RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4331, Տպվել է` 514, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՆԱՑԻՆՔ ՋՈՄՈԼՈՒՆԳՄԱՅԻ ԼԱՆՋԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը կախարդական բառերը չասաց: Հրաժարականի իր տեքստում նա չասաց, որ ինքը սխալ էր, Սերժ Սարգսյանը ճիշտ, իսկ դա նշանակում է, որ ուժի մեջ է Սերժ Սարգսյանի ասածը, այն մասին, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանըՙ ճիշտ: Ու չնայած ՀՀ հպարտ քաղաքացիները մի քիչ վախենում են, որ հանկարծ մութ ուժերը կխոչընդոտեն Հայաստանի սրընթաց ճախրանքը դեպի Ջոմուլունգմայի գագաթ, որտեղ անձամբ Նիկոլ Փաշինյանը` Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ միասին հայոց եռագույնով գուլպաներ կհագնեն, քանի որ 8848 մետր բարձրության վրա բավականին ցուրտ է, բայց հուրախություն նրանց ասեմ, որ սարսափելի բան տեղի չի ունեցել. Փաշինյանը հեռացել է, որպեսզի ինչպես ինքն ասաց` թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնի ու ողջ իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Հիմա իշխանությունը ժողովրդինն է Սաշիկ Սարգսյանի սկզբունքով, այ երբ խորհրդարանը լուծարվի, արտահերթ ընտրություններ լինեն ու նոր Ազգային ժողով ունենանք, իշխանությունը լրիվ կլինի ժողովրդինը, ու բոլորս «Ռեյնջ Ռովեր» կքշենք, չմոռանալով հետեւի ապակիներին գրել տալ` Դուխով բառը:

Այնպես որ` պահն իրոք հուզիչ է, եթե չլիներ մի բայց: Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, որը շատերս անվանում ենք` ամենակարեւորը, իսկապես ունի հետեւյալ ձեւակերպումը` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Բայց խնդիրն այն է, որ այդ հոդվածում միայն այս նախադասությունը չէ, այն ունի շարունակություն, որն ի դեպ ավելի կարեւոր է: Այսպես` ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների եւ հանրաքվեների, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Այսինքն, ինքը` ժողովուրդը իշխանությունը ինքնուրույն չի իրացնում: Օրինակՙ ժողովուրդը չէ, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցում է, ժողովուրդը չէ, որ Օպերայի ու բալետի ազգային-ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակում, կամ որոշում է թե քանի՞ դոլարով ռուսներից գազ գնի, ժողովուրդը չէ, որ լուծում է Երեւանի տրանսպորտի կամ աղբահանության հարցը, եւ վերջապես ժողովուրդը չէ, որ կենսաթոշակ ու աշխատավարձ է բարձրացնում: Դրա համար ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն էլ պարտավոր է այս հարցերով զբաղվել: Եւ ուրեմն, երբ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը սեփական որոշումների հեղինակ որպես նշում է ժողովրդին, կնշանակի խուսափում է պատասխանատվությունից եւ բաց տեքստով ժողովրդին ասում է` դուք եք որոշել, դուք էլ...

Իմիջիայլոց, եթե Հայաստանում ամեն ինչ որոշում է ժողովուրդը, ապա ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական տվեց. չէ՞ որ ժողովրդի մի զգալի մաս զգուշացնում էր սիրելի վարչապետին, որ հրոսակախմբերն ատամները սրած սպասում են` Փաշինյանը հրաժարական տա, որ իրենց թեկնածուին վարչապետ դարձնեն: Ստացում է, որ Փաշինյանը ժողովրդին ոչ միշտ է լսում: Բայց նույնիսկ դա չէ ամենակարեւորը, այլ այն, որ եթե ժողովուրդը նոր Հայաստանում կարող է որոշել նույնիսկ Երեւանի մայթերին աճող ծաղիկների գույնը, ապա ինչների՞ս է պետք իշխանությունը. հաստատենք անարխիա եւ ապրենք էլի:

Բայց վարչապետի հրաժարականի տեքստում ինձ դուր եկավ, որ Փաշինյանը ներողություն խնդրեց: Ինձ դուր է գալիս, որ մարդկանց մի առանձին կատեգորիա չի հասկանա, թե ինչու: Ինձ դուր է գալու, որ այդպիսի մարդկանց թիվն աստիճանաբար նվազելու է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ