RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3882, Տպվել է` 543, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸՙ ԳՈՐԾԻ ՎՐԱ

Պատրաստեց Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

Սեպտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական ծառայության շտաբ-կամավորական աշխատանքների (հասցեՙ Կորյունի 19ա) սեզոնային ամփոփոիչ հանդիպումը: Տեղում ներկա էին վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործող կամավորներ, լրագրողներ եւ այլք:

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը, որպես հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 1965 թ., հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային կամավորական ծառայությունների կոմիտեի եւ Եվրոպական կամավորական աշխատանքների ծառայությունների Ալյանսի անդամ:

Առաջին հայացքից ուղղակի ճամբար թվացող այս կառույցն իրականում ավելին է, քան կարծում են շատերը: Հայրենիք, մշակույթ, համամարդկային արժեքներ, ահա՛ գերնպատակը: Եվ սրանք սին բառեր չեն: 1988 թվականին, երբ, ցավալիորեն սկսվեց հայ ազգի պատմության ճակատագրական նոր շրջանը, այս կառույցն առաջիններից էր, որ երկրաշարժից անմիջապես հետո նետվեց իր հայրենակցի մատից փուշ հանելու: Երկրաշարժի օրերին ուսանողական ջոկատների 10 հազար անդամներ գնացին աղետի գոտիՙ տուժած հայրենակիցներին հնարավորինս օգնելու: Նույն մարդիկ հետագայում մասնակցեցին աղետի գոտում մի շարք շինարարական աշխատանքների:

Կարծես ճակատագրի հեգնանք էր, դեռ վերքերը չսպիացած, ռումբի պես պայթեց Արցախյան շարժումը, որի վախճանն այլ տարբերակ չուներ, քանՙ մեր հաղթանակը: Ահա, այստեղ էլ ուսանողական ջոկատների շուրջ 500 մարտիկներ լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին:

Ճամբարների կամավորներն ամեն տարի կատարում են տարբեր բարեգործական աշխատանքներՙ Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, Բժշկահոգեբանական մանկավարժական գնահատման կենտրոնում, Մուրացան ԲԿ-ի Լեյկեմիայի բաժնում, Զատիկ երեխաների աջակցության կենտրոնում, Աբովյանի եւ Իջեւանի ՍՕՍ մանկական գյուղերում, Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում, Զվարթնոցի տաճարի տարածքում Բուսաբանական այգում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եւ այլուր: Կամավորները գնահատելի աշխատանք են տանում ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխանեի խնամքի, գիտա-մշակութային եւ էսթետիկ դաստիարակության վրա:

Հանդիպման ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը համառոտ խոսեց ճամբարների մասին:

Ստեփան Ստեփանյան, կազմակերպության ղեկավար.

Կազմակերպությունը 3 տարի առաջ տոնեց իր 50-ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն ունի: ԽՍՀՄ տարիներին մեր ուսանողներից ամեն տարի մոտ տաս հազար հոգի մասնակցել են Հայաստանի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտների շինարարությանը, որոնցից են Արփա-Սեւան թունելը, Մարզահամերգային համալիրը, Երեւանի Մետրոպոլիտենը, Նաիրիտ գործարանը, Հրազդան մարզադաշտը եւ այլն: Նրանք մասնակցել են նաեւ ամբողջ Սովետական Միության մի շարք կարեւոր աշխատանքներին: 1988թ. երկրաշարժի ժամանակ մեր կամավորների ուժերով, միայն առաջին օրը, փլատակների տակից դուրս են բերվել մոտ հազար հոգի: Դրանից հետո էլՙ նրանք աղետի գոտում զբաղվել են շինարարական վերականգնողական աշխատանքներով: 53 տարվա ընթացում 250.000 հայ երիտասարդներ մասնակցել են ուսանողական ջոկատների եւ կամավորական ճամբարների աշխատանքներին: Այս տարի եւս մեծ թվով կամավորներ մասնակցեցին արտերկրյա ճամբարների ու կամավորություն արելՙ էկոլոգիական, շինարարական, բարեկարգման, հնագիտական, եւ այլ աշխատանքներում: Մասնակցել են միջազգային մի շարք կոնֆերանսների ու սեմինարների: Մեր կամավորների համար միշտ առանձնակի տեղ են զբաղեցրել ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաները, որոնց համար կատարված աշխատանքի մասին կխոսեն մեր ընկերները: Այս շարժման մեջ ռոմանտիկա, սեր ու բարի խենթություն կա. դա կարեւոր է:

Տաթեւիկ Մկրտչյան, 28 տարեկան

Բնականաբար, որպես Զվարթնոց տաճարում միջազգային ճամբարի պետ, ինձ վրա մի փոքր այլ պարտավորություն էր դրված, քան մյուսների: Ճիշտ է, ես միշտ մասնակցել եմ բոլոր աշխատանքներին, բայց իմ գլխավոր պարտականությունը դրական մթնոլորտի ապահովումն է: Շատ կարեւոր է, որ ճամբարի պետը լինի ամեն տիպի դրականի օրինակ, կարողանա իր երկրում այնպես անել, որ օտարերկրացին հնարավորինս լիարժեք ծանոթանա իր մշակույթին, հոգեւոր կյանքին, եւ գոհ, առանց ձանձրանալու վերադառնա իր հայրենիք: Պետք է ասեմ, որ այդ ամենն ինձ մոտ ստացվել է, երկու շաբաթվա ընթացքում ճամբարականների մտերմությունն այնպես է խորանում, որ հրաժեշտի օրն անհնար է լինում խուսափել արցունքներից, իհարկե, դրանք ուրախության ու հուզմունքի արցունքներ են:

Այս տարի մի իսպանացի աղջիկ էր եկել, որը մինչ այդ Հայաստանի մասին ոչինչ չգիտեր. նրան Հայաստան գալ է խորհուրդ տվել հայրը, ով, ինչպես նշեց մեր ճամբարականը, քաջատեղյակ է հայոց պատմությանը: Աղջիկը Ծիծեռնակաբերդից գնեց Ցեղասպանությանը նվիրված հուշանվեր .վաճռողը զարմացած էր, քանի որ երբեք ոչ մի արտասահմանցի նման բան չէր գնել:

Առաջին անգամ 2015-ին եմ գնացել արտասահման:

Ճամբարի երկար տարիների փորձն ինձ շատ բան է տվել, առաջին հերթինՙ ընկերներ: Հիմա ես ընկերներ ունեմ Կանադայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում եւ այլուր:

Մենք ամեն տարի մաքրում ենք Զվարթնոց տաճարի տարածքը:

Դավիթ Գալստյան, 23 տարեկան

Բժշկական համալսարանի ուսանող եմ: Կամավորությամբ եմ զբաղվում արդեն 3 տարի, վերջինը եղել եմ Գերմանիայում: Գերմանիայի ճամբարի առանձնահատկությունն այն էր, որ այստեղ գերմաներենի լրացուցիչ պարապմունքներ ունեինք: Նույնիսկ ճաշի ժամանակ պարտավոր էինք գերմաներեն խոսել: Ես ուրախ եմ, որ հիմա տիրապետում եմ գերմաներենին, դա շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Առավել եւս, որ ես հետաքրքրված եմ գերմանական մշակույթով: Մեր դասախոսըՙ Անդրեասը, մեծ տեղ էր տալիս տարբեր մշակույթների մերձեցմանը. հենց այդ օրերին ես կարողացա մի շարք ազգերի մշակույթներին ծանոթանալ հենց տվյալ ազգերի ներկայացուցիչների օգնությամբ:

Աշխատել ենք անտառում, մեզ կոչում էինք բնության ընկերներ: Գերմանացիները շատ մոտ են բնությանը, մաքրելով այն մենք զգում էինք, որ օգուտ ենք տալիս ամբողջ աշխարհին: Մի անգամ դասախոսը տարբեր ազգերի ներկայացուցիչներին հարցրեցՙ գիտե՞ք որտեղից է սկսվում մարդկության պատմությունը, բոլորն սկսեցին իրենց երկրների մասին խոսել, վերջում դասախոսը բոլորին խնդրեց լռել, եւ ինձ խնդրեց, որ խոսեմ, քանի որ մարդկության սկիզբը Հայաստանն է, ասաց նա:

Դրանից հետո բոլորը հարցնում էին Հայաստանի մասին: Հպարտ եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում կարողացել եմ ներկայացնել մեր քաղաքակրթությունը:

Սերոբ Նահապետյան, 20 տարեկան

Առաջին տարին մասնակցել եմ ՍՕՍ մանկական գյուղ հայ-գերմանական ճամբարինՙ Իջեւանում: Զբաղվել ենք երեխաների ազատ ժամանցի կազմակերպմամբ ու թատերական ներկայացմամբ: Թե ինչ տվեց ճամբարն ինձ, դժվար է ասել, միայն մի բան կա, որը հիմա ուզում եմ պատմել: Ճամբարի վերջին օրը, երբ իրար հրաժեշտ էինք տալիս, բոլորիս աչքերը թաց էին, դրանք մեր հուզմունքի արցունքներն էին, մենք սկսել էինք սիրել իրար: Մարդկային փոխահարաբերություն, ահա իմ մեծագույն ձեռքբերումը:

Հերոդիա, 24 տարեկան

Ես երկարաժամկետ կամավոր եմՙ Ֆրանսիայից, աշխատում եմ շտաբի գրասենյակում: Մի քանի րոպեում դժվար է վերարտադրել այն ամենը, ինչը ստացել եմ այստեղ: Այս յոթ ամիսների ընթացքում շատ բան սովորեցի, որոնցից ամենամեծն ու անգնահատելին, թերեւս, հայկական հյուրասիրությունն է, որը աշխարհի ոչ մի երկրում չես գտնի. դա թանկ արժեք է, պետք է պահպանել այն: Իմ հանրակացարանի պատուհանից երեւում է ձեր սուրբ լեռը Արարատը, ես ամեն առավոտ նայում եմ նրան, համոզված եմՙ նա էլ ինձ: Արարատն իմ ամենամոտ ընկերն է: Երբ Ֆրանսիա վերադառնամ, կցանկանայի նրան ինձ հետ տանել: Իսկ ձեր խորովածի բույրն անզուգական է:

Սոֆյա Բաբայան, 23 տարեկան

Աշխատում եմ այս կազմակերպությունում որպես միջազգային ծրագրերի համակարգող: Ունենք 120-ից ավել գործընկեր կազմակերպություններ, նրանցից հաճախ ենք նամակներ ստանում, որը շատ է ուրախացնում մեզ: Դա խոսում է այն բանի մասին, որ մեզանով, մեր եւ մեր կամավորների աշխատանքով շատերն են հետաքրքրված ու գոհ: Այս տարի երկու հայ երիտասարդներ մեկնել էին Ֆրանսիական մի գյուղ, որտեղ գտնվող սրբատեղիներից մեկը փլուզման եզրին էր: Պետք է նշեմ, որ մեր կամավորականները հավուր պատշաճի կարգի են բերել այն, որի համար առանձին շնորհակալություն ենք ստացել մեր գործընկերոջից: Տարիներ առաջ մեր կամավորական ծրագրով մի հայ աղջիկ եւ մի հայ տղա մեկնել էին Ֆրանսիա: Նրանք այնտեղ են ծանոթացել եւ վերադառնալով Հայաստանՙ ամուսնացել: Ուղիղ 23 տարի անց նրանց տղան եկավ մեզ մոտ: Մենք պատահականության սկզբունքով նրանց առաջարկեցինք նույն ճամբարը, որտեղ մտերմացել էին իր ծնողները:

Թամարա Ստեփանյան, 24 տարեկան

Ես երկարաժամկետ կամավոր եմ եղելՙ Էստոնիայում: Նախ շնորհակալ եմ կոորդինատորիս, ինձ հենց այնտեղ ուղարկելու համար: Այնտեղ ես աշխատել եմ որպես կամավորՙ մանկապարտեզում: Չեք հավատա, բայց մշակութային շոկ եմ ապրել: Մարդկային փոխահարաբերությունները շատ բարձր են այնտեղ: Էստոնացիներն ինձ իրենց տուն էին հրավիրում: Նույնիսկ ամուսնության առաջարկ եմ ստացել: Զղջում եմ, որ այնտեղ երկար չեմ մնացել: Միշտ կարոտում էի Հայաստանն ու իմ հարազատ-բարեկամներին եւ ընկերներին:

Հակոբ Ստեփանյան, 20 տարեկան

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սան եմ: Որպես կամավոր մասնակցել եմ ՍՕՍ մանկական գյուղ ծրագրին, Աբովյանի ճամբարում: Որպես ապագա հոգեւորական շատ կարեւոր եմ համարում երեխաների հետ շփումը, դա մեծ փորձ էր ինձ համար: Ես ամեն բան արել եմ նրանց բնավորության լավ գծերը էապես զարգացնելու համար:

Քնարիկ Բաղդասարյան, 17 տարեկան

Ես ու երկու ընկերներս կամավորություն ենք անում Մատենադարանում: Թվայնացնում ենք հետազոտողների գրավոր դիմումները, որի շնորհիվ էլ արագացվում է արդյունքների ստացումը:

Աղասի Բաղդասարյան, 19 տարեկան

Սովորում եմ Սլավոնական համալսարանում: Կամավորական աշխատանքս ծավալել եմ Ն. Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում: Վերանորոգել ենք երկու դասասենյակ, բարեկարգել ենք գրադարանը:

Լուսինե Հովսեֆֆյանս, 21 տարեկան

Սովորում եմ Ամերիկյան համալսարանում: Մասնակցել եմ չորսշաբաթյա ԹՈՒՄՈ ճամբարի: Այդ ճամբարում աշխարհի տարբեր կողմերից հայեր ու օտարազգիներ էին եկել: Իմ մեծ ձեռբերումներից մեկն այդ ժամանակ մարդկային փոխհարաբերություններին տիրապետելը եղավ: Շատ եմ ցանկանում նորից զբաղվել նմանատիպ գործերով:

Դիանա Հարությունյան, 20 տարեկան

Սովորում եմ Ամերիկյան համալսարանում: Եղել եմ Իսպանիայում: Ուղղակի կախադրված եմ, հիանալի երկիր է: Մի դեպք պատմեմ: Այնպես ստացվեց, որ յուրաքանչյուրս պետք է պատրաստեինք ու ներկայացնեինք մեր ազգային խոհանոցը, մենքՙ երեք հայերով պետք է ներկայացնեինք կա՛մ տոլմա, կա՛մ խորոված, կա՛մ գաթա. Մեր պատվախնդրությունը մեզ ստիպեց երեքն էլ անել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ