RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4320, Տպվել է` 538, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿՆԱՐԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եւ այսպես` վարչապետի հրաժարական: Դրանից առաջ խորհրդարանական խմբակցությունները խոստացել են` վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ եւս համաձայնություններ կան, ըստ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ` «Ծառուկյան» դաշինքի հետ մեկ անհամաձայնությունը փոխզիջումով լուծվել է: Իսկ ահա ՀՅԴ-ի հետ մեկ- երկու սկզբունքային անհամաձայնություններ չեն լուծվել: Ամեն դեպքում երկուշաբթի նշանակված Ազգային ժողովի արտահերթ նիստը վեր կհանի ոչ միայն այս անհամաձայնություններին հաջորդող պահվածք, այլեւ կդառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկ, ու այդ ժամանակ շատ բան տեսանելի կլինի:

Վարչապետի հրաժարականից հետո սպասվող իրադարձությունների ընթացակարգն այսպիսին է: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարականից եւ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այ, այս վերջինից են վախենում դավադրությունների տեսությունների հեղինակները, ընդ որում` ոչ թե վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հետ կապված, այլ` եթե Նիկոլ Փաշինյանը ֆորմալ առաջադրվի, նրան պայմանավորվածություններին դեմ գնալով կընտրեն ու կխափանեն ԱԺ լուծարումը: Սակայն մեծ հաշվով` սա եւս պիտի անհնար լինի, եթե նկատի առնենք հոկտեմբերերկուսյան դեպքերը եւ նկատի չառնենք անգամ խմբակցությունների խոստումները` վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու մասին:

Եթե վարչապետ չի ընտրվում` Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ապա Հայաստանի նախագահը նշանակում է արտահերթ ընտրությունների նոր օրը:Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին: Անգամ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, թե որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայումՙ այս 14 օրվա ընթացքում, քանի որ իրավաբաններն են խորհուրդ տալիս, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում Փաշինյանը որպես վարչապետի թեկնածու առաջադրվի, որպեսզի գործընթացն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն (ձեւական` չընտրվելու կանխավարկածով): Խնդիրն, այսպիսով, երկրորդ փուլում է. Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայնՙ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է :

«Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետեւ սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը եւ մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան», ասել էր Նիկոլ Փաշինյանը ` հոկտեմբերի 16-ի երեկոյան ուղիղ եթերում իր հրաժարականը ներկայացնելիս, մնալով սակայն վարչապետի պաշտոնակատար:

Նոր խորհրդարանը կձեւավորվի ըստ նոր օրենսգրքի, որն ամենայն հավանականությամբ կընդունվի եկող շաբաթ, ու թեեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետն այն է, որ նոր օրենսգիրքը գործողության մեջ լինելուց միայն վեց ամիս անց է նպատակահարմար նոր ընտրություններ անցկացնել, մերոնք, այնուամենայնիվ, ուզում են նոր օրենսգրքով ընտրություն անցկացնել: Ըստ այդ նորի` խորհրդարան պետք է անցնի չորս ուժ: Եթե նկատի առնենք, որ ամրագրված կայուն մեծամասնություն 67 տոկոսը բաժին կընկնի «Իմ քայլին»`միգուցե այս անգամ ավելի լայն դաշինքով, քանի որ նրա ղեկավարներն արդեն խոսում են բարիկադից այն կողմ եղածներին եւս իրենց ցուցակում ընդգրկելու մասին, պատասխան ունի ստանալու այն հարցը, թե ո՞վ է հայտնվելու 33 տոկոս ընդդիմության քվոտայում: Իհարկե` հանրության շահից կբխեր, եթե «Լույսը» մասնակցեր «Իմ քայլի» ցուցակով, մանավանդ, որ Փաշինյանը բավական մեղմացրել է իր կոշտ կեցվածքը եւ խոսում է հանրությանը թշնամիների չբաժանելու, բարիկադները ապամոնտաժելու ժամանակի, նախկիններին եւս ներառելու մասին: Այս դեպքում միգուցե որպես փոքրամասնություն խորհրդարանում եւս երեք ուժ կներկայանային: Չնայած` էլի բաց է մնալու իրական ընդդիմություն ունենալու խնդիրը: Եթե նախկին իշխանության պես ընդդիմությունը նշանակովի է լինելու, ապա մեր երկրի զարգացմանը դա կարող է մեծ վնաս հասցնել:

ԲՀԿ-ն կլինի նոր խորհրդարանում, տոկոսը չենք կարող ասել, բայց դա բարձր չի լինի: «Սասնա ծռերը» նույնպես իրենց ընտրողներն ունեն, նրանք ինչ-ինչ հարցերում, այո, կարող են հակադրվել, բայց այսօրվա նրանց աջակցությունը Փաշինյանինՙ վկայում է, որ նրանք մեխ-ընդդիմություն լինել չեն կարող: ՀՅԴ-ն նույնպես տեղ-տեղ է ընդդիմանում, էլ չասած , որ նրա կայուն ընտրազանգվածը նույնպես շատ նոսր է, ու, որքան էլ անցողիկ շեմը չորս տոկոս է, այդ կուսակցությունը հազիվ թե այդ շեմին հասնի կամ` միգուցե մի կերպ հասնի ու ներկայացված լինի նոր խորհրդարանում, չգիտենք, ընտրություններին մասնակից ուժերի թվից ու որակից է կախված: Եթե, իհարկե, տեղի չունենան ակրոբատիկ գործողություններ, ասենք` ՀՅԴ սփյուռքյան կառույցներին աջակից ներդրողներն այս պահին հայտարարեն Հայաստանում էական ներդրումների մասին, կամ այլ դարակազմիկ զորաշարժեր անեն` փոփոխություններ անելով նաեւ հայաստանյան կառույցներում: Երեկ արդեն ՌԱԿ-ն էր հայտարարություն տարածել` ընտրություններին իր բաժին պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ:

Փաստորեն ընդդիմադիր քվոտան այնպիսին չէ, որ դա ծածկի ասենք մեկ ուժ եւ իրական ընդդիմախոս դառնա Փաշինյանին, իսկ երեք ուժի առկայությունը ընդդիմադիր կորպուսում` կոտորակված ընդդիմախոսություն է: Եթե դրանց մեջ լինեն «Ծռերը», «Լույսն» ու ԲՀԿ-ն, ապա, մեղմ ասած, գոնե փաշինյանական մակարդակի ընդդիմախոսություն չի ապահովվի խորհրդարանում: Երկրորդական չէ ընդդիմության կազմը նաեւ այն տեսակետից, թե ով կգրավի ԱԺ նախագահի տեղակալի` ընդդիմությանը հատկացվելիք տեղը: Ընդ որում` ՀՀԿ-ն նույնպես շանս ունի մասնակցելու եւ անգամ անցողիկ շեմը հաղթահարելու` եթե իր մեջ ուժ գտնի կազմելու այնպիսի ցուցակ, որտեղ հանրության բարկությունը շարժած դեմքեր չլինեն: Իրատեսական չէ ժամանակից շուտ անտեսել նրա ունեցած վարչական եւ ֆինանսական ռեսուրսների գոնե մի մասը, ընդ որում` Շարմազանովն ու Աշոտյանը լավ էլ ընդդիմություն կլինեին: Համենայնդեպս` ՀՀԿ-ում դեռ մասնակցել-չմանակցելու որոշում չունեն:

Առայժմ ամեն ինչ կանխատեսելի է թվում` չհաշված Ռոբերտ Քոչարյանի կողմից մանր գեներացիաները` դատաիրվական ուղղությամբ: Ի դեպ` Քոչարյանը, ընդդիմադիր վակուումը լցնելու համար կուսակցություն է ստեղծում, այդ մասին նա ասել է «Ռիա-նովոստի» գործակալության հետ զրույցում: Դեկտեմբերին նա ըտրություններին չի մասնակցի, քանի որ չի հասցնի: Իսկ ընդդիմադիր դաշտի վակուումը, ըստ նրա, պետք է լցվի` երկրի շահից ելնելով: Նոր կուսակցությունում կընդգրկվեն ինչպես երիտասարդ մարդիկ, այնպես էլ հները, որոնց հետ աշխատել է Քոչարյանը: Էն որ ասում են` մի տուն սարքեցի` փլվեց (ԲՀԿ-ն), հիմա նորն եմ կառուցում:

ԸՕ-ի նոր փոփոխություններով ամբողջական համամասնական կարգն է ամրագրվում` առանց բոնուսների, ընտրական շեմը նվազում է` համապատասխանաբար 4 ու 6 տոկոս դառնալով կուսակցությունների ու դաշինքների համար : Չորս ուժ պետք է մտնի խորհրդարան, անգամ այդ չորրորդ ուժի համար, երեքի` վերը նշված կարգով անցնելուց ու չորրորդի` տոկոս չհավաքելուց հետո, ուզում են 2 տոկոս սահմանել: Կոալիցիա կարող են կազմել ուզած ուժերը` առանց սահանափակման, դրա ժամկետները եւս սահմանափակող չեն, չի լինի ռեյտինգային կարգը, որը ընտրակաշառքի դուռ էր բացում, թաղային խաժամուժին ուղղորդում դեպի ընտրատեղամասեր` զանազան օրինազանցությունների: Այս իմաստով` հանրությունը կարող է ազատ շունչ քաշել:

Միեւնույն ժամանակ` կարեւոր կլինի, թե ով է ընդգրկվելու «Իմ քայլի» ցուցակում: Իհարկե, հենց մենք էինք մեր նախորդ հրապարակման մենջ պահանջ ուղղել վարչապետին`իր կադրային բանկ ներառելու իրական պրոֆեսիոնալներին, այդ թվում` նախկիններին, թույլ չտալու համար Հայաստանի բաստիլացումը: Բայց, իհարկե, հանրությունն այլեւս միանշանակ չի ընդունի վատահամբավ նախկիններին, այնպես որ, իրական պրոֆեսիոնալների դուրս չթողնելով, պետք է զգույշ լինել ու Հունան Պողոսյանի որակի մարդկանցից հեռու մնալ կառավարման պաշտոնների համար: Ի վերջո` ոստիկանին մարզպետ նշանակելու իմատը ո՞րն է: Եթե «Իմ քայլի» ցուցակում մեկ- երկու այս տիպի անուն էլ լինի`Փաշինյանի հանդեպ հիասթափության դուռը կարելի կլինի բացված համարել:

Բայց չէինք ուզենա նաեւ բարոյական վենդետայի այն աստիճանը, որ հատկապես լրագրողներն արեցին Գեւորգ Կոստանյանի հանդեպ. սիրելիներս, դո՞ւք եք աշխատելու եվրոկառույցների` ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո առկա եւ դեռեւս բացվելիք հաստիքներում, փորձառություն ունեցող մարդկանց այդ աստիճան մի ոչնչացրեք:

Մի խոսքով` ընտրությունների մեկնարկը տրված է: Այս առումով հարկ է նշել, որ իրավական ընթացակարգն ամբողջովին պահելու իմաստն այն է, որ հետագայում նոր Ազգային ժողովի, առհասարակ` իշխանության լեգիտիմությունը ստվերող որեւէ բան չլինի, չնայած` եթե նոր ԸՕ-ով ընտրությունների գնանք, արդեն իսկ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը` ԸՕ-ն ընդունելուց վեց ամիս հետո ընտրությունների գնալու հանձնարարականն անտեսելը քննադատության մի մշտական առիթ է լինելու: Լիարժեք սահմանադրականության եւ իրավական ընթացակարգերի մեխն էր դրվում նաեւ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում-զրույցում, որի սղագրությունը միմյանց տողատակերով բան հասկացնելու տեքստ էր հիշեցնում. «Բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, օրինական եւ առանց խախտումների», ասել էր Սարգսյանը: Փաշինյանը կարեւորել էր ժողովրդի կամքով իշխանություն փոխելու հնարավորությունը:

Առաջին հայացքից կանխատեսելի է այս ընթացքը, սակայն մի օրինակով ուզում ենք ցույց տալ, թե տարբեր բնույթի անկանխատեսելիություններն ամենեւին էլ բացառված չեն: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի օրը մեր գետին անսպասելի խառնվեցին արտաքին կողմանե եկող ջրեր:

Իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց գրավյալ տարածքներից ու իքս պահին դրանք վերադարձնելու անհրաժեշտությունից, ու դրան Հայաստանի հանրության անպատրաստությունից: Էլի մի քանի բան ասաց: Ու մինչ վարչապետն ու արտգործնախարարը Արցախի վերաբերյալ ասածը այնքան էլ չկարեւորեցին` հեռացող դեսպանի հեռացող կարծիք կոչելով, կամ մեր դիրքորոշման շրջանակում աշխատելը մատնացույց անելով, պասը վերցրեց մյուս գերտերության արտաքին գերատեսչության ներկայացուցիչն ու իր երկրի շահերի պրիզմայով շուռումուռ տվեց Միլսի հայտարարությունները: Մարիա Զախարովան այս պահին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մութի տակ է կարդացել Միլսի հայտարարությունն ու գտել իր երկրին հարկավոր ենթատեքստեր` հայ հանրության ու կառավարության մեջ հայկական ամերիկամետներ բուծելու, ինչպես նաեւ` ուրիշ երկրի գործերին խառնվելու վերաբերյալ: Մասնավորաբար` բարձր տեխնոլոգիաները Հայաստանում զարգացնելու վերաբերյալ Միլսի անհանգստության մեջ մեր երկրում այս կամ այն ոլորտը զարգացնելու ցուցում էր տեսել Զախարովան:

Պատահակա՞ն է արդյոք դեսպան Միլսի բարձրաձայնումը, թե, ընդհակառակը, անհրաժեշտ պահին անհրաժեշտ միջամտություն ` անմեղ տեսքով, չգիտենք: Ասում են` սովորաբար հեռացող դիվանագետների շուրթերով հնչում է դառն իրականությունը: Իսկ ինչու այս պահին` ընտրություններից առաջ, կասկած գցելով մարդկանց սրտերում, թե այդպիսի գաղտնի խոսակցություններ կարող են եղած լինել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների հետ: Համենայնդեպս` դավադրությունների այդպիսի տեսությունների կողմնակիցներ Հայաստանում կան, որոնք ամեն բանի, այդ թվում` նոր իշխանության վերաբերյալ զանազան կասկածներ ունեն, թե Արցախի հարցում զիջումներն ընդունելու են:

Համենայնդեպս` Միլսի թույլ տված քայլը կարելի է հակադիվանագիտական համարել, կամ դիվանագիտական կոպիտ սխալ կոչել, մանավանդ այդպիսի եզրույթ` գրավյալ տարածքներ, բանակցություններում գոնե պաշտոնապես չի օգտագործվել: Հատկապես` Մինսկի խմբի անդամ պետության կողմից, որի ներկայացուցիչն է Միլսը:

Իսկ երկրի ղեկավարներին կարելի է հիշեցնել, որ նրանք պետք է անմիջապես արձագանքեն այդ մակարդակով արված տեսակետերին` ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ, չսպասելով, որ այլ երկրի ԱԳՆ ներկայացուցիչներ դա անեն իրենց փոխարեն: Մանավանդ հիմա ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է գալիս տարածաշրջան եւ Հայաստան. մեր տեղեկություններով` Բոլթոնը Հայաստանից պահանջելու է սրբագրել Իրանի հետ հարաբերությունների այս ու այն դրվագը: Նրան եւ բոլորին պետք է ամեն ինչ աներկիմաստ բացատրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ