RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



ԱՐԴԻԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2147, Տպվել է` 193, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎՙ ԻՆՉՈՒ ՁԱԽՈՂՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Քաղաքական արդիականացման համար գլխավոր նախադրյալներն են..., արդյունավետ վարչական մեքենայի ստեղծումը եւ քաղաքական գործընթացի կանխատեսելի ծավալումը:

Պրոֆ. ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ («Քաղաքական արդիականացման եւ զարգացման հիմնահարցեր»)

Ինչու մեզ չհաջողվեց կառուցել այն Հայաստանը, որի մասին երազում էինք անցած դարի 90-ականներին, երբ նոր-նոր էր անկախանում մեր պետությունը: Ինչ սխալներ գործեցինք անցած 27 տարիների ընթացքում, որ զարգացումները գնացին հենց այս սցենարով, հանգեցնելով «թավշյա հեղափոխություն» կոչվող երեւույթին:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հնարավոր չէ ստանալ մեկ, առավել եւս թերթային հոդվածի շրջանակներում, սակայն, միաժամանակ, այս խնդիրներին պետք է անդրադառնալ պարբերաբար, վերլուծելու ու հասկանալու համար կատարված սխալները` դրանք չկրկնելու ակնկալիքով: Իսկ դրան հնարավոր է հասնել, եթե կարողանանք բաց հայացքով, առանց պիտակավորման եւ քարոզչական նպատակադրության նայենք հետՙ հասկանալու համար առաջ գնալու ճշմարիտ հրամայականը:

Եվ այսպես, այնուամենայնիվ, ինչու ձախողվեց Սերժ Սարգսյանը: 2008թ. գալով իշխանության, հատկապես մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, թե՛ նախագահ Սարգսյանի եւ թե՛ մտածելու ունակ էլիտայի գոնե մի մասի մոտ կարծես թե կար այն համոզմունքը, որը Հայաստանի Հանրապետությունը արդիականացման կարիք ունի: Կառավարման նախկին մոդելները եւ մեթոդները սպառել են իրենց եւ հարկավոր է իրականացնել լայնամասշտաբ բարեփոխումներ, որպեսզի խուսափենք հետագայում նման իրավիճակի կրկնությունից:

Շատերի կարծիքով Տիգրան Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում հենց նպատակ էր հետապնդում սկսելու այն բարեփոխումները, որոնք էականորեն կփոխեին պետության զարգացման տնտեսական դինամիկան: Կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանի հաջողված աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում եւ պետության ֆինանսա-բանկային կայուն ու զարգացող համակարգի փորձը պետք է կիրառվեր նաեւ տնտեսության մեջ, ինչը ենթադրվում էր, որ կբերեր էական հաջողությունների:

Կարելի է ասել, որ այդ նշանակման տրամաբանության մեջ արդեն իսկ կար սխալ, քանի այսպես կոչված էլիտայի կողմից մարտիմեկյան իրադարձությունների վերլուծությունը հանգեցրել էր սխալ եզրահանգման. վերջիններս որոշել էին, որ դրա հիմնական պատճառը սոցիալական էր եւ տնտեսական աճն ու բարեփոխումները կզսպեն բնակչությանը նմանատիպ գործողություններին մասնակցելու գայթակղությունից:

Այսինքն քաղաքական բարեփոխումներ սկսելու փոխարեն Սերժ Սարգսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ տնտեսականի, որի պատասխանատուն նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Տնտեսական արդյունավետության բարձրացման համար առաջ քաշվեց երեք հիմնարար գաղափարՙ հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, Իրան-Հայաստան երկաթուղու շահագործումը եւ Մեծամորի ատոմակայանում նոր ռեակտորի գործարկումը:

Սկսվեց տնտեսական բարեփոխումների մի գործընթաց, որի նպատակն էր Հայաստանի վարկանիշը բարձրացնել միջազգային հայտնի doing-business վարկանիշային համակարգի աղյուսակում, հետեւելով այդ համակարգի խորհուրդներին: Պետք է նկատել, որ այս հարցում գրանցվեցին որոշակի հաջողություներ եւ Հայաստանին հաջողվեց բարելավել իր դիրքերըՙ 2014թ.-ին այն նույնիսկ հասցնելով 38-ի:

Այս գործընթացը ուղեկցվում էր, սակայն, արտաքին տնտեսական ոչ նպաստավոր զարգացումներով: 2008թ. սկսված համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ազդեց նաեւ Հայաստանի վրա, եւ 2009թ.-ին ՀՀ-ի աշխատող թերեւս միակ սեկտորը` շինարարությունը, բառիս բուն իմաստով կանգ առավ: Տնտեսությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2009թ. գրանցեց մինչեւ 14% անկում:

Հասկանալի էր, որ հարկավոր էր ստեղծել տնտեսական զարգացման իրական ճյուղՙ արդյունաբերությունը, եւ կառավարությունը փորձեց նպաստել առաջին հերթին հենց այս ճյուղի եւ գյուղատնտեսության զարգացմանը: Փոխվեց նաեւ ֆինանսական քաղաքականությունըՙ ամրացող դրամին փոխարինելու եկավ թուլացողը, ինչը նպաստավոր էր արտահանման խթանման համար:

Սակայն, եթե տնտեսական բարեփոխումների բնագավառում փորձեր էին արվում ինչ-որ բան անել, ապա քաղաքական բնագավառը շարունակում էր գործել որպես օլիգարխիկ համակարգի հետ սերտաճած կոռուպցիոն համակարգ: Այսինքն, պետության քաղաքական արդիականացման խնդիրը ընդհանրապես չէր քննարկվում, ինչը հարմարավետ էր գործող իշխանական համակարգի համար, սակայն այլեւս չէր համապատասխանում այն զարգացումներին, որոնք տեղի էին ունենում թե՛ պետության ներսում, թե՛ շուրջը:

Պետության քաղաքական-կառավարման համակարգի արդիականացման եւ դրա համապատասխանեցումը տնտեսական համակարգին, արդեն այն օրերին նկատելի հրամայական էր մասնագետների, բայց ոչ գործող քաղաքական վերնախավի համար: Արդյունքում տնտեսական բոլոր բարեփոխումները բախվեցին քաղաքական բյուրոկրատիային ու նրան սերտաճած բիզնեսին եւ փաստորեն ձախողվեցին:

Հետագայում, երբ սկսվեցին վարչապետափոխության շրջանները, արդեն նաեւ պետական այրերի մոտ հասունացավ գիտակցումը, թե հարկավոր է գնալ քաղաքական արդիականացման ճանապարհով: Սակայն իրական բարեփոխումների եւ մոդեռնիզացիայի փոխարեն առաջ քաշվեց կեղծ օրակարգՙ նախագահականից երկրի խորհրդարանական կառավարման համակարգ անցումը:

Այդ օրակարգը կեղծ էր, քանի որ այդ անցման հասկացողության տակ իրականում դրվում էր վարչա-բյուրոկրատիայի նախկին համակարգի պահպանումը մեկ այլՙ վարչապետական պետության անվան տակ: Պետության արդիականացման հրամայականի անվան տակ սկսվեց Սերժ Սարգսյանի վերադարձի «օրինական» կազմակերպման մի գործընթաց, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց վերջինիս հեռացմամբ եւ համաժողովրդական ճնշման տակ ընդդիմության առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի նշանակմամբ:

Այսինքն ՀՀ նախկին նախագահը իր ընտրությունից ու առավել եւս մարտիմեկյան իրադարձություններից հետո էլ չհասկացավ պետության ներսում քաղաքական խորքային բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, պահպանեց նախկին համակարգը եւ քաղաքական ուժերի հետ համագործակցելու հին ձեւաչափը: Հասարակության լայն շերտերի հետ երկխոսոություն սկսելու փորձ անգամ իսկ չարվեց, պահպանվեցին ու կատարելագործվեցին ընտրությունը կեղծելու հին համակարգերը, օժանդակությամբ, խորհրդարան անցած կամ կառավարություն մտած բոլոր ուժերի հետ:

Վստահությունը գործող քաղաքական համակարգի ու նրա վերնախավի նպատմամբ այն աստիճան ցածր էր, որ նույնիսկ ընտրությունների բարելավման շուրջ իրականացված փոփոխությունները ընկալվում էին որպես վարչակազմը պահպանելու փորձ: Պետությունում ամբողջովին ոչնչացվեցին քաղաքական կուսակցություն ու գաղափարախոսություն հասկացողությունները:

Առաջ էին քաշվում հիմնականում պատեհապաշտները, որոնք լավ գիտեին գործող բյուրոկրատիային հարմարվելու մեխանիզմները: Մասնագետների առաջ, մղում նկատվում էր միայն այն ոլորտներում, որոնք լիովին ձախողվում էին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ արդիականացում չի իրականացվում նաեւ բանակում, իսկ խորհրդային համակարգով ստեղծված ՀՀ ԶՈՒ-ն չի համապատասխանում ժամանակակից պատերազմի չափորոշիչներին:

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանի սխալները պետք է դաս լինեն հետագայում դրանք չկրկնելու ակնկալիքով: Նոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է օր առաջ ձեռնամուխ լինի պետության քաղաքական կառավարման արդիականացման գործընթացին, խուսափելու համար իր նախկինի ճակատագրի կրկնությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ