RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ԱՆՑՅԱԼԻՑ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 7220, Տպվել է` 507, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐ ԹՐՈՒԴՈՅԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ

Պաշտոնաթող գնդապետի հուշերը

Վերջին օրերին Հայաստանը, Սփյուռքը, միգուցե եւ աշխարհի մեծ մասը հետեւում էր համաշխարհային մի իրադարձությանՙ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: «Ապրել միասին». սա էր Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսը: Սակայն այս պատմական իրադարձությունը չէ, որ ինձ ստիպեց վերցնել գրիչն ու թուղթը, այլ այն, որ մեծարգո հյուրերի շարքում Հայաստան ժամանեց Կանադայի վարչապետ Ջասթին Պիեռ Ջեյմս Թրուդոն, ծնված 1971 թ. Օտտավայում:

...1984 թ. ամառն էր կամ աշունը (ցավում եմ, որ նշումներիս մեջ ամիսը եւ ամսաթիվը չկար): Ընդամենը մի 3 տարի էր, ինչ զորակոչվել էի աշխատանքի Հայաստանՙ հատուկ ծառայությունում եւ աշխատում էի օպերատիվ ստորաբաժանումներից մեկում: Անսպասելիորեն ինձ իր մոտ կանչեց գերատեսչության ղեկավարըՙ գեներալ-մայոր Մարիուս Յուզբաշյանը (նման դեպք հազվադեպ էր լինում, կանչում էր պատժելու, խրախուսելու կամ հատուկ հանձնարարություն տալու. ես ընդամենը ավագ լեյտենանտ էի):

Յուզբաշյանը ոտքի կանգնեց, խիստ կաղալով մի քանի քայլ ընդառաջ եկավ, ամուր ձեռքս սեղմեց (այդ ձեռքսեղմումը բոլորին էր հայտնի) եւ առաջարկեց նստել: Ես սպասեցի մինչեւ գեներալը վերադարձավ իր աթոռի մոտ, նստեց, հետո միայն ես նստեցի:

«Հայաստան է ժամանում մի շատ կարեւոր քաղաքական գործիչՙ Կանադայի նախկին վարչապետըՙ Պիեռ Թրուդոն իր որդիների հետ: Վերջին անգամ նա Խորհրդային Միություն էր այցելել 1950 թվականների սկզբին, դրանից հետո նրա շուրջը մեծ աղմուկ բարձրացավ, ավելինՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի ժամանակ արգելեցին նրա մուտքը ԱՄՆ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ գործ էր Թրուդոյի վրա սարքել: Ճիշտ է, Թրուդոն այլեւս վարչապետ չէ մի քանի ամիս է,սակայն նա մի քանի անգամ զբաղեցրել է այդ կարեւոր պաշտոնը, նրան հաջողվել է իր Հայրենիքը դուրս բերել Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայից, իր սեփական ժողովուրդը նրան անվանել է «Ժամանակակից Կանադայի հայր», նա միշտ աչքի է ընկել իր ձախ քաղաքական հայացքներով եւ պայքարել է քաղաքացիական ազատությունների համար սոցիալ-լիբերալիզմի դիրքերից:

Մի խոսքով, խորհրդակցելով Ձեր ղեկավարության հետ, հաշվի առնելով Ձեր օտար լեզվի իմացությունը, ֆիզիկական մարզավիճակը, հատուկ դպրոցում ստացած բնութագիրը (կես տարի էր, ինչ վերադարձել էի հատուկ դպրոցից), որոշվել է Ձեզ նշանակել պարոն Թրուդոյի եւ նրա որդիների թիկնապահ Հայաստանում գտնվելու ամբողջ ժամանակ: Ձեզ թույլատրվում է ստանալ Ձեզ կցված հաստիքային ատրճանակը (խորհրդային տարիներին հազվագյուտ երեւույթ): Հաշվի առեք, որ դուք կվերադառնաք միայն այն ժամանակ, երբ բարձրաստիճան հյուրը կպառկի քնելու: Նա դեռ չզարթնած, պետք է լինեք հյուրանոցում: Նրա եւ նրա որդիների համար պատասխանատու եք գլխով: Կարող եք շփվել նրանց հետ, օգտագործեք ձեր գիտելիքները Հայաստանի եւ հայոց պատմության շուրջը»:

Եվ այսպես, մի խումբ պաշտոնյաների հետ ես դիմավորեցի պարոն Թրուդոյին, Ջասթինին, Ալեքսանդրին եւ Միշելին: Ջասթինը կարծեմ 13 տարեկան էր, նրա եղբայրներըՙ ավելի փոքր:

Պարոն Թրուդոյին ընդունեցին Խորհրդային Հայաստանի ղեկավարները, կազմակերպեցին այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, այցելեցինք Մեծ եղեռնի հուշահամալիր, Սեւանա լիճ, Էջմիածնի Մայր տաճար: Հիշում եմ վարչապետի հիացած հայացքները, տխրությունը Մեծ եղեռնի հուշահամալիրում: Հուշերը շատ են, սակայն տեղավորել այդ ամենը թղթի վրաՙ հնարավոր չէ:

Ինձ հաջողվեց մտերմիկ հարաբերություններ ստեղծել նաեւ պարոն Թրուդոյի որդիների հետ, որոնց առավոտները ուղեկցում էի ՍԿԻՖ լողավազանը (1 ժամով փակվում էր լողավազանը Թրուդոյի որդիների համար):

Ցավոք, հայտնի դարձավ լրատական միջոցներից, որ կրտսեր որդինՙ Միշելը զոհվեց 23 տարեկան հասակում դժբախտ պատահարի հետեւանքով:

Լուսանկարների մի փոքր փաթեթ պարոն Թրուդոյին հանձնելիսՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում եմ կատակով նշեց, որ Հայաստանի ՊԱԿ-ը չէր կարող կանխատեսել Ջասթին Թրուդոյի ապագա պաշտոնը, դրա համար էլ նրա լուսանկարները արխիվում չկան: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ առաջ որեւէ խնդիր չէր դրվել ուսումնասիրել Թրուդոների ընտանիքը, ինձ պարզ հրահանգված էր պահել-պահպանել նրանց աչքի լույսի պես:

Չնայած ես թիկնապահի փորձ բացարձակ չունեի (եւ ընդհանրապես Հայաստանի հատուկ ծառայությունում նման փորձ ունեցող չկար 80-ականներին), բայց կարծես թե իմ պարտականությունը վատ չկատարեցի, նամանավանդ որ մինչեւ հատուկ ծառայություն ընդունվելս որոշակի փորձ ունեի արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատելու: Հանուն արդարության պետք է նշել, որ հայաստանցիները երբեք ագրեսիվ չեն եղել արտասահմանցի հյուրերի նկատմամբ, ավելինՙ եթե անցորդները իմանային, թե ով է մեր հյուրը, գուցե հատուկ հարգանքի տուրք մատուցեին նրան:

Շատ տարիներ են անցել, այժմ ես պաշտոնաթող գնդապետ եմ, հետագա ծառայության ընթացքում մեկ անգամ չէ, որ ստիպված էի թիկնապահ աշխատել բարձրաստիճան հյուրերի համար (մեկ անգամ էլ նշեմ, որ մասնագիտական գիտելիքներս այլ ուղղությամբ է օգտագործվել), սակայն ամենաջերմ հուշերը մնացել են պարոն Թրուդոյից եւ Բուշ կրտսերից, որին բախտ ունեցա նույնպես ուղեկցել 1988 թ. երկրաշարժի գոտում...

Նկար 1. Ձախից աջ` հոդվածի հեղինակը, Նորա Հակոբյանը եւ Պիեռ Թրուդոն

Նկար 2. Պիեռ Թրուդո

Նկար 3. Հանդիպում Մայր Աթոռում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ