RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1434, Տպվել է` 409, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ «ՍՈՒՆՆԻՍՏԱՆ» ԴԱՐՁՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Պ.Ք.

Մարտեր հանուն «օսմանյան ժառանգության»

Թուրքական Yeni afak թերթի անգլերեն հրատարակությունը, որը մոտիկ է համարվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սենսացիայի հավակնող վերտառությամբ հրապարակել է հոդված «ԱՄՆ-ը ձգտում է Իրաքի եւ Սիրիայի որոշ շրջաններ միավորել նավթային ու գազային ռեսուրսների շահագործման համար» հոդվածը:

Հրապարակման մեջ պնդում է արվում, թե ամերիկացիները «ձգտում են ջնջել Իրաքի ու Սիրիայի սահմանը եւ միավորել իրաքյան Քիրքուկից ու Մոսուլից մինչեւ սիրիական Ռաքքա ընկած տարածքները»: Իրաքա-սիրիական սահմանի երկարությունը 599 կմ է: Այն անցնում է Ջեզիրեով եւ սիրիական անապատով: Սահմանը ստեղծվել է 1922 թ. անգլո-իրաքյան պայմանագրի (Սայքս-Պիկո) համաձայն: Մինչեւ 1958 թվականը գոյություն է ունեցել Սիրիայի Հանրապետության եւ Իրաքի Թագավորության սահման, իսկ 1961 թվականից այն գոյություն ունի որպես Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության սահման: 2014 թ. հունիսից սահմանի մեծ մասը գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ, թեեւ դրա հյուսիսային մասը մնում էր քրդերի վերահսկողության տակՙ կազմելով Ռոժավայի եւ Իրաքյան Քրդստանի սահմանը:

Yeni afak-ի վարկածի համաձայն, որը հիմնված է Ռաքքայի քաղաքային խորհրդի անդամ Էքրեմ Դեդեի հետ հարցազրույցի վրա, «ԱՄՆ-ը ձգտում է Իրաքի եւ Սիրիայի միջեւ ստեղծել միասնական էներգետիկ միջանցք»: Թերթի տվյալներով, ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական ընկերությունները պատրաստվում են արդյունահանել եւ տեղափոխել այնքան նավթ ու գազ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներով: Ավելին, վերջին վեց ամսվա ընթացքում Սիրիայում Հասաքիի, Ռաքքայի եւ Դեր Զորի շրջաններում նկատելիորեն ավելացել է օտարերկրյա այն մասնագետների թիվը, որոնք նախապատրաստում են տվյալ նախագածի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Ըստ որում, նշվում է, որ սկզբնական փուլում օգտագործվելու է «Իրաքից Սիրիա հասնող գաղտնի խողովակաշարը, որը կառուցվել է Սադդամ Հուսեյնի օրոք: Հետագայում այնտեղ կկառուցվի նոր նավթամուղ»: Այսինքն, ինչպես միշտ, ամեն ինչ հիմնվում է նավթի ու գազի վրա:

Բացի դրանից, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին վկայակոչելով, թուրքական թերթը հաղորդում է, որ պետդեպարտամենտը սկսել է կտրուկ ավելացնել տարածաշրջանում աշխատող ամերիկացի դիվանագետների թիվը, քանի որ առաջին պլան կմղվեն ոչ այնքան ռազմական, որքան դիվանագիտական ջանքերը: Այսպիսով, ինչպես նշում է շվեյցարական Le Temps թերթը, տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր սցենարներ եւ ծագում են նոր ու աննախադեպ հարցեր, որոնք կապված են իրադարձությունների զարգացման հեռանկարի հետ: Դրանցից մեկն այն է, թե ինչպես է անվանակոչվելու Մոսուլից միչեւ Ռաքքա, գուցեեւ ավելի հեռու ընկած շրջանը: Իսկ սա չի՞ նշանակում արդյոք, թե պետք է սպասել նոր հակամարտությունների:

Պատասխան գոյություն ունի, եւ այն բարձրաձայնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնը : Նա հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պետք է միավորի Սիրիայի հյուսիս-արեւելքը Իրաքի հյուսիս-արեւմուտքի հետ եւ այնտեղ ստեղծի նոր տարածքային կազմավորում «Սուննիստան» նախնական անունով»: Ավելի վաղ, The New York Times-ի «Ի՞նչ կլինի «Իսլամական պետությունից» հետո» հոդվածում նա գրել էր հետեւյալը. «Ներկայիս իրողությունն այնպիսին է, որ այն Իրաքն ու Սիրիան, որ մենք ճանաճում էինք, այլեւս գոյություն չունեն: «Իսլամական պետությունը» նոր կառույց է ստեղծել հետօսմանյան կայսրության բնակչությունիցՙ համախմբելով նախագահ Բաշար Ասադին եւ Իրաքում Իրանին ենթակա կառավարությանը ընդդիմադիր սուննիներին: Բացի դրանից, բազմամյա պայքարից հետո ձեւավորվում է փաստորեն անկախ Քրդստան: Առաջին աշխարհամարտից հետո ձեւավորված աշխարհի քարտեզը վերստեղծելու փոխարեն ճիշտ կլինի, որ Վաշինգտոնը ճանաչի նոր իրողությունները:

Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ Իրաքի հյուսիս-արեւմուքում «Իսլամական պետության» լավագույն փոխարինողը նոր եւ անկախ սուննիական պետությունն է: Այդ «Սուննիստանը» բավարար ներուժ ունի նավթ ու գազ արդյունահանելու համար (իհարկե քրդերի հետ պայմանավորվելով): Այդ պետությունը կարող է միջնաբերդ դառնալ ինչպես Ասադի վարչակարգի, այնպես էլ Իրանի հանդեպ բարեկամաբար տրամադրված Բաղդադի դեմ-հանդիման: Պարսից ծոցի պետությունների ղեկավարները, որոնք արդեն պետք է որ հասկացած լինեին, թե իրենց իսկ պետական անվտանգության համար ինչպիսի վտանգ է ներկայացնում իսլամական ծայրահեղականության ֆինանսավորումը, կկարողանային էական միջոցներ հատկացնել: Իսկ դեռեւս ՆԱՏՕ-ի դաշնակից հանդիսացող Թուրքիային կուրախացներ իր հարավային սահմանի հարաբերական կայունությունը: Դա առնվազն հանդուրժելի կդարձներ նոր պետության գոյությունը»:

Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել «գործարքի» առնչությամբՙ այդ տարածքը սաուդցիների վերահսկողությանը հանձնելով 4 մլրդ դոլարի դիմաց, որը հարկ կլինի հատկացնել անհրաժեշտ ենթակառույցների ստեղծմանըՙ ընդսմին չմոռանալով իհարկե սեփական շահերի մասին: Այլ կերպ ասածՙ խոսքը Իրաքի եւ Սիրիայի հնարավոր մասնատման մասին է: Այդ իրադարձությունները կարո՞ղ են արդյոք անտարբեր թողնել կայսերական հավակնություններ ունեցող Թուրքիային:

Իհարկե կարող են, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Պատահական չէ, որ ամերիկացի քաղաքագետները շրջանառության մեջ են դրել «օսմանյան ժառանգություն» բառակապակցությունըՙ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը օկուպացրել է Սիրիայում Եփրատից արեւելք նավթով ու գազով առավել հարուստ տարածքը, ներառյալ Ռաքքայի, Դեր Զորի եւ Ալ-Հասաքայի շրջանները: Դա լուրջ ազդեցություն կունենա գոյություն ունեցող եւ նախատեսվող նավթամուղների եւ գազամուղների վրա: Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ այժմ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը Իրանն է, Սիրիայի եւ Լիբանանի հետ նրա ամեն տեսակ ցամաքային երթուղիների ստեղծման բարդացումը: Ի դեպ, Սիրիայում ռազմական հակամարտությունը հրահրվեց այն բանից հետո, երբ 2011 թ. հունիսի 25-ին Բուշեհրում համաձայնագիր ստորագրվեց Իրան-Իրաք-Սիրիա նավթամուղի կառուցման մասին:

Ռուսաստանցի փորձագետներից մեկը այս կապակցությամբ գրում է. «Աշխարհի քարտեզին նայելիս առավել հասկանալի է դառնում հետեւյալը. Քաթարը, որը Իրանի հետ մեկտեղ ունի աշխարհում գազի խոշորագույն պաշարները, առաջարկել էր Պարսից ծոցից Թուրքիա հասնող գազամուղ, որը Սիրիայով կանցներ միչեւ Միջերկրական ծով, եւ որով գազը կհասցվեր Եվրոպա: Դրանով իսկ ռուսական գազը դուրս կմղվեր Եվրոպայիցՙ փակելով Ուկրաինայով կատարվող տարանցումը: Սակայն Ասադը 2009 թվականին հրաժարվեց ընդունել այդ ծրագիրըՙ փոխարենը նախընտրեով գործարքը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Իսլամական գազամուղը կարող էր շահութաբեր լինել Ռուսաստանի եւ Իրանի համարՙ ի վնաս Արեւմուտքի էներգետիկ շահագրգռությունների եւ ԱՄՆ-ի գազային կորպորացիաների: Ավելին, դա կարող էր կտրուկ թուլացնել ամերիկացիների դաշնակից Քաթարի ռազմավարական էներգետիկ զորությունը, ինչպես նաեւ Թուրքիան կտրել հզոր գազային հոսքից: Հանուն եվրոպացի սպառողի ծավալված այդ գազային պատերազմի մասնակիցները դարձան ամենախոշոր գազարդյունահանող երկրները»:

Թուրք վերլուծաբան Ֆաիք Բուլութը դեռ 2003 թվականին գրել է. «ԱՄՆ-ը իր վերահսկողության տակ է առել Իրաքը եւ հիմա պետք է գտնի դեպի Միջերկրական ծով տանող ուղին: Դա հնարավոր է այն դեպքում, եթե Սիրիան հեռացվի ասպարեզից: Եթե ամերիկացիներին հաջողվի վերահսկողության տակ առնել նաեւ Միջերկրական ծովը, ապա նրանք Միջերկրական ծովից Սիրիայով միջանցք կստեղծեն մինչեւ Իրան: Եթե ԱՄՆ-ի ծրագրերն իրականություն դառնան, այդ դեպքում եվրոպացիները եւս կկտրվեն այդ տարածաշրջանից»: Իսկ ահա Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարծիք է արտահայտում, ըստ որի, ԱՄՆ-ի գերակայությունները Սիրիայում վերջերս փոխվել ենՙ ջիհադիստների դեմ պայքարի փոխարեն առաջնահերթ է դարձել պայքարը սիրիա-իրաքյան սահմանի վերահսկողության համար: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Վաշինգտոնը տարածաշրջանում իրեն բավական ազատ է զգում եւ փորձում է քարտեզը վերաձեւել ըստ իր հայեցողության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ