեւ փորձում էր մոնոպոլիզացնել (մենաշնորհացնել) իշխանությունը, քաղաքականությունը եւ տնտեսությունը: Համոզված ենք. այդպես ուշ թե շուտ կլինի նաեւ բոլոր նմանատիպ համակարգերի ու կուսակցությունների հետ: Իսկ ճիշտ քաղաքական ռազմավարություն, որը կբավարարի ժողովրդի հետաքրքրությունները եւ կապահովի ծաղկուն տնտեսություն, առանց մրցակցային դաշտի չի կարող լինել: Ու թեեւ այսօր ՌԱԿ-ում առկա են զուտ կազմակերպական որոշ դժվարություններ, սակայն հստակ է, որ դրանք հաղթահարելի են եւ ամենամոտ ապագայում կհարթվեն ժամանակավոր այդ դժվարությունները, իսկ կուսակցությունը կգրավի իր արժանի տեղը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհասփյուռ ողջ հայության մեջ: ՌԱԿ-ը որպես ողջ հայության միավորման ջահակիր, արել, անում է եւ կանի ամեն ինչ, որ այդ ուղղությամբ սկսված գործառույթները ավարտվեն բարեհաջող, արագ եւ արդյունավետ:

Ճիշտ է նաեւ այն, որ վերջին շրջանում զարգացած երկրներում հասարակական անկուսակցական լայնածավալ շարժումների հետնախորքի (ֆոնի) վրա, իսկ զարգացող երկրներում` ազգային գործոնի ուժեղացման արդյունքում, նկատվում է կուսակցությունների դերի որոշակի նվազում, սակայն մեր իրականությունն առայժմ ընգծված «կուսակցականացված» է, հատկապես ոչ գաղափարական գործոնի, այլ թիմային մրցավազքի նկարագրով, եւ մենք պարտավոր ենք ըմբռնել մերօրյա իրականությունն ինչպես որ կա:

Գաղտնիք չէ, որ մեզանում գործող կուսակցությունների ծրագրերի մեծ մասը կրկնում են միմյանց, գաղտիք չէ նաեւ այն, որ կուսակցականների զգալի մասն այսօր անգամ ծանոթ չի իրենց կառույցի հիմնադրույթներին, սակայն մարդիկ որեւէ նպատակի, երբեմն էլ` որեւէ ուժեղ կամ հարուստ անհատի շուրջ են համախմբվում: Այսինքն, մեր նախկին պատկերացումներին համապատասխանող կուսակցություններն այսօր շատ քիչ են: Սակայն դրանք կան եւ ավելինՙ բոլոր այն կուսակցությունները, որոնք կձեւափոխվեն, ճկուն մեթոդներով կհարմարվեն գոյություն ունեցող իրավիճակներին, շարունակական հաջողություններ կարձանագրեն: Ուստի ասել, որ դրանք չկան, իրականությանը չի համապատասխանում: Այո, բոլորովին այլ հարց է, որ դրանց ձեւավորման հիմքում այլ գործոններ են ավելի կարեւոր դարձել, քան էին գաղափարական իզմերը, այլ հարց է, որ նպատակները գրեթե նույնացել են, սակայն կուսակցությունները կան եւ ապագայում էլ կլինեն:

Խուսափելով համաշխարհային փորձից վկայակոչված օրինակներով հոդվածը ծանրաբեռնելուց, կնշեմ միայն ԱՄՆ-ի օրինակը: Շուրջ մեկ դար միմյանց հաջորդելով իշխանության են գալիս կա՛մ հանրապետականները, կա՛մ դեմոկրատները: Բացի պետության ավել կամ պակաս դերակատարություն վերապահելուց որեւէ մեկը կարո՞ղ է մեծ տարբերություններ նշել: Իհարկե ոչ, քանի որ դրանք չկան: Ասել է, թե ամերիկյան հասարակությունը որոշ նախասիրություններից ելնելով այս կամ այն թիմում է: Գաղափարախոսական խորխորատներից խուսափելով էլ նշեմ միայն, որ այսօր եվրոպական որոշ երկրներում երբեմն իշխանության ղեկն իրենց ձեռքն են վերցնում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնց իշխանությունը մեծ հաշվով գրեթե ոչնչով չի տարբերվում պահպանողականներից, իսկ դրանց ծրագրերում այնպիսի հեղափոխական հիմնադրույթներ են ամրագրված, որ նույնիսկ վախենալ կարելի է:

Ամփոփենք: Ինչպիսի քաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ էլ լինեն Հայաստանում, քաղաքական կուսակցությունների դերակատարությունը ակնհայտորեն անհրաժեշտ է: Ուղղակի մերօրյա կուսակցություններն էականորեն տարբեր են նախկինում եղածներից: Ավելին, այս կառուցողական վերափոխումների ուղին, որը որդեգրել ենք ազգովին, ավելի անհրաժեշտ ու պահանջված կդարձնեն քաղաքական կուսակցությունների դերակատարությունը, քանի որ կուսակցական հարթակներից պետք է հնչեն առողջ եւ ընդունելի այն բոլոր ծրագիր-ուղեգծերը, որոնք երկիրը կհասցնեն բոլորիս բաղձալի երանավետ վերջնագծի: Ակնհայտ է նաեւ, որ այն քաղաքական ուժը, որը երկրում ծավալված արմատական փոփոխությունների նկատմամբ հանդես կբերի խելացի, կառուցողական, վերլուծական եւ ճկուն մոտեցումներ, վստահ եմ, կզբաղեցնի իր հաստատուն տեղը թե՛ քաղաքական դաշտում եւ թե՛ ժողովրդի կյանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ