RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4267, Տպվել է` 505, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԻ՛ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած հրաժարականի հայտարարությունը, հատուկ հեռուստատեսային ուղերձի տեսքով, հնչեց հոկտեմբերի 16-ի երեկոյան: Վարչապետը դա ներկայացրեց որպես թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլ: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե ներքին հետախուզությունը դեռեւս նրան հարյուր տոկոսանոց հավաստիացումներ չի ներայացրել, որ խորհրդարանական ուժերի կողմից համարյա թե երդմամբ տված հավաստիացումները, որ նրա հրաժարականի դեպքում իրենք մեկ ուրիշին այդ պաշտոնում չեն առաջադրիՙ հնարավոր էՙ չկատարվե՛ն: Անձամբ ես չէի հավատում եւ հիմա՛ էլ չեմ հավատում այդպիսի հեռանկարի, քանի որ նման հավանականությունը հղի է շատ մեծ պայթյունի վտանգով: Այսօր Նիկոլ Փաշինյանը վայելում է հարյուր-հազարավոր մարդկանց աջակցությունը, եւ եթե նա հարկադրված կրկի՛ն դիմի իրեն սատարող զանգվածներին, ինչպես հոկտեմբերի 2-ին արեց, դարձյալ հազարավորները կլցվեն փողոցներ ու հրապարակներ: Եվ այս անգամ, նույնիսկ հակառա՛կ վարչապետի կամքի, արյունահեղությունից խուսափել արդեն հնարավոր չի՛ լինի:

Մեկնաբանների կամ վերլուծաբանների այն մասը, որ ինքն իրեն նիկոլական է համարում, տեւական ժամանակ ամենաբազմազան հարթակներից վարչապետին հորդորում էր... հրաժարական չտա՛լ: Սա, իհարկե, նման էր ամենասովորական քծնանքի, բայց այդ կերպ վարվողները ձեւացնում էին, թե իրենք ընդամենը անհանգստանո՜ւմ են... վարչապետի համար: Ուստի կոչ էին անում զանգվածների ճնշման տակ ուղղակի հայտարարել Ազգային Ժողովի լուծարման եւ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Պնդում էին, թե այդպիսի դեպքերում ուղղակիորեն ուժի մեջ է մտնում ժողովրդապետություն հասկացությունը: Հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ինքը տեւականորեն հրապուրված էր երկրում ժողովրդի ուղղակի իշխանություն հաստատելու գաղափարով, տեղի-անտեղի հայտարարում էր, թե այժմ իշխանությունը պատկանում է բացառապես Հայաստանի ժողովրդին, ժողովո՛ւրդն է ամեն ինչ վճռում, եւ ո՛չ թե ինքը կամ ուրիշ որեւէ մեկը: Որպես զանգվածներին էլեկտրականացնող կարգախոս դա, անշուշտ, գեղեցիկ էր հնչում, շոյում էր հրապարակում հավաքվածների լսելիքը: Բայց որպես քաղաքական պրակտիկաՙ կատարելապես ավելորդ էր: Որովհետեւ հրապարակում հավաքվածների ուղղակի իշխանությամբ պետություն ո՛չ ստեղծում են, ո՛չ կառավարում: Բազմության հոգեբանությունը միանգամայն հեռո՛ւ է անհատ մարդու սթափ դատողությունից: Հրապարակում հավաքված զագվածների էներգետիկա՛ն է այդպիսին: Ով-ով, սակայն տարիներ շարունակ բազմություններին մոբիլիզացնելու, խանդավառելու, իր ետեւից տանելու պատկառելի փորձ ունեցող Նիկոլ Փաշինյանը այս հանգամանքը հրաշալի հասկանում էր եւ... հասկանու՛մ է: Ուստի այս անգամ ձգտում է ամեն ինչ անել գործող Սահմանադրության, ո՛չ թե զանգվածների հեղափոխական խանդավառության պահանջներից ելնելով: Դրա համար էլ, փաստորեն, հանձնառություն ստանձնեց որոշակի ռիսկի դիմելՙ հրաժարակա՛ն տալ: Վարչապետը դեռ անցած կիրակի հայտարարում էր, թե ինքը իրականում ոչինչ չի վտանգում: Կառավարությունը մնում է, անձամբ իրեն նվիրված ուժային կառույցների ղեկավարներըՙ մնո՛ւմ են, ըմբոստության որեւէ փորձ, անշուշտ, կխեղդվի ժողովրդական զանգվածների ճնշման տակ: Նիկոլ Փաշինյանը այնքան երկար ժամանակ է ձգտել ամենաբարձր իշխանության, որ այժմ, երբ այդ իշխանությունը իր ձեռքերում է, այն երբեք կամովին չի զիջի ուրիշ որեւէ մեկին: Ընդսմին, լինելով հրաշալի հռետոր, չի դժվարանա հարյուր-հազարավորներին համոզել, թե «սեւ ուժերը» փորձում են (կամ դեռ կփորձեն) իշխանությունը խլել ժողովրդից (ոչ թե կոնկրետ իրենից, այլ... ժողովրդի՜ց), ուստի ինքը հարկադրված է վճռական գործողությունների դիմելՙ իշխանության բռնազավթումը խափանելու համար:

«Ազգ»-ի իմ նախորդ հրապարակումներում արդեն գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վաղու՜ց արդեն կրկնում է նախորդ բոլոր իշխանությունների մեծագույն մոլորությունըՙ ինքն իրեն ու իր գլխավորած կառավարությունը նույնացնում է... ժողովրդի հետ: Մինչդեռ այս մոլորակի վրա շատ գործեր կատարվել են... ժողովրդի անունից: Հիմա Նիկոլ Փաշինյանը, հանուն ժողովրդի, ձգտում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իրականում նա այդ կերպ ձգտում է Ազգային Ժողովում ապահովել սոսկ իր կողմնակիցների մեծամասնությունը, ուրիշ ոչինչ: Իհա՛րկե, այս դեպքում չափազանց մեծ է նոր խորհրդարանում ընդդիմության կատարյալ բացակայության հնարավորությունը: Ուստի ուզի-չուզիՙ Նիկոլ Փաշինյանը հոգով-սրտով իրեն նվիրված պատգամավորներից առնվազն 30 տոկոսին, գործող Սահմանադրության պահանջներից ելնելով, ընդդիմադիր է նշանակելու: Այսինքն, պատգամավորների մեջ նոր դերաբաշխում է անելուՙ դու ընդդիմադիրի՛ դեր կխաղաս, դուՙ իշխանամետի՛ դեր... Թե դրանից ի՞նչ կստացվի, այսօր դեռ շատ դժվար է կանխագուշակել: Վատթարագույն դեպքում կունենանք... նորօրյա միապետություն: Իսկ ո՞վ է ասել, թե միապետությունը կառավարման ամենավատ ձեւն է: Տիգրան Մեծն էլ էր միապետ, նրա օրոք պակա՞ս հզոր էինք... Իսկ եթե ավելի լուրջՙ անձամբ ես լավատեսության հիմքեր առայժմ չեմ տեսնում: Ընդսմին, առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի՛ իշխանության համար: Այսուհետեւ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ թույլ տրվող հնարավոր ձախողումների մեղքերը ո՞ւմ ուսերին են բարդվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ