RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4322, Տպվել է` 508, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԶԻԶՅԱՆ ԳԱՌՆԻԿ»ՙ 100, ՊԱՐՈՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ 150 ԴՐԱՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ազգ»ի սեպտեմբերի 7-ի համարում մի նյութ էի գրել, որտեղ քննադատել էի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Ճիշտ է, այդ նյութի համար մի շարք քննադատությունների արժանացա, նույնիսկ բացահայտեցի, որ դրանով ես «մեխանիկորեն դառնում» եմ սեւ եւ հարում ձախ ծայրահեղական-հակահեղափոխական թեւին, որը ինձ համար դարակազմիկ բացահայտում էր: Ինչեւիցե:

Դեռ տարիներ առաջ, երբ Հայկ Մարությանն անուղղելի ընդդիմադիր էր, եւ «զզվում էր այդ փողկապավոր պաշտոնյաներից», պնդում էր, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա, ու երբ կառավարությունը որոշեց սակագինը դարձնել 150 դրամ, Մարությանն առաջիններից էր, որ բոյկոտեց, ինչն անշուշտ ժողովրդաշահ, ժողովրդապահ ու «կարգին» քայլ էր:

Նա նույնիսկ իր սեփական մեքենայով սկսեց անվճար տեղից տեղ տեղափոխել քաղաքացիներին. սա նույնպես ծափեր էր պոկում բոլորից: Հայկ Մարությանիՙ սամուրայի անդավաճան սուրը պատյան չմտավ նաեւ, ասպես ասած, կարմիր գծերի դեմ պայքարի ժամանակ: Այսինքնՙ նա դեռ տարիներ առաջ ՀՀ հպարտ քաղաքացի էր:

Բոլորովին վերջերս, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մարությանը շարունակում էր նույն ջերմեռանդությամբ խոսել տրանսպորտի (ոչ միայն) վատթար վիճակի բարելավման մասին: Իսկ մենքՙ հայերս, խոստացված ոսկե սարերի մեծ սիրահարներ ենք, եւ ոգեւորված պատրաստվում էինք այդ մարությանածին ոսկեհանքի անխոնջ հանքափորները դառնալ:

Բայց եղավ այն, ինչի մասին խոսել էի վերոհիշյալ հոդվածում, որի հետեւանքով էլ հեղափոխապահապանները որոշել էին ինձ ստիպել, որ աղյուսի կտորտանքների վրա ծնկամերկՙ զղջման ծես կատարեմ:

Այսպես, ընտրվելուց հետո, կարծեսՙ շաբաթն ուրբաթից (չնայած պնդումներ կան, որ ուրբաթն այս շաբաթվա ուրբաթը չէ) շուտ եկավ, եւ արդեն նորընտիր քաղաքագլուխը հայտարարեց, որ տարիներ առաջ տրանսպորտի գնի բարձրացումն արդարացված չէր, հիմաՙ հակառակն է: Անդրադառնալով կարմիր գծերինՙ քաղաքապետը երկընտրանքի առաջ կանգնեցրեց մեզՙ կա՛մ կարմիր գծերը, կա՛մՙ մանկապարտեզների վերանորոգումը:

Ինչպե՞ս, ո՞ր տեսակնյունից կարելի է մոտենալ այս հարցին: Մի՞թե այս ամենը անհետեւողականության դասական դրսեւորում չէ: Նույն անհետեւողականությանը մենք հանդիպում ենք նաեւ արագաչափերի հարցում: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց երկու հազարով շատացնել դրանց թիվը: Արագաչափնՙ արագաչափ, կարմիր գծերի հերն էլ անիծած, յոլա կգնանք: Բայց տրանսպորտի հարցը լուրջ է. ասենքՙ թանկացավ, բայց փող է պետք, չէ՞: Հետաքրքրական է, նման հայտարարություն անելուց առաջ քաղաքապետը, որը խոստացել է Երեւանի հոգսերի լուծման նպատակով վազվզել քաղաքում, մինչ այս երբեւէ տեսե՞լ է մարդկանց վիճակը: Չէ, Պրահայի կամ Հյուսիսային պողոտայի իր հարեւանների վիճակը չէ, խոսքը առհասարակ երեւանցիների մասին է:

Նա երբեք նման բան չէր ասի, եթե վերջին տասը տարիների ընթացքում գոնե մեկ անգամ տրանսպորտ նստած լիներ: Եթե որեւէ մեկ անգամ ձեռքը գրպանը տաներ ու երկմտերՙ տրանսպորտով գնալ ու քաղցա՞ծ մնալ, թե՞ ոտքով գնալ եւ որեւէ բան ուտել:

Ցավալի է, բայց փաստ է: Եվ թող նորընտիր քաղաքապետը չզարմանա, երբ լսի հետեւյալ հարցը.

«Ժողովրդի հոգսով վազվզող քաղաքագլուխդ համայն Երեւանի, հայտարարում ես, որ ամեն ինչ թանկացել է, ուրեմն տրանսպորտը նույնպես պիտի թանկանա... իսկ ժողովրդի, որի անունից խոսում ես, որը քեզ «Սուպեր մամայի» Կարինեից ու «Ազիզյան Գառնիկից» Երեւանի քաղաքապետ է դարձրել, այդ ժողովրդի աշխատանքի գինը ե՞րբ է թանկանալու, հո՞ւյս կա, թեՙ ԱԱԾ-ն գտել է, որ դա բորբոքում է քաղաքացիների կրքերն ու մեկուսացրել է նրան»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ